Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է հրդեհների առաջացման վտանգը․ «Դիլիջան» ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Հայտարարության մեջ նշվում է․

«Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։ Այս պայմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների, չոր խոտի ու բուսական մնացորդների այրումից։

  • Մի այրեք չոր խոտը-մի այրեք բնությունը։
  • Չոր խոտի այրումը առաջին հայացքից կարող է անշեշտ թվալ, սակայն այն բերում է անդառնալի հետևանքների։
  • Դուք ոչնչացնում եք անտառային ու մարգագետնային կենդանիների, միջատների, թռչունների և նրանց ձագերի կենսամիջավայրը։
  • Վառելով չոր խոտը՝ ոչնչացնում եք բույսերի սերմերը և հողի վերին շերտում առկա սննդանյութերը՝ նպաստելով ոչ պիտանի բուսատեսակների տարածմանը։
  • Խաթարվում է հողի բնականոն կառուցվածքը, որի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։
  • Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում վնասակար գազեր, որոնք աղտոտում են օդը և վնասում առողջությանը։

Հիշեցում

Ըստ ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի՝

  • Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդները, չորացած բուսականությամբ տարածքները, ինչպես նաև արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում։
  • Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները։
  • Խարույկ վառեք միայն հատուկ թույլատրված և համապատասխան կերպով հարմարեցված վայրերում։
  • Երբեք մի թողեք խարույկը առանց հսկողության․ հեռանալուց առաջ համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է։
  • Մի նետեք վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ խոտածածկ և անտառային տարածքներում։
  • Մի թողեք ապակյա կամ լույս անդրադարձնող առարկաներ բնության գրկում․ դրանք կարող են արևի ճառագայթների ազդեցությամբ առաջացնել հրդեհ։

Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 911՝ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն։

Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։ Բնությունը մեր ընդհանուր տունն է․ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է վտանգել այն», -նշվում է հայտարարության մեջ։

Կարդացեք ավելին՝

 




Իջևանում ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել. 25-ամյա երիտասարդը ձեռբակալվել է

Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները:

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19․00-ի սահմաններում, շրջագայություն կատարելիս Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում համայնքային ոստիկաները կանգնեցրել են փայտով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Նույն գյուղի 25-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» պահեստ: Պարզվել է, որ թափքում առկա 5 խմ փայտանյութը պատրաստված է հաճարենի, ուռենի և բոխի ծառատեսակներից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում՝ շինարարական աշխատանքների ընթացքում

Տավուշի մարզի Բերդ համայնքում շինարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն:

Ասում են՝ երկու երանի մի տեղում չի լինում: Արի ու տես՝ այդպես էլ է լինում: Բերդ համայնքի Եղիշեի փողոցում: Իսկ եղելությունն այպիսինն է: Բանվորները սովորական շինարարական աշխատանքներ էին իրականացնում, երբ նկատեցին անսովոր բան. հողի տակ հնության բեկորներ էին երևում:

Ինչ՞ անել: Դիմել Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Վերջինս րոպեների ընթացքում ժամանում է «դեպքի վայր» ու բանվորների օգնությամբ հողի շերտից զգուշությամբ դուրս բերում բացառիկ խեցեղեն՝ 3 հատ անոթ, որոնցից մեկը գրեթե ամբողջական ու հրաշագեղ զարդանախշերով:

Թանգարանի տնօրենը գտածոների մասին տեղեկացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, վերջինս էլ դիմել է Բերդի համայնքապետարանին՝ տվյալ հատվածում շինաշխատանքները դադարեցնելու համար: Առաջիկա օրերին «Պահպանության ծառայությունը» վերականգնող հնագետների է գործուղելու Բերդ համայնք: Տեղանքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարական աշխատանքների հետագա ընթացքը: Գտածո-գեղեցկուհիներն անվտանգ վայրում են: Վերականգնումից հետո հավանաբար կհամալրեն Բերդի թանգարանի հնագիտական նյութը:
Մասնագետների նախնական գնահատմամբ՝ շինարարները պատահաբար «պեղել են» միջին բրոնզեդարյան դամբարան, անոթներից զատ երևացել են նաև մարդկային կմախքի մնացորդներ:

Ասում եք՝ երկու երանի մի տեղում չի՞ լինում…

Նյութի աղբյուր՝ ARTnews




Տավուշի մարզում զգում են արևի ուժը

Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում ավարտվել են «Արևի ուժ» ծրագրով նախատեսված աշխատանքները․ հաստատության տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, որոնք արդեն առաջիկայում կապահովեն կայուն և էներգախնայող էլեկտրամատակարարում։ Նախագիծը միտված էր նվազեցնել մանկապարտեզի կոմունալ ծախսերն ու խթանել շրջակա միջավայրին բարեկամ տեխնոլոգիաների ներդրումը Տավուշի մարզում։

Արևային համակարգերի տեղադրումն իրականացրել է «Արփի սոլար» ընկերությունը։ Ընկերության մասնագետների խոսքով՝ նոր կայանի արդյունավետությունը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարները, իսկ տնտեսված միջոցները կուղղվեն հաստատության այլ կարիքներին։

Ծրագրի նախաձեռնող «Դու Կարող Ես» հասարակական կազմակերպությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ, մանկապարտեզում իրականացրել է նաև կրթական բաղադրիչ։ Դասընթացների ընթացքում երեխաները, ծնողները և դաստիարակները ծանոթացել են էներգախնայող վարքագծի ձևավորման հիմունքներին, արևային էներգիայի կիրառության առավելություններին և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը։ Համայնքի համար այսօրինակ նախաձեռնություններն առաջնային են:

Տավուշի մարզում էներգախնայող ծրագրերի զարգացման հերթական քայլն արվեց. առաջիկայում Իջևանի թիվ մեկ մանկապարտեզում կզգան ու կտեսնեն «Արևի ուժը»:

Կարդացեք նաև՝




Հարությունյան ընտանիքն Աճարկուտում աշխուժացնում է սոցիալ-տնտեսական, զբոսաշրջային կյանքը

Աճարկուտ գյուղից Գևորգ Հարությունյանը, ընտանիքի հետ միասին, կառուցել է նոր հյուրանոցառեստորանային համալիր՝ նպատակ ունենալով աշխուժացնել փոքրաթիվ բնակչությամբ գյուղի կյանքն և նոր շունչ հաղորդել տարածաշրջանին։ Հարությունյաններին գյուղ վերադարձրեց մեկ ցանկություն՝ ինչ–որ լավ բան անել հայրենիքի համար։ Համալիրը սկսել են կառուցել դեռ 2019-ին, և վեց տարվա աշխատանքից հետո այն ամբողջությամբ ավարտվել է 2025-ին։

Աճարկուտը 100 տարվա պատմություն ունի, գյուղը միշտ էլ հմայել է այցելուներին իր անտառապատ բնությամբ և գեղատեսիլ տեսարաններով։ Նման ենթակառուցվածքի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում։ Այսուհետ այցելուները կարող են պլանավորել իրենց հանգիստն Աճարկուտում՝ արդեն երկարաժամկետ բնակությամբ։ Նորաբաց համալիրը բացի զբոսաշրջային աշխուժությունը, այն նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ է լուծում։

Աճարկուտի շրջակայքը հարուստ է պատմաճարտարապետական ժառանգությամբ․ այստեղ են գտնվում 10–13-րդ դարերի անգնահատելի հուշարձանները՝ Աստվածածին, Կիրանցի, Սամսոնի, Դեղձնուտի ու Առաքելոց վանքերը, ինչպես նաև Սրանոցի միջնադարյան կամուրջը։ Գյուղի բնակիչները հույս ունեն, որ նոր ենթակառուցվածքը հնարավորություն կընձեռի ավելի շատ մարդկանց բացահայտելու Աճարկուտը։

Աճարկուտում նորաբաց այս համալիրն ավելացնում է զբոսաշրջային հետաքրքրությունն ու խոստանում վերականգնել գյուղի երբեմնի աշխուժությունը։ Մեկ դարյա պատմություն ունեցող գյուղում կարծես նոր էջ է բացում՝ ազդարարելով, որ նույնիսկ Հայաստանի փոքր անկյուններում հնարավոր է իրականացնել մեծ փոփոխություններ։




Արծվաբերդում արքայանարնջի բերքից չրեր են պատրաստում

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։




Ռոբոտաշինությունը՝ ազգային մարզաձև․ Դիլիջանում անցկացվեց «ԱրմՌոբոտիքս» 17-րդ առաջնությունը

«ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 17-րդ առաջնությունը `«Լոգիստիկան ապագայի քաղաքում» խորագրով, մեկնարկեց նոյեմբերի 17-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում: 2008 թվականից «ԱրմՌոբոտիքս»-ը կազմակերպվում է Հայաստանում՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ: «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրօրինակ հարթակ է՝ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցութային դաշտում թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։ Կազմակերպիչների կարծիքով՝ կարևոր է, որ երեխաների մոտ վաղ տարիքից, ճարտարագիտության ուսուցմանը զուգընթաց, ձևավորեն ստեղծողի ու արտադրողի մտածողություն։

«ԱրմՌոբոտիքս 2025» մրցույթին մասնակցում էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Ջավախքից: Թիմերում ընդգրկված էին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների աշակերտները: «ԱրմՌոբոտիքս»-ը շարունակում է լինել կարևոր հարթակ, որտեղ աշակերտները ցուցադրում են իրենց հմտություններն ու պատրաստվում ապագայի տեխնոլոգիական մարտահրավերներին:




Նկարչական սիմպոզիում 2025․ հանդիպում բնության, արվեստի ու կողբեցիների հետ

Յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականից ի վեր Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է նկարչական սիմպոզիում, որն ընթանում է Կողբի հարակից գեղատեսիլ վայրում՝ գեղարվեստի դպրոցի պլեներում։ Նկարչական սիմպոզիումին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները և գեղանկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից։ Կողբի սարերում են համախմբվում նաև արտերկրում բնակվող նկարիչները։ Այս տարի ևս գեղանկարիչները օրեր շարունակ գտնվել են Կողբի սարերում՝ բացահատել, արարել ու ստեղծագործել Տավուշի գեղատեսիլ բնության մեջ ու բնության մասին։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան




Վավերագիր Դիլիջան․ քաղաքը՝ Սերժ Եղիկյանի ժամանակի կադրերում

Դիլիջանի երկրագիտական թանգարանում բացվեց դիլիջանցի լուսանկարիչ Սերժ Եղիկյանի՝ «Պրինցի» արխիվային լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսն այցելուներին առաջարկում է հանդիպում քաղաքի հիշողության, անցած ժամանակի և լուսանկարչի անձնական պատմության հետ։

Արխիվային լուսանկարները կարծես բացում են ժամանակի վարագույրը՝ ցույց տալով այն Դիլիջանը, որ ժամանակին շնչել ու ապրել է այլ ռիթմով, կրել ու փոխանցել է այլ տրամադրություն։ Սերժ Եղիկյանը ծնվել է 1939 թվականին Դիլիջանում։ 23 տարեկանում աշխատանքի է անցել քաղաքի «Իմպուլս» գործարանում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է տեսախցիկի հետ, և տարիների ընթացքում լուսանկարչությունը դարձավ նրա կենսակերպը։

Ցուցահանդեսի բացման օրն այցելուները երկար կանգնում են յուրաքանչյուր լուսանկարի առջև, դիտում անցյալի քաղաքային տեսարանները, անցյալի մարդկանց ու ֆոտո-պատմությունները։ Սերժ Եղիկյանը Դիլիջանը պատկերում էր ոչ որպես բնակավայր, այլ՝ որպես հոգեվիճակ․ նրա յուրաքանչյուր կադրում քաղաքի ներքին լռությունն է, մեղմությունը և մարդկանց առօրյա կյանքի անկեղծությունն ու պարզությունը։

Սերժ Եղիկյանի լուսանկարչական ժառանգությունը կրկին կենդանացավ հենց այնտեղ, որտեղ ծնվել ու ձևավորվել է նրա հայացքը՝ Դիլիջանում։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի
15-ը։

Կարդացեք նաև՝




Մովսես գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։