Ձիթենու երկրորդ փառատոնը՝ Բագրատաշենում

Դեռ նախորդ դարում Հունաստանից բերված շիվերը ոչ միայն հարմարվեցին Տավուշի մարզի տեղանքին, այլև առատ բերք են տալիս։ Բագրատաշեն գյուղում աճում է մեր բնակլիմայական պայմաններին ոչ այնքան բնորոշ ձիթենին։ Բնակիչներից շատերն արդեն մեծ այգիներ են հիմնել։

Ձիթենին՝ որպես գյուղի այցեքարտ․ Բագրատաշենում անցկացվեց ձիթենու արդեն երկրորդ փառատոնը։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։




Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին

Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝ մանկապարտեզի մասնաշենքն ավելի քան 12 տարի նպատակային նշանակությամբ չի օգտագործվել, ներկայում ևս չի օգտագործվում:

Տավուշի մարզի դատախազության կողմից դեպքի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):

Նախաքննության ընթացքում, Տավուշի մարզի դատախազության և Տավուշի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքի՝ 286,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ դադարել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը. մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին:




ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Հայաստանում ԵՄ առաքելությունն արդեն ունի 200 անդամ, որոնք ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններն ու Կանադան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ առաքելությունը:

«Հայասատանում Եվրոպական միության առաքելության դիտորդներն ամեն օր պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու առաքելությանը», – ասված է հաղորդագրության մեջ։




«Մասնակցային բյուջետավորման» ծրագրով կվերանորոգվի Իջևանի Մյասնիկյան փողոցը

Մասնակցային կառավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև համայնքում որոշումների կայացման վրա բնակչի ունեցած ազդեցության աճի նպատակներով Իջևանի համայնքապետարանը մեկնարկել էր մասնակցային բյուջետավորման գործընթացը, որով Իջևան համայնքի բնակիչները հնարավորություն ստացան ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող էին կյանքի կոչվել բնակչության քվեարկության արդյունքում։ Գաղափարի իրագործման համար նախատեսվել էր 10 միլիոն դրամ։

«Մասնակցային բյուջետավորման» ծրագրով առաջարկվել էր 5 գաղափար-ծրագիր, որոնցից առավելագույն քվեները ստացել է Գոռ Պետրոսյանի առաջարկը, այն է՝ վերանորոգել Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցը։

Մյասնիկյան փողոցը շուրջ 30 տարուց ավելի չի վերանորոգվել, ինչի հետևանքով գտնվում է անմխիթար վիճակում և դժվարություններ է ստեղծում ինչպես տրանսպորտային շարժի, այնպես էլ բնակիչների համար։ Նախագծի նպատակն է ստեղծել ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող, անվտանգ և բարեկարգ փողոց։




ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն Իջևանում

Արցախյան 44-օրյա պատերազմում  նվիրյալ ու անձնուրաց բազմաթիվ զինվորներ ու զիվորականներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունը ռազմական տերագրության մեջ: Նրանց շարքում են Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը. հոկտեմբերի 19-ը հրամանատարների հիշատակի օրն է։

Հյուսիսարևելյան զորամասերից մեկում զինվորներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի պաշտպանների հիշատակին։

Իջևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում պետական այրերը, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ու համայնքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին բոլոր ժամանակներում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։ Քայլելով  տղաների անունների կողքով, հիշողություններ են ի մի գալիս, դրվագներ ու երախտիքի զգացում, որոնք ուղղված են հայրենիքի նվիրյալներին։

Արցախյան 44-օրա պատերազմում Իջևանի զորամասից 4 տասնյակ ազգի նվիրյալներ հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում։ Զոհվեցին նաև հրամանատարները՝ գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը։  Ազգայնի հերոս, գնդապետ Ղազարյանը մարտը վարեց ոչ թե հրամանատարական կետից, այլ առաջնագծում՝ զինվորի կողքին, կրակն իր վրա վերցրեց ու կյանքով պաշտպանեց Արցախի՝ իրեն վստահված հատվածը։ Իսկ փոխգնդապետ Արմեն Օհանյանի օրինակը շատերին է վճռականություն հաղորդել իրենց հերթին անավարտ չթողնելով նրա առաքելությունը՝ կանգնելու սահմանին, որտեղից էլ, ինչպես նշում էր Արմեն Օհանյանը, սկսվում է մեր բոլորի հայրենիքը:

Մեծ հայրենասեր, հոգատար, նվիրյալ ու անձնուրաց․ 5 տարի անց այսպես են հիշում կյանքը երկրին նվիրած զինվորականներին։ Նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:

Կարդացեք նաև՝

Գետահովիտ գյուղի բարձունքին կառուցվել է հուշաղբյուր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակին

ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում

«Սևքարեցի Սաքոյի կողքին» Սահմանապահ Սևքարում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին նվիրված հուշակոթողը




«Դարձ՝ պապենական խաղերին». ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը նշվեց Նոյեմբերյանում

Հոկտեմբերի 17-ը համաշխարհային մշակութային օրացույցում նշանավորվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը լավ առիթ է՝ ընդգծելու ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորությունը ազգային և համաշխարհային մշակութային տարածքում, արժևորելու ժողովրդական արվեստը, ազգային ավանդույթները, ծեսերը, բարբառները, մի խոսքով՝ ստեղծագործական և ինքնարտահայտման բոլոր այն դրսևորումները, որոնք ամբողջացնում են ազգի մշակութային էությունն ու դիմագիծը։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ ձևավորել ու սերնդեսերունդ փոխանցել է մշակութային հսկայական ժառանգություն, որը մեր հավաքական հիշողության և ազգային ինքնության անկյունաքարերից է, մեր ազգի դիմադրողականության և շարունակականության գրավականներից։




Վերին Կարմիրաղբյուր գյուղում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դիլիջանում երիտասարդները կյանքի են կոչում համայնքի զարգացման գաղափարները

Համայնքային խնդիրների լուծումն ու համայնքի զարգացումը բոլորիս պատասխանատվությունն է։ Դիլիջանցի երիտասարդները հնարավորություն են ստացել կյանքի կոչել իրենց համայնքային նախագծերը՝ «Green Rock» հիմնադրամի Next Gen դրամաշնորհային ծրագրի միջոցով, որը միտված է խթանելու երիտասարդների մասնակցությունը տեղական խնդիրների լուծման գործընթացներին։ 17-ամյա Վահանն առաջարկել էր բարեկարգել Շամախյան թաղամասի խաղահրապարակը։ Նախկինում գրեթե չօգտագործվող այս տարածքը այսօր վերածվել է նոր ու բարեկարգ խաղահրապարակի, որտեղ երեխաները կարող են անվտանգ և հարմարավետ անցկացնել իրենց ժամանակը։

Աջակցել այն գաղափարներին, որոնք ունեն համայնքի վրա դրական ազդեցություն և համահունչ են «Green Rock» հիմնադրամի գործունեության երեք ուղղություններին՝  մշակույթ և արվեստ, շրջակա միջավայրի պահպանություն և համայնքային զարգացում։ Այս սկզբունքով «Green Rock» կանգնեց երիտասարդների կողքին՝ նրանց  գաղափարների իրականացման ճանապարհին:

Համայնքային զարգացմանն միտված ևս մի ծրագիր էլ առաջարկել էր ավագ դպրոցի աշակերտուհի Յանան. Նա QR կոդեր է պատրաստել, որոնք առաջիկայում կտեղադրվեն Դիլիջանի տեսարժան վայրերում։ Կոդերը սկանավորելով՝ մարդիկ կարող են կարդալ տվյալ վայրի մասին և իմանալ ավելին:

«Green Rock» հիմնադրամը կարևորում է երիտասարդների դերը համայնքային կյանքում՝ վստահ լինելով, որ տեղական խնդիրների լուծման լավագույն գաղափարները հաճախ ծնվում են հենց ներսից՝ համայնքում ապրող, սովորող ու ակտիվ երիտասարդների կողմից։ Ծրագրի միջոցով հիմնադրամը տալիս է գործիքներ, հարթակ և աջակցություն, որպեսզի այդ գաղափարները չմնան պարզապես տեսլական, այլ դառնան իրականություն։

Երիտասարդներն են համայնքի զարկերակը, որ իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ու ներգրավմամբ, նոր գաղափարներով պիտի ոտքի կանգնեցնեն իրենց համայնքը, ապահովեն իրենց տուն ու տեղի, իրենց շենի կայուն զարգացումը՝ հուսալի ապագան:




Շարժման վայելքը դիլիջանյան արահետներում․ անցկացվեց Dilijan Run 2025-ը

Հայաստանի միակ միջազգային արահետային մարաթոնը՝ Dilijan Run 2025-ը, որը շատերի համար դարձավ ոգեշնչող փորձառություն, Դիլիջանում միավորեց բնության, սպորտի և մշակույթի սիրահարներին։ Միջոցառումը անցկացվեց Դիլիջան ազգային պարկի, քաղաքի կենտրոնական զբոսայգու և UWC Դիլիջան միջազգային դպրոցի տարածքում։ Սպորտային ու մշակութային այս միջոցառման հիմնական կազմակերպիչները UWC Դիլիջան միջազգային դպրոցն ու «Դիլի սպորտն են»՝ գործընկերների հետ միասին:

«Սա  առաջին  ասպիսի միջոցառումն է Դիլիջանում, և մենք հուսով ենք, որ այն հիմք կդնի  նոր ավանդույթի  և կդառնա այս հրաշալի  քաղաքի առանձնահատկություններից մեկը, որտեղ մարդիկ հավատում են, որ առողջ ապրելակերպն անհրաժեշտ է իրենց երջանիկ կյանքի համար։ Սա պարզապես վազքի մրցույթ չէ, սա  ավանդույթ ձևավորող օր է,  որը միավորում է  բոլորին՝ տեղի բնակիչներին, օտարերկրացիներին, և տարբեր տարիքի մարդկանց», – նշում է UWC Dilijan միջազգային դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։ 

Այս տարի մարաթոնի մասնակիցների շարքում բացի հայերից, նաև արտերկրից ժամանած մասնակիցներ են։ Շատերը եկել են հաղթանակի  հետևից, իսկ շատերի համար էլ սա առիթ էր վայելելու բնությունն ու աշնանաշունչը։

Dilijan Run-ը միակ մարաթոնն է Հայաստանում, որն ունի միջազգային ռեյթինգ։ Մրցատարածությունները նախատեսված էին տարբեր մակարդակների համար՝ 3000 մետրից մինչև 42 կիլոմետր, ինչի շնորհիվ միջոցառմանը կարողացան մասնակցել և՛ սիրողական, և՛ փորձառու վազորդները։ Միջոցառման նպատակը զանգվածային սպորտի խթանումն է, առողջ ապրելակերպի տարածումը և Դիլիջանի բնության ու մշակութային ժառանգության հանրայնացումը։

Բացի մարզական հատվածից, փառատոնի օրերին անցկացվեցին նաև մարզական և ժամանցային միջոցառումներ։ Ֆուտբոլի, բադմինթոնի, շախմատի մրցաշարեր ու թեմատիկ այլ միջոցառումներ․ յուրաքանչյուր մասնակից ուներ իր նախընտրելի զբաղմունքն ու հնարավորությունը՝ ակտիվորեն ներգրավվելու փառատոնի մթնոլորտին։ Այս ամենի կողքին Դիլիջանի տեղացի արտադրողները ցուցադրում էին իրենց աշխատանքները։ Ֆուտբոլի, բադմինթոնի և շախմատի մրցաշարերի կողքին այս միջոցառումները հնարավորություն ընձեռեցին յուրաքանչյուր մասնակիցին ակտիվորեն ներգրավվել փառատոնի բազմաբնույթ մթնոլորտում։

Մարզամշակութային բազմաբնույթ ծրագրերով ավարտվում է մարաթոնը՝ մարզաշխարհի սիրահարներին հրավիրելով մասնակցելու արդեն հաջորդ տարվա՝ 2026 թվականի միջոցառմանը։

Հայաստանի միակ միջազգային արահետային մարաթոնը՝ Dilijan Run 2025-ը, որը շատերի համար դարձավ ոգեշնչող փորձառություն, Դիլիջանում միավորեց բնության, սպորտի և մշակույթի սիրահարներին։




Վանաձորի կամերային նվագախումբը համերգային ծրագրով հանդես եկավ Իջևանում

Հոկտեմբերի 13-ին Իջևանի մշակույթի տանը կայացավ Վանաձորի կամերային նվագախմբի համերգը՝ մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների շնորհալի սաների մասնակցությամբ։

Համերգի ընթացքում հնչեցին դասական և ժամանակակից ստեղծագործություններ։ Հանդիսատեսը ջերմ ընդունեց ինչպես նվագախմբի, այնպես էլ երիտասարդ երաժիշտների կատարումները։

Համերգը կազմակերպվել էր «Վանաձորի կամերային նվագախումբը մարզերում» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է հոկտեմբերին և ընդգրկում է Հայաստանի վեց քաղաք։ Ծրագրի նպատակն է խթանել մարզերի շնորհալի սաների մասնակցությունը համերգային կյանքին, ստեղծել համագործակցության հարթակ երիտասարդների և պրոֆեսիոնալ երաժիշտների միջև։

Նախաձեռնությունը իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։ Նման նախագծերը ոչ միայն խթանում են մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, այլև հնարավորություն են տալիս երիտասարդ տաղանդներին հանդես գալ մեծ բեմերում և ձեռք բերել արժեքավոր փորձ։