Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Յունիվերսալ Ստուդիոս

Մեր հայրենակից Ասպրամ Սարատիկյանն այսօր մեզ իր հետ տանելու է մի վայր, որտեղ նկարահանվում են մեր բոլորի սիրելի հոլիվուդյան ֆիլմերը՝ Յունիվերսալ Ստուդիոս (Universal Studios Hollywood):

«Աշխարհի ծայրերից» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում միասին կգնանք Հարրի Փոթթերի աշխարհ, կանցնենք Յուրյան դարաշրջանի հանրահայտ այգով, ինչպես նաև կլինենք Universal Studios-ի տարբեր թեմատիկ հատվածներում։ 

Գրե՛ք ձեր կարծիքը մեկնաբանություններում և չմոռանաք հետևել մեզ՝ հետագա ճամփորդություններին ևս Ասպրամին միանալու:




Աչաջրի մարզադաշտում կայացավ ՀՖՖ Սիրողական ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկած Սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը շարունակվում է։ 

Մարտի 18-ին Աչաջուր գյուղի մարզադաշտում կայացավ Աչաջրի «Բենտոնիտ» և Արարատի «Արաքս» ֆուտբոլային ակումբների հանդիպումը։ 

Սիրողական առաջնությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գրանցված 10 սիրողական ակումբները։ Առաջին անգամ սիրողական լիգայում երեք լավագույն արդյունքները գրանցած թիմերը հնարավորություն կունենան հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը։ 

Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջնության յոթերորդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Առաջիկայում սպասվում են նոր մրցապայքարներ։ 




Գյուղական կյանք․ Տավուշյան խանգյալ

Մանկության համերից՝ տավուշյան խանգյալ։

Խանգյալը պատրաստում են սառը ջրով հունցած խմորից, թխում «փեչի»՝ վառարանի վրա և ավանդական տարբերակում մատուցում տնական չորթանով։ Ասում են՝ խանգյալը մենակ չեն ուտում․ մեր տարածաշրջանում այն ավանդաբար պատրաստել են ամենաթանկ հյուրերի համար։

Գյուղական խանգյալ պատրաստելու պատառիկը մեզ համար բերել է Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանը։




Դրամաշնորհի հնարավորություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի մրցույթի» շրջանակներում

Ինչ է կարևոր իմանալ՝
✅ Դրամաշնորհների չափը մինչև 50,000 💲
✅ Դրամաշնորհների քանակը՝ մինչև 10
✅ Թիրախային ոլորտներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, հանդուրժողականության խթանում, հակամարտությունների կարգավորում, հավասարություն, ներառում և կանանց իրավունքներ
⚠️ Վերջնաժամկետը՝ 16 Ապրիլ 2023
Մանրամասները՝ ուղեցույցում։



Խաշթառակ գյուղում հարազատների կողմից մանկահասակ երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու, դրա հետևանքով երեխաներից մեկի մահվան դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։

2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը, հանգիստը խանգարելու պատճառով, Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից:

Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռան՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան և գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Պարզվել է նաև, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում, մինչև 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա Ս.Հ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 15-րդ կետերին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 9-րդ կետերին և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:

Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերին:

Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով:

2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին և որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևան մասնաճյուղի տնօրենին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Ֆիլմը Երևանի մասին է, բայց եկեք խորհենք մեր Տավուշի մասին՝ արդյոք, մատչելի ու հարմար են մեր բնակավայրերը հաշմանդամների համար

Սայլակ, քայլակ, ձեռնափայտ օգտագործող անձինք, մանկասայլակով երեխայի հետ զբոսնելու դուրս եկած ծնողները ամեն օր բախվում են Երևանի անհարմարություններին:

Այս ֆիլմում խոսվում է թեքահարթակների, բազրիքների, տակտիլ սալիկների բացակայության կամ դրանց ոչ մատչելի լինելու, հանրային տրանսպորտի դժվար հասանելիության և նմանօրինակ բազում այլ խնդիրների մասին, որոնք Երևանը դարձնում են անհարմար հաշմանդամություն ունեցող անձանց և մանկասայլակ օգտագործող ծնողների համար։




Տավուշեցի Անի Խառատյանի հրաշք ելույթը Ազգային երգիչ նախագծում

Անի Խառատյանը Տավուշի մարզի Բերդ համայքնից է։ Երաժշտական գործունեություն է ծավալում նաև «Անի Խառատյան և ընկերներ» բենդով՝ կատարելով բազմաժանր ու բազմաոճ ստեղծագործություններ:




«Փողոցներում»․ տավուշեցի երիտասարդների Puzzlny խումբը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել։

Տեսահոլովակով սիրով կիսվում ենք Ձեզ հետ՝ կարևորելով մեր մարզում մշակույթի ազատ զարգացումը․




Սահմանապահ Այգեձոր գյուղն արդեն նորակառույց եկեղեցի ունի

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ եւ ձեռամբ իրականցվեց Այգեձորի նորակառույց եկեղեցու գմբեթի խաչի օծման արարողությունը: Ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների երգեցողության ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո սրբալույս մյուռոնով օծվեց այն:

Եկեղեցու կառուցման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել ծնունդով այգեձորցի Սամվել Ղարախանյանն ու իր ընտանիքը:

Միջոցառմանը ներկա էին հոգևոր այրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, եկեղեցու շինարարությանը մասնակցող շինարարներ,հավատավոր ժողովուրդ:

Նորակառույց եկեղեցին այսուհետ կլրացնի այգեձորցիների համայնքի հոգևոր կարիքները՝ գյուղի համար կարևոր կենտրոն դառնալով։




Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի փոխչեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Մեժլում Մեժլումյանը (61 կգ) նվաճել է արծաթե մեդալ` դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։
——
Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Մեժլում Մեժլումյանը Բերդ քաղաքից է։
🔸️Շնորհավորում ենք մեր հայրենակցին` մաղթելով նոր նվաճումներ։
🔸️Շնորհակալ ենք հպարտության ակնթարթներ պարգևելու համար։