Պայթուն` Իջևանում. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 26-ին` ժամը 14:00-ի սահմաններում Իջևանում «Կրիվոյ» կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել։ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով։ Տավուշ Մեդիային հայտնեցին ՆԳ նախարարությունից:

Այս պահին ոստիկանությունում փաստաթղթեր են պատրաստում ՀՀ քննչական կոմիտե ուղարկելու համար։




Տավուշի մարզում շարունակվում են հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքները

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։

Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։

Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն:

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Կարդացեք նաև՝




Դիլիջանի անտառներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։ Այս մասին հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը:

«Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել», – նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև՝




Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացի 31-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 17-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է

Սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 21։30-ին, ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 6-րդ և 7-րդ պահաբաժինների վերևի սարում հրդեհ է առաջացել։

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ ՆԳՆ փրկարար ծառայության դեպքի վայր ժամանելը ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցները և Հովք բնակավայրից կամավորները կանխել են կրակի առաջխաղացումը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել մարել կրակը՝ կանխելով կրակի մուտքը անտառ:

Հրդեհն ամբողջությամբ մարվել է սույն թվականի նոյեմբերի 24-ին, ժամը՝ 7։40-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության 14 աշխատակից, 8 կամավոր, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ:

Կարդացեք նաև՝




Խստորեն պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

  • վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
  • բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
    նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
  • ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
  • կատարել չոր խոտի, խոզանի այրում,
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին:

Կարդացեք նաև ՝

Հրդեհ

Զգուշացիր հրդեհից

Անվտանգությունը հրդեհի ժամանակ

Ուշադրություն․ ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խիստ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ խոզանների այրում կատարելուց՝ պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել 911 հեռախոսահամարին:

 




Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար

Նոյեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհների վերաբերյալ։

Ահազանգերին օպերատիվորեն արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան համայնքի «Կազաչի» կոչվող հանդամասում, որտեղ հրդեհաշիջում են իրականացնում 234 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 28 աշխատակից։
Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 62 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Կարդացեք նաև՝




20 տարի՝ հանուն արժանապատիվ կյանքի․ Նոյեմբերյանի «Հույսի կամուրջը» 20 տարեկան է

Պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների իրավունքներն ու արժանապատվությունը ու նպաստել նրանց սոցիալական ներառմանը. «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղը տոնում է գործունեության 20-ամյակը։

Խթանելով կրթության ներառականությունը՝ «Հույսի կամուրջը» ստեղծում է կրթական միջավայր, որտեղ վերացված են ամեն տեսակի խոչընդոտները, և ստեղծված են պայմաններ, որպեսզի երեխան՝ անկախ իր ունեցած հաշմանդամության և առանձնահատուկ կարիքներից, ունենա ուսումնական գործընթացին մասնակցելու և կրթական արդյունքների հասնելու հավասար հնարավորություններ։

Իր գործունեությամբ «Հույսի կամուրջը» պաշտպանում, կրթում և կարողունակ է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ներուժն ու ապրեն արժանապատիվ ու անկախ կյանքով։




Փրկարարներն անվնաս հայտնաբերել են Դիլիջանի անտառում մոլորված քաղաքացուն

Փրկարարներն անվնաս հայտնաբերել են Դիլիջանի անտառում մոլորված քաղաքացուն

Նոյեմբերի 22-ին, ժամը 17։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Դիլիջան համայնքի անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դիլիջան համայնքի «Գառան քար» կոչվող հանդամասում հայտնաբերել են օտարազգի քաղաքացուն և ուղեկցել դեպի Դիլիջան քաղաք:




Բերդ քաղաքում հայտնաբերված միջին բրոնզեդարյան խեցեղենը շուրջ 4000 տարվա պատմություն ունի

Բերդ քաղաքի Մովսես Խորենացի փողոցում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն:

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ գտածոների հայտնաբերման հատվածում միջին բրոնզեդարյան շրջափուլի հիմնահողային դամբարան է բացվել:

Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա բանվորների օգնությամբ հողի շերտից դուրս է բերել 3 անոթ: Համայնքապետարանն այդ հատվածում դադարեցրել է աշխատանքները:

Իսկ այսօր պեղումներ է իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Նրա գնահատմամբ՝ «Սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ բնորոշ է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին: Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000 տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ էր կատարվում: Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել: Շատ գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են: Հիմա փորձում ենք այս ամենը փրկել և թողնել պատմությանը: Ցանկանում էինք Բերդի թանգարանում ցուցադրություն կազմակերպել, և շատ ուրախալի է, որ նյութը համալրվեց նոր գտածոներով: Կարող ենք փաստել, որ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը այս տարածքում միշտ ապրել են մեր նախնիները»:

Այս պահի դրությամբ հայտնաբեվել են 5-ից ավելի անոթներ, որոնց մի մասը գունազարդ է, ինչպես նաև զոհաբերված կենդանիների՝ մեծ քանակությամբ ոսկորներ:

«Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն մակերեսի վրա սև ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարտյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- հավելել է Աշոտ Փիլիպոսյանը:

Գտածոները կհամալրեն «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանը:

Նյութը` Բերդի համայնքապետարանի:

Կարդացեք նաև՝