Ծաղկավան գյուղն արդեն մանկապարտեզ ունի․ կայացել է նորակառույց շենքի բացումը

Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ Իջևան համայնքի Ծաղկավան բնակավայրում նոր մանկապարտեզ է կառուցվել։ Կառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 31-ին: Մինչ այս ծաղկավանցի փոքրիկները հաճախել են հարևան գյուղերի մանկապարտեզներ:

«Գյուղը խորհրդային տարիներից ի վեր մանակապարտեզ չի ունեցել և սա կարևոր իրադարձություն է սահմանամերձ Ծաղկավանի համար«»,- նշում է Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարը:

Մանկապարտեզի շահագործմանը աջակցել են նաև այլ կառույցներ. գույքը տրամադրվել է Focus on Children կազմակերպության կողմից:

Մանկապարտեզը մոտ 1 ամսից իր հարկի տակ կընդունի 22 ծաղկավանցի երեխաների: Շենքի կայուն գործունեությանը նպաստել է նաև Իջևանի համայնքապետարանը՝ լուծելով գազիֆիկացման և կոյուղու խնդիրները:

«Փարոս» հիմնադրամի առաքելությունն է արդյունավետ կերպով իրականացել հումանիտար, կրթամշակութային և զարգացման ծրագրեր՝ աջակցելով տեղական կառույցներին և համագործակցելով սփյուռքի հետ: Կառույցն առաջնահերթ կերպով աջակցում է մանկապարտեզներին, բուժհիմնարկներին ու դպրոցներին:




Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հունվարի 29-ին ծառայություն կատարելիս Մ-6 միջպետական ճանապարհի 85-րդ կմ-ին նկատել են կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա: Վարորդն իր համաձայնությամբ բացել է մեքենայի բեռնախցիկը և սրահի պահոցը: Պահոցում եղել է ատրճանակի նմանվող առարկա: Վարորդը հայտնել է, որ այն գտել է Այրում-Բագրատաշեն-Ալավերդի խաչմերուկի հարակից տարածքից:

27-ամյա վարորդը և ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ի ծառայության ժամանակ: Նրանք Նոյեմբերյան բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Վարորդն իր համաձայնությամբ բացել է բեռնախցիկը, որտեղ եղել է «ՍԿՍ» տիպի հրացան:

21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:




Իջեւանի ներհամայնքային տրանսպորտի աշխատանքի բաարելավմանն ուղղված արշավ

Շարունակում ենք ներկայացնել Իջեւանի ներհամայնքային տրանսպորտի աշխատանքի բաարելավմանն ուղղված արշավի արդյունքները:

Անցած չորս ամիսների ընթացքում ՔԵԿ-ը իրականացրել է ներհամայնքային տրանսպորտի բնագավառում մատուցվող ծառայությունների որակի գնահատում, ծառայությունների որակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն, իրականացվել է նաեւ հանրային քննարկում՝ համայնքային իշխանությունների, ՀԿ-ների, կրթական հաստատությունների եւ երիտասարդների մասնակցությամբ՝ գրանցված արդյունքները ներկայացնելու եւ լուծման ուղիներ քարտեզագրելու նպատակով:

Զարգացնելով արշավի շրջանակներում իրականացվող գործողությունները՝ այսօր ՔԵԿ-ը հանդիպում ունեցավ Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի եւ համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ՝ Էդգար Ասլանյանի հետ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի որակի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթը ներկայացնելու նպատակով, որը իր մեջ ներառում է.

-Հանրային տրանսպորտի ժամային գրաֆիկի վերանայում:
-Վարորդների հետ կնքվելիք պայմանագրերում վարքագծի կանոնների ներառում:
-Տրանսպորտային միջոցների բարելավում, այն է՝ փոխադրամիջոցի վրա երթուղին ներկայացնող դիմային եւ կողային երկլեզու ցուցանակների, գնի ու վարորդի վարքագծի կանոնների վերաբերյալ տեղեկատվության տեղադրում:

Նշենք, որ վարքագծի կանոնների մշակման աշխատանքը ստանձնել էր ՔԵԿ-ը Իջեւան համայնքում գործող մի քանի ՀԿ-ների հետ համատեղ՝ Իջեւան Ինֆոտուն, Նորարարական Հաբ, Հանուն Իրավահավասարության իրավապաշտպան ՀԿ: Հանդիպման ընթացքում ՀԿ-ները բարձրաձայնեցին նաեւ վարորդների համար առաջին բուժօգնության, վարքագծի կանոնները ներկայացնող հատուկ դասընթացներ անց կացնելու պատրաստականության մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպման մասին՝ կատարված առաջարկությունների իրականացման ընթացքը քննարկելու եւ հետագա անելիքները հստաեցնելու նպատակով:

Շնորհակալություն ենք հայտնում Իջեւանի համայնքապետարանին եւ մեր գործընկեր ՀԿ-ներին համագործակցության, առաջարկությունների շուրջ արդյունավետ քննարկում ունենալու համար:




Չորաթանի դպրոցը գազիֆիկացվել է, կառուցվել է ջեռուցման համակարգ

Առաջին ձմեռն է, որ Չորաթան գյուղի դպրոցն անցկացնում է գազիֆիկացված և ջեռուցված: Թեև կապույտ վառելիքը գյուղ վաղուց է մտել, բայց, ինչպես ասում են, անցել է դպրոցի կողքով՝ դեռ խորհրդային տարիներից: Մի քանի ամիս առաջ կրթօջախին ձեռք մեկնեցին Հայ օգնության ֆոնդը և ամերիկյան «Փարոս» հիմնադրամը՝ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ: Անցկացվել է դպրոցը սնուցող գազատար խողովակ և կառուցվել կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Վազգեն Զարգարյան (Բերդ համայնքի Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) – Շատ մեծ ձեռքբերում է մեր դպրոցի համար, մեզ աջակցություն ցուցաբերեց մարզպետարանը, իսկ ֆինանսական ներդրումը՝ մոտ 6 մլն դրամի չափով, կատարվել է «Փարոս» հիմնադրամի կողմից 350 մ առանձին գազագծի անցկացման համար, որի արդյունքում ունենք նաև գազով ապահովված խոհանոց, Հայ օգնության ֆոնդի մոտ 10 մլն դրամի ներդրման արդյունքում դպրոցն ունեցավ ջեռուցման համակարգ:

55 տարի առաջ կառուցված շենքը տաքացվում էր փայտի վառարաններով, 11-րդ դասարանցի Մանյան ուսման 10 ձմեռները այսպես է հիշում:

Մանյա Ասատրյան (Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ) – Տաքություն կար, բայց ծուխ էր, տհաճ էր դասասենյակում նստելը, 45 րոպե ֆիզիկապես էլ ա անհնար էդ ծխի մեջ անցկացնելը, բայց հիմա հաճելի ա:

Նախորդ պայմանների հետ համեմատելի չեն, ասում են ուսուցիչները:

Պայծառ Ուդումյան (Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ) – Առաջին՝ այս դասարանում վառարան չի վառվել, լավ է պահպանվել, ավելի բարվոք պայմաններում են սովորում մեր երեխաները, և հաճելի մտնել այսպիսի դասասենյակներ:

Լավ պահպանված դասասենյակներ էլի կան, իսկ մի քանիսը, որտեղ վառարան է եղել, մասնակի նորոգել են, ասում է տնօրենը: Դպրոցի խոհանոցում էլ է շատ բան փոխվել, ամենափոքրերի համար «Դպրոցական սնունդը» հասցնում են արագ և դյուրին:

Նաիրա Քալանթարյան (խոհարար) – 12 տարի ա՝ աշխատում եմ, վառարան էր, դժվար պայմաններում աշխատել ենք, հիմա հասել ենք էս բարեկարգ վիճակին:

100 աշակերտ ունեցող դպրոցն իր առաջնային խնդրին հրաժեշտ է տվել՝ ապագայի նոր ծրագրերով:




«Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնելու դրամաշնորհային հայտեր

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռի և Տավուշ մարզերում» ծրագրի շրջանակներում «Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնելու դրամաշնորհային հայտեր՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Վազաշեն, Դիտավան, Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Ակնաղբյուր, Աչաջուր, Սարիգյուղ, Սևքար, Աճարկուտ, Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռնությունների իրականացման նպատակով:

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում գրանցված և/կամ փաստացի գործող քաղաքացիական հասարակության, գործարար և հանրային ոլորտի ներկայացուցիչներին՝ զարգացման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:
Ներկայացվող հայտերը պարտադիր պետք է բխեն « Աղստևի Հովիտ » ՏԱԽ-ի Ռազմավարական գործողությունների 2022-2024 թթ․ ծրագրի զարգացման առաջնահերթություններից (տե՛ս՝ հայտեր ներկայացնելու ուղեցույց):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2023թ-ի փետրվարի 12-ը, ժ․ 18:00 (Երևանի ժամանակով):
Դիմելու մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝
https://drive.google.com/…/1KvCRuB573pzUxXyM4verd390zPd…

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել aghstevi.hovit.lag@gmail.com էլ. փոստով կամ +37441311319(Կարինե Սարիբեկյան) հեռախոսահամարով:

Դրամաշնորհային ծրագրի հետաքրքրության արտահայտման հայտի լրացման հետ կապված հարցերի պարզաբանման համար ս/թ փետրվարի 3-ին և 9-ին պետք է կազմակերպվեն տեղեկատվական առցանց հանդիպումներ` ժամը 11:00-ից 12:00: Հղումը հետևյալն է, https://undp.zoom.us/j/82486593516…




Ռազմամարզական խաղեր նվիրված Հայոց բանակի օրվան (Ֆոտոշարք)

Ռազմամարզական խաղերի ծրագրում նախատեսված էին հետևյալ մարզաձևերը՝

  1. Ձգումներ պտտաձողից
  2. Վազք 100մ
  3. Բազկամարտ
  4. Հրաձգություն (օդամղիչ հրացանով)
  5. Ինքնաձիգի քանդում-հավաքում




5.8 մագնիտուդ երկրաշարժ Իրանի հյուսիսում

Հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով Իրանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզի որոշ շրջաններում։




«Բանակը հայ ժողովրդի բաբախող սիրտն է». միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի կազմավորումը: Արդեն 31-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ,  Իջևանի Մշակույթի տանը կայացավ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած հայորդիների համար։

Անձնվեր ծառայության համար Տավուշի մարզպետի ու Իջևանի համայնքապետի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու ժամկետային զինծառայողներ։

Միջոցառումը ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով։ Ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, բանակի կերտած հաղթական ու փառապանծ դրվագները։




«Բոլորս` տարբեր, բոլորս` հավասար» խորագրով նկարչական մրցույթ

«Հույսի կամուրջ» ՀԿ-ը, ՀՀ Տավուշի մարզում իրականացվող «Աջակցություն այսօր հանուն վաղվա անկախ կյանքի» ծրագրի շրջանակում, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գտնվող կազմակերպության «Երեխաների զարգացման և սոցիալական ներառման» կենտրոնների միջոցով հայտարարում է «Բոլորս` տարբեր, բոլորս` հավասար» խորագիրը կրող նկարչական մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտները։

Մրցույթի մասնակցության պայմաններն են`

Նկարը պետք է նկարված լինի A3 ֆորմատի թղթին:

Առանձին թղթով կից պետք է ներկայացնել հեղինակի անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը, տարիքը, կոնտակտային տվյալնեէ և նկարի մասին ամփոփ նկարագիր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 25-ն է:

Հարցերի դեպքում կարող եք գրել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին:
Հաղթող մասնակցին սպասվում է անակնկալ նվեր:




ԱՀԿ-ն Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջոցով Տավուշի մարզի համայնքներում արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն (ԱՕ) ցուցաբերելու դասընթացներ է անցկացրել

ԱՀԿ-ն Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջոցով Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 34 համայնքներում արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն (ԱՕ) ցուցաբերելու դասընթացներ է անցկացրել: Դասընթացները մոտ 750 մասնակցի գիտելիքներ և հմտություններ են տվել՝ պատրաստ լինելու առողջապահական հետևանքներով արտակարգ իրավիճակներում գործելու և արագ արձագանքելու համար:

Դասընթացի մասնակիցներին տրամադրվել են նաև ԱՕ ձեռնարկ, ԱՕ փաթեթներ և տուփեր:

«Համայնքի անդամներն ակտիվորեն մասնակցեցին դասընթացներին: Նրանք նշում էին, որ նման դասընթացներն առողջապահական արտակարգ իրավիճակներում գործելու վստահություն են տալիս։ Եվ որ որքան շատ մարդիկ իմանան, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն, հատկապես Հայաստանի հեռավոր շրջաններում, այնքան ավելի լավ համայնքները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում արձագանքելու»,- նշեց ՀԿԽԸ ԱՕ հրահանգիչ Գայանե Անդրեասյանը: