Տավուշյան կանթեղների լույսը. երեք ձիթաճրագի պատմություն

1139 թ. Տավուշի բերդում էին հավաքվել հոգևոր և աշխարհիկ երևելի այրեր Աղվանքի նոր հովվապետ ընտրելու համար: Տավուշ ամրոցի վեհաշուք պալատում տեղի ունեցավ այդքան սպասված իրադարձությունը: Զգալի էր լույսի պակասը. հարկավոր էր փարատել և´ հոգևոր, և´ աշխարհիկ խավարը:

Աշխարհիկ խավարը փարատելու միջոցը դյուրին էր` անհրաժեշտ էր պալատում տեղադրել ձիթաճրագներ: Այդպիսի կարգադրություն ստանալով` սպասավորը ներս բերեց երեք ձիթաճրագ և վառելով ձեթով լի ճրագամանները` դրանք տեղավորեց դահլիճի որմնախորշերում: Լույսը տարածվեց` լուսավորելով ամբողջ սրահն ու ժողովականների միտքը. Աղվանից կաթողիկոս ընտրվեց Գրիգորիս Բ-ն (1139-1145):

Անցան տարիներ: Հայոց մյուս բերդերի ու ամրոցների հետ միասին ավերվեց նաև Տավուշ ամրոցը:

Իսկ դարեր անց հնավայրի վերածված հայտնի բերդը դարձավ հնագետների ուսումնասիրության օբյեկտ: Համառ աշխատանքի շնորհիվ բացվում էին ամրոցի հնամենի շերտերը` ի ցույց դնելով բերդի և տարածաշրջանի պատմության` նախկինում անհայտ էջերը: Հողի բազմադարյա շերտի տակից ի հայտ են եկել նաև այն անոթները, որոնք լուսավորեցին ամրոցի վեհաշուք դահլիճը Աղվանից կաթողիկոսի ընտրության ժամանակ: Կրակից սևացել էին դրանց քթիկները, փլատակների տակ մնալուց` կոտրվել որոշ հատվածներ:

Այդուհանդերձ, ձիթաճրագները հիացմունք են պատճառում դիտողին` լուսավորելով բազամադարյա պատմության խավար շերտերը:

«Տավուշ բերդ: Գեղարվեստապատում»

Տիգրան Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից





ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպեցին Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտի պետական, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը և կոմիտեի խորհրդական Նարինե Սիմոնյանը ներկայացրեցին 2023թ․ Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերը՝ հանգամանալից կանգ առնելով մարզերի զբոսաշրջային ոլորտի խթանմանն ուղղված միջոցառումների, դրամաշնորհների վրա։

Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի և համայնքների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ, գործարարներ։




Արդարադատության նախարարի հրամանով՝ 2 մարզեր համալրվել են նոտարների թափուր հաստիքներով

Արդարադատության նախարարի հրամաններով համալրվեցին ՀՀ մարզային քաղաքներում տևական ժամանակ թափուր մնացած նոտարների հաստիքները։ Հունվարի 25-ից Նարե Վարդանյանը նշանակվել է Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան), իսկ Լուսինե Սանթոյանը՝ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Վայք)։

Նոր նշանակումները բխում են Արդարադատության նախարարության հանձնառությունից շարունակաբար բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում։ Նշված քաղաքների բնակիչները այլևս հնարավորություն կունենան օգտվել նոտարական ծառայություններից իրենց բնակության տարածքում։




Գաղափարների մրցույթ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերում ապրող երիտասարդ առաջնորդների համար

ԵՄ աջակցությամբ իրականացվող “Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում” ծրագրի շրջանակներում Կանաչ Արահետ ՀԿ-ն Հայտարարում է ազգային իդեաթոնի հայտերի ընդունում։

Հաղթողները ներկայացված գաղափարն իրականացնելու համար կպարգևատրվեն դրամական պարգևներով՝
🥇1-ին տեղ – 150 000 դրամ
🥈 2-րդ տեղ – 100 000 դրամ
🥉 3-րդ տեղ – 80 000 դրամ
Իդեաթոնի նպատակն է հզորացնել Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերում ապրող NEET երիտասարդներին: NEET երիտասարդներ ասելով հասկանում ենք այն երիտասարդներին, ովքեր ներգրավված չեն կրթության, աշխատանքի կամ այլ դասընթացների մեջ։

Իդեաթոնին կարող են մասնակցել Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերում ապրող 14-29 տարեկան երիտասարդները, ովքեր ակտիվորեն ներգրավված են համայնքի զարգացման գործում և ցանկանում են լուծումներ գտնել տեղական սոցիալական կամ բնապահպանական մարտահրավերների համար:
Իդեաթոնը տեղի կունենա փետրվարի 1-15 հիբրիդային տարբերակով։

Մասնակցելու համար պետք է դիմել մինչև ս/թ հունվարի 29-ը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1_ES2iPFwEFo6x4CoRxcM…/edit…
Ազգային իդեաթոնը կազմակերպվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են Green Lane NGO (Հայաստան) և CENN-ը (Վրաստան):




Զորակոչը Տավուշում շարունակվում է

2023թ.-ի ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հունվարի 25-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին խաղաղ ծառայություն են մաղթել Տավուշ բնակավայրի վարչական ղեկավար Թաթուլ Արզումանյանը, Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը:

Հերթական զորակոչն է անցկացվել նաև Դիլիջան խոշորացված համայնքում։ Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջանի համայնքապետարանի, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի և ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ` մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն, և Դիլիջանի համայնքապետարանի կողմից հանձնել են առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներով և քաղցրավենիքով լի փաթեթներ:




Հայտարարություն բաց մրցույթի մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից

Մրցույթի ծածկագիրը ՀՀ/Հ-01/23

Պատվիրատուն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք․Երեւան, Բաղրամյան պող. 26/1/, հայտարարում է բաց մրցույթ, որն անցնելու է մեկ փուլով։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ք․Նոյեմբերյան «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցման աշխատանքների պայմանագիր։

Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 500 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին եւ դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս․թ․հունվարի 27-ից մինչեւ ս․թ․ փետրվարի 13-ը՝ ժ․ 17.00-ն Սոս Գևորգյանին, հեռ․ 010 587392, էլ.փոստ: s.gevorgyan@himnadram.org։

Մրցույթի հայտերը՝ էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ է ուղարկել tender@himnadram.org հասցեով՝ մինչեւ ս․թ․ փետրվարի 15-ը, ժ․ 11․00-ը։




«Աստղերը մեզ հետ են»․ Նոյեմբերյանում աստղադիտության խմբակ է մեկնարկում

Հունվարի 12-ին Նոյեմբերյան համայնքում տրվեց «Աստղերը մեզ հետ են» արտադպրոցական կրթության նոր ծրագրի մեկնարկը։

Ծրագիրը ներկայացրեց խորհրդակցական մարմնի համակարգող Անահիտ Փարսադանյանը։ Այն իրականացվելու է համայնքի 19 բնակավայրերի դպրոցահասակ երեխաների հետ։ Ծրագիրը հնարավորություն է տալու աստղային դիտումներ կատարել համայնքի տարբեր գյուղերից, գործելու է նաև աստղադիտության խմբակ։

Մանրամասներն իր ռեպորտաժում պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։




Դիլիջանում խոցելի խմբերի համար ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն կգործի

2021 թվական մարտից Հայաստանի համայնքների միությունը նախաձեռնել էր «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագիրը։ Նախագծի իրականացման արդյունքում Դիլիջանում ստեղծվել է սոցիալական ձեռնարկատիրության մոդելի վրա հիմնված հաշմանդամների ու այլ խոցելի խմբերի անձանց համար նախատեսված ուսումնական կենտրոն, որի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին ոլորտային գիտելիքներ փոխանցելը և նրանց զբաղվածությանն օժանդակելը: Հունվարի 19-ին տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը։

Փակման արարողությանը մասնակցեցին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի ու ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրին աջակցել են Ճապոնիայի կառավարությունը, Հայաստանի համայնքների միությունն ու մասնավոր անձիք։

Կենտրոնի կայուն գործունեության հիմքում կից գործող լվացքատունն է, որի աշխատակիցները նույնպես լինելու են խոցելի խմբերի ներկայացուցիչներ։ Լվացքատան գործունեությունից գոյացած հասույթն ուղղվելու է ուսումնական կենտրոնի պահպանմանը, ծրագրի, մասնավորապես՝ ծրագրի շահառու խմբերի համար դասընթացների կազմակերպմանը, դրանց շարունակականության և կայունության ապահովմանը։ 

2023 թվականից նախատեսվում է խոցելի խմբերի ներկայացուցիչների վերապատրաստումների մեկնարկը «Սոցիալական ձեռնակատիրություն», «Ստարտափ գաղափարի զարգացում», «Բիզնես մոդելի մշակում», «Բիզնեսի կառավարում» և այլ ծրագրերով։ Քառամսյա վերապատրաստումներից հետո սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին ծրագրի շահառուները հնարավորություն են ստանալու նաև երկամսյա խորհրդատվություն ստանալ ոլորտի փորձագետներից։ Կատարված ու կատարվելիք աշխատանքները ուղղակիորեն նպաստելու են ծրագրին մասնակից խոցելի խմբերի անձանց աշխատաշուկայում ինտեգրմանը և սեփական բիզնես մոդելի զարգացմանն օժանդակմանը՝ նպաստելով նրանց զբաղվածության խնդրի լուծմանը։




Անվճար ծրագրավորման դասընթաց 0-ից

Հաշվի առնելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և տեսնելով տեխնոլոգիական կրթության կենսական դառնալը, ինչպես նաև որակյալ մասնագետների սղությունը, մենք սկսում ենք «Կրթված անհատ, հզոր հասարակություն» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ յուրաքանչյուր մարզից 10-ական երիտասարդ(16-18 տարեկան), թվով՝ 100 հոգի, ովքեր կոնֆլիկտի պատճառով տեղահանված, կամ զոհված զինծառայողների ընտանիքի անդամ են, կստանան ծրագրավորման որակյալ բազային գիտելիքներ։

6-ամսյա դասընթացային փուլից հետո աշակերտները կմասնակցեն հեքեթոնի, որի ժամանակ կներկայացնեն իրենց գաղափարները և պրոդուկտները:

Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLSeLKPdoq2e…/viewform…

Հարցերի և առաջարկությունների համար զանգահարեք 093899757 հեռախոսահամարին։

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ֆինանսավորմամբ:




Հանդիպում Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի, Տավուշ Մեդիայի և Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի կողմից իրականացվող «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում շարունակվում են տարածաշրջանային հանդիպումները. հունվարի 21-ին կայացավ հանդիպում Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերող պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ վերհանել խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց և ծրագրի կարևորության մասին խոսեց Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը: Ներկա գտնվող հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին: Հանդիպմանը նաև վեր հանվեց խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները:

Ներկաները կիսվեցին նաև իրենց դիտարկումներով ու առաջարկություններով՝ Տավուշ ՀԸ գործունեության հետ կապված։

«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է Տավուշի մարզում 2020թ․պատերազմից և Քովիդ 19 համավարակից տուժածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և նրանց գործունեության և թիրախային խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպումներ իրականացվելու է պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ: Հադիպումները կազմակերպվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում, արդեն կայացել է Իջևանում, Դիլիջանում և Բերդում։

«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագիրը իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի: