Իջևան համայնքից շուրջ 120 դպրոցականներ հանդիպեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ «Երախաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին Իջևանում կայացավ հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ: Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպմանը մասնակցում էր շուրջ 120 դպրոցական Գանձաքարի, Գետահովիտի, Խաշթառակի,Ա կնաղբյուրի և Իջևանի 6 դպրոցներից: 

Ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումներին ընդհանուր առմամբ մասնակցելու է 3500 դպրոցական` 450 դպրոցից: Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, մասնակցություն են ունենում հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխան, որը նպաստում է   աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-14-ը տեղի է ունեցել դասախոսություն-հանդիպումների շարք Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում: 




Իջևանի Arm Studio-ն մեկ տարեկան է․ թատերական խմբակի սաներն ամփոփեցին տարին

Arm Studio թատերական խմբակը 1 տարեկան է․ հոկտեմբերի 16-ին Իջևանի Մշակույթի տանը խմբակի սաները հանդես եկան մեկամյա գործունեությունն  ամփոփոխ ներկայացմամբ։

Ներկայացման ծրագրում ընդգրկված էր Հոբհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» և «Բարեկենդան» հեքիաթները, երգ, պար և խաղարկություն, որի արդյուքնում հանդիսատեսից 5 երեխա ստացան անակնկալ նվերներ։

Տոնական ներկայացմանն Arm Studio-յի սաների հետ Մշակույթի տան բեմում հանդես եկան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թատերական խմբի ուսանողները և M dance Studio-յի սաները։

Arm Studio թատերական խմբակը հիմնադրվել է 2021 թվականի աշնանը։ Խմբակի նպատակը Իջևան քաղաքում թատրոնի զարգացումն է։ Խմբակում երեխաները ստանում են խորացված գիտելիքներ թատրոնի, դերասանական գործի, խոսքի վարպետության ու բեմական խոսքի մասին։ Arm Studio-յի սաների հետ աշխատում են Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, Երևանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանն ու պրոդյուսեր Զոհրաբ Հայրապետյանը:

Arm Studio թատերական խմբակը շարունակելու է իր աշխատանքները և խոստանում է ներկայանալ նոր ներկայացումներով։




Բերդ համայնքում յուրովի նշվեց աղջիկ երեխայի օրը

Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։ 

Օրը յուրովի նշվեց Բերդ համայնքում. միջոցառումը մեկնարկեց Բերդի «Սորաններ» դենդրոպարկում` «Նէ»-ի անվանումը կրող աղջիկ երեխայի պուրակի հիմնադրման միջոցառմամբ: Winnet Berd-նախաձեռնությամբ 80 վարդի տնկիներ տնկվեցին նորաստեղծ պուրակում։

Միջոցառման 2-րդ հատվածը Բերդի մշակույթի տանն էր: Ոգևորող, ոգեշնչող ու միմյանց քաջալերող ելույթներով հանդես եկան անվանի կանայք, որոնք մեծ ներդրում են ունեցել իրենց համայնքի կայացման գործում։ Միջոցառմանը հատուկ մրցանակների արժանացան նաև Բերդ համայնքի Չինարի, Այգեձոր, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Վարագավան, Նավուր, Արծվաբերդ, Չինչին, Այգեպար, Չորաթան բնակավայրերի 15 աղջիկներ, որոնք աչքի են ընկել իրենց բարձր առաջադիմությամբ, համայնքին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններով ու վստահորեն այդ մեծ գործի շարունակողներն են լինելու։ 

Միջոցառումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Winnet Berd-ը՝ The Body Shop Armenia-ի և Բերդի Մշակույթի տան հետ համատեղ. այն իրականացվեց  «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։




Գետահովիտի բարձունքին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնը

Հոգևոր-վերականողական կենտրոն քաղցկեղ ունեցող երեխանների համար․ հոկտեմբերի 14-ին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնի շենքը։ Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձրադիր հատվածում։

Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիոթերապիայից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։

Վերականգնողական կենտրոնը կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։

Կենտրոնի բացմանն Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիոսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ կատարվեց կենտրոնի տնօրհնյաց կարգը։ Սրբազանն իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկաներին, կառույցի շինարարներին, բարերարներին։ Կարո Առաքելյանին, ով վերականգողական կենտրոնի կառուցման բարերարներից է, շնորհվեց Տավուշի թեմի բարձրագույն՝ «Տավշո Խաչ. ՏաՀույս» շքանշանը։

Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձունքին, որտեղ Խորհրդային տարիներին գործել է առողջարան, Հայաստանի վերանկախացումից հետո տարածքը վերածվել է զորամասի, իսկ վերջին տարիներին տարածքը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն։  Վերականգնողական կենտրոնի կառուցմամբ սկսում է Տավուշի թեմի հաջորդ աշխատանքները. շուտով սկսվելու է զինվորականների վերականգնողական կենտրոնի կառուցումը, ընթացքի մեջ է նաև ճամբարի կառուցումը։




«Սարերում կյանք կա…». թատերական ներկայացման պրեմիերա Կողբի Մշակույթի կենտրոնում

Հոկտեմբերի 23-ին Կողբ գյուղի Մշակույթի կենտրոնի թատրոնում կայացավ Լիանա Անթառանյանի պիեսի հիման վրա բեմադրված «Սարերում կյանք կա…» ներկայացման պրեմիերան։ 

Դահլիճը լեփ-լեցուն էր թատերասեր նոյեմբերյանցիներով, ովքեր երկար էին սպասել թատրոնի վերաբացմանը։

Ներկայացումը ծնողի ծանր ապրումներն են, որ որդիները հեռացել են հայրենիքից և  սփռվել աշխարհով մեկ։ 

Պրեմիերային ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` պիեսի հեղինակը և Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ 

Ներկայացումը, բացի պրեմիերայից, ևս երկու օր ցուցադրվել է Կողբի Մշակույթի կենտրոնում ևս երկու օր, ապա նաև ներկայացվել է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում, Ոսկեպարի և Կոթիի Մշակույթի տներում։




Մեր բարբառն ու բարքերը․ Աշունքացել ա

Աշունքացել ա․․․Իսկ «աշունքանալ»-ը նշանակում է, որ էսա տուն դենք տյառնալ՝ մնալու ենք տանը, վերցնենք տաք թեյը, փաթաթվենք փափուկ ծածկոցով, և իհարկե, դիտենք սիրելի հաղորդումը՝ «Մեր բարբառն ու բարքերը»։

Ուրեմն՝ մեր բարբառում արագ-արագ, շուտ-շուտ, «ոտի վրա», «ծնգան ծերին» մի պյան սարքիլուն ասում են «ծեռաց»։ Տուն որ մի անսպասելի հյուր դի կյալ, տան տիկիննին էն համովություննին գյոռած տեղերից հանիլ դեն ու ծեռաց մի պյան սարքեն՝ հյուրին հյուրասիրեն։ 

Դե մենք էլ, «աշունքանալու» առթիվ պահել ենք հերթական համով-հոտով թողարկումը․ ծեռաց՝ Տավուշ TV-ի տաղավարից, հատուկ ձեզ համար։




Հոկտեմբերի 13-ին Արծվաբերդի թիմը կմասնակցի ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին

Հոկտեմբերի 12-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային փուլում 1-2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը։

Մարզային փուլ դուրս եկած ութ թիմերի միջև մրցապայքար էր ծավալվել հետևյալ մարզաձևերում՝ 1000 մետր կրոսավազք, նռնակի նետում, ձգումներ պտտաձողի վրա, հրաձգություն /հինգ կրակոց/, ինքնաձիգի քանդում ու հավաքում և փոխանցավազք ուսապարկով։

Միավորների ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավեց Արծվաբերդի թիմը, երկրորդ տեղում Աչաջրի թիմն էր, երրորդ տեղը զբաղեցրեց Բերդի ավագ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով։
Մրցումներում լավագույնը ճանաչված Արծվաբերդի թիմը կմասնակցի ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին։

Ռազմամարզական խաղերի մարզային փուլի կազմակերպման ու անցկացման պատասխանատվությունը կրում էր Տավուշի մարզպետարանը։

Աղբյուր՝ ՀՀ Տավուշի մարզպետարան




Հոկտեմբերի 17-ին կայացավ բասկետբոլի սպարտակիադայի մարզային փուլը

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող բասկետբոլի սպարտակիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած թիմերը։

Աղջիկների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը։ Տղաների թիմային պայքարում 1-ին տեղը գրավեց Բերդի ավագ դպրոցի թիմը։

Մարզական միջոցառման մարզային փուլում առաջին տեղ գրաված վերոնշյալ թիմերը կմասնակցեն արդեն Գավառում կայանալիք միջմարզային փուլի մրցումներին։

Աղբյուր՝ ՀՀ Տավուշի մարզպետարան




Տավուշ Մեդիան՝ Տավուշ աշխարհի սահմանամերձ բիզնեսների համար

Եթե Ձեր բիզնեսը նոր է հիմնադրվել, գործում է Տավուշի մարզում, և Դուք փնտրում ենք  առաջխաղացման ուղիներ, ապա մենք հրաշալի նորություն ունենք Ձեզ համար։

Հոկտեմբերի 15-ից Տավուշ մեդիան իր դռներն է բացում Տավուշի մարզի սահմանամերձ բիզնեսների համար, և առաջարկում ներկայացնել Ձեր գովազդը մեր եթերում։

Եթե չունեք գովազդային հոլովակ կամ տեսանյութ, զանգահարեք մեզ, և մեր պրոֆեսիոնալ նկարահանող խումբը կպատրաստի Ձեր բիզնեսի մասին պատմող տեսաֆոտոնյութն ու հոլովակը, որոնք կցուցադրվեն Տավուշ TV-ի եթերում ու կտեղադրվեն Տավուշ Մեդիայի կայքում (www.tavushmedia.am):


Ամենակարևորը՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ձեր գովազդը մեր եթերում կցուցադրվի բացառապես անվճար։


Առաջարկը սահմանափակ է։

Շտապե՛ք լինել առաջինների շարքում, և զարգացնել Ձեր տավուշյան բիզնեսը Տավուշի սահմանապահ հեռուստաընկերության հետ։

 

Հեռախոս` +374 60 460 202, +374 55 010 401

Էլ․ փոստinfo@tavushmedia.am




Տավուշյան զրույց Նունե Պողոսյանի հետ

Հրավիրում ենք մեզ հետ «տեղափոխվելու» Բերդի տարածաշրջան՝ տավուշյան զրույցի:

Տիկին Նունեի հետ խոսել ենք տարածաշրջանի կյանքին միշտ կապված իր կյանքի ճանապարհի, որպես կին հաղթահարած դժվարությունների, պատասխանատու աշխատանքի և ընտանիքի, ստեղծագործելու և նորից ու նորից Տավուշի մասին։ 

Նունե Պողոսյանը նախկին Շամշադինի շրջանի առաջին կին փաստաբանը, դատախազը և ապա՝ դատավորն է եղել, Բերդ քաղաքում բացել է փաստաբանական առաջին գրասենյակը։ Ասում է՝ պատմելու շատ բան ունի․ 2013 թվականից՝ վաստակած հանգստի անցնելուց հետո ստեղծագործում է, իսկ տարածաշրջանի համն ու հոտն արդեն առանց նրա զրույցների անհնար է պատկերացնել։