Դիլիջանում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրանսենյակից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:




Մարզական ակտիվություն Տավուշի մարզում․ ավարտվեց ֆուտբոլի հերթական առաջնությունը

Մարզական ակտիվություն Տավուշի մարզում․ ավարտվեց ֆուտբոլի հերթական առաջնությունը

Այսօր կայացել են «ՀՀ Տավուշի մարզպետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպումները՝ ամփոփելով մարզում անցկացված հերթական ֆուտբոլային առաջնությունը։

Պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել «Նիկարմ» թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռազմական ոստիկանության թիմը, իսկ երրորդ հորիզոնականում է հայտնվել ՀՕՊ-ի թիմը։

Պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիր բոլոր թիմերը ստացել են մեդալներ և պատվոգրեր, իսկ հաղթող թիմը պարգևատրվել է նաև մրցաշարի գլխավոր մրցանակով՝ գավաթով։

Մրցաշարին ներկա են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզական ոլորտի պատասխանատուներ։

Ֆուտբոլային նման մրցաշարերը Տավուշում նպաստում են մարզաձևի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և տարբեր համայնքների ու կառույցների թիմերի միջև մարզական կապերի ամրապնդմանը։ Մրցաշարի արդյունքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ֆուտբոլը շարունակում է մնալ Տավուշի մարզում ամենաակտիվ և հետաքրքրություն վայելող մարզաձևերից մեկը։

Կարդացեք նաև՝




«Մեր հայրենիքը Տավուշ աշխարհն է». տավուշեցի փոքրիկները ներկայացրել են տարածաշրջանի մշակութային ժառանգությունը

Հունիսի 12-ին «Բերդի թիվ երեք մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացել է «Մեր հայրենիքը Տավուշ աշխարհն է» խորագրով միջոցառում՝ նվիրված Տավուշի (Բերդի տարածաշրջանի) պատմությանը, ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։ Այս մասին տեղեկացնում են Բերդի համայնքապետարանից:

Մանկապարտեզի սաները ներկայացրել են Տավուշի բնաշխարհը, պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը, ավանդույթները, ուտեստը, արտասանել Բերդի տարածաշրջանի բարբառով:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել մանկապարտեզի տնօրենին և մանկավարժներին: Նա կարևորել է նմանաբնույթ նախաձեռնությունների դերը հայրենաճանաչության, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման գործում։

Ելույթ են ունեցել նաև «Բերդի թիվ երեք մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լենա Բրուտյանը, նախկին տնօրեն Լուսինե Ավալյանը, մանկավարժ- մեթոդիստ Նաիրա Գյոզալյանը, Բերդի մշակույթի տան տնօրեն Մարիետա Մանուչարյանը, «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, մանկավարժներ, ծնողներ:

Դաստիարակչուհի Ռոզա Շառյանը համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ երկարամյա բարեխիղճ, նվիրված և պատասխանատու աշխատանքի, սաների դաստիարակության գործում ունեցած նշանակալի ներդրման համար:

 




Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Տավուշի մարզում

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում, Իջևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:




Վնասներ քամու հետևանքով

Հունիսի 11-ին՝ ժամը 19:03-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Մառի փողոցում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Հացիկ բնակավայրում, Լոռու մարզի Վահագնաձոր և Սարամեջ բնակավայրերում։

Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, տանիքների ծածկեր, կառուցատարրեր, տաղավարներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, տարածքի սահմազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

Կարդացեք նաև՝




Փայտի մեջ թաքնված պատմություններ Ghalums Home-ում

«Փայտը ինձ համար պարզապես նյութ չէ․ աշխատելիս դու ոչ թե ստեղծում ես ինչ-որ նոր բան, այլ բացահայտում ես այն, ինչ արդեն կա նրա մեջ՝ գույնը, կառուցվածքը, պատմությունը»,- ասում է Հայկարամ Ղալումյանը՝ «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագրի մասնակիցն ու ենթադրամաշնորհ ստացողը, ով իր գործունեությամբ կարողացել է համայնքում իրական փոփոխություններ բերել։

«ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ և գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրը իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի, «Վորլդ Վիժն Վրաստան»-ի և «Միլենիում ուսուցման և զարգացման ինստիտուտ»-ի հետ համագործակցությամբ։

Հայկարամը ծնվել է Դիլիջանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ տեղափոխվել է Երևան, որտեղ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սկզբում նա հետաքրքրված էր արվեստով, հետագայում՝ նաև ճարտարապետությամբ, սակայն տարբեր պատճառներով բարձրագույն կրթություն այդ ուղղություններով չի ստացել։

2019 թվականին նա վերադառնում է Դիլիջան և որոշում ձևավորել իր ստեղծագործական ուղին։ Փայտարվեստի նկատմամբ հետաքրքրությունը նոր չէր․ դեռ 2012 թվականից զբաղվել է փորագրությամբ, իսկ տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը վերածվել է ընտանեկան բիզնեսի։

Հայկարամը որոշում է Դիլիջանում գտնվող իրենց պապական տունը, որը երկար ժամանակ փակ էր, վերածել ոչ միայն իր աշխատանքային տարածքի, այլև համայնքի համար օգտակար կենտրոնի։ «Մտածում էի՝ ինչու այս տարածքը չկենդանացնել և դարձնել մի վայր, որտեղ կարող եմ ստեղծագործել, բայց նաև օգտակար լինել ուրիշներին»,- ասում է Հայկարամը։

Հիմա նա ստեղծել է Ghalums Home կենտրոնը։

Առաջին պատվերը

Առաջին լուրջ պատվերը յոգայի կենտրոնի համար աթոռներ պատրաստելն էր։ Պատվերը տվել էր քույրը, սակայն դրանք սովորական աթոռներ չէին․ պետք է ունենային հատուկ դիզայն և չափեր։ Թեև այդ պահին դեռ չուներ բավարար փորձ և անհրաժեշտ գործիքներ, նա ընդունեց այս փորձությունը։ Երկար ուսումնասիրություններից, փորձերից և սխալներից հետո նրան հաջողվեց իրականացնել պատվերը, որը դարձավ նրա գործունեության կարևոր մեկնարկային փուլերից մեկը։

Հայկարամի պապը դարբին է եղել՝ մարդ, ով իր ձեռքի աշխատանքով արժեք է ստեղծել։ Պապիկից ժառանգած սերը արհեստի նկատմամբ այսօր Հայկարամը վերածում է իր մասնագիտական ուղու՝ համադրելով ավանդական հմտությունները ժամանակակից մտածողության հետ։

2024 թվականին նա ստանում է մասնագիտական կրթություն կահույքագործության ոլորտում և սկսում զբաղվել ավելի լայնածավալ արտադրությամբ՝ ստեղծելով խոհանոցային և ննջասենյակային կահույք։ Հետագայում համագործակցության առաջարկ է ստանում Մարգահովիտի գիտակրթական կենտրոնից՝ իրականացնելով նաև վերականգնման (ռեստավրացիոն) աշխատանքներ։

Ռեստավրացիան նրա համար պարզապես վերանորոգում չէ։ Դա նյութի պատմությունը հասկանալու և պահպանելու գործընթաց է։ Երբ աշխատում է հին դռների կամ կահույքի հետ, հաճախ բացահայտում էթաքնված շերտեր՝ վնասված հատվածներ, տարիների ընթացքում ձևավորված փոփոխություններ։ Նրա մոտեցումն է ոչ թե ամբողջությամբ փոխել, այլ հնարավորինս պահպանել սկզբնական նյութը։ Երբեմն աշխատանքը վերածվում է իրական հետազոտության․ նա փորձարկում է տարբեր նյութեր՝ լավագույն լուծումը և գույնը գտնելու համար։

«ՍՔԱՅ ՆԵԹ-ը իմ կյանքում»

«ՍՔԱՅ ՆԵԹ ծրագրի մասին իմացել եմ ընկերներիս միջոցով։ Դա դրամաշնորհային առաջին ծրագիրն էր, որին մասնակցեցի։ Սկզբում որոշակի վախեր կային, բայց նպատակս ավելի մեծ էր՝ զարգացնել մեր համայնքը և օգտակար լինել դրան։ Ծրագրի ընթացքում ձեռք բերեցի գիտելիքներ մարքեթինգի, ֆինանսների կառավարման և վաճառքների կազմակերպման ոլորտներից, ինչպես նաև սովորեցի ավելի լավ հասկանալ իմ թիրախային լսարանին»,- նշում է Հայկարամը։

Ծրագրին մասնակցելուց հետո նա դարձավ այն երիտասարդներից մեկը, որոնք ենթադրամաշնորհստացան։ Դրա շնորհիվ նա կարողացավ ձեռք բերել անհրաժեշտ գործիքներ՝ սղոց, կոմպրեսոր և այլ սարքավորումներ, որոնք հնարավորություն տվեցին ընդլայնել գործունեությունը և ներգրավել նոր պատվերներ։

«Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը սոցիալական ազդեցությունն է, որը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն։ Նպատակ ունենք երեխաներին փոխանցել արհեստագործական գիտելիքներ՝ խթանելով նրանց ստեղծարարությունն ու գործնական հմտությունները։ Այդ նպատակով մեր տանը ստեղծել ենք հարմարավետ և ոգեշնչող միջավայր, որտեղ երեխաները կարող են անվճար սովորել փայտամշակում՝ ձեռք բերելով ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև ինքնավստահություն ու ստեղծագործ մտածողություն»,– նշում է Հայկարամը։

Հայկարամին օգնում են նաև իր հարսնացուն՝ Անի Ղալումյանը, և ընկերը՝ Վազգեն Միտոյանը, ովքեր աջակցում են մարքեթինգային աշխատանքներում և պատվերների կազմակերպման գործընթացում։

Նպատակը միայն զարգացումը չէ

Հայկարամի նպատակը միայն արտադրությունը զարգացնելը չէ․ նա ձգտում է կատարելագործել մեխանիզմները, ներդնել նոր տեխնոլոգիաներ, բայց, միևնույն ժամանակ, պահպանել ձեռագործ աշխատանքի արժեքը։ Նրա տեսլականում կարևոր տեղ ունի նաև արտաքին շուկա դուրս գալը՝ ցույց տալու, որ հայկական մշակույթը ոչ միայն պահպանվում է, այլև շարունակում է զարգանալ։

«Մենք չենք ցանկանում պարզապես արտադրանք ստեղծել։ Մեզ համար կարևոր է, որ այն, ինչ անում ենք, կապ ունենա միջավայրի, մարդկանց ու մշակույթի հետ, լինի ոչ միայն կոմերցիոն աշխատանք, այլևունենա իր պատմությունը»,- ասում է Հայկարամը։

Նաև նշում է, որ իրենց գործունեության հիմքում ավանդական արհեստի արժեքների պահպանումն է․ ժամանակակից մեքենայացված արտադրության պայմաններում նրանք փորձում են չկորցնել ձեռքի աշխատանքի յուրահատուկ «էներգիան»։

«Այսօր շատ հեշտ է ամեն ինչ փոխարինել մեքենայացված արտադրությամբ, բայց այդ դեպքում կորցնում ենք ձեռքի աշխատանքի էներգիան։ Մեզ համար կարևոր է, որ ձեռագործի մշակույթը չկորչի»,- ընդգծում է նա։

Հայկարամի խոսքով, յուրաքանչյուր նյութ ունի իր պատմությունը, որը պետք է բացահայտել, ոչ թե վերացնել։

«Երբ դու վերցնում ես փայտը, դա պարզապես նյութ չէ։ Այն պատմություն ունի՝ իր շերտերով, իր ձևավորմամբ։ Եվ աշխատելիս՝ դու ոչ թե ջնջում ես այդ ամենը, այլ փորձում ես ընդգծել»,- նշում է Հայկարամը։

Նա հավելում է, որ նույն մոտեցումն է կիրառում նաև հին իրերի հետ աշխատանքում․ նպատակը ոչ թե ամբողջությամբ փոխելն է, այլ պահպանել դրանց սկզբնական արժեքը։

«Մարդիկ հաճախ ուզում են պարզապես «նորացնել» իրերը, բայց իրականում դրանք պատմություն ունեն, որը պետք է պահպանել։ Մենք փորձում ենք հնարավորինս պահպանել դրանց սկզբնական տեսքն ու արժեքը»,- ասում է նա։

Արհեստանոցը

Հայկարամը մեծ կարևորություն է տալիս նաև համայնքի ներգրավվածությանը՝ իր գործունեությունը դարձնելով բաց և հասանելի բոլորի համար։ Նրա նպատակն է, որ աշխատանքը չսահմանափակվի միայն արտադրամասով, այլ մարդիկ հնարավորություն ունենան տեսնել, հասկանալ և նույնիսկ մասնակցել ստեղծման գործընթացին։

«Մեզ մոտ հաճախ գալիս են երեխաներ, երիտասարդներ, ովքեր առաջին անգամ են փայտի հետ աշխատում։ Սկզբում դա նրանց համար պարզապես հետաքրքիր փորձ է, բայց հետո սկսում են հասկանալ, թե որքան խորություն ունի այդ ամենը։ Մենք փորձում ենք նրանց ցույց տալ, որ արհեստը միայն հմտություն չէ, այլ նաև մտածելակերպ», ասում է Հայկարամը։

Ամփոփում

Հայկարամի պատմությունը միայն մեկ երիտասարդի հաջողության մասին չէ։ Դա պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են գիտելիքը, աջակցությունը և ներքին մոտիվացիան վերածվել իրական փոփոխության՝ համայնքում, մարդկանց մտածողության մեջ և մշակույթի պահպանման գործում։

«ՍՔԱՅ ՆԵԹ» ծրագիրը նրա համար դարձավ ոչ միայն նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, այլև մտածողության փոփոխության կարևոր փուլ․ այն օգնեց իր գործունեությանը նայել ավելի համակարգված, հասկանալ շուկայի պահանջները և աշխատանքը դիտարկել ոչ միայն որպես արհեստ, այլև որպես զարգացող բիզնես և համայնքային ազդեցություն ունեցող նախաձեռնություն։

Այսօր նրա արհեստանոցը պարզապես աշխատանքային տարածք չէ․ այն մի վայր է, որտեղ անցյալը հանդիպում է ներկային, իսկ ձեռքի աշխատանքը վերածվում է պատմության, որը շարունակվում է նոր սերունդների միջոցով։

 




Բերդավանի անցյալը, ներկան ու արժեքները՝ գյուղի համար գրված հիմներգում

Բերդավանի անցյալը, ներկան ու արժեքները՝ գյուղի համար գրված հիմներգում

Բերդավանի պատմությունը, մարդկանց ազնվությունն ու հարեհասությունը, գյուղի բնության գրավչությունն ու հայրենասիրական ոգին ամբողջացվել են գյուղի համար գրված հիմներգում։ Ստեղծագործության հեղինակը վաստակաշատ մանկավարժ, Բերդավանի բնակիչ Սամսոն Խոջոյանն է, որի նախաձեռնությամբ և ջանքերով էլ ստեղծվել է գյուղի հիմնը։

Երաժշտության հեղինակը Նաիրա Ներսիսյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Գևորգ Հակոբյանը։ Հիմներգում արտացոլված են սահմանապահ գյուղի անցած ճանապարհը, նրա դիմագրաված դժվարությունները, հայրենիքին տված անվանի զավակներն ու վաղվա օրվա հանդեպ հավատը։

«Ապրիր հավերժ, մեր Բերդավան» կրկներգը հնչում է որպես սիրո և հավատարմության խոստում հայրենի գյուղին։ Երգի տողերում Բերդավանը ներկայացվում է որպես լեռների գոգում ծվարած, կենսունակ ու ամուր բնակավայր, որը, հաղթահարելով ժամանակի փորձությունները, շարունակում է պահպանել իր ոգին և արժեքները։ Հիմներգը կոչված է միավորելու տարբեր սերունդներին, ամրապնդելու համայնքային ինքնությունն ու նորովի արժևորելու հայրենի օջախի հանդեպ սերն ու նվիրվածությունը։




«Պարում են աղջիկները՝ ծաղկում է Դիլիջանը». ազգային մշակույթը նոր շունչ է ստանում

Պարում են աղջիկները՝ ծաղկում է Դիլիջանը

Տավուշի մարզում շարունակվում են ազգային մշակույթի պահպանմանն ու երիտասարդ սերնդին հայկական արժեքներին հաղորդակից դարձնելու նախաձեռնությունները։ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում «Green Rock» հիմնադրամի «NextGen» նախագծի շրջանակում իրականացվել է «Պարում են աղջիկները՝ ծաղկում է Դիլիջանը» նախագիծը, որի շրջանակում 20 աշակերտի համար ձեռք են բերվել հայկական ավանդական տարազներ։ Նախաձեռնության նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը ավանդական մշակույթի և ազգային պարի նկատմամբ՝ ստեղծելով առավել նպաստավոր պայմաններ մշակութային կրթության և ինքնության ներկայացման համար։

Ազգային մշակույթի պահպանումը սկսվում է հենց համայնքներից, իսկ երիտասարդների ներգրավվածությունը կարևոր պայման է մշակութային ժառանգության շարունակականության համար։ «NextGen» ծրագիրը հնարավորություն է տվել նորովի ներկայացնել ազգային մշակույթը՝ համադրելով ավանդույթն ու ժամանակակից մոտեցումները։

Նախագծի շրջանակում ձեռք բերված տարազներն առանձնանում են իրենց խորհրդանշական նշանակությամբ։ Դրանց նախշազարդումները ոգեշնչված են Տավուշի գորգարվեստի ավանդույթներից՝ արտացոլելով մարզին բնորոշ զարդանախշերը, գունային լուծումներն ու մշակութային ինքնատիպությունը։ Այս կերպ ազգային պարի միջոցով ներկայացվում է ոչ միայն հայկական պարարվեստը, այլև Տավուշի հարուստ կիրառական արվեստն ու մշակութային ժառանգությունը։

Ազգային պար, տավուշյան նախշեր և մշակութային ինքնության պահպանման գաղափար։ Մշակութային ժառանգությունը պահպանելու լավագույն միջոցն այն երիտասարդներին փոխանցելն է, որպեսզի հայկական ավանդույթները շարունակեն ապրել ու զարգանալ նաև ապագա սերունդների համար։




ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,
  • «Հաֵյաստան» դաշինք – 9,94%,
  • «Բարգավաճ Հաֵյաստան» կուսակցություն – 4%։



20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58,97%-ը

Ժամը 20։00-ի դրությամբ ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97%-ը, որոնցից 65 հազար 597-ը (63,4%)`Տավուշի մարզում: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից: