Տավուշի մարզում տրվել է Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը

Տավուշի մարզում տրվել է Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:

Այսօր՝ հունվարի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Տավուշի մարզում  տրվեց Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը։

Միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ այլ պաշտոնատար անձինք։




ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները 2023թ․ հունվարի 24-ին կայցելեն Տավուշի մարզ

Այցի շրջանակներում Դիլիջանի քաղաքապետարանում ժամը 15:00 տեղի կունենա հանդիպում մարզի զբոսաշրջության մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն զբոսաշրջության կոմիտեի հիմնական գործառույթները, կքննարկվեն մարզում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հնարավորություններն ու մարտահրավերները։

Հանդիպմանը մասնակցելու և մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով +374 11 597 293։




Հողաշերտի փլվածք Բերդ քաղաքում

Հունվարի 20-ին, ժամը 14:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։

Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։




Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «Zil 131» ( վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ա․ Բ․-ն, (ծնված 1948 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի հիվանդանոց, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները:




Զորամասի հրդեհից զոհված Գոռ Մարտիրոսյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի N զորամասում հրդեհի հետեւանքով մահացած Գոռ Մարտիրոսյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր:

Դիլիջան քաղաքի Գետափնյա 88 շենքի բնակիչ, 2003թ․ ծնված Գոռ Դավթի Մարտիրոսյանը մեկ տարվա զինծառայող էր։ Գոռը սովորել է Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ նա օրինակելի անձնավորություն էր, բարի, համեստ, լավ սովորող, դաստիարակված, կազմակերպված, հարգված ու սիրված էր։

Գոռի հայրը շինարար է, մայրն աշխատում է թխվածիքի արտադրամասում, Գոռը քույրիկ ունի։




Զորամասի հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանը Աչաջուր գյուղից էր. նա տան միակ որդին էր

Գեղարքունիքի մարզի N զորամասի հրդեհի հետեւանքով մահացած Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Այս մասին պատմեց գյուղապետ Կարեն Ղալթախչյանը։

Գյուղապետը պատմեց, որ Պավլիկը այս տարվա ամռանն էր զորացրվելու։ Նա տան միակ որդին էր. «Իրենից մեծ քույր ունի, վերջերս էր ամուսնացել քույրը»։

Նա պատմեց, որ Պավլիկը Կարատեով էր զբաղվում, սովորում էր Երեւանում։

Նրա մարզիչ Ստեփան Սարհատյանը պատմում է․

«Նա հաղթել է նաև մի շարք միջազգային մրցույթներում, նա ոչ միայն իմ լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը»,– ցավով նշում է Ստյոպա Սահրադյանը։

Պավլիկ Աբազյանը դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ «Անկրկնելի մարդ էր, բոլորից տարբերվում էր, համեստ էր ու շատ ուժեղ»,– ասում է մարզիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։




Եղանակային պայմանների կանխատեսումը Տավուշում ամսի 20-24-ի դրությամբ

Հանրապետության տարածքում հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Տավուշում կնվազի 6-8 աստիճանով։




Տավուշոտ պոեզիա․ «Սպիտակ բախտ»․ Համո Սահյան

Այս տարվա առաջին ձյունն Իջևանում և մեր «Տավուշոտ պոեզիա» շարքի հերթական տեսանյութը՝ սահյանական տողերով։ Համո Սահյան․ «Սպիտակ բախտ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։

ՍՊԻՏԱԿ ԲԱԽՏ

Մի սպիտակ բախտ է հսկում
Անշարժ երթը սար ու քարիս։
Ձյունի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Սառցի տակ ջուրն ի՞նչ է զգում,
Իրեն պատեպատ է տալիս։
Սառցի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Ջուրը երգով վա՞խն է զսպում,
Թե՞ դեռ չարած մեղքն է լալիս…
Մեղքի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Մեկ էլ ո՞վ է ինձ հետ ոստնում
Լռությունը ծլնգալիս…
Ձայնի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Հոգնած, մաշված օրը մրսում
Եվ թիկնում է պատուհանիս…
Սրտիս վրա ամպ է նստում.
Ամպի վրա ձյուն է գալիս։




Restart Ijevan-ը՝ հանուն երիտասարդների զորեղացման․ «Բարձրագույն կրթության մասին» օրենքն ուսանողների համար

2022 թվականի ամռանը մեկնարկեց «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Level Up երիտասարդների զորեղացման ճամբարը», որը միավորեց Տավուշի մարզի շուրջ 50 երիտասարդի: «Level Up երիտասարդների զորեղացման ճամբար» ծրագրի նպատակն էր  աջակցել Տավուշի մարզում «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով նախատեսված ուսանողական ինքնակառավարման փոփոխությունների իրականացմանը, նպաստել այլընտրանքային ուսանողական խմբերի ձևավորմանը։

Ճամբարային ծրագրին դիմել է շուրջ 80 մասնակից։ Ծրագրին մասնակցելու հնարավորությունը տրվեց Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի շուրջ 50 երիտասարդի։

Ճամբարի 4 օրերի ընթացքում մասնակիցները միավորվեցին 5 տարբեր թիմերում, ապա երիտասարդները մասնակցեցին տեսական ու գործնական  7 դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  1.     ՀՀ բարձրագույն կրթության տեսլականը
  2.     Բարձրագույն կրթության խնդիրները մարզերում
  3.     Միջազգային կրթություն. կրթական փոխանակման ծրագրեր Հայաստանում
  4.     Այլընտրանքային ուսանողական նախաձեռնությունների գեներացման գաղափարը ,
  5.     Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում
  6.     Ծրագրի նախագծում. Նպատակը, գործունեությունը, արդյունքը
  7.     Քննադատական մտածողություն

Ճամբարային փուլի ընթացքում թիմերը մշակել և ներկայացրել են ծրագրային 10 առաջարկներ, որոնցից լավագույն 4 նախաձեռնությունները ընտրվելու և ֆինանսավորվելու էին կազմակերպության կողմից՝ արդեն հետճամբարային փուլում։ Ճամբարային առօրյան հագեցած էր նաև թիմակառուցման, ինտելեկտուալ, սպորտային և ժամանացային միջոցառումներով։

«Ռեստարտ Իջևանը» այս ծրագրի միջոցով նաև նախապատրաստում է երիտասարդներին «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով նախատեսվող ուսանողական ինքնակառավարման փոփոխություններին:

Ճամբարի ավրատին թիմերը վերադարձան Տավուշ՝ իերնց հետ բերելով 4 լավագույն  ծրագրերը, որոնք մշակել, ձևավորել ու իրականացնելու են արդեն հետճամբարային փուլում:

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողական սպորտային ակումբի հիմնադրում․ ծրագրի նպատակն է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ակտիվացնել և զարգացնել ուսանողների սպորտային կարողություններն ու հնարավորությունները։ Մասնաճյուղում սպորտային ակումբի շրջանակում կազմակերպվեց Վոլեյբոլի բարեգործական մրցաշար։ Մրցաշարին մասնակցել է 13 թիմ շուրջ՝ 80 երիտասարդ՝  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից։ Վոլեյբոլի առաջնությունները բարեգործական էին. առաջնության մասնակցության տոմսերից հավաքված ամբողջ  հասույթը ուղղվելու է ՀՀ սահմանի առաջնագծերում արևային վահանակներ և մարտկոցներ տեղադրելու աշխատանքին:
  2. Ուսանողները՝  հանուն հմտությունների զարգացման ծրագիր․ Ծրագրի  նպատակն է զարգացնել փորձշրջանի ինստիտուտը Տավուշի մարզում և հնարավորություն ընձեռել ուսանողներին ձեռք բերել նոր գործնական գիտելիքներ: Ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ տարբեր ֆակուլտետներում սովորող շուրջ 15 ուսանողի համար կազմակերպվեց մեկամսյա փորձաշրջան Տավուշի մարզպետարանում, Իջևանի համայնքապետարանում և Visit Tavush տուրիզմի զարգացման կենտրոնում:
  1. «Ուսանողի ուղեցույց» ձեռնարկի մշակում ու տպագրում. այս նախագծի շրջանակում ստեղծվեց  «Ուսանողի ուղեցույց» ձեռնարկը, որը  նախատեսված է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Ձեռնարկում ներկայացված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր կառուցվածքը, մասնաճյուղում առկա ֆակուլտետներնում մասնագիտությունները, լսարանային պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև դասընթացների գնահատման ձևերը: Ձեռնարկում նաև զետեղված է տեղեկատվություն բուհի առաքելության, կառավարման և ուսանողական կառույցների, բուհի գրադարանի, ուսանողների համար նախատեսված անվանական կրթաթոշակների վերաբերյալ և այլևայլ օգտակար տեղեկատվություն:
  2. «Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկի մշակում. սա վերջին ծրագիրն էր, որի արդյունքում ստեղծվեց «Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկը, որտեղ ավելի սեղմ և գունազարդ տարբերակով ներկայացված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, մասնաճյուղի ուսանողների բողոքների քննարկման կարգը, ինչպես նաև ուսումնական կարգապահության վերաբերյալ այն կարևոր կետերը, որոնց բացակայության դեպքում ուսանողը կարող է ենթարկվել պատասխանատվության։

Հետճամբարային փուլում՝ երիտասարդների կողմից մշակված լավագույն ծրագրերի իրականացումից հետո՝ 2022 թվականի տարեվերջին «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի կողմից պարգևատրվեցին ծրագրի ամենաակտիվ, ներգրավված և մոտիվացված երիտասարդները։ Կամզակերպությունը շարունակելու է խրախուսել երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը, լինելու է հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան  բարձրացնելու իրենց համայնքներում առկա խնդիրների մասին իրազեկությունը, կատարելագործել իրենց կարողությունները և իրականացնել իրենց ստեղծագործ մտքերը:




Հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

Հունվարի 18-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Հակոբյանը կարևորել է նմանաբովանդակ քննարկումների անհրաժեշտությունը, որոնք կօգնեն վեր հանել մարզային հեռուսստաընկերությունների խնդիրները և մշակել լուծման մեխանիզմներ, խորացնել մարզային հեռուստաընկերությունների միջև փոխգործակցությունը։ Իր խոսքում Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև ոլորտային խնդիրներին, օրենսդրական փոփոխություններին։

Հանդիպմանը քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների խնդիրները, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերությունները, հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն բոլոր ծրագրերը, որոնք ՀՌՀ-ի հետ համագործակցելով հնարավոր է կյանքի կոչել և բարենպաստ պայմաններ ստեղծել մարզային հեռուստաընկերությունների անխափան գործունեության համար։

Քննարկմանը «Արմա ԹԻ-ՎԻ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը ներկայացրել է «Առավել» աշխատանքային խորագրով ամենամյա հեռուստատեսային գյուղատնտեսական մրցույթ-փառատոնի վերաբերյալ առաջարկը, որի պատասխանատուն և կազմակերպիչը, համաձայն նախագծի, լինելու են մարզային հեռուստաընկերությունները։ Բանախոսը ընդգծել է, որ փառատոնը կնպաստի մարզերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ աշխատելու խթան կհանդիսանա մարզային հեռուստաընկերությունների համար։

Կարևորելով փառատոնի անցկացման գաղափարը՝ մասնակիցները մտքեր են փոխանակել կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես եկել առաջարկներով: