Դրամաշնորհային մրցույթի հայտ՝ Բերդ համայնքի բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռ­նութ­յունների իրականացման համար

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռի և Տավուշ մարզերում» ծրագրի շրջանակներում «Ծիլի Ծով» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնել դրամաշնորհային մրցույթի հայտ՝ Բերդ համայնքի Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռ­նութ­յունների իրականացման համար։

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադ­րել վերոնշյալ բնակավայրերում գրանցված և/կամ փաստացի գործող քաղաքա­ցիա­կան հասարակության, գործարար և հանրային ոլորտի ներկայացուցիչներին՝ զարգաց­ման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։

Ծրագրերը անպայման պետք է համապատասխանեն «Ծիլի Ծով» ՏԱԽ-ի 2022-2026թթ․ Ռազմավարական առաջնահերթություններին՝ աջակցություն տեղական գյուղմթերք արտադրող գյուղացիական փոքր տնտեսություններին/կոոպերատիվներին, ժամանցի և հանգստի կազմակերպման նորարար ենթակառուցվածքների ստեղծմանը/զարգացմանը, գիտակրթական և փորձացուցադրական գաղափարների տարածմանը, սոցիալական ներառականություն ապահովող, բնապահպանական խնդիրներ լուծող նախաձեռնություններին, ագրո, գաստրո, բուժական և արկածային տուրիզմի զարգացմանը(առավել մանրամասն՝ տե՛ս կցված ՈՒղեցույցում):

Ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը մինչև 2023թ-ի հունվարի 23-ը, ժ․ 18:00 (Երևանի ժամանակով): Վերջնաժամկետից դուրս ստացված հայտերը չեն դիտարկվի։ Հայտերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով, որի ստացումից հետո ուղարկվում է հաստատող ծանուցում։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտադիմումի ձևը լրացնել՝ ներբեռնելով այս հավելվածները՝

https://drive.google.com/drive/folders/15W3j3pQsxbZjWBIXs5p_kltbkp1eY4cZ?usp=share_link



«Տղերքը» հաղորդաշարը՝ մեր եթերում․ ամփոփում ենք անցած 2022-ը

Հաղորդաշարի հեղինակ Մերի Չիբուխչյանը պատմում է արդեն կատարված, կատարվելիք աշխատանքի և տղերքի մասին։




Հայկական ավանդական Ամանորի հետքերով․ ավանդական տոնածառ՝ Կաղանդ ծառ Այգեձորից

Հայկական ավանդական տոնածառի պատրաստման ընթացքը վայելենք Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսախցիկից։




Հրդեհ Սարիգյուղ գյուղում

Հունվարի 6-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և տանիքում կուտակած մոտ 60 հակ անասնակեր։




Հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուսլան Պ.-ն:

Նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:




Հրդեհ «Ճապկուտ» կոչվող հանդամասում (Թարմացված)

Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 32 փրկարարական ծառայող։
________________________
Հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սության» 10 աշխատակից, 15 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:




Ամանորը՝ արծվաբերդցի երեխաների աչքերով

Տավուշ, Արծվաբերդ․ մեր թղթակից Լաուրա Դուրյանն արծվաբերդցի մանուկների հետ զրուցել է Ձմեռ Պապիկի, ամանորյա նվերների և երազանքների մասին։




Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հունվարի 2-ին, ժամը 22:11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզից դեպի Դիլիջան քաղաք տանող ճանապարհահատվածում արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում կողմնորոշվել տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Տավուշի և Լոռու մարզերի սահմանագծին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակա հանդամասում, հայտնաբերել են Գ․ Մ․-ին (ծնված 1992 թ․), ուղեկցել դեպի իր ավտոմեքենան և դուրս բերել այն արգելափակումից:




Տավուշ Մեդիան 2022-ին․ Տարեկան ամփոփում

Տավուշի մարզ

Ողջ տարվա ընթացքում Տավուշ ՀԸ-ն ներկայացրել է վերջին նորությունները Տավուշից՝ լուսաբանելով Տավուշի մարզում իրականացվող կրթական, երիտասարդական, մշակութային, սոցիալական, առողջապահական ու այլ թեմաներ։

Տավուշ ՀԸ-ն առաջինն է իրազեկել ու տեղեկացրել իր հեռուստադիտողներին տեղական վերջին ու թարմ նորությունների մասին: Ունենալով հեռուստադիողների ու հետևորդների վստահությունը՝ Տավուշ ՀԸ-ն շարունակելու է պատասխանատու կերպով տրամադրել ճշգրիտ ու ամբողջական տեղեկատվություն` հավատարիմ մնալով իր հաշվետու, թափանցիկ և վստահելի լինելու սկզբունքներին:

2022 թվականի տարեսկզբին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ապրող պատանի-երիտասարդ լրագրողների համար «Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան հայտարարեցին մրցույթ: Տավուշի մարզի սահմանամերձ շրջանների 15-30 տարեկան պատանիներին ու երիտասարդներին տրվեց բացառիկ հնարավորություն` սեփական բնակավայրից կատարել լրագորղական աշխատանք՝ ներկայացնելով Տավուշի գյուղերն ու մարդկանց։ Հաղթողները ստացան նկարահանող ու մոնտաժային սարքեր, համապատասխան ուսուցում Տավուշ ՀԸ թիմի կողմից և սեփական բնակավայրից համագործակցելու ու վարձատրվելու հնարավորություն։

Նույն ժամանակահատվածում մրցույթի հաղթողները հյուրընկալվեցին «Տավուշ» հեռուստաընկերությունում։ Երկօրյա վերապատրաստման ավարտին արդեն Տավուշ Մեդիայի թղթակիցներին հանձնվեց մրցանակային ամբողջ փաթեթը` 4 նկարահանող տեսախցիկ,  4 մոնտաժային համակարգիչ, ինչպես նաև կից պարագաներ՝ բարձրախոսներ, կրիչներ, եռոտանիներ։

Երիտասարդ թղթակիցների պատրաստած տավուշյան տեսանյութերը հասանելի են նաև tavushmedia.am կայքում և Տավուշ ՀԸ եթերում: 

Տավուշ Մեդիայի համար 2022-ի գարունը արգասաբեր էր․ ձևավորվեց նաև «Կանաչ և դիմակայուն Տավուշ» կոալիցիան։ Այն դարձավ տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը։ «Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան իրենց համագործակցությունը և տեղեկատվական խողովակները առաջարկեցին Տավուշի մարզում գործող գործընկեր-հասարարական կազմակերպություններին՝ ի նպաստ մարզում տեղական ժողովրդավարության ամրապնդման ու քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունեցող և համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցող քաղաքացիների ձևավորման, հանդես եկավ բաց հայտարարությամբ: Ապրիլի 16-ին Տավուշ ՀԸ հիմնադրման 2-րդ տարեդարձի կապակցությամբ  գործընկեր կառույցները ստորագրեցին «Կանաչ ու Դիմակայնուն Տավուշ» կոալիցիային միանալու հուշագիրը` հիմք դնելով նոր համագործակցությունների:  

Տավուշ Մեդիան հավատարիմ, մնալով իր առաքլեությանը, ստեղծեց հարթակ, որտեղ բոլորովին անվճար պայմաններով մարզի փոքր ու միջին բիզնեսները Տավուշ ՀԸ-ի եթերում հնարավորություն ունեցան գովազդի միջոցով ներկայացնելու  իրենց արտադրանքը՝ էլ ավելի հասանելի ու ճանաչելի դարձնելով դրանք։

2022 թվականին բնականոն ընթացքով շարունակվեցին արդեն հայտնի ու սիրված հաղորդաշարերը՝ «Քննարկում Տավուշ ՀԸ եթերում», «Տղերքը»,  «Մեր բարբառն ու բարքերը», որոնց թվին ավելացան նաև «Մակարդակով կոֆե», «Աշխարհի ծայրերից», «Տավուշի համը», «Տավուշյան էսքիսզներ»,  «Հեքիաթներ տավուշյան բարբառով» ու «Շուլուխներ Արթուր Մուսայելյանի հետ» շարքերը։ 

Ձեզ հետ միասին մենք շարունակելու ենք խոսել, կատակել, ստեղծագործել, արարել ու առաջարկել, վերլուծել ու քննարկել` Տավուշ ՀԸ եթերում:




Նոյեմբերյանում վառվել են քաղաքի տոնածառի լույսերը

Նոյեմբերյանում ում վառվել են քաղաքի տոնածառի լույսերը։

Լուսավառման արարողության և քաղաքում ամանորյա եռուզեռի մասին է պատմում մեր թղթակից Հրանուշ Անանյանը։