ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրքի տոնին 100 միավոր գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին

Գրքերը հանձնել են նախարարության ենթակայության Տավուշի մարզային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ։
Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել օրվա խորհրդին համահունչ նախաձեռնության՝ զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու, օրը զինվորների հետ այս կերպ նշանավորելու համար։




Հայրենաճանաչությունը՝ մշակույթի և արվեստի միջոցով․ Անուշ Հակոբյան

«Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից, իսկ մեզ ճանաչելու առաջին ճանապարհը ազգային մշակույթի մեջ է»։

Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի տեսանյութում արվեստաբան Անուշ Հակոբյանն է, ով իր առաքելությունն է համարում հայ մշակույթն ու արվեստը բոլորի ու նախ և առաջ՝ ինքներս մեզ համար ճանաչելի, մոտ և հասկանալի դարձնելը։ 

Անուշ Հակոբյանի Art Discovery նախագիծը ներկայացնում է դասընթացների շարքեր բոլորի համար՝ հայ և համաշխարհային մշակույթն ուսումնասիրելու և ճանաչելու ուղղությամբ: 




«Տուն Արմենի» հյուրատանն այսուհետ կգործի նոր՝ Workation համաշխատանքային տարածքը

Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը փետրվարի 14-ին տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականություն է դարձել «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվորպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի ընդարձակ տարածք` նախատեսված գրեթե 20 անձի համար: Համաշխատանքային տարածքը հագեցած է տեխնիկական ու աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Տարածքը նախատեսված է հարմարավետ աշխատանքի, ուսման, վարպետության դասերի, շնորհանդեսների, փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար, ինչից կարող են օգվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը:

Համաշխատանքային տարածքը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ տնակներ: Նոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:




Տավուշյան զրույց Ալբերտ Պապյանի հետ

Համո Սահյանի շամշադինյան այցը, խորհրդային ու հետխորհրդային տարիներին արվածն ու չարվածը, կյանքը, ստեղծագործելն ու սերունդներ կրթելը․ Ալբերտ Պապյանը պատմելու և սովերեցնելու իսկապես շատ բան ունի, իսկ մենք էլ հյուրընկալվել էինք՝ ունկնդիր լինելու նրա տավուշյան զրույցին։

Գրող, մանկավարժ Ալբերտ Պապյանը սովորել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայ բանասիրության ֆակուլտետում։ Աշխատել է Արծվաբերդի, Ներքին Կարմիրաղբյուրի և Բերդի դպրոցներում՝ ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն։ Հետագայում աշխատել է ժողկրթբաժնում՝ վարիչ, մշակույթի բաժնի վարիչ։

1993 թվականին՝ պատերազմական թեժ տարիներին հիմնադրել է Բերդի 4-րդ դպրոցը, ուր աշխատել է մինչև 2011 թվականը, այնուհետև իր կամքով հեռացել աշխատանքից։

Բանաստեղծություններ գրել է երբեմն-երբեմն, ավելի շատ է սկսել ստեղծագործել արդեն հանգստի անցնելուց հետո։




Բնագիտական առարկաների նոր լաբորատորիաներ Տավուշի մարզի դպրոցներում

Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի լաբարատորիան համալրվել է նոր սարքավորումներով ու նյութերով: Ինչպես աշակերտներն են փաստում դասապրոցեսը դարձել է ավելի հետաքրքիր ու պատկերավոր, նրանց համար ստեղծվել է տեսությունը գիտափորձի վերածելու բոլոր անհրաժեշտ պայմաննումերը:




Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Ռեմիկ Մարդանյանը կդառնար 68 տարեկան

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում փետրվարի 16-ին կայացավ միջոցառում` նվիրված Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, գնդապետ Ռեմիկ Մարդանյան ծննդյան օրվան:

Զինվորի հետ հավասար կռվող հրամանատարի մասին լեգենդներ են հայտնի: Զինակիցները պատմում են, որ Ադրբեջանը 1992թ.-ին 60 մլն ռուբլի էր խոստանում նրա գլխի համար: Ռեմիկ Մարդանյանը բանակի իրական նվիրյալ էր:

Գերազանցությամբ ավարտել էր Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիան և նվիրվել բանակային գործին: 1992թ.-ին կամավոր մեկնել է Լաչինի մարդասիրական միջանցքը պաշտպանելու: Այդ ժամանակ իր կատարած սխրանքների համար նրան արտահերթ շնորհվել է գնդապետի կոչում: Նրա հրամանատարությամբ մարտնչող մոտոհրաձիգային բրիգադը մեծ ներդրում է ունեցել Մարտակերտի, Քելբաջարի ազատագրման գործում:

1999 թ.-ին Մարդանյանը նշանակվել է Հայոց բանակի մարտական գործողությունների բաժնի պետ, 2000թ-ին` բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 2000 թվականի հոկտեմբերի 11-ի ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց, որ ռազմական գործիչ, ՀՀ բանակի գնդապետ (1993) Ռեմիկ Մարդանյանը Սիսիան-Գորիս ճանապարհին զոհվել է ավտովթարից՝ ծառայողական պարտքը կատարելիս:

«Ռեմիկն անմահ էր, ո´չ  թուրքից էր վախենում, ո´չ գյուլլից: Նրա կռիվը պարտք չէր հայրենիքի հանդեպ, այլ՝ վրեժ: Վրեժ իր ազգի արյունաներկ պատմության համար»,-պատմում է Ռեմիկ Մարդանյանի եղբայրը: Լեգենդար հրամանատարին նվիրված միջոցառմանը Գանձաքարի մշակույթի տան ներկայացվեց գնդապետի կենսագրությունն ու անցած ուղին:




Իջևանի համայնքապետն ընդունել է Սիրիայից վերադարձած տավուշցի փրկարարներին

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Փրկարարական ջոկատների կազմում էին նաև Տավուշի մարզային փրկարար վարչության 13 փրկարարներ: Մեկշաբաթյա ամենօրյա աշխատանքից հետո փետրվարի 8-ից աղետի գոտում գտնվող հայ փրկարարները վերադարձել են հայրենիք՝ ավարտելով իրենց հումանիտար առաքելությունը։

Հայկական թիմը տեղակայվել է Հալեպ քաղաքում, իրականացրել իրավիճակային գնահատում և անհրաժեշտ գործողություններով նպաստել որոնողափրկարարական աշխատանքներին:

Ինչպես 1988թ. աշխարհը Հայաստանին մեկնեց իր օգնության ձեռքը, այնպես էլ Հայաստանն այս օրերին կատարեց իր մարդասիրական կարևոր քայլը: Հայ փրկարարը դարձյալ ապացուցեց, որ մասնագիտական բարձր որակներով կարող է հաղթահարել ու պատվով դուրս գալ ցանկացած ճգնաժամային, արտակարգ իրավիճակից:




«Բժիշկ Հարութը: Իմ զինվորներին ես եմ պետք» գրքի շնորհանդեսը բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս, ռազմական բժիշկ, կապիտան Հարություն Չոբանյանին նվիրված «Բժիշկ Հարութը: Իմ զինվորներին ես եմ պետք» գրքի շնորհանդեսը:
Ռազմական բժիշկն 44-օրյա պատերազմի ընթացքում իր սիրելի զինվորների ու ընկերների կողքին էր։ Հարյուրավոր կյանքեր էր հասցրել փրկել։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այսօր յուրահատուկ օր է մեր կյանքում. «Այս օրը լուսավոր կետերից մեկն է, որովհետև լուսավոր մարդու մասին է: Ես մեր հերոսների մասին անցյալով երբեք չեմ խոսում, նրանց հիշատակի համար մենք փորձում ենք գրքերով, խաչքարերով, զանազան այլ մարմնավորումներով ինչ-որ բաներ կազմակերպել, որոնք նրանց ոչ մի բան չեն տալու, այս ամենը մեզ համար ենք փորձում անել, սակայն կիսատ, ամբողջականը կլինի այն ժամանակ, երբ մենք նրանց հայրենիք վերադարձնենք»,-ասաց նա:

Ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային ցիկլի պետ փոխգնդապետ Գալուստ Թումասյանը նշեց. «Մեր հերոսացած տղաների հետ առօրյա ենք կիսել, բախտ է վիճակվել շատ լավ ճանաչել նրանց: Ցավոք սրտի, մենք այսօր կանգնած ենք երկընտրանքի առջև՝ սողալ կամ սավառնել: Պետք է հիշել, որ մենք սավառնող ազգ ենք»,-նշեց փոխգնդապետը:

Միջոցառումն ամփոփվեց գրքի հեղինակի` բժիշկ Հարութի տիկնոջ Արմինե Եղիազարյանի խոսքով: Ամուսնու՝ փետրվարի 18-ին կայանալիք 30-ամյա հոբելյանին ընդառաջ, նա հարազատների հետ թղթին է տվել Հարութի մասին իր և այլոց հուշերը` դրանք որպես կյանքի և գործունեության հրաշալի, հերոսական օրինակ պատգամ փոխանցելով զավակներին` Սառային և Ռուբենին:

«Մեզ մոտ մտավախություն կար, որ ինչ-որ մի պահ, ինչ-որ բան կարող ենք մոռանալ Հարութի հետ կապված, բոլորիս նպատակը մեկն էր՝ հիշողություններով և պատմություններով գիրքը Սառային ու Ռուբենին փոխանցել: Երբ սկսեցի մեր սիրո պատմությունը գրել, ընթացքում մտածեցի, որ Հարութն իր երկրային կյանքն այնքան բազմաբովանդակ է անցկացրել, որ կարող է մի ամբողջ գիրք գրվել: Մեր հարազատները, երբ գալիս էին մեր տուն տարբեր պատմություններ էին պատմում, և ամեն անգամ Հարութի մասին նոր պատմություն լսելիս մի նոր դրական հատկանիշ էի ինձ համար պարզում»- նշեց Արմինեն:

Արմինեն հորդորեց օրինակ վերցնելով Հարութից՝ դահլիճից փորձել հեռանալ ժպիտով:

Տավուշ ՀԸ-ն իր «Տղերքը» հաղորդաշարի շրջանակներում առանձին հաղորդում է նվիրել ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանին․ «Սպիտակ բանակի» հավատարիմ մարտիկը, բժիշկը, որ մինչև վերջին պահը վստահ էր՝ իր տեղը ռազմաճակատում է․ ամուր, պատվախնդիր ու արժանապատիվ։




2023 թվականին մի շարք ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Տավուշի մարզում

Այս տարի ճանապարհաշինական մի շարք աշխատանքներ կիրականացվեն Տավուշի մարզում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«2023 թ. Տավուշի մարզում կհիմնանորոգվի մոտ 77 կմ երկարությամբ ճանապարհ՝ 1,14 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով:

Ս.թ. փետրվարի 16-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Տավուշի մարզի ճանապարհների հիմնանորոգմանը.

Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում 1.6 մլն դրամ արժեքով:

Հ-26, /Մ-4/ – Ենոքավան – Կարմիրգյուղ (գյուղատեղի) – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7 կմ հատվածի հիմնանորոգում 3,7 մլն դրամ արժեքով:

Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 36,5 կմ հատվածի հիմնանորոգում 893,2 մլն դրամ արժեքով:

Հ38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25 կմ հատվածի հիմնանորոգում 4,1 մլն դրամ արժեքով:

Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85 կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ ճանապարհի հիմնանորոգում 229,5 մլն դրամ արժեքով:

Տ-10-34, /Մ-4/ – Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում 1,2 մլն դրամ արժեքով:

Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգում 0,2 մլն դրամ արժեքով:

Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման կմ14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգում 6 մլն դրամ արժեքով:

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում 0,4 մլն դրամ արժեքով»,- գրել է մարզպետը:




«Թուղթը թափոն չէ»․ բնապահպանական արշավ՝ Տավուշի գիտելիքի նորարական հաբի նախաձեռնությամբ

Տավուշի գիտելիքի նորարական հաբը մեկնարկել է բնապահպանական արշավ՝ ուղղված թղթի վերամշակմանը, որի շրջանակներում հանդիպումներ ու դասընթացներ են կազմակերպվել Իջևանի հանրակրթական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հադիպումների ընթացքում երիտասարդներին ներկայացվել է թղթի վերամշակման տեխնոլոգիան՝ նպատակ ունենալով տարածել թղթի վերամշակման մշակույթը և փորձել կրճատել թղթի թափոնների քանակությունը:

«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավի ընթացքում խոսվել է նաև թղթի վերամշակման կարևորության ու սպասվող արդյունքների մասին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 20 տարիների ընթացքում թղթի սպառումն աճել է 26%-ով և կրկնապատկվել է թղթի արտադրությունը, որը, բացի ծախսատար լինելուց, նաև լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում, – նշում են կազմակերպիչները: 

Ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին սկսվել է թղթի վերամշակման առաջին փուլը՝ շուրջ 50 երիտասարդների մասնակցությամբ:

«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավը կայացել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում  ահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Հայասատանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն: