Լոնդոնում կայացած WKO Open World Championships 2025-ին Հայաստանը ներկայացրել է WKO Armenia-ի հավաքականը, որը հաջողությամբ է հանդես եկել միջազգային հարթակում։ Մրցաշարում Նարեկ Մատինյանը արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսին՝ բարձր պահելով Հայաստանի և Տավուշի մարզի անունը։
Նարեկը ծնունդով Լուսաձոր գյուղից է, սովորում է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, և արդեն չորս տարի է, ինչ զբաղվում է Այկիկենդո կարատե սպորտաձևով։ Պարտաճանաչ ու նպատակասլաց պատանին մարզիչների հպարտությունն է և համադասարանցիների օրինակը։
Այսօր Նարեկին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում դիմավորել են տոնական ու ջերմ մթնոլորտում։ Սովորողները, ուսուցիչներն ու հյուրերը շնորհավորել են նրան հերթական մեծ նվաճման առթիվ՝ ընդգծելով, որ Նարեկի հաղթանակը ոչ միայն անձնական, այլև համայնքային և ազգային հպարտության առիթ է։
Նարեկ Մատինյանի հաջողությունը վկայում է, որ աշխատասիրությունը, կամքը և հավատը սեփական ուժերի հանդեպ անպայման հանգեցնում են հաղթանակի։
Կիրանց-Ոսկեպար ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը
Հոկտեմբերի 16-ին, ժամը 04:23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Volkwagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Մեր սիրուն գյուղը՝ Վերին Կարմիրաղբյուրը. «Տավուշի իմ տան հեքիաթը»
Լիլիա Պողոսյան, Վերին Կարմիրաղբյուր, Բերդ
Հանդիպման վայրը` Տավուշ հեռուստաընկերություն
Բերդ համայնքի Չինչին գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ցանկություն էին հայտնել այցելել Տավուշ Մեդիայի ստուդիա, և հոկտեմբերի 11-ին դպրոցականները՝ իրենց ուսուցիչների հետ գտնվում էին մեր ստուդիայում։
Հանդիպման ընթացքում մենք նրանց ծանոթացել ենք հեռուստատեսային աշխատանքի բոլոր կողմերին՝ սկսած մեր հիմնադրման պատմությունից մինչև հեռուստատեսային աշխատանքի հետաքրքիր դրվագներ։ Պատմել ենք, թե ինչպես է աշխատում հեռուստաընկերությունը, ինչպիսի պատասխանատվություն և ակնկալիքներ կան սահմանամերձ մեդիայի առջև։
Ընթանում են Բերդի սոցիալ-կրթական կենտրոնի կառուցման աշխատանքները. Ճապոնիայի դեսպանը Տավուշի մարզում էր
Բերդ քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ սոցիալ-կրթական կենտրոն՝ նախատեսված երեխաների, ծնողների և երիտասարդների համար։ Այն լրացնում է Տավուշի թեմի մյուս՝ «Արևիկ» և «Պապոնց տուն» կենտրոնների շարքը։ Մեծ ծրագրի այս նախագծի նախաձեռնողը «Պահապան» հիմնադրամն է, որը միավորել է մի շարք գործընկերների Բերդում նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Կենտրոնը կունենա ժամանակակից շինություն՝ ապահով միջավայր, որտեղ երեխաները կարող են սովորել, զարգանալ, իսկ մեծահասակները՝ ստանալ սոցիալական աջակցություն ու մասնագիտական գիտելիքներ։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ ու լիազոր դեսպան Յուտակա Աոկին Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց․
«Կենտրոնի ստեղծմամբ մենք բարելավում ենք ենթակառուցվածքները, որոնք մարդկային անվտագության տեսանկյունից կարևոր են: Այս տարածքը կլինի որպես համայնքային կենտրոն՝ բնակչության բոլոր խմբերի համար: Հայաստանում իրականացվող աշխատանքներում կարևորությունը տրվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին, և Բերդը՝ որպես սահմանամերձ գոտի ու տեղահանված բնակչությանն ընդունող համայնք, այս առումով լուրջ կարևորություն ունի: Տավուշի մարզում, և Հայաստանում առհասարակ մենք տարբեր ծրագրեր ունենք. Ջրամատակարարման ցանցի ստեղծում՝ գյուղատնտեսների համար, բժշկական սարքավորումների տրամադրում՝ բուժհաստատությունների, կրթական կենտրոնների վերանորոգում… և նմանատիպ այլ ծրագրեր: Տավուշն անչափ գեղեցիկ է, բայց ամենակարևորը, որ կարող եմ նշել, հյուրասիրությունն ու հյուրընկալությունն է, մարդկանց ջերմությունը, որ ես զգում եմ, լավագույն տպավորությունն է ինձ համար»,- ասաց դեսպանը։
Կառուցվելիք կենտրոնի նպատակը մեկ է՝ համայնքի բնակիչներին տալ գործնական գիտելիքներ ու հնարավորություններ, որոնք կարող են նրանց համար ավելի կայուն ապագա ապահովել։ Այն նախատեսված է տարեկան շուրջ 300 երեխաների ու երիտասարդների համար։
Կրթական ու սոցիալական բաղադրիչներից զատ, կենտրոնը կդառնա մշակութային ու համայնքային միջոցառումների նոր հարթակ։ Այստեղ նախատեսվում են անցկացնել ներառական կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ և համայնքային նախաձեռնություններ՝ բարենպաստ պայմաններում։
Բերդ համայնքի համար սոցիալ-կրթական կենտրոնը փորձ է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կարող են առանց սահմանափակումների սովորել, ծնողները՝ ստանալ անհրաժեշտ աջակցություն, իսկ երիտասարդները՝ գտնել նոր ուղիներ ինքնակատարելագործման ու սոցիալ-տնտեսական կայունության համար։
ՄԱԶԾ-ն նշում է իր 30-ամյակը Հայաստանում՝ Դիլիջանում անցկացնելով հակաականային գործունեության իրազեկում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակին նվիրված միջոցառումների հերթական կանգառը Տավուշի մարզում էր։ Երեք տասնամյակներում իրականացված աշխատանքներն ընդգրկում են տարբեր ուղղություններ, և Դիլիջանում անցկացվող հանդիպումը նպատակ ուներ ընդգծել հումանիտար ականազերծման և համայնքային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները։
«30 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մասնակցել է Հայաստանի հիմնական մարտահրավերների հաղթահարմանը և լուրջ մասնակցություն ենք ունեցել այն հաջողություններին, որոնք գրանցվել են այստեղ՝ Հայաստանում: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակին ես գտնվում եմ Տավուշի մարզում. այստեղ շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացրել, հատկապես սոցիալ-տնտեսական, գենդերային հավասարության, ականազերծման, շրջակա միջավայրի ուղղությունների շրջանակում: Տավուշի մարզում դեռևս կան բնակավայրեր, որոնց տարածքներն ականապատ են, դրանք խանգարում են տվյալ բնակավայրերի սոցիալ-տնտեսական հետագա զարգացմանը»,- Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Հայաստանում ՄԱԶԾ-ի գործունեության 30 տարիների մասին պատմող ֆիլմը։ Ֆիլմում ներկայացված էին տարբեր մարզերի պատմություններ՝ սահմանամերձ գյուղերից մինչև վերականգնված տարածքներում կառուցված դպրոցներ, ջրագծեր ու ճանապարհներ։
Միջոցառման խորագրի շրջանակում ներկաներին սպասում էր ինտերակտիվ վարժություն։ Թղթե նշաններով ու ժապավեններով սահմանազատված պայմանական «ականապատ» տարածքում անցկացվեց սիմուլիացիոն վարժություն՝ մանրամասնելով ինչպես են հայտնաբերվում ականները, ինչ տեխնիկա է օգտագործվում, ինչպես են ապահովվում տարածքների անվտագությունը։
Հակաակնային գործողությունների հետ միասին, 30 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը փոխել են տասնյակ համայնքների իրականությունը՝ նվազեցնելով ռիսկերն ու ստեղծելով զարգացման ավելի կայուն պայմաններ։
Տավուշի մարզում խաղողաքաղն ընթացքի մեջ է. մարդիկ հավաքում են ամբողջ տարվա աշխատանքը:
Գյուղացիների հյուրը Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանն էր:
Նավուր գյուղի սար տանող ճանապարհին մեքենա է այրվել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 21։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է «Jeep» մակնիշի ավտոմեքենա:
Մինչ փրկարների կանչի վայր հասնելը՝ մեկ ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է ավտոմեքենան։