«Վեոլիա Ջուր»-ն Իջևանում վերակառուցում է կոյուղատար ու ջրամատակարարման համակարգերը

Ամբողջ տարին «Վեոլիա Ջուր» ընկերությունը իր սպասարկման բնակավայրերում կլինի թե պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, թե սեփական ուժերով իրականացնում է ջրագծերի և կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներ: Ընկերության համար որևէ տարբերություն չկա համայնքը մեծ թե փոքր, հեռու է թե մոտիկ, «Վեոլիան» այնտեղ է, որտեղ իր բաժանորդն ունի խնդիր:

Եվ ահա, այս անգամ «Վեոլիա թիմն» Իջևան քաղաքում իրականացնում է և կոյուղատար, և ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ։ Ընկերությունը սեփական ուժերով քաղաքի Սպանդարյան թաղամասում պոլիէթիլենե խողովակաշարով է փոխարինում 600 գծամետր խնդրահարույց կոյուղագիծ:  Այստեղից շաբաթական մի քանի անգամ ստացվող ահազանգերին շուտով վերջ կդրվի: Խուջումյան փողոցի բնակիչները ուրախությամբ են հետևում իրենց փողոցի աշխատանքներին:

Թաղամասի վերակառուցման ենթակա կոյուղագծերը հատված առ հատված «Իջևան» շահագործման տեղամասը քանդում է, փոխում խողովակաշարերը, հողը հետ լիցք անում, ապա նոր առաջ գնում: Փորձում են հնարավորինս քիչ նեղություն պատճառել իրենց բաժանորդներին: Սակայն այս բոլոր աշխատանքներում ամենակարևորը բնակիչների իրավագիտակցության բարձրացումն է: Կարևոր է գիտակցել այս հսկայածավալ աշխատանքների դժվարություներն ու մեծ ծախսերը և նպատակային օգտագործել կոյուղին, որ այն հնարավորինս երկար ծառայի։

Աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև օգոստոսի 25-ը։

«Ամեն տարի 3-4 նմանատիպ ծրագիր ենք իրականացնում, որովհետև Իջևանում 30-35 տոկոսը կոյուղի չի ունեցել: Այսինքն, հատված-հատված հնարավորությունների սահմաններում նոր կոյուղագծեր ենք կառուցում: Հատկապես, այն փողոցներում ենք կատարում աշխատանքներ, որտեղ քաղաքապետարանի որոշմամբ ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքներ են կատարվելու. կոնկրետ այս փողոցում ասֆալտապատման աշխատանքներ են նախատեսված: Կոյուղագիծը կառուցվել է 60-ական թվականներին, տարբեր տրամագծի խողովակներով, տարբեր թեքություններով: Այս տարի նախատեսված է մի քանի տեղ և կոյողու փոխարինման, և ջրամատակարարման փոխարինման աշխատանքներ», – հայտնեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Իջևան» տեղամասի պետ Վոլոդյա Ղալումյանը։

Արդեն ավարտին է մոտենում Մետաղագործների փողոցի ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծումը: Բանն այն է, որ տարվա ընթացքում մոտ ինն ամիս Իջևանը ապահովված  է 24 ժամյա ջրամատակարմամբ, չնայած՝ սահմանված ժամանակացույցով շատ հատվածներում նախատեսված է վեց ժամյա ջրամատակարարում։ Այդպիսինն են տեխնիկական հնարավորությունները:   Բայց չնայած դրան «Վեոլիա ջուրը» երբեք եղածով չի բավարարվում: Ընկերությունն անընդհատ փնտրում և գտնում է լուծումներ ավել ջրաքանակ բնակավայրերին մղելու համար: Համակարգի բոլոր աշխատանքներն ուղղված են հենց այս նպատակին:

«Իջևան» շահագործման տեղամասի թիմը մեծ չէ, բայց՝ ամենակարևորը իրենց աշխատանքին բարեխղճորեն են վերաբերում։ Այս բոլոր աշխատանքներն էլ իրականացնում են զուգահեռաբար  արձագանքելով ամենօրյա վթարներին։ Երբ կոյուղագծերը նորացվում են, իսկ ջուրն էլ սպառողներին հասնում է ըստ գրաֆիկի, բնակիչների ամենօրյա հոգսերից մեկը դառնում է պարզապես լուծված խնդիր։


Տեսանյութը պատրաստվել է համագործակցության շրջանակում։




Ջուջևանում նշել են գյուղի հիմնադրման 150-ամյակն ու Նավասարդի տոնը

Ջուջևանում Նավասարդի տոնին համընթաց նշել են գյուղի հիմնադրման 150-ամյակը։ Տոնական միջոցառումը կայացել է գյուղի ներակառուց պուրակում՝ համախմբելով բնակիչներին և հյուրերին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա պատրաստված բեմադրությունը, որը համեմվել է երաժշտությամբ, պարային կատարումներով և ասմունքով։ Երեխաների և երիտասարդների մասնակցությունը միջոցառմանը ոչ միայն տոնական մթնոլորտ էր ստեղծվել, այլև հիշեցրել ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու փոխանցման կարևորությունը։

Տոնի ընթացքում ջուջևանցիները և հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու ոչ միայն մշակութային ծրագրերը, այլև ջերմ ու համախմբված համայնքի միջավայրը։




Երիտասարդները՝ Փրկարար ծառայությունում

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում Տավուշի մարզային փրկարար ծառայության վարչությունը հյուրընկալեց մի խումբ երիտասարդների՝ նրանց հնարավորություն տալով մոտիկից ծանոթանալ փրկարարական գործին։

Այցի առաջին պահից երիտասարդները հայտնվեցին իրական գործողությունների մթնոլորտում. նրանք տեսան, թե ինչպես է ստացվում ահազանգը, ինչպես է կազմավորվում արձագանքման խումբը և ինչ արագությամբ են փրկարարները հասնում դեպքի վայր։

Հանդիպման ընթացքում փրկարարները կիսվեցին իրենց ամենադժվար և հիշարժան դեպքերի պատմություններով՝ ընդգծելով, որ այս մասնագիտությունը մասնագիտական գիտելիքներից զատ պահաջում է նաև կամք և տոկունություն:

Երիտասարդների բազմաթիվ հարցերը վկայում էին նրանց անկեղծ հետաքրքրության մասին՝ թե՛ մասնագիտության, թե՛ ծառայության հանդեպ։ Շատերը խոստովանեցին, որ այցից հետո ավելի հստակ պատկերացրին՝ ինչ մեծ պատասխանատվություն է կրում փրկարարը և ինչպիսի նվիրում է պահանջում այս ճանապարհը։

Փրկարարների ու երիտասարդների հանդիպումն ավարտվում է խորհրդնշական խոստումով՝ Ձեր կողքին՝ կյանքի բոլոր պահերին։




Երիտասարդության օրը Նոյեմբերյանում

Երիտասարդության օրը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանի Արվեստի դպրոցում օգոստոսի 12-ին տիրում էր երիտասարդական և ստեղծագործական տրամադրություն: Նշվեց Երիտասարդների միջազգային օրը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արվեստի դպրոցի տնօրեն Լենա Մեհրաբյանը՝ ընդգծելով երիտասարդության դերը երկրի ապագայի կերտման, համայնքի զարգացման և մշակութային կյանքի հարստացման գործում։

Օրվա ընթացքում երիտասարդները նկարեցին, մասնակցեցին գորգագործության վարպետության դասին, իսկ համայնքի տաղանդավոր երիտասարդները ներկայացրին իրենց ստեղծագործությունները։

Տոնական միջոցառումը եզրափակեց բանաստեղծուհի Արմենուհի Ծատուրյանի հուզիչ ելույթը, որը սրահը լցրեց արվեստի և ոգեշնչման շնչով։

Լուսանկարները՝ Շաքե Ավագյանի։




Երիտասարդության միջազգային օրը Տավուշի մարզում

Երիտասարդության միջազգային օրը Տավուշում

Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին

Օգոստոսի 12-ին ամբողջ հանրապետությունում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Տավուշի մարզում ծրագրերը ներառելու են մարզամշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ և թեմատիկ քննարկումներ։

  • Նոյեմբերյան – Բացօթյա ցուցահանդես և երիտասարդական հիմնախնդիրների քննարկում (Արվեստի դպրոց, Կորյունի 6, 12:00-15:00)։
  • Բերդ – Տոնական միջոցառում դիջեյի մասնակցությամբ և Գույների փառատոն (Մանկական զբոսայգի, 15:00)։
  • Արծվաբերդ – Միջոցառումների շարք (Մշակույթի տուն, 11:00)։
  • Պառավաքար – Քայլարշավ դեպի բնություն (Մշակույթի տան բակից, 12:00)։
  • Ներքին Կարմիրաղբյուր – Բակային ճամբար (,,Մայրիկ,, պուրակ, 17:00)։
  • Մովսես – Տոնական միջոցառում (Մշակույթի տուն, 12:00)։
  • Վերին Ծաղկավան – Միջոցառում (Գյուղապետարանի բակ, 11:00)։
  • Վերին Կարմիրաղբյուր – Բակային ճամբար (Մշակույթի տուն, 13:00)։
  • Չորաթան – Բակային ճամբար (Մշակույթի տուն, 17:00-20:00)։

Դիլիջան

  • Կլոր սեղան-քննարկում՝ «Ատելության խոսքը սոցիալական ցանցերում» թեմայով (11:00-13:00)։
  • Քննարկում՝ «Գյուղական համայնքների երիտասարդների հիմնախնդիրները» թեմայով (Աղավնավանք, 12:00-14:00)։
  • Երեխաների և երիտասարդների համատեղ նկարչական նախաձեռնություն (քաղաքի հրապարակ, 16:00)։
  • Կինոդիտում (ԵՀԿ գրասենյակ, 17:30-19:00)։
  • Երիտասարդական խաղ (ԵՀԿ գրասենյակ, 19:00-20:15)։
  • Աստղադիտում (քաղաքի հրապարակ, 20:15)։

Իջևան

  • Համերգային ծրագիր (Մշակույթի տուն, 18:00)։
  • Երիտասարդների մասնակցությամբ աղբահավաքություն Ազատամուտում (11:00)։
  • «Երիտասարդության ալիքը» խորագրով միջոցառում-քննարկում (Գանձաքար, 12:00)։
  • «Երիտասարդության լույսը Գետահովիտում» երաժշտական երեկո (18:00)։
  • Քայլարշավ դեպի Կոտրած Եղցի սրբավայր (Այգեհովիտ, 11:00)։
  • Հանդիպում Աչաջրի երիտասարդների հետ և կարպետագործության վարպետաց դաս (Մշակույթի տուն, 12:00)։
  • Տոնական օրն ուղեկցվելու է երիտասարդների ստեղծագործական գաղափարներով, համայնքային ակտիվությամբ և համագործակցության նոր հնարավորություններով։



Թեմական մեծ ուխտերթ դեպի Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք

Եփեսոսի Սուրբ Ժողովի 200 հայրապետների (431 թ.) տոնի կապակցությամբ օգոստոսի 9-ին, Տավուշի թեմի ողջ հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը, մարզկենտրոն Իջևանից ուխտերթով շարժվել են դեպի Բերդ համայնք՝ Նոր Վարագավանք վանական համալիր։




Հրդեհ Բերդավան գյուղում. այրվել է վագոն-տնակ

Օգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է վագոն-տնակը։




Մեկնարկել են Խաշթառակ գյուղի կամրջի կառուցման աշխատանքները

Խաշթառակ գյուղի կամուրջ

2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, գարնանային հեղեղումներից վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որն այժմ օգտագործում են Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի բնակիչները:

Հիմա արդեն ակտիվորեն ընթանում են Խաշթառակի կամրջի կառուցման աշխատանքները։ Մինչ 2025 թվականի տարեվերջ գյուղը կունենա ժամանակակից մետաղական կամուրջ՝ Տավուշ Մեդիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Միսակ Մելքումյանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է  իրանական ընկերություն, որը կամուրջ է կառուցել նաև Լոռու մարզում՝ 2024 թվականի մայիսին հեղեղումից տուժած Ախթալա բնակավայրում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, հեղեղումներից  վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Շաբաթների ընթացքում նկատելի դարձավ կամրջի դեֆորմացումը։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որը նույն տարվա՝ 2024 թվականի հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվեց ու կրկին վերականգնվեց։

Խաշթառակ

Աղետի գոտում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ կամուրջների վերականգնման աշխատանքների վերաբերյալ նախատեսված էր երկարաժամկետ առումով՝ վնասված բոլոր կամուրջները վերականգնել և՛ ինժեներական, և՛ գեղագիտական լուծումներ առաջարկող նախագծերով, որոնք արդյունքում կլինեն ոչ միայն տրանսպորտային ամուր ենթակառուցվածքներ, այլև տեսարժան վայրեր, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքներում զբոսաշրջության զարգացմանը:




Հնդկական կարճամետրաժ Իջևանում

Հնդիկ աշխատողներն Իջևանում փակել էին Մ4 միջպետական ճանապարհը

Օգոստոսի 6-ի երեկոյան, Իջևան քաղաքի կարի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք ամիսներ շարունակ չեն ստացել աշխատավարձերը, ինչն էլ և դարձել է բողոքի պատճառ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և, բացատրական աշխատանքների ու բանակցությունների արդյունքում, կարճ ժամանակ անց ճանապարհը բացվել է․ կանխվել է լարվածության հնարավոր սրումը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «ԻՋ գրանտ տեքստիլ ՕՊՏ» ՍՊԸ տնօրեն Մհեր Միրզոյանը Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց, որ կարի արտադրամասում աշխատում է շուրջ 205 հնդիկ, որոնք 3 տարվա աշխատանքային պայմանագրով են ներգրավված։ Նրա խոսքով՝ բողոքի ակցիային մասնակցած աշխատակիցների աշխատավարձերը վճարված են, և նրանք հիմնականում բարձր աշխատավարձի և կրճատված աշխատաժամերի պահանջ են առաջադրում։

«Հնդիկ աշխատողների շարքերում կան կազմակերպիչներ, ովքեր նախաձեռնել էին բողոքի ակցիան։ Սպասում ենք մեր իրավաբանի այցելությանը՝ իրավական դաշտում հարցը հստակեցնելու և կարգավորելու համար», – նշել է Մհեր Միրզոյանը։

Իջևանում տեքստիլ արտադրամասը գործում է 2019 թվականից։ Այստեղ կարում են որսորդական համազգեստներ, որոնք հիմնականում արտերկիր են արտահանվում։ Արտադրամասն ունի մոտ 400 աշխատակից, ովքեր Իջևան քաղաքից են ու համայնքի գյուղական բնակավայրերից։

Ստեղծված իրավիճակի հետագա զարգացումների, հնդկական կարճամետրաժի նոր սցենարական լուծումների մասին ձեզ անպայման կիրազեկենք։

Մեր թղթակիցները կզրուցեն նաև ճանապարհը փակած հնդիկ աշխատակիցների հետ։




Ոսկեվանցիները միավորվում են գյուղի զարգացման ծրագրերի շուրջ

Ոսկեվան

Ոսկեվան գյուղից դուրս բնակվող մի խումբ ոսկեվանցիներ միավորվել են հայրենի գյուղի համար կարևոր նպատակի շուրջ․ նրանց նախաձեռնությամբ հիմնադրվել է «Ոսկեվան հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունը՝ գյուղից դուրս բնակվող հայրենակիցների հնարավորությունների ու ռեսուրսների մեկտեղման նպատակով, որն էլ կուղղի Ոսկեվանի զարգացմանը։  Միության ծրագրերը ներառում են ենթակառուցվածքների բարելավում, դրանց արդիականացում, ինչպես նաև սոցիալ-մշակութային նախագծերի իրականացում։

Միության անդրանիկ ժողովին հաջորդել է խորհրդանշական այցը գյուղի հերոսների պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակներում զոհված ոսկեվանցիների հիշատակին։

Համատեղ ջանքերով հնարավոր է զարգացնել գյուղը, նոր շունչ հաղորդել համայնքի սոցիալական ու մշակութային կյանքին․ այս տեսլականն է նորաստեղծ «Ոսկեվան հայրենակցական միության» հիմքում։ Իսկ համախմբվածության այս օրինակը խոստանում է դառնալ այն հիմքը, որի վրա կկառուցվի ավելի բարեկեցիկ, զարգացած և մշակութային կյանքով լեցուն սահանամերձ Ոսկեվանը։