Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին

Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին։ Մրցաշարին ներկա էին նաև զինվորականի հարազատները։ Սամվել Մատինյանի անունով անվանակոչվել է նրա հայրենի Այգեհովիտ գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակը:

Հուշամրցաշարին մասնակցեցին 35 աշակերտ՝ Իջևանի և Այգեհովիտի դպրոցներից։ Մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի, մեդալների և գավաթների՝ Իջևանի համայնքապետարանի կողմից։ Հուշանվեր է փոխանցվել նաև Սամվել Մատինյանի ընտանիքին:

Տավուշ ՀԸ-ն իր «Տղերքը» հաղորդաշարի շրջանակներում առանձին հաղորդում է նվիրել կապիտան Սամվել Մատինյանին։




Հրդեհ ավտոմեքենայում

Փետրվարի 24-ին, ժամը 13։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը։




ՃՏՊ Այրում քաղաքի մոտակայքում․ Կան տուժածներ

Փետրվարի 24-ին, ժամը 07:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Շ․ Ս․, ծնված 1990 թ.) և «Honda Insight» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1981 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից: Շ. Ս․-ն և Գ. Կ․-ն հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




«Ապագայի Դիլիջանը»․ համայնքային ֆորում՝ 115 մասնակիցներով

Դիլիջան բազմաբնակավայր համայնքի ոլորտային զարգացման ու պլանավորման հեռանկարները քննարկվեցին ս․թ․ փետրվարի 16-ին կայացած «Ապագայի Դիլիջանը» խորագրով համայնքային ֆորումում։ Համայնքային ֆորումի նպատակն էր նպաստել համայնքի զարգացման ընդհանրական տեսլականի ձևավորմանը՝ բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկխոսության միջոցով։ Հարթակը նաև նպաստում է համայնքի ներգրավվածությանը և ընդհնաուր պատասխանատվության բարձրացմանը համայնքային խնդիրների լուծման համատեքստում, ինչպես նաև օգնում է ապահովելու բնակչի կարծիքի ներառմանը և մասնակցայնությանը որոշումների կայացման գործընթացներում։

Ֆորումին ներկա էին 115 մասնակից տեղական ինքնակավառարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից, կրթական հաստատություններից, ակտիվ խմբերից, համայնքային ենթակայության կառույցներից, բիզնես միջավայրից, գործընկեր Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամից։

Ֆորումը բացեց և մասնակիցներին ողջունեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը՝ նշելով, որ համայնքի տարբեր դերակատարների միջև երկխոսության կայացումը խթանում է հանրային խնդիրների, տեսլականի շուրջ բազմակարծիք միջավայրի ձևավորմանը և լուծումների համար համատեղ ճանապարհների նախանշմանը։  Համայնքի զարգացման տեսլականի և դրա սահմանման ապագայակենտրոն մոտեցուների վերաբերյալ ելույթ ունեցավ փորձագետ Արշավիր Ղուկասյանը։

Ֆորումում քննարկումներն ընթացան թեմատիկ հինգ խմբերում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն, միջավայր (հանրային տարածքներ), սոցիալական հարցեր։ Յուրաքանչյուր խումբ քննարկեց միայն մեկ թեմային առնչվող հարցեր և զարգացման մոտեցումներ, որոնք խմբերի կողմից ընդհանրացված կարգով ներկայացվեցին ֆորումի եզրափակիչ հատվածում։  Ֆորումում հնչած կարծիքներն ու առաջարկները կամփոփվեն փորձագետների կողմից և դրանց հիման վրա կպատրաստվի առաջարկությունների փաթեթ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու նպատակով, որպեսզի դրանք տեղ գտնեն համայնքի տարեկան աշխատանքային պլանում կամ զարգացման այլ փաստաթղթերում։

«Ապագայի Դիլիջանը» համայնքային ֆորումն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից՝ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։




Ազատամուտում կայացել է «Հադրութի հերոս Արկոն» գրքի շնորհանդեսը

Ազատամուտի մշակույթի տանը կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Արկադի Մելիքբեկյանին նվիրված «Հադրութի հերոս Արկոն» գրքի շնորհանդեսը։

Գրքի հեղինակն Արկադիի փոքր քույրն է՝ Մարիամը, խմբագիրը Հովհաննես Ջավախքեցին է։

Գրքի շնորհանդեսին ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, տավուշեցի նահատակ տղաների ընտանիքների անդամներ, երկրապահ կամավորականներ և այլ հյուրեր։




Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Հոլիվուդ

ԱՄՆ-ից ամենապահանջված թողարկումը՝ արդեն Տավուշ TV-ի եթերում։

Այս թողարկման ընթացքում Ասպրամ Սարատիկյանի հետ բացահայտում ենք ամերիկյան Հոլիվուդը՝ հեքիաթ, որի մասին բոլորն են երազում, բայց եզակիներն են կարողանում հասնել հաջողության։

Չենք մոռանում, որ մեր ամերիկյան ճամփորդությունը շարունակվում է։ Շարունակե՛ք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք աշխարհի ծայրերից եկող ոչ մի թողարկում։




Տավուշոտ պոեզիա․ «Մեր լեզուն»․ Համո Սահյան

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այսօրվա «Տավուշոտ պոեզիա»-ն՝ Համո Սահյանի՝ մայրենիին նվիրված տողերով։ Համո Սահյան․ «Մեր լեզուն»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Մակարավանքն է։

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սերը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:




Գիրք նվիրելու օրը Նոյեմբերյանում

Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի մանկական գրադարանը հյուրընկալել է Բաղանիսի մանկապարտեզի սաներին։

Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան քաղաքային գրադարանն իր հերթին գրադարանի ֆոնդից պատրաստել է մի քանի կապոց գրքեր՝ Ջուջևանի և Դովեղի գրադարանների, ինչպես նաև Կարմիր գյուղի սարվորների գրադարանի համար։

Տեսանյութը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանից։




Մեր բարբառն ու բարքերը․ Աչքս մընընմ ա, էկող դի լի

Մենք սպասում ենք հանելուկի պատասխանի ձեր տարբերակներին, իսկ դուք՝ վայելում «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ 

Եթե դուք ասում եք՝ «աչքս սառեց, մարդ ա գալու», ապա մենք ասում ենք՝ «աչքս մընըմ ա, աչքիս օքմի դի կյա»։

Էսօր հաստատ ծեր աչքն էլ ա մնացել, չէ՞․ էս ա, էկել ա՝ Տավուշ TV-ի եթերըմ ա։

Եվ այսպես, նոր թողարկման մեջ խոսելու ենք էթիկայի, տեղի-անտեղի զանգերի, դժգոհելու, «քթածակի», աշխատողների ու կողքից խոսողների, լեգենդար «թըմաշա»-ի, անդյարդ-անհոգների, բարկանալու տավուշյան ձևերի․․․ մի խոսքով՝ մեզ բնորոշ հայտնի ու անհայտ ֆենոմենների մասին։

Քյնացի՞նք․․․




Հրդեհ Իջևան քաղաքում

Փետրվարի 20-ին, ժամը 09։49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին, մարվել՝ 11:22-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված և կուտակած անասնակեր (մոտ 1,5 տ)։