«Տավուշի իմ տան հեքիաթը»․ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի պատմությունը
«Տավուշի իմ տան հեքիաթը» տավուշեցի երեխաների համար անցկացվող մրցույթը շարունակվում է։ Մենք շարունակում ենք ստանալ ձեր ստեղծագործ աշխատանքները, սիրելի դպրոցականներ։ Շարունակեք ուղարկել մեզ՝ պատմելով ձեր գյուղի/քաղաքի, մարդկանց մասին, իսկ մենք լավագույնները կներկայացնենք նաև ձեր ուշադրությանը։
Այս պատմությունը մեզ է ուղարկել Լիլիթ Վարդանյանը։ Լիլիթը 14 տարեկան է, սովորում է Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում։ Իր աշխատանքում Լիլիթը ներկայացնում է հայրենի գյուղը՝ աշխարհի այդ փոքրիկ անկյունի, որը, ինչպես ինքն է նշում, կարողացել է գրավել շատերի սրտերը։
«Տավուշի իմ տան հեքիաթը»․ Կողբ գյուղի անվան ծագումնաբանությունը
«Տավուշի իմ տան հեքիաթը» տավուշեցի երեխաների համար մրցույթը շարունակվում է: Մենք ստանում ենք Ձեր աշխատանքները, սիրելի դպորցականներ. շարունակեք ուղարկել մեզ, իսկ մենք լավագույնները կներկայցնենք նաև ձեր ուշադրությանն ու դատին։ Հիշեցնենք, որ հաղթողները որոշվելու են նաև ձեր հավանումներով, գնահատականներով ու մեկնաբանություններով։
Այս պատմությունը մեզ է ուղարկել Մոնիկա Փաշիիկյանը։ Մոնիկան սովորում է Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի Բ․Սահակյանի անվան միջնակարգ դպրոցում, 11-րդ դասարանում։ Ընթերցեք նրա պատմությունը հայրենի գյուղի մասին։
«Կողբ գյուղի անվան ծագումնաբանությունը
Բարի օր ձեզ։ Սօր եկեք զրից անենք մեր գեղի` Կողբի պատմության մասին։ Օրինակի հմար հեչ մտածե՞լ եք` որդենա՞ եկել էս կոխտա գեղի անունը։ Ես հմի կպատմեմ,դուք էլ շատ ուշադիր կարդացեք,որ լավ հիշեք։
Դե մեր գեղը հնուց ի վեր կա։ Էտ վախտերը կողբացիք մի ամրոց են շինած ըլմ, ըժու մի վենձ, երգար քարե սիրուն աշտարակել հետը շինմ են։ Դրա հմարել մեր գեղը սկսմա կոչվել Կուլբաքար (քար և ամրոց)։ Դե մեր գեղացիք ըշխատելը շատ են սիրմ, արտերմը մի լավ բանմ են, ըժու գեղը լավ հարստացնմ։ Ու մչա հարստանմ են,որ զինանշան են ունենմ։ Էտ զինանշը ցորենի մի հատիկ էր,բայց իսկական ցորեն չէր է՜, ոսկուց ձուլվաած, կոխտա բան էր, աշտարակի գլխավերևմնեին դրել, որպես խորհդրանիշ։
Ահագին վախտ անցա կենմ։ Մի օր էս տերը մեռած թշնամին գիդենմա, որ դհե գանձ ունին կողբացիք, ըժու որոշմ են էտ խլելու հմար հրձակվին գեղի վրա։ Գալիս են էտ խեղճ ժղովրդին սպառնմ, որ թե բա էտ ոսկին տան, թե չէ աշտարակը կքանդեեն, արտերնել կվառեն։ Գյուղի վենձերը իգին֊իգին ժողով են անմ, ըժու որոշմ ոսկին տան, թե չէ, որ արտերը վառեին էտ խեղճ մարդիկ կարալ չտէին հաց֊մաց ունենան, էտ էր միակ ապրուստի ձևը։ Բայց դե մեր ժղովուրդը մչա խելքովա, միսատ գլխիա ընգնմ, թե եդնուց ինչ կարելիա անել։ Որոշմ են, որ հնձի գործը կպռծնուն, ըժու հմիել իրանք կհրձակվին ու մեր գանձը եդ կբերեեն։ Էնա դհենցել են անմ են ու ամեն ինչ մեր գեղացոնց սրտովնա ըլմ։ Բայց էն թշնամինն ընդի իրա տեղը գթնելիս չի ըլմ,նորից հրձակվմ են, որ եդ տանին էտ ոսկին, էտ էլ տենմ են, որ կարմ չենն, ըժու մեր կոխտա աշտարակը փուլեն ածմ։ Էտ աշտարակի ավերումից դեսը գեղի անունը փոխվածա ու դհենցել մնացել Կողբ, դե էտ քարից շինած բաները էլ կային ոչ էլի։
Խու մտածեցիք ոչ, թե էսքանով պռծաք ինձանե, կացեք֊կացեք, դեռ շատ բան ունիմ պատմելու։ Եկեք Ազափ լարերի, կամ գրականով ասած Ամուրիների մասին պատմեմ, որ էտ էլ գիդենաք։
Կոզմանի լեռներիցը դբա Կողբ գեղ դվեր մտնող մի լեռնաճյուղի թամքոցներից մնի վրա միջնադարյան խաչքարերով գրեզմանոց կա։ Մի սիրուն գարունքվա օրա ըլմ, մինել գեղը լուրա հասնմ, որ լեզգիների մի խումբ հրձակվմ են գեղի վրա, ըժու ուր որա կհասնուն։ Էտ վախտել չիմ իրանց տներմն են ըլմ, մենակ մի քանի ջահել, ազափ (գրական` ամուրի) տղերք գեղամիջմը վաքված են ըլմ։ Դե մեր տղեքնել խու վախող չեն, իրանց կորցնմ չեն։ 18֊30 ազափ տղերք զինվմ են ըժու դուրս գալիս, որ դրանց հախիցը մի լավ գան, մինչևանը գեղացիք գան քոմակ անեն։ Տղերքը կարմ են թշնամուն մի լավ վեր հատեն, թուլացնեն, բայց ցավոք վերջմ զոհվմ են։ Հա շատ ցավոտ պատմությունա ու էս ապացույցնա էն բանի, որ Կողբի ժղովուրդը համ շատ մեծ, հարուստ ու կարևոր պատմություն ունի, համ շատ խիզախա։ Մի խոսքով շարունակենք պատմությունը։ Ըժու մեր գեղացիք, որ գիդենմ են, թե ինչա կատարվել, գալիս են, ըժու մեր հերոսներին հենց իրանց զոհված տեղմնել հողին հանձնմ ու ամեքի գերեզմանը ըտի շինմ։ Էտ կռիվնել մի սարի քշտինա էլած ըլմ, դրանից եդը էտ սարը սկսմ են կոչել Ազափ սարեր, եդնուց էտ դառնմա սրբատեղի։ 1999 թվինել հայրենագետ Սուրեն Աբովյանի նախաձեռնությամբ ըտի ևս մի թազա հուշարձանա շինվմ։
Էսքանով էս նյութը պռծածնենք, բայց մի բան լավ գիդեցեք. մեր գեղի պատմությունը շատ֊շատա ու շատ կարևոր, ուղղակի էտքանն անհնարա սենց պատմել»։
Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը
Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա աշխատանքը։ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների ընդհանուր պատկերում նվազել են բնակարանային գողություններն ու համակարգչային հափշտակությունները, աճել՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Աճել են նաև ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները, ինչը դրական է գնահատվում լատենտային համարվող հանցագործությունների շարժընթացում։
Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում գրանցված 664 հանցանքից բացահայտվել է 562-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը ևս պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներով։
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցվել է հանցագործության 159 դեպք, բացահայտվել՝ 82-ը։ Նվազել են մարդու և հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության ու սեփականության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկման տարածքում ևս մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, աճել՝ շրջակա միջավայրի դեմ ուղղվածները։ Անցած 6 ամսվա ընթացքում գրանցված 166 դեպքից բացահայտվել է 138-ը։
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցված 100 հանցանքից էլ բացահայտվել է 68-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը ևս պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներով։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 2921 ահազանգ՝ 365-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Տավուշի պարեկները կազմել են ընդհանուր 27․029 արձանագրություն՝ 2437-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, նրանք բացահայտել են 171 հանցանք, որոնց թվում քիչ չեն ապօրինի ծառահատման ու փաստաթղթի կեղծիքի դեպքերը։
Արփինե Սարգսյանն, անդրադառնալով շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին, հանձնարարել է պարբերաբար իրականացնել շրջայցեր և ուժեղացված հսկողություն սահմանել թիրախային հատվածներում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կանխման ու օպերատիվ բացահայտման, ինչպես նաև ապօրինի գործունեություն ծավալող փայտածուխի արտադրամասերի հայտնաբերման համար՝ կարևորելով էկոպարեկային ծառայության հետ համագործակցված միջոցառումները։
Այս համատեքստում նախարար Սարգսյանն անձնակազմից պահանջել է, օրենսդրությամբ ամրագրված գործիքակազմերի կիրառմամբ, միջոցներ ձեռնարկել նաև ապօրինի ծառահատումներով ապացույցների կորստի դեպքերի բացառման ուղղությամբ, որպեսզի անտառահատները չկարողանան խուսափել քրեական պատասխանատվությունից։
Մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու մասով՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ինտենսիվացնել համագործակցությունը դատախազական ու քննչական մարմինների հետ՝ անհրաժեշտ ապացուցողական բազայի ձևավորման ու հանցանք կատարած անձանց մեղադրյալ ներգրավվելու հարցերի պատշաճ լուծման համար։
Նախարար Սարգսյանն անձնակազմից պահանջել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հետախուզվող անձանց հայտնաբերման ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացումը կրում է կանխարգելիչ բնույթ։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Տավուշը զբոսաշրջային մարզ է՝ հանձնարարելելով արտաքին ծառայությունը կազմակերպել և իրականացնել այնպես, որ բացառվեն հասարակական կարգի խախտման դեպքերը։
Պարեկային ծառայության աշխատանքի հետ կապված գոհունակություն հայտնելով՝ նախարար Սարգսյանը ստորաբաժանման ղեկավարներից պահանջել է իրականացնել աձնակազմի բովանդակային հրահանգավորում՝ հիմնվելով մարզի ավտոճանապարհներին արձանագրված դեպք-պատահարների խորքային վերլուծության վրա, ինչը հնարավորություն կտա ծառայությունը կազմակերպել առավել արդյունավետ և արձանագրել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում։
Նախարար Սարգսյանի Ոստիկանության ծառայություններին ուղղված հանձնարարականների շրջանակում ներառվել են նաև տեսական գիտելիքների և գործնական հմտությունների մշտական զարգացմանը վերաբերող հարցեր։
Նույն օրը Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի հրշեջ-փրկարարներին անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ տարվող ակտիվ միջոցառումների համար։
Այնուհետև ՆԳ նախարարը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Իջևանի բաժին, ծանոթացել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայություններին, զրուցել սպասարկվող քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով ծառայությունների որակից։
Նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Իջևանի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում և հաղորդակցվել քաղաքացիների հետ, որոնք գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի կապակցությամբ:
Գյուղատնտեսության ու նորարարության նոր հորիզոններ Բերդ համայնքում․ անցկացվեց «Բերդ ագրոֆեսթ» փառատոնը
Բերդի տարածաշրջանում տեղի ունեցավ երկօրյա «Բերդ ագրոֆեսթ 2025» փառատոնը՝ կազմակերպված «Ծիլի Ծով․ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ-ի կողմից։ Փառատոնը դարձավ գյուղատնտեսության ու ստեղծարար մտածողության յուրահատուկ հանդիպման վայր՝ մեկտեղելով ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած մասնակիցների։
Փառատոնի առաջին օրը լի էր ակտիվությամբ՝ խորհրդանշական եգիպտացորենի լաբիրինթոսից մինչև գյուղատնտեսական տեխնիկայի ցուցադրություն։ Տեղական արտադրանքի ու արհեստների տաղավարները ներկայացնում էին Բերդի ու համայնքի բնակավայրերի ձեռնարկատերերին, իսկ համայնքային ճաշն ու խոհարարական վարպետաց դասերը հյուրերին հնարավորություն տվեցին համտեսել Տավուշի խոհանոցի համերը։
Առանձնահատուկ ուշադրության արժանացավ պանելային քննարկումը՝ նվիրված գյուղական տուրիզմի և համայնքային զարգացման հեռանկարներին։ Ոլորտի փորձագետները քննարկեցին ինչպես կարելի է համատեղել գյուղատնտեսական ներուժը՝ զբոսաշրջային հնարավորությունների հետ։
«Բերդ ագրոֆեսթը» ոչ միայն փառատոն է, այլ զարգացման հարթակ, որտեղ համայնքը ճանաչում է իր ներուժը և պատրաստվում նոր վերելքների։ Փառատոնը նոր սկիզբ դրեց Տավուշում համայնքային համագործակցության ու կայուն զարգացման նոր փուլերի համար։
Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին կփակվի Դիլիջանի թունելը
Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժամը 00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։ Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Դիլիջանի Գեղարվեստի դպրոցն ամփոփեց 2024-25 ուսումնական տարին
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփել են 2024-2025 ուսումնական տարին։ Ավանդույթ դարձած ավարտական ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով այցելուներին ծանոթանալու դպրոցի աշակերտների աշխատանքներին։
Դպրոցում սովորում է ավելի քան 400 աշակերտ, որոնցից 39-ն այս տարի հաջողությամբ ավարտում են ուսումը։
Տարվա ընթացքում դպրոցի սաներն ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես համապետական, այնպես էլ միջազգային տարբեր մրցույթների ու փառատոնների՝ արժանանալով պատվոգրերի, դիպլոմների ու մեդալների։ Այս հաջողությունները վկայում են թե՛ դպրոցի մանկավարժական ներուժի, թե՛ աշակերտների նվիրումի ու աշխատանքի մասին։
Դիլիջանի գեղարվեստի դպրոցն այսօր էլ շարունակում է մնալ տարածաշրջանի մշակութային ու կրթական կարևորագույն կենտրոններից մեկը՝ ոգեշնչելով նոր սերունդներին արվեստով ապրել ու ստեղծագործել։
«M» պարային համույթի հաշվետու համերգն Իջևանում
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը». հուլիսի 29-ին Իջևանում տեղի ունեցավ «M» պարային համույթի հաշվետու համերգը։
Տավուշյան ռեպորտաժի ձայնն ընթերցվել է արհեստական բանականության միջոցով․ ի դեպ՝ AI գործիքները Տավուշ Մեդիայի «զինանոցում են»։
Նոր հասցե՝ առողջ ու ակտիվ ժամանցի համար․ բարեկարգվել է Վերին Կարմիրաղբյուրի լողավազանը
Վերին Կարմիրաղբյուր ու Նորաշեն գյուղերի խաչմերուկում գտնվող «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային կենտրոնը շարունակում է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել տարածաշրջանի երեխաներին ու մեծահասակներին, սակայն արդեն նոր պայմաններում։ Կենտրոնում իրականացվել է վերազինման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Այս ամենն իրականություն է դարձել՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ՝ «ԼԻԴԵՐ» ծրագրով ստեղծված «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբի աջակցությամբ։
«Վարդանանց ասպետներ կրթահամալիրը կառուցվել է 2015-16 թթ․-ին՝ ամերիկահայ բարերար Տիգրան Սահակյանի միջոցներով, գործել է մինչև 2020 թվականը, և հետո մենք մեր ընտանիքի երիտասարդ կազմով որոշեցինք, որ կարելի է նորից վերսկսել, վերաբացել աշխատանքը, երևի թե հիմնականում այն պատճառով, որ պատերազմից հետո երիտասարդությանը կարողանանք կենտրոնացնել և պահել տարածաշրջանում։ Սկսեցինք աշխատանք փոքր միջոցներով, բայց ընթացքում հասկացանք, որ բավականին մեծ միջոցներ են անհրաժեշտ, տեղեկացանք ծիլիծով տեղական ակտիվ խմբի մասին և որոշեցինք ներկայացնել մեր բիզնես ծրագիրը ոչ միայն բիզնես տեսանկյունից, այլ նաև երիտասարդությանը համախմբող տարածաշրջանում ակտիվ երիտասարդական խմբեր ստեղծելու նպատակով։ Դրամաշնորհի արդյունքում մենք կարողացանք ավելացնել մեր ունեցած գույքը, ձեռք բերեցինք նոր սեղաններ, հովանոցներ, նոր պոմպ, և ջրի համար նախատեսված ֆիլտրեր, որոնք շատ կարևոր են, որն էլ ավելի ապահովեց մեր երեխաների անվտանգությունը լողավազանում, ջրի ջնջությունը, մաքրությունը, պարզությունը, և բավականին նյութեր, որոնք անհրաժեշտ են լողավազանի գործունեության համար», – նշում է Ծրագրի շահառու Նելլի Ալիխանյանը։
Վերազինված լողավազանը համայնքի բնակիչների համար դարձել է առողջ ու ակտիվ կյանքի նոր հասցե, քանի որ լողի խմբակների գործարկումը հնարավորություն է տվել երեխաներին ու երիտասարդներին զբաղվել սպորտով՝ զարգացնելով իրենց ֆիզիկական կարողությունները։
«ԼԻԴԵՐ» մեթոդաբանությամբ ստեղծված «Ծիլի Ծով» ՏԱԽ-ը կարևոր հարթակ է, որտեղ միավորվում են Բերդ համայնքի հանրային, մասնավոր և քաղհասարակության սեկտորները։ Այն նոր՝ ներքևից վերև մոտեցումն է առաջ տանում, և տեղական դերակատարների ձայնը լսելի է։ Լողավազանի գաղափարը ևս նորարար է, քանի որ մինչ այդ Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բացակայում էր երեխաների համար լողալ սովորելու հնարավորությունը։ Այն կառույց է, և մեր համագործակցության արդյունքում «Վարդանաց ասպետներ» կազմակերպության կողմից հիմնված այդ տարածքը ծառայելու է այժմ «Բերդ ագրոֆեստ» փառատոնի անցկացման համար, որը, լիահույս ենք, շարունակական նախաձեռնություն է», – խոսքն ամփոփում է «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ ՀԿ խորհրդի նախագահ Նառա Պապյանը։
Այսօր կենտրոնը դարձել է տարծաշրջանի գյուղերի ժամանցի և ակտիվության նոր հասցեն։ Այստեղ կազմակերպվող մարզումները միավորում են երեխաներին ու երիտասարդներին, ձևավորում նոր ընկերություններ ու համայնքային շփման միջավայր։ Ինչն էլ համայնքներին բերել է՝ աշխուժություն, շարժ ու ուրախություն։
«Մայր հողի» տոնն ու ուրցի անուշ բույրը Նոյեմբերյանի սարերում
Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի սարերում արդեն չորրորդ տարին անցկացվում է «Մայր հողի» տոնը։ 2022 թվականից սկիզբ առած այս տոնը յուրահատուկ ձևով միավորում է ավանդույթներն ու նորարարությունը՝ իր շուրջ համախմբելով ինչպես տեղացիներին, այնպես էլ Հայաստանի տարբեր անկյուններից և արտերկրից ժամանած հյուրերին։
Տոնը տևում է երկու ցերեկ և մեկ գիշեր՝ բացօթյա վրանային և տնակային գիշերակացով, անմոռանալի հանգստի և ակտիվ ժամանցի պայմաններում։ Բազմազան և բազմաբնույթ ծրագրով տոնական օրերը հագեցած են լինում մշակութային ու կրթական միջոցառումներով։
Տոնի ընթացքում կազմակերպվում են.
Ուրցահավաք՝ ուղեկցված կենդանի կիթառային ու շվային երաժշտությամբ և փոքրիկ սննդային ընդմիջումով,
Ավանդական թերթերուկի (կամ՝ նազուկ, սալի, հասալի, փսալի․ քաղցրավենիքը մի քանի անուն ունի Տավուշում) բացօթյա թխում,
Խարույկի շուրջ ուրցի թեյախմություն՝ կիթառի հնչյունների ներքո,
Տեղական բերք ու բարիքի, ձեռագործ իրերի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք,
Վարպետաց դասեր՝ տարբեր մասնագիտությունների և հմտությունների ուղղությամբ։
Տոնի գաղափարախոսությունը միահյուսում է հինը և նորը, ավանդականը և ժամանակակիցը, հաճելին և օգտակարը՝ հնարավորություն ընձեռելով բոլորին առնչվելու մեր գեղեցիկ մշակույթի հետ։ «Մայր հողի» տոնը նպաստում է զբոսաշրջության և տեղական բիզնեսի զարգացմանը, նպաստում է տարածաշրջանի ճանաչելիությանը և արժևորում է մայր հողը՝ որպես հայրենիք ու բարձրագույն արժեք։
Հատկանշական է, որ տոնին զուգահեռ անցկացվող ուրցահավաքի միջոցառումների շնորհիվ այն արդեն ինքնաբուխ ստացել է նաև «Ուրցի փառատոն» անվանումը, ինչը սիրով և ուրախությամբ ընդունվել է մասնակիցների կողմից։ Ակնկալվում է, որ տարիների ընթացքում «Մայր հողի» տոնը կդառնա համահայկական ամենամյա կարևոր միջոցառում՝ այցելուներին պարգևելով հոգևոր և գեղագիտական հարստացնող փորձառություն։
Վարդավառն Արծվաբերդում
Վարդավառի ժողովրդական տոնախմբությունը սահմանամերձ Արծվաբերդում։