Հուլիսի 16-17-ին Կողբում Վարդավառին նվիրված միջոցառումների շարք է սպասվում

Տավուշ ՀԸ տաղավարից բոլորին հուլիսի 16-17-ին հրավիրում ենք Կողբ՝ Տավուշում իսկական Վարդավառ տոնելու։

Վարդավառին ընդառաջ «Կողբ» հիմնադրամը կազմակերպում է տոնին նվիրված կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումների հրավառություն՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլև բազմաթիվ հյուրերի։

Միջոցառման նպատակների, Վարդավառի ընտրության, ընթացքի և շատ այլ մանրամասների մասին մեր տաղավարում խոսել ենք ենք «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի և «Կողբ» հիմնադրամի նախագծերի համակարգող Լուսինե Դանուխյանի հետ։

«Կողբ*Վարդավառ»-ի միջոցառումների մուտքն անվճար է։ Այս օրերին Կողբ հասնելու համար հիմնադրամը տարբերակ է մշակել GG shuttle-ի հետ համատեղ՝ (3,500 ՀՀ դրամ)․ https://forms.gle/owdfYbetqXrF7gc29։

Սնունդը կարելի է ձեռք բերել ArtLunch-ից (5,000-7,000 ՀՀ դրամ երեքանգամյա սնունդ) և տեղի բնակիչներից, իսկ գիշերակացի համար նախատեսված է վրանային ճամբար (անձը 3,000 դրամ), կամ մասնակիցների հյուրընկալում գյուղի ընտանիքների տներում (անձը 5,000-10,000 դրամ) https://forms.gle/iGfTBTUAjxNNmqZo7։

Հարցերի դեպքում կոնտակտային հեռախոսահամարը՝ 033-00-77-33։

«Կողբ*Վարդավառ»-ի օրակարգը հետևյալն է․

Օր 1 | Հուլիսի 16

08:00-12:00 Հյուրերի ժամանում Կողբ՝ Երեւանից եւ այլ մարզերից

10:00-12:00 Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, Բերդավանի Ղալինջաքար

բերդից եւ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուց Վարդավառի երթ

12:00-12:30 Երթի մասնակիցների եւ հյուրերի հանդիպում եւ Վարդավառի շուրջպար

12:30-14:00 Ազատ ժամանց

14:00-15:30 «Ethno Colors» խմբի համերգ

15:30-18:00 Վարդավառի տոնակատարություն, պարեր, լարախաղաց, ջրոցի եւ այլն

18:00-20:00 Ազատ ժամանց

20:00-21:30 «Նեմրա» խմբի համերգ

21:30-22:00 Վարդավառի ուղերձ, շուրջպար եւ այլն

22:00-23:30 Արամ MP3-ի համերգ

23:30-ից մինչեւ լույս Խարույկներ, շուրջպար եւ այլն

 

Օր 2| Հուլիսի 17

9:00-11:00 Ազատ ժամանց

00:00-13:00 Այցեր տեսարժան վայրեր

13:00-14:00 Ազատ ժամանց

14:00-16:00 «Hayat Project» խմբի համերգ

16:00-18:00 Koghb Color Festival 2022 by Arm Events / DJ Drred, DJ Mill, SKINYYY




«Շենլիկ»․ նոր հանգստյան տուն Չինչինում՝ հանուն հայրենի գյուղի շենացման

Զբոսաշրջային նոր հասցե՝ մաքուր օդն ու խաղաղությունը գնահատողների համար։ Հուլիսի 3-ին Չինչին գյուղում իր դռները բացեց նոր հանգստյան տուն՝ «Շենլիկ» հյուրատունը։

Հյուրատան հիմնադիրները երիտասարդ ամուսիններ Գայանեն ու Ոսկանն են։ Ասում են՝ իրենց երազանքն էր հայրենի գյուղի շենացման գործում ներդրում ունենալը։

Հյուրատունը կառուցել են սեփական ուժերով և միջոցներով, տեխնիկապես աջակցել է Անկոր Արմենիա ընկերությունը։

Չինչին գյուղը հարուստ է տեսարժան և պատմամշակութային վայրերով։
Գյուղը իր յուրահատուկ բնությամբ, հյուրընկալությամբ՝ զբոսաշրջության նոր վայր կարող է լինել. հենց այս հույսով Ոսկանն ու Գայանեն կյանքի կոչեցին հյուրատան գաղափարը։

«Ամենահեշտը թողնել-փախչելն է, բայց ավելի լավ է մնալ, արարել ու օրինակ լինել ուրիշներին», – նշում է Գայանեն։

Այսօր արդեն բացման միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին հյուրատանը, ծանոթացան պայմաններին, ներկա եղան մշակութային ծրագրին ու թատերական ներկայացմանը։ Չինչինի չքնաղ բնության գրկում «Շենլիկ»-ը արդեն սպասում է իր առաջին հյուրերին։




Երեխաների իրավունքները Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Տավուշ ՀԸ եթերում հերթական կլոր սեղան-քննարկումն է։ Այս անգամ խոսելու ենք մեր մարզում երեխայի իրավունքների հետ կապված հիմնական հարցերի մասին։ Կլոր սեղանի շուրջ մեզ հետ են «Վորլդ Վիժն Հայաստան» Տավուշի մարզային ծրագրերի համակարգող Անժելա Աթոյանը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը և Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Հարություն Քոչարյանը։




Դաստիարակելով քաղաքացի․ Երեխայի իրավունքները Տավուշի մարզում

Թեմայի այս ներկայացմանը կհաջորդի Տավուշ TV-ի տաղավարում կլոր-սեղան քննարկումը։

33 տարի առաջ՝ 1989 թ-ին, ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավուքնների մասին կոնվենցան, երկրների ղեկավարները պատմական խոստում տվեցին աշխարհի բոլոր երեխաներին: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք կոնվենցիայի այն հոդվածները, որոնք հաճախ անտեսվում են, ինչպես նաև խոսելու ենք երեխայի իրավունքների պաշտպանության և պահպանման, հասարակության մեջ նրանց հավասար հնարավորություններ ունենալու մասին։




Մեր բարբառն ու բարքերը․ Կեծացած թողարկում

Տավուշ TV-ի փռից հատուկ ձեզ համար կարմրած, տաք-տաք, կեծացած նոր թողարկում ենք բերել:

Այս թողարկման մեջ Հրանտի հետ գնալու ենք Նորաշեն՝ «Զովակ» գաստրոբակում մի հրաշալի մարդու հետ զրուցելու։ Ինչպես միշտ՝ նաև շարունակելու ենք բացահայտել իջևանյան լեգենդար արտահայտություններն ու սովորությունները։

Իջևանյան հիվանդատեսի նրբությունները, պատմություններ տան տատի մասին, ևս մեկ իջևանյան սնահավատություն, րեխու հըմար գրված «լյավ պյան»-ի և այլ թեմաների մասին՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի՝ «աղն ու լանին տեղը» հերթական թողարկման մեջ։




Տարվա ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանում կայացավ 8-րդ անգամ (ռեպորտաժ, ֆոոտոշարք)

Ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերի գրկում կրկին միավորել էր Հայաստանի տարբեր անկույններից ժամանած հարյուրավոր մարդկանց: Հունիսի 25-ին կայացավ Հայաստանի դեղաբույսերի և ծաղիկների ութերորդ փառատոնը՝ «ՀայԲույս 2022»-ը:

Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Yell Extreme Park-ի և APAGA Resort հյուրանոցի մոտ գտնվող կանաչապատ բացատում փառատոնի ավելի քան 50 մասնակիցներ ներկայացրին իրենց աշխատանքները` իրազեկելով մարդկանց հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և կարևորության մասին, հնարավորություն տալով ավելացնել բուսական աշխարհի վերաբերյալ գիտելիքները:

«ՀայԲույս»-ի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանն ասում է՝ «փառատոնը ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլ նաև մի փոքր նոր գիտելիք, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս»: Նրա խոսքով՝ հենց սա է մտնում «ՀայԲույս»-ի հայեցակարգի և կարգախոսի մեջ. «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»:

«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»: 

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումների շարք` տարբեր վարպետաց դասեր, ծաղկե գլխարկների մրցույթ, կրթական և երաժշտական ծրագրեր։ Օրվա սկզբում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, վարպետաց դասեր Ենոքավանի մաքուր օդի և բնության հրաշալի պատկերների գրկում: Պարային ելույթներով հանդես եկան Դիլիջանի գեղարվեստի դպրոցի եւ M dance Studio-ի սաները: Պլաստիկե ու բնական նյութերից երաժշտական գործիքներ պատրաստելով՝ «Շուշիկի բենդ»-ը հետաքրքիր երաժշտական վարպետաց դաս անցկացրեց ներկաների հետ:

Փառատոնի բոլոր հյուրերը մասնակից եղան ֆանտաստիկ միջոցառման՝ պատրաստեցին ամենախոշոր 50 մետրոնոց խաղաղության բրդուճը լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։

Չնայած օրվա առաջին մասի եղանակային պայմաններին, Տավուշի մշուշը չխանգարեց հյուրերին գեղեցիկ հուշեր տանել իրենց հետ. ողջ օրն ուղեկցվեց ազգային, ժողովրդական երգերով, երաժշտությամբ, պարերով ու ավանդական խաղերով:

Նշենք նաև, որ «ՀայԲույս» փառատոնն առաջին անգամ կայացել է 2015 թվականին: Ամենամյա դարձած միջոցառումն 2018 թ.-ին արժանացել է Global Event Awards –ի մրցանակին «Ժամանցային տուրիզմի լավագույն միջոցառում» և «Ոսկե փազլ. լավագույն միջոցառումային նախագիծ» անվանակարգերում:

« of 2 »




Կանաչ Նոյեմբերյան

Կանաչ Նոյեմբերյանը՝ մեր երիտասարդ թղթակցի աչքերով։ Տեսանյութի հեղինակը Ջուլիետա Խառատյանն է




Տավուշում ամփոփվել են հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, Եվրոպական միության (ԵՄ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ, Տավուշի մարզում կազմակերպեց հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքների ամփոփումը:

Միջոցառմանը մասնակցեցին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները։




Տավուշոտ պոեզիա․ «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Տավուշի գողտրիկ անկյուններն են։

ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ:
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերտ:
Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ:
Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ:
Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս:
Տվել եմ, չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ:
Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Ու մնաց մնալդ:
Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս:
Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ:




Տավուշոտ պոեզիա․ «Ի՞նչ անեմ, մայրիկ»․ Համո Սահյան

Ձյունոտ Տավուշը և սահյանական պոեզիան։ Համո Սահյան․ «Ի՞նչ անեմ, մայրիկ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Կադրերը M4 միջպետական մայրուղու Դիլիջան-Իջևան հատվածից են։

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ի՞նչ անեմ, մայրիկ: