Տեղի ունեցավ տավուշեցի անմահացած զինծառայողների պագևների հանձման արարողությունը

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով նահատակված զինծառայողների շարքում նաև տավուշեցի տղաներն են: 

Դասակի հրամանատար, լեյտենանտ Սարմեն Բեջանյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Լավրենտի Եպիսկոպոսյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Մուսայելյանը ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Մարտի 27-ին տեղի ունեցավ զինծառայողների պագևների հանձման արարողությունը:

Միջոցառումը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորել ու երախտագիտություն հայտնել տղաների սխրանքների ու անձնվիրաբար ծառայության համար:

Հայրենիքի պաշտպանության գործում  ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական ծառայության» շքանշանները փոխանցվեցին մեդալով հետմահու պարգևատրված զինծառայողների ընտանիքի անդամներին։




Իջևանում 2023-2024 թթ․ կիրականացվի «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ռազմավարությունը․ համայնքը հաղթել է «EU4Culture» ծրագրի մրցույթում

Իջևանի համայնքապետարանը «EU4Culture» ծրագրի աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակել է «Մենք ենք, մեր սարերը» խորագիրը կրող մշակութային զարգացման ռազմավարությունը, որն իրականացնելու է 2023-2024թթ․ ընթացքում։ Իջևան համայնքը, հաղթելով «EU4Culture» ծրագրի մրցույթում, Եվրոպական միկության կողմից ստացել է 300 հազար եվրո դրամաշնորհ՝  նախապես մշակված մշակութային ռազմավարությունը կյանքի կոչելու համար։ Մարտի 24-ին պաշտոնապես տրվեց «Մենք ենք, մեր սարերը» համագործակցային, մշակութահեն ստեղծարար տնտեսության խթանում Իջևանում ծրագրի մեկնարկը։ 

Մշակված ռազմավարության նպատակն է շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով բարելավել համայնքի մշակութային ենթակառուցվածքները, ապահովել տնետսական զարգացման հետ սերտորոն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանք` նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը, մշակութային զարգացման կարողությունների բարելավմանը և մշակութային հատվածի արդյունավետ կառավարմանը:

Ծրագիրը եռաբաղադրիչ է․ ներկաներին ծրագրային գործողությունների ու անելիքների մասին ներկայացրեց Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանը։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է բարելավել մշակույթի ոլորտի կառավարումը՝ մեծացնելով Իջևանի մշակութային ժառանգության տեսանելիությունը և ճանաչելիությունը։ Երկրորդ բաղադրիչով կխթանվի ակտիվ մշակութային և տնտեսական կյանքը՝ տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով։ Երրորդ բաղադրիչի շրջանակում կխթանվի համագործակցային, մշակութահեն տնտեսական զարգացումը՝ ամենամյա փառատոների կազմակերպմամբ։

Ծրագրի առանցքային մոտեցումներից է լինելու ապակենտրոնացված զարգացումը և կենտրոնացումն Իջևանի բնակավայրերի վրա։

«EU4Culture» ծրագիրը ֆինասավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթին և ստեղծագործ հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին ու բնակավայրերին։




Տավուշյան զրույց Սամվել Բեգլարյանի հետ

«Նպատակը, նվիրումը մեկն է՝ լինել մշակույթի հետ, լինել մշակույթի մեջ և մարդկանց, ժողովրդի, հայրենակիցների հետ հարաբերվել, խոսել մշակույթի լեզվով։ Դա աստվածային է․․․դա անփոխարինելի զգացողություն է»։

Թատրոնի օրվա առթիվ մեր մշակութային «Տավուշյան զրույց»-ը արվեստագետ, ռեժիսոր, դերասան, գրող Սամվել Բեգլարյանի հետ է։ Նա պատմում է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնին շաղկապված իր կյանքի և մարզում մշակույթի հեռանկարների մասին։

Ու թեև, ինչպես ինքն է ասում՝ Նոյեմբերյանում «վերջին մոհիկանն» է, սակայն «մեկն էլ լինի՝ դա կայծ է լինելու, որ մշտավառ է պահելու այս բեմի լույսը»։




#մոտ_զրույցներ Արամ Հունանյանի հետ

Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնի կողմից կազմակերպվող մոտիվացնող զրույցների #մոտ_զրույցներ շարքը շարունակվում է։
Մեր երկրորդ հյուրը կլինի «Մտքարան» ինտելեկտուալ հարթակի հեղինակ Արամ Հունանյանը:

Հանդիպում ենք ապրիլի 11-ին 14:30-ին՝ վայելելու հետաքրքիր զրույցը:
Ուշադրություն. քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակցության հնարավորություն կստանան 18 տարին լրացած առաջին 30 դիմորդները։

Գրանցման հղում՝ https://forms.gle/6k5MY8WfK7rG3Hzr9 




Շրջայց և փորձի փոխանակում երիտասարդների համար. Տավուշ ՀԸ-ն ընդունեց դպրոցականներին

Տավուշ Մեդիան կրկին մարդաշատ էր։ Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչները, և մեդիագրագիտություն խմբակի երեխաները, Այրում և Հաղթանակ բնակավայրերի շուրջ 30 պատանի եկել էին ծանոթանանալու Տավուշ ՀԸ աշխատանքներին:

Տավուշ Մեդիայի աշխատակազմը ծանոթացրեց նրանց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը:
Երեխաները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Գործնականաորեն աշխատեցին տեսախցիկների հետ՝ կիրառելով նախապես ստացած գիտելիքները:

Այցի ընթացքում մեր հյուրերին պատմեցինք նաև Տավուշ Մեդիայի աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին:




Մարզերում զբոսաշրջության ոլորտի որակավորված մասնագետների պահանջարկ կա

Տուրիզմը ԵՊՀ ԻՄ-ի ամենապահանջված մասանգիտությունների ցանկի առաջին եռյակում է։ Տնօրենի կողմից դա բացատրվում է բաժնի շուրջ 300 շրջանավարտների զբաղվածության ուսումնասիրությամբ։




Մասնակի փլուզում Դիլիջան քաղաքում․ տուժածներ չկան

Մարտի 25-ին, ժամը 13։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան ետնամասը (մոտ 80 քմ)։




«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը։ Մարտի 22-ին կայացավ ծրագրի մեկնարկի ազդարարման հանդիպումը։

Այս նախագծի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը։ Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավորություն կտրվի զբաղվել սպորտով, ինչն էականորեն կբարելավի նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունները, կնպաստի սոցիալական հմտությունների ձևավորմանը ու զարգացմանը։

Ներառական ֆուտբոլային թիմերի ստեղծման միջոցով ծրագիրը կնպաստի նաև հանարկրթական դպրոցների երեխաների և պատանիների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանն ու իրենց առջև դրված նպատակների իրականացմանը: Կբարելավվեն ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների գիտելիքներն ու հմտությունները ներառական ֆուտբոլի վերաբերյալ:

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» (UEFA foundation for children) ֆինանսական աջակցությամբ։




Իջևանցի Նարեկ Ամիրյանը` ՀՀ սպորտի վարպետ

Տավուշի մարզի Իջևան քաղաքից սամբո սպորտաձևով զբաղվող Նարեկ Ամիրյանն արժանացել է ՀՀ սպորտի վարպետի կոչման:




Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Մարտի 23-ին, ժամը 04:28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղարծին գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող չբնակեցված տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:41-ին, մարվել՝ 06:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 420 քմ):