Տարվա ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանում կայացավ 8-րդ անգամ (ռեպորտաժ, ֆոոտոշարք)

Ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերի գրկում կրկին միավորել էր Հայաստանի տարբեր անկույններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Հունիսի 25-ին կայացավ Հայաստանի դեղաբույսերի և ծաղիկների ութերորդ փառատոնը՝ «ՀայԲույս 2022»-ը:

Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Yell Extreme Park-ի և APAGA Resort հյուրանոցի մոտ գտնվող կանաչապատ բացատում փառատոնի ավելի քան 50 մասնակիցներ ներկայացրին իրենց աշխատանքները` իրազեկելով մարդկանց հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և կարևորության մասին, հնարավորություն տալով ավելացնել բուսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները:

«ՀայԲույս»-ի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանն ասում է՝ «փառատոնը ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլ նաև մի փոքր նոր գիտելիք, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս»: Նրա խոսքով՝ հենց սա է մտնում «ՀայԲույս»-ի հայեցակարգի և կարգախոսի մեջ. «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»:

«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»: 

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումների շարք` տարբեր վարպետաց դասեր, ծաղկե գլխարկների մրցույթ, կրթական և երաժշտական ծրագրեր։ Օրվա սկզբում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, վարպետաց դասեր Ենոքավանի մաքուր օդի և բնության հրաշալի պատկերների գրկում: Պարային ելույթներով հանդես եկան Դիլիջանի գեղարվեստի դպրոցի եւ M dance Studio-ի սաները: Պլաստիկե ու բնական նյութերից երաժշտական գործիքներ պատրաստելով՝ «Շուշիկի բենդ»-ը հետաքրքիր երաժշտական վարպետաց դաս անցկացրեց ներկաների հետ:

Փառատոնի բոլոր հյուրերը մասնակից եղան ֆանտաստիկ միջոցառման՝ պատրաստեցին ամենախոշոր 50 մետրոնոց խաղաղության բրդուճը լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։

Չնայած օրվա առաջին մասի եղանակային պայմաններին, Տավուշի մշուշը չխանգարեց հյուրերին գեղեցիկ հուշեր տանել իրենց հետ. ողջ օրն ուղեկցվեց ազգային, ժողովրդական երգերով, երաժշտությամբ, պարերով ու ավանդական խաղերով:

Նշենք նաև, որ «ՀայԲույս» փառատոնն առաջին անգամ կայացել է 2015 թվականին: Ամենամյա դարձած միջոցառումն 2018 թ.-ին արժանացել է Global Event Awards –ի մրցանակին «Ժամանցային տուրիզմի լավագույն միջոցառում» և «Ոսկե փազլ. լավագույն միջոցառումային նախագիծ» անվանակարգերում:

« of 2 »




Կանաչ Նոյեմբերյան

Կանաչ Նոյեմբերյանը՝ մեր երիտասարդ թղթակցի աչքերով։ Տեսանյութի հեղինակը Ջուլիետա Խառատյանն է




Տավուշում ամփոփվել են հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, Եվրոպական միության (ԵՄ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ, Տավուշի մարզում կազմակերպեց հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքների ամփոփումը:

Միջոցառմանը մասնակցեցին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները։




Տավուշոտ պոեզիա․ «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Տավուշի գողտրիկ անկյուններն են։

ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ:
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերտ:
Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ:
Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ:
Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս:
Տվել եմ, չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ:
Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Ու մնաց մնալդ:
Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս:
Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ:




Տավուշոտ պոեզիա․ «Ի՞նչ անեմ, մայրիկ»․ Համո Սահյան

Ձյունոտ Տավուշը և սահյանական պոեզիան։ Համո Սահյան․ «Ի՞նչ անեմ, մայրիկ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Կադրերը M4 միջպետական մայրուղու Դիլիջան-Իջևան հատվածից են։

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ի՞նչ անեմ, մայրիկ:




Տավուշոտ պոեզիա․ «Ես չեմ կարող իմ զավակին»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Ես չեմ կարող իմ զավակին»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Ենոքավանի լեռ ու ձորերն են։

Ես չեմ կարող իմ զավակին
Մի հարսանիք չխոստանալ,
Ինձնից կախված ամեն պարգև,
Ամեն բարիք չխոստանալ,
Մի լավ օջախ, մի լավ անկյուն,
Մի լավ տանիք չխոստանալ,
Ոտքը հին-հին դարերի մեջ,
Ճերմակ ճակատն աստղերի մեջ,
Կանաչ-կարմիր սարերի մեջ,
Ոտից-գլուխ արևի մեջ
Մի հայրենիք չխոստանալ։
Ես չեմ կարող
Այս աշխարհից գնացողին
Մի բուռ արցունք
Եվ մի բուռ հող չխոստանալ։
Ես չեմ կարող ճամփիս վրա
Ոտքի վրա խամրող ծաղկին
Իմ խեղճ սրտից
Եվ իմ խոնավ թարթիչներից
Մի կաթիլ ցող չխոստանալ։
Եվ վերջաաես ես չեմ կարող
Հեռու-հեռու սերունդներին
Իմ օրերի
Եվ իմ հոգու լույսը տանող
Մի քանի տող չխոստանալ։




Տավուշոտ պոեզիա․ «Ես այն եմ եղել»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Ես այն եմ եղել»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Ձմեռվա հեքիաթային կադրերը՝ Ենոքավանի սարերից։

ԵՍ ԱՅՆ ԵՄ ԵՂԵԼ

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարում նեղություն չզգաս:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, տարել, ներել, համբերել…
Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,
Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին.
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:




Տավուշոտ պոեզիա․ «Գնամ մխրճվեմ խորքերն անտառի»․ Համո Սահյան

Կենսատու գարնան շնչով՝ Տավուշից։ Համո Սահյան․ «Գնամ մխրճվեմ խորքերն անտառի»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում երևում են Գանձաքարի ու Դիլիջանի կողմերի սարերը։

Գնամ մխրճվեմ խորքերն անտառի,
Մոլորվեմ մեռնող տերևների մեջ,
Գլուխս դնեմ մամռած մի քարի,
Մի պահ մոռանամ աղաղակ ու վեճ:
Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին,
Ննջած անտառի ականջը դառնամ,
Շնչառությունը լսեմ մեղմագին
Տերևների տակ խոր քնած գարնան:




Տավուշոտ պոեզիա․ «Անունը Հայաստան պահենք»․ Համո Սահյան

Համո Սահյանի անմահ տողերն ու Տավուշը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են՝ Չինչինի սարերից և Կապտավանքից։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՀԵՆՔ

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:




Տավուշոտ պոեզիա․ «Լեմ, լես, լյցվենք»․ Հրանտ Ղազումյան

Հրանտ Ղազումյանի հեղինակային ստեղծագործությունը՝ Տավուշի բարբառով։ Կարդում է հեղինակը։ Տեսանյութի կադրերում Դիլիջանն է։

ԼԵՄ, ԼԵՍ, ԼՅՑՎԵՆՔ
Որ մնեմին խռովըմ ես,
Հաշվի սիրտըս խրովըմ ես,
Ինձ ռյաստվիլիս դժգոհըմ ես,
Հաշվի սիրտըս պլոկըմ ես։

Մնեմին էլ լյաջու ընգյած,
Որ ուրիշին լեն ժխտըմ ես
Անդեր սրտիս պյաց լած յարեն
Մի պյուռ աղով ըղաղըմ ես։

Մի օր տյու լի ես,
Ես լեմ տյու,
Համա էդ վախտ կլխի կընգնյես տյու,
Թե ինչ ա զգըմ անդեր սիրտըս,
Թե որդի ա ուշք ու միտքս․․․

Լեմ, լես, լցվենք, տյառնանք,
Լի, որ լիսնյակով լիանանք,
Լի որ լիլըս ես մոռանամ,
Լի, որ ռանգռուշովդ հիանամ։