Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում՝ շինարարական աշխատանքների ընթացքում

Տավուշի մարզի Բերդ համայնքում շինարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն:

Ասում են՝ երկու երանի մի տեղում չի լինում: Արի ու տես՝ այդպես էլ է լինում: Բերդ համայնքի Եղիշեի փողոցում: Իսկ եղելությունն այպիսինն է: Բանվորները սովորական շինարարական աշխատանքներ էին իրականացնում, երբ նկատեցին անսովոր բան. հողի տակ հնության բեկորներ էին երևում:

Ինչ՞ անել: Դիմել Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Վերջինս րոպեների ընթացքում ժամանում է «դեպքի վայր» ու բանվորների օգնությամբ հողի շերտից զգուշությամբ դուրս բերում բացառիկ խեցեղեն՝ 3 հատ անոթ, որոնցից մեկը գրեթե ամբողջական ու հրաշագեղ զարդանախշերով:

Թանգարանի տնօրենը գտածոների մասին տեղեկացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, վերջինս էլ դիմել է Բերդի համայնքապետարանին՝ տվյալ հատվածում շինաշխատանքները դադարեցնելու համար: Առաջիկա օրերին «Պահպանության ծառայությունը» վերականգնող հնագետների է գործուղելու Բերդ համայնք: Տեղանքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարական աշխատանքների հետագա ընթացքը: Գտածո-գեղեցկուհիներն անվտանգ վայրում են: Վերականգնումից հետո հավանաբար կհամալրեն Բերդի թանգարանի հնագիտական նյութը:
Մասնագետների նախնական գնահատմամբ՝ շինարարները պատահաբար «պեղել են» միջին բրոնզեդարյան դամբարան, անոթներից զատ երևացել են նաև մարդկային կմախքի մնացորդներ:

Ասում եք՝ երկու երանի մի տեղում չի՞ լինում…

Նյութի աղբյուր՝ ARTnews




Տավուշի մարզում զգում են արևի ուժը

Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում ավարտվել են «Արևի ուժ» ծրագրով նախատեսված աշխատանքները․ հաստատության տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, որոնք արդեն առաջիկայում կապահովեն կայուն և էներգախնայող էլեկտրամատակարարում։ Նախագիծը միտված էր նվազեցնել մանկապարտեզի կոմունալ ծախսերն ու խթանել շրջակա միջավայրին բարեկամ տեխնոլոգիաների ներդրումը Տավուշի մարզում։

Արևային համակարգերի տեղադրումն իրականացրել է «Արփի սոլար» ընկերությունը։ Ընկերության մասնագետների խոսքով՝ նոր կայանի արդյունավետությունը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարները, իսկ տնտեսված միջոցները կուղղվեն հաստատության այլ կարիքներին։

Ծրագրի նախաձեռնող «Դու Կարող Ես» հասարակական կազմակերպությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ, մանկապարտեզում իրականացրել է նաև կրթական բաղադրիչ։ Դասընթացների ընթացքում երեխաները, ծնողները և դաստիարակները ծանոթացել են էներգախնայող վարքագծի ձևավորման հիմունքներին, արևային էներգիայի կիրառության առավելություններին և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը։ Համայնքի համար այսօրինակ նախաձեռնություններն առաջնային են:

Տավուշի մարզում էներգախնայող ծրագրերի զարգացման հերթական քայլն արվեց. առաջիկայում Իջևանի թիվ մեկ մանկապարտեզում կզգան ու կտեսնեն «Արևի ուժը»:

Կարդացեք նաև՝




Հարությունյան ընտանիքն Աճարկուտում աշխուժացնում է սոցիալ-տնտեսական, զբոսաշրջային կյանքը

Աճարկուտ գյուղից Գևորգ Հարությունյանը, ընտանիքի հետ միասին, կառուցել է նոր հյուրանոցառեստորանային համալիր՝ նպատակ ունենալով աշխուժացնել փոքրաթիվ բնակչությամբ գյուղի կյանքն և նոր շունչ հաղորդել տարածաշրջանին։ Հարությունյաններին գյուղ վերադարձրեց մեկ ցանկություն՝ ինչ–որ լավ բան անել հայրենիքի համար։ Համալիրը սկսել են կառուցել դեռ 2019-ին, և վեց տարվա աշխատանքից հետո այն ամբողջությամբ ավարտվել է 2025-ին։

Աճարկուտը 100 տարվա պատմություն ունի, գյուղը միշտ էլ հմայել է այցելուներին իր անտառապատ բնությամբ և գեղատեսիլ տեսարաններով։ Նման ենթակառուցվածքի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում։ Այսուհետ այցելուները կարող են պլանավորել իրենց հանգիստն Աճարկուտում՝ արդեն երկարաժամկետ բնակությամբ։ Նորաբաց համալիրը բացի զբոսաշրջային աշխուժությունը, այն նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ է լուծում։

Աճարկուտի շրջակայքը հարուստ է պատմաճարտարապետական ժառանգությամբ․ այստեղ են գտնվում 10–13-րդ դարերի անգնահատելի հուշարձանները՝ Աստվածածին, Կիրանցի, Սամսոնի, Դեղձնուտի ու Առաքելոց վանքերը, ինչպես նաև Սրանոցի միջնադարյան կամուրջը։ Գյուղի բնակիչները հույս ունեն, որ նոր ենթակառուցվածքը հնարավորություն կընձեռի ավելի շատ մարդկանց բացահայտելու Աճարկուտը։

Աճարկուտում նորաբաց այս համալիրն ավելացնում է զբոսաշրջային հետաքրքրությունն ու խոստանում վերականգնել գյուղի երբեմնի աշխուժությունը։ Մեկ դարյա պատմություն ունեցող գյուղում կարծես նոր էջ է բացում՝ ազդարարելով, որ նույնիսկ Հայաստանի փոքր անկյուններում հնարավոր է իրականացնել մեծ փոփոխություններ։




Արծվաբերդում արքայանարնջի բերքից չրեր են պատրաստում

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։




Ռոբոտաշինությունը՝ ազգային մարզաձև․ Դիլիջանում անցկացվեց «ԱրմՌոբոտիքս» 17-րդ առաջնությունը

«ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 17-րդ առաջնությունը `«Լոգիստիկան ապագայի քաղաքում» խորագրով, մեկնարկեց նոյեմբերի 17-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում: 2008 թվականից «ԱրմՌոբոտիքս»-ը կազմակերպվում է Հայաստանում՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ: «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրօրինակ հարթակ է՝ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցութային դաշտում թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։ Կազմակերպիչների կարծիքով՝ կարևոր է, որ երեխաների մոտ վաղ տարիքից, ճարտարագիտության ուսուցմանը զուգընթաց, ձևավորեն ստեղծողի ու արտադրողի մտածողություն։

«ԱրմՌոբոտիքս 2025» մրցույթին մասնակցում էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Ջավախքից: Թիմերում ընդգրկված էին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների աշակերտները: «ԱրմՌոբոտիքս»-ը շարունակում է լինել կարևոր հարթակ, որտեղ աշակերտները ցուցադրում են իրենց հմտություններն ու պատրաստվում ապագայի տեխնոլոգիական մարտահրավերներին:




Նկարչական սիմպոզիում 2025․ հանդիպում բնության, արվեստի ու կողբեցիների հետ

Յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականից ի վեր Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է նկարչական սիմպոզիում, որն ընթանում է Կողբի հարակից գեղատեսիլ վայրում՝ գեղարվեստի դպրոցի պլեներում։ Նկարչական սիմպոզիումին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները և գեղանկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից։ Կողբի սարերում են համախմբվում նաև արտերկրում բնակվող նկարիչները։ Այս տարի ևս գեղանկարիչները օրեր շարունակ գտնվել են Կողբի սարերում՝ բացահատել, արարել ու ստեղծագործել Տավուշի գեղատեսիլ բնության մեջ ու բնության մասին։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան




Վավերագիր Դիլիջան․ քաղաքը՝ Սերժ Եղիկյանի ժամանակի կադրերում

Դիլիջանի երկրագիտական թանգարանում բացվեց դիլիջանցի լուսանկարիչ Սերժ Եղիկյանի՝ «Պրինցի» արխիվային լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսն այցելուներին առաջարկում է հանդիպում քաղաքի հիշողության, անցած ժամանակի և լուսանկարչի անձնական պատմության հետ։

Արխիվային լուսանկարները կարծես բացում են ժամանակի վարագույրը՝ ցույց տալով այն Դիլիջանը, որ ժամանակին շնչել ու ապրել է այլ ռիթմով, կրել ու փոխանցել է այլ տրամադրություն։ Սերժ Եղիկյանը ծնվել է 1939 թվականին Դիլիջանում։ 23 տարեկանում աշխատանքի է անցել քաղաքի «Իմպուլս» գործարանում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է տեսախցիկի հետ, և տարիների ընթացքում լուսանկարչությունը դարձավ նրա կենսակերպը։

Ցուցահանդեսի բացման օրն այցելուները երկար կանգնում են յուրաքանչյուր լուսանկարի առջև, դիտում անցյալի քաղաքային տեսարանները, անցյալի մարդկանց ու ֆոտո-պատմությունները։ Սերժ Եղիկյանը Դիլիջանը պատկերում էր ոչ որպես բնակավայր, այլ՝ որպես հոգեվիճակ․ նրա յուրաքանչյուր կադրում քաղաքի ներքին լռությունն է, մեղմությունը և մարդկանց առօրյա կյանքի անկեղծությունն ու պարզությունը։

Սերժ Եղիկյանի լուսանկարչական ժառանգությունը կրկին կենդանացավ հենց այնտեղ, որտեղ ծնվել ու ձևավորվել է նրա հայացքը՝ Դիլիջանում։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի
15-ը։

Կարդացեք նաև՝




Մովսես գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Նոյեմբերյանից տիկին Լաուրան արքայանարնջի չիր է պատրաստում

Տարվա այս եղանակին Տավուշի մարզում հաճախ կտեսնեք «քաղցր վարագույրներ»․ տարեշրջանում օրը սկսվում ու ավարտվում է չիր պատրաստելու իրարանցման մեջ։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։




Եվրոպական մասնագիտական փորձառություն Սլովակիայից Դիլիջան՝ երիտասարդների զարգացման ճանապարհին

Այս ամռանը տավուշեցի մի խումբ երիտասարդներ վերադարձան Սլովակիայից՝ նոր գիտելիքներով, հմտություններով և տպավորություններով։ Երիտասարդները մասնակցել էին «INVEsT in You» միջազգային ծրագրի ՄԿՈՒ ոլորտի ուսանողների աշխատանքային փորձառության բաղադրիչին, որն իրականացվել է Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի և սլովակյան «Իգնիս Պլյուս» կազմակերպության կողմից։

Ծրագիրը հնարավորություն տվեց մասնագիտական ​​կրթության և ուսուցման ոլորտի ուսանողներին երեք ամիս ապրել և աշխատել Սլովակիայում։ Երիտասարդները ներգրավված էին տարբեր ոլորտներում՝ հյուրընկալություն, խոհարարություն, տուրիզմ և առողջապահություն։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ իր տեսական գիտելիքները կիրառել իրական-գործնական միջավայրում՝ յուրացնելով եվրոպական աշխատանքային մշակույթը և ձեռք բերելով ինքնուրույնության փորձ։

Երիտասարդներն արդեն կուտակած փորձառությամբ Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում կիսվեցին իրենց հասակակիցների ու շահագրգիռ կողմերի հետ: Երեք ամիսների ընթացքում ուսանողները կատարելագործել են մասնագիտական հմտությունները, զարգացրել հաղորդակցման, թիմային աշխատանքի կարողությունները:

Ծրագրի ազդեցությունը տեսանելի է հատկապես արդեն աշխատանք ունեցող երիտասարդների շրջանում: Միջազգային փորձառությունը նոր հնարավորություններ ստեղծեց արդեն այստեղ՝ Դիլիջանում։ Ծրագրի մասնակից երիտասարդերի ոգեշնչող պատմությունները հուշում են, որ ներդրումը երիտասարդության շրջանում դրսևորվում է  նոր գիտելիքի, փորձի և վստահության տեսքով։