Հաղարծին գյուղում հոգևոր ու համայնքային կյանքը նոր շունչ է ստանում
Հաղարծին գյուղում դեռ 1848 թվականին Տեր Ոսկան քահանայի ջանքերով կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը տարիներ շարունակ ծառայել է Հաղարծնի բնակչության համար որպես հոգևոր աղբյուր: Խորհրդային տարիներին եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների հետևանքով եկեղեցին դադարեցրել է իր գործունեությունը: Գյուղացիների ջանքերով ու միջոցներով այժմ վերանորոգվել է եկեղեցին, բարեկարգվել բակը, շրջակայքը: Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին՝ սեպտեմբերի 8-ին, Հաղարծնի բնակիչներն ու մարզի համայնքներից ժամանած հավատավորները ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ձեռամբ կատարվեց եկեղեցու վերաօծումը:
Հաղարծնի բնակիչների հուշերում մնացել է 19-րդ դարում կառուցված եկեղեցու ու վերջին հոգևորականի՝ Տեր Հովհաննես Թամամյանի դերը, նշանակությունը: Այսօր, վերանորոգված և վերաօծված՝ եկեղեցին կրկին բացում է իր դռները, ու գյուղի բնակիչները հույս ունեն, որ հոգևոր ու համայնքային կյանքը նոր շունչ կստանա։
Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն այսուհետ նաև եկեղեցու վերաօծման օրն է: Տոն, որը կապում է անցյալն ու ներկան, հիշեցնում՝ որքան կարևոր է պահպանել այն, ինչ կառուցվել է սիրով ու հավատքով։ Աստվածամայրը լինելով յուրաքանչյուր քրիստոնյայի մայր, սովորեցնում է քայլել որպես Աստծո արժանի զավակ, աղոթել սեփական անձի և մարդկության փրկության համար և լվացվել երկրավոր մեղքերից։
Սերունդների նվիրվածությամբ ու միասնականությամբ վերականգնված այս սրբավայրը ևս մեկ հիշեցում է՝ հավատքը երբեք չի մարում այնտեղ, որտեղ սիրտն ու հոգին ապրում են քրիստոնեկան արժեքներով։
Խոշոր հրդեհ «Արծվաբերդի անտառտնտեսության» տարածքում
Սեպտեմբերի 3-ին հրդեհ է բռնկվել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի հարակից զորամասի կրակային դիրքերի և մերձակա անտառային տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության 7 մարտական հաշվարկ, Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի 10 աշխատակից, շուրջ 40 կամավոր, 8 միավոր տեխնիկա:
Հրդեհը տարածվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառապետության տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են:
Ռազմամարզական ճամբար երիտասարդների համար՝ «անվտանգություն և պատասխանատվություն» խորագրով
Օգոստոսի 21-24-ը Տավուշի մարզում անցկացվեց «Ծիլի ծով» ռազմամարզական ճամբարը՝ «Անվտանգություն և պատասխանատվություն» խորագրով։ Ճամբարին մասնակցեցին տասնյակ երիտասարդներ Տավուշից և Հայաստանի տարբեր համայնքներից։ Չորս օրերի ընթացքում երիտասարդները մասնակցեցին ռազմամարզական խաղերի, թիմային մրցույթների, կրթական դասընթացների և մշակութային միջոցառումների։ Փորձառու մասնագետները կիսվեցին ազգային անվտանգության, առաջնորդության և թիմային աշխատանքի վերաբերյալ գիտելիքներով։
Ճամբարը կազմակերպվել էր «Ծիլի ծով» տեղական ակտիվ խումբ ՀԿ-ի «Միասին ավելի ուժեղ» ծրագրի շրջանակում և «Հեռանկարային սահման» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Այն տարածաշրջանում եզակի հնարավորություն էր համատեղելու ռազմական պատրաստվածությունը, կրթությունն ու մշակութային փորձառությունները։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան։
Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը
Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, որն իր հետ Հայաստան է բերում իտալական խոհանոցի համերն ու հյուրընկալության, գաստրոնոմիայի և առողջ ապրելակերպի մշակույթը։ Միջազգային դպրոցում դասերը կվարեն իտալացի փորձառու մասնագետները, ովքեր հայաստանյան միջավայրում կհամադրեն եվրոպական ստանդարտներն ու մեր տեղական առանձնահատկությունները։
«Մենք ցանկանում ենք բարելավել զժբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակը, և մեր միջազգային գործընկերները կօգնեն մեզ այս հարցում: Այս նախագծով մենք ցանկանում ենք միջազգային չափորոշիչներ բերել հայկական հյուրընկալության ասպարեզ: Հայերը զարմանալի ազգ են, նրանց մեջ հյուրընկալությունը ներդրված է գենետիկ մակարդակում ու մենք ուզում ենք բարելավել այս ոլորտը, ներդնել միջազգային առաջավոր փորձը, որպեսզի Դիլիջան եկող ցանկացած մարդ, անկախ նրանից, թե որ երկրից է եկել, հիանալի ժամանակ անցկացնի այստեղ, քաղաքի հյուրերը ցանկանան ավելի երկար մնալ, ինչու ոչ՝ նույնիսկ մի պահ այցելեն Դիլիջան ապրելու համար»,- նշում է «Green Rock» հիմնադրամի տնօրեն, Apicius Armenia նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։
Միջազգային հյուրընկալության մայր դպրոցը՝ Apicius Florence-ը, գործում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում դեռևս 1997 թվականից և համարվում է Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից։ Այն ընդունում է տարեկան հազարավոր ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր Ֆլորենցիայից վերադառնում են նոր մասնագիտությամբ, նոր մշակույթով ու մտածողությամբ։ Այժմ այդ փորձը տեղափոխվում ու տեղայնացվում է Դիլիջանում՝ տալով հայ ուսանողներին և տարածաշրջանի երիտասարդներին բացառիկ հնարավորություն իրենց քաղաքից չհեռանալով ստանալ նույն որակի կրթությունը։
«Հյուրընկալության կրթական ոլորտում աշխատում եմ ավելի քան 25 տարի, և համոզված եմ, որ այս դպրոցը և նմանատիպ դպրոցները մարդկանց ու աշխարհին գիտելիքները փոխանցելու հիանալի հնարավորություն են ստեղծում: Կրթություն այստեղ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Խոհանոցը բարդ ու հետաքրքիր մի աշխարհ է, գուցե լինեն խոչընդոտներ, բայց պետք է գնալ նախանշած ճանապարհով: Աշխարհում բարձր են գնահատում այս աշխատանքը, այնպես որ՝ եթե կա ցանկություն, պետք է առաջ գնալ»,- իր խոսքում նշեց Apicius Florence գործադիր շեֆ-խոհարար և գլխավոր մենեջեր Անդրեա Տրապպանին։
Apicius Armenia-ն «Green Rock» հիմնադրամի հերթական նախագիծն է, որ Դիլիջանում բացում է հյուրընկալության դռները։ Այն խոստանում է զարգացնել տեղական զբոսաշրջային ոլորտը, խթանել տնտեսական աճն ու վերարժևորել հայկական գաստրոնոմիկ ժառանգությունը՝ Հայաստանը դարձնելով միջազգային նշաձող սահմանող կենտրոն։
«Հայաստանում հյուրընկալության առաջին միջազգային դպրոցը կարևոր է ոչ միայն Դիլիջանի, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ այն կբերի միջազգային փորձ, գիտելիքներ, մասնագետների մոտիվացիա, և այստեղ կսովորեն պատանիներ, երիտասարդներ, նաև մեծահասակներ: Ուսանողների համար ստեղծել ենք անհրաժեշտ պայմանները, որ թույլ կտա նրանց սովորել ու ապրել Դիլիջանում, ինտեգրվել դիլիջանյան կյանքին: Հույս ունենք, որ միջազգային այս դպրոցը դրական փոփոխություններ է բերելու Դիլիջան»,- ընդգծում է «Green Rock» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։
Այսուհետ հյուրընկալության և գաստրոնոմիայի նոր սերունդը կձևավորվի նաև Դիլիջանում։ Այսկերպ ամրապնդվում են Հայաստանի դիրքերը միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա՝ պատրաստելով այնպիսի մասնագետների, որոնց որակը ճանաչելի կլինի աշխարհում։
Հայկական պարը՝ ինքնություն ու ժառանգություն. ազգային շունչ սահմանամերձ Արծվաբերդում
Արծվաբերդ գյուղում անցկացվեց ազգային պարերին նվիրված միջոցառում, որտեղ մասնակիցները ներկայացրին մեր հնագույն ու հարազատ պարերը։ Բացի պարային ելույթներից, բեմադրվեց նաև «Կիկոսի մահը» հեքիաթը, որը միջոցառմանը հաղորդեց նոր երանգ ու բովանդակություն։
Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։
Աչաջուր գյուղում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
Օգոստոսի 30-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:19-ին, մարվել` 18:23-ին: Այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան։
Ազատամուտ գյուղի 21-ամյա բնակիչը ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու համար
Օգոստոսի 24-ին՝ ժամը 20։24-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում ստացված ահազանգի հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա և 21-ամյա երկու եղբայր, խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենայից հայհոյանքներ են հնչեցրել 15-ամյա համագյուղացու հասցեին, ինչից հետո նրանց են միացել պատանու երկու եղբայրները, և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, նաև կողմերից մեկը քարեր էր նետել մյուս կողմի ուղղությամբ՝ խախտելով բնակավայրի անդորրը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մասնակիցներից 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
————————————————————————————————————————
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երկրաշարժ Մախաչկալայից հարավ-արևելք. ցնցումները զգացվել են Տավուշի մարզի մի շարք համայնքներում
Օգոստոսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով` Օգոստոսի 26-ին ժամը 20։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.52⁰ և արևելյան երկայնության 48․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստանի Դաշնություն՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Պառավաքարում այրվել է ավտոմեքենա․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տունը
Օգոստոսի 26-ին, ժամը 02։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:35-ին: Այրվել է ավտոմեքենան: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տունը:
Գանձաքարի դպրոցականները բարբառով հանելուկներ են պատրաստել «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի շրջանակում
Շարունակվում է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթը․ նպատակն է պահպանել և տարածել մեր թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։
Այս անգամ մրցույթին մասնակցել են Գանձաքարի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանցիները՝ «Ակունք» խմբով։ Նրանք բարբառով հանելուկներ են կազմել և զարդարել դրանք նկարազարդ պատկերներով։ Երեխաների ստեղծագործություններում հյուսված են բնության գույներն ու հողի բույրը, արևի ջերմությունն ու նրանց մեծ երազանքները։
Խմբի անդամները իրենց աշխատանքի միջոցով փոխանցում են սերն առ իրենց հարազատ բարբառը, դեպի իրենց գյուղը։
Մրցույթը շարունակվում է, և Տավուշի դպրոցների աշակերտներն իրենց աշխատանքներով բացահայտում են հայրենի գյուղերի պատմությունն ու գեղեցկությունը։
Սիրելի տավուշեցի դպրոցական, պատմիր աշխարհին քո գյուղի մասին, ներկայացրու նրա պատմությունը, ցուցադրիր հիասքանչ բնությունն ու այնտեղ ապրող հրաշալի մարդկանց․ մասնակցիր «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթին։