Ներքին Կարմիրաղբյուրում կգործարկվի Էլեկտրաշչակ. իրազեկում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Ավետիս՝ Տավուշի երեխաներին․ Սևքարում բացվեց սոցիալ-կրթական կենտրոն
Տավուշի թեմն ավետիս ունի Սևքար գյուղի ու հարակից գյուղերի երեխաների համար: Վերանորոգվել, բարեկարգվել ու կահավորվել է Սևքարի գյուղամեջում գտնվող շենքերից մեկը, որտեղ այսուհետ կգործի «Ավետիս» սոցիալ-կրթական, ցերեկային կենտրոնը: Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, կենտոնը բացում է իր դռները՝ նպաստելու համայնքի երեխաների կրթական, մշակութային և հոգևոր արժեքների ստացմանն ու ամրապնդմանը:
Կենտրոնի բացումից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհում հանուն հայրենիքի զոհված սևքարցիների հիշատակին: Սոցիալ-կրթական, ցերեկային կենտրոնում գործում են Աստվածաշնչի սերտողության, նկարչության, կարպետագործության, կարուձևի, քանոնի, մարզական խմբակներ: Այժմ այստեղ կհավաքվեն Սևքարի, նաև Սարիգյուղի, Աճարկուտի, Կիրանցի և Ծաղկավանի երեխաները՝ մասնակցելու տարբեր խմբակների ու դասընթացների։
«Ավետիս» կենտրոնի դռները բաց են ամբողջ համայնքի առաջ։ Տավուշի թեմի նպատակն է, որ կենտրոնից դուրս գան արժեքներով առաջնորդվող, վստահ ու ստեղծագործ երեխաներ։
Պտղավան գյուղում բացվեց կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետը
Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Տավուշի մարզի Պտղավան գյուղում ձևավորված կամավոր հրշեջ-փրկարարների խումբը տեղակայված լինելով Պտղավանում, աջակցում է Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական խմբերին։ Կամավոր հրշեջ-փրկարարներն արդեն ցույց են տվել իրենց կարողություններն ու ծառայության հանդեպ նվիրումը՝ արձագանքելով տարվա ընթացքում արձանագրված դեպքերին:
Հենակետի բացման օրը խորհրդանշական էր հատկապես կամավոր հրշեջ-փրկարարների համար. նրանք արժանացան փրկարարի որակավորմանը:
Կամավորները նաև վարժանք կատարեցին՝ ցուցադրելով մասնագիտական կարողություններն ու հմտություններն արտակարգ իրավիճակներում: Տուժածներ չկան, առաջադրանքը կատարված է:
Պտղավանի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը սպասարկում է Նոյեմբերյանի մի շարք բնակավայրեր՝ Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Արճիս, Այրում, Բագրատաշեն, Դեղձավան և Դեբեդավան։ Կամավոր հրշեջ փրկարարների գործունեությունը հուշում է բոլորիս՝ անվտանգ միջավայր ունենալը կախված է յուրաքանչյուրիս պատրաստվածությունից:
Հարգանքի տուրք՝ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին
Հոկտեմբերի 4-ին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկակայացուցիչներ, ոստիկանության ծառայողներ, ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմում կյանքը զոհաբերած տավուշեցի ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը։ Բազմաթիվ հայորդնիներ հայրենիքի պաշտպանությանը ելան՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ հակառակորդի ուժերը լցվեն երկիր։
Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։ Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։
Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում… զոհվեցին ոստիկանության Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները։ Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։
Տավուշի մարզային վարչության ծառայողները՝ Թաթուլ Օթարյան, Վահե Ղազարյան, Վազգեն Գրիգորյան, Արտուշ Զոհրաբյան, Լենտուշ Գյոզալյան, Սերյոժա Վիրաբյան, Սուրեն Խաչատրյան, Կարեն Բադոյան․ նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:
Ոսկեվանի դպրոցականները մասնակցում են «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթին
Ոսկեվան, Նոյեմբերյան
«Իմ փոքրիկ գյուղի փոքրիկ բնակիչն եմ»․ Սյուզան Մկրտումյան
Սյուզան Մկրտումյան, Այգեպար, Բերդ
«Երկիր շենացնողը գյուղն է ու գյուղացին»
Ոսկեվան, Նոյեմբերյան
Ազատամուտ գյուղը 55 տարեկան է
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղը այս տարի նշում է հիմնադրման 55-ամյակը։ Թեև պաշտոնապես համարվում է գյուղ, սակայն այն արտաքինով ավելի շատ հիշեցնում է քաղաքի՝ բազմաբնակարան շենքերով և քոթեջներով։
Ազատամուտը հիմնադրվել է 1970 թվականին որպես բանավան՝ բենտոնիտային կավերի գործարանի շուրջ։ Սկզբնական շրջանում այն կրել է գործարանին կից ավան անվանումը։ 1978 թվականին բնակավայրը վերանվանվել է Ազատամուտ։ Անվան ընտրությունը պատմական նշանակություն ունի․ 1920 թվականի նոյեմբերին այստեղով է Ադրբեջանից Հայաստան մուտք գործել 11-րդ Կարմիր բանակը և խորհրդայնացրել հանրապետությունը։ Այդ իրադարձությունը խորհրդանշելու համար էլ ավանը ստացավ «Ազատամուտ» անունը։
ԽՍՀՄ վերջին մարդահամարի՝ 1989 թվականի տվյալներով, Ազատամուտում բնակվում էր շուրջ 4 հազար մարդ։ Սակայն բենտոնիտի գործարանի աշխատանքի մասնակի դադարեցումից հետո բնակավայրը բախվեց արտագաղթի։
Ազատամուտը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 11 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 580 մ բարձրության վրա։ Գյուղով անցնում է Իջևան-Բերդ ավտոճանապարհը։
Այսօր սահմանամերձ Ազատամուտը գազաֆիկացված է, ունի կայուն ջրամատակարարում։ 55-ամյա գյուղը շարունակում է ապրել, զարգանալ՝ պահպանելով իր յուրահատուկ կերպարը և կարևոր դերը Տավուշի համայնքային կյանքում։
Գոշ գյուղի բարբառը
Գոշի միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանի աշակերտները «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի շրջանակում ներկայացնում են Գոշ գյուղի բարբառը, օտարաբանությունները, նաև՝ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը՝ Գոշի բարբառով։