Սահմանամերձ Այգեձորում ընդլայնվում է տեղական արտադրությունը
Սահմանամերձ համայնքներում յուրաքանչյուր նոր արտադրական կետ ավելին է, քան պարզապես աշխատատեղը։ Այն վստահություն է, որ այստեղ կարելի է ապրել, աշխատել ու զարգացնել սեփական համայնքը՝ չվախենալով վաղվա օրից։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը, որ նպաստում է համայնքների մասնակցությանը տեղական զարգացման գործընթացներում, աջակցում է արտադրական հզորությունների ձևավորմանն ու նոր համագործակցությունների ստեղծմանը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «LEAD» ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը նշում է․
«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «LEAD» ծրագրի շրջանակներում «Էկո գարդեն» կազմակերպությանը տրամադրել է սարքավորումներ, ինչի արդյունքում գոյացել են աշխատատեղեր Լեռնային Ղարաբաղից բռնի տարահանված մեր հայրենակիցների համար: Այս համագործակցության արդյունքում ձևավորվեց մի մոդել, երբ միջազգային, հանրային և բիզնես սեկտորները համագործակցեցին և միավորվեցին հանուն սոցիալական հարցերի լուծման, և այո, սա մի ձևաչափ է, որը կարող է կրկնօրինակվել այլ համայնքներում, հատկապես սահմանամերձ համայնքներում, եթե ֆինանսական միջոցներ լինեն»
Սահմանամերձ Այգեձորում գործող «Էկո գարդեն» արտադրական ընկերությունը ծրագրի շրջանակում ստացել է նոր աշխատանքային գործիքներ, որոնք ուղղակիորեն բարձրացրել են արտադրական գործընթացի արդյունավետությունը։
Ընկերությունը պահածոների արտադրության ոլորտում համագործակցում է ավելի քան 100 գյուղացիական տնտեսությունների հետ, մթերում մրգեր, հատապտուղներ, վայրի խոտաբույսեր ու բանջարեղեն։ Նոր գործիքները հնարավորություն կտան ընդլայնելու արտադրությունը, հասնելու մինչև 200 և ավելի մատակարարների, ինչպես նաև ստեղծելու նոր աշխատատեղեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար։
Ծրագրի մասնագետների գնահատմամբ՝ սա դեռ սկիզբն է․ LEAD ծրագիրն այսկերպ փորձում է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավոր հատվածն ու միջազգային կառույցները միասին են աշխատում համայնքային զարգացման համար։
«Համայնք-մասնավոր ընկերություն-միջազգային կառույցներ համագործակցությունն արդյունավետ ու կարևոր գործընթաց է, որ միտված է համայնքի զարգացմանը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր համագործակցությունը բավականին սերտ է, ու տեսնելով լավ գործունեությունը համայնքում, համայնքը տրամադրել է գրասենյակային տարածք: Համագործակցության արդյունքում «Էկո գարդեն» կազմակերպությանը տրամադրվել է մի շարք սարքավորումներ»,- նշում է Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը։
Աշխատանքային գործիքների կարիքն արտադրամասում զգացվում էր․ այժմ դրանց շնորհիվ Այգեձորում տնտեսական աշխույժություն կնկատվի։
«Ջրի սիմֆոնիա․ Կողբ-Վարդավառ». սպասված փառատոնը կյանքի կոչվեց
Վարդավառը Տավուշում ամենասիրված ու սպասված տոնն է, որն արդեն երրորդ անգամ Կողբում ստանում է իր յուրահատուկ դրսևորումը։ Հազարավոր մարդիկ Տավուշից, Հայաստանի մարզերից ու արտերկրից ընտրել էին ջրի ճամփան ու եկել Կողբ՝ դառնալով տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մասը։
Հուլիսի 25․ 2025 թվական․ Կողբ գյուղն արթանանում է վարդավառյան տրամադրությամբ։ Տոնի մեկնարկը դասական էր․ սիմֆոնիկ համերգային երեկոն փառատոնի առաջին միջոցառումն էր։ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Կողբ վարդավառը» մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, լավ ու վառ տրամադրության մասին է։ Փառատոնային եռօրյան, որ այս տարի «Ջրի սինֆոնիա» խորագիրն ուներ, առանձնանում էր մի քանի դրվագներով, որոնցից մեկը Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախմբի, «Գարիկ Սոնա» խմբի ու Նեմրայի համատեղ համերգն էր։
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշում է․
«Ամեն տարի փորձում ենք նշաձողը բարձրացնել՝ ձգտելով նախորդ տարվա դասերի հիման վրա նոր բաղադրիչներ ավելացնել և միջոցառման մակարդակը բարելավելու արդյունքում յուրաքանչյուր տարի ապահովել ավելի մեծ ընդգրկվածություն և ծավալներ։ Այս տարին բացառություն չէ։ Փառատոնի մեկնարկից հետո ակնհայտ դարձավ, որ կազմակերպչական աշխատանքներում ունենք ցանկալի առաջընթաց։ Այս տարի մեր փառատոնին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Հենց միայն այդ հանգամանքը, որ նման մակարդակի նվագողներ ու կատարողներ մասնակցում են միջոցառմանը, արդեն իսկ մեծ իրադարձություն է, քանի որ մարզում, ցավոք, հաճախ տեղի չեն ունենում նման որակի երաժշտախմբերի համերգներ»,- նշեց Արման Բարսեղյանը։
Կողբի ֆուտբոլի դաշտից բուրող համն ու հոտը պատել էր փառատոնային գոտին։ Գաստրո տաղավարներն ու ազգային խոհանոցի վարպետաց դասերը նորովի ընդգծում էին հայկական-ավանդական սեղանի ուժը, որից հետո բոցավառվում է մարզական ոգին՝ Օլիմպիական թեքվանդոյի ցուցադրական ելույթները։
Կողբի տարբեր անկյուններում արվեստը շնչում էր՝ կինոդիտումներ, գրական զրույցներ, ստեղծագործական վարպետաց դասեր․ վառ, երաժշտական ու հանգստի գոտիներում յուրաքանչյուրը կարող էր գտնել իր նախընտրելի զբաղմունքը։
Վարդավառի ծիսակարգը կենդանացավ նաև թատերականացված ներկայացմամբ, վերջում ազդարարելով ջրոցու մեկնարկը։ Ամենուր բարձր տրամադրություն, հազարավոր ժպիտներ, հողի ու հայրենիքի, դրանց թիկունք կանգնողի գնահատում, վերաժեվորված մշակույթ, և ամենակարևորը՝ ավանդույթների ուժն ու կարևորությունը, իրենց միասնությունը զգացող մարդիկ։ Հենց սա էր դարձել միջոցառման անկյունաքարը։
Տավուշյան շուքով վարդավառի տպավորությունները շատ են, որոնք ամեն անգամ ժպտալու և ինչու ոչ, այստեղ այցելելու առիթ կհանդիսանան․ Հաջորդ Վարդավառին գուցե հենց դուք հայտնվեք Կողբում՝ այս մաքրության, այս ջերմության ու այս ժողովրդի սրտում։
Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Կոթիում բռնկված հրդեհը մարվել է. կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ
Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։
Հանդամասում բռնկված հրդեհը ժամը 15:59-ին մեկուսացվել է, մարվել՝ 16:33-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Կոթի գյուղի 7 բնակիչ և էկոպարեկային ծառայության 5 աշխատակից:
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում,
Տավուշի մարզի Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Վերին Կարմիրաղբյուրի մանկապարտեզում (2 փողոց, 1 շենք),
ժամը 12։30-ին՝ Նորաշենի մշակույթի տանը (3 փողոց,1 փակուղի․ 7 շենք),
ժամը 13։00-ին՝ Մովսեսի Հայ փոստում (1 փողոց, 20 շենք),
ժամը 14։00-ին՝ Չորաթանի ԱԱՊԿ-ում (1 փողոց, 26 շենք),
ժամը 15։00-ին՝ Արծվաբերդի մշակույթի տանը (4 փողոց, 2 փակուղի, 10 շենք),
ժամը 16։00-ին՝ Այգեձորի Հայ փոստում ( 1փողոց, 1 շենք), մանկապարտեզում (10 փողոց,1 նրբանցք. 13 շենք),
ժամը 16։30-ին՝ Չինարիի մշակույթի տանը (3 փողոց, 1 փակուղի, 7 շենք)
Նշված հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Տավուշի մարզը՝ իր բնության գեղեցկությամբ ու հյուրընկալ բնակչությամբ, առանձնանում է ևս մի տարբերությամբ․ այն է Վարդավառի տոնի անցկացման և տոնակատարությունների կազմակերպման ավանդույթը, որ դարերով պահպանվել է ամբողջ մարզում՝ Դիլիջանից Իջևան, Բերդ և Նոյեմբերյան։
Հայ ժողովուրդն ունի հարուստ տոնածիսական մշակույթ, որի արմատները ձգվում են նախաքրիստոնեական դարերից։ Այդ տոներից մեկը Վարդավառն է։ Տոնը հայտնի է իր ուրախ և կենդանի բնույթով․ այդ օրը մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում՝ խորհրդանշելով մաքրություն, վերածնունդ և բարի ցանկություններ։ Հայոց ազգային տոնացույցում Վարդավառն առանձնանում է իր հնությամբ, բազմաշերտ իմաստներով և տարածական բնույթով։ Այն տարվա սպասված, ամառային ամենամեծ տոնն է, որը, ինչպես վկայում են և՛ բանավոր ավանդազրույցները, և՛ պատմագիտական աղբյուրները, սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանից, իսկ քրիստոնեության ընդունումից հետո վերաիմաստավորվել և համակցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցին՝ որպես Պայծառակերպության տոն։
Վարդավառի արմատները գալիս են հեթանոսական դարաշրջանից և կապված են սիրո, գեղեցկության, ջրի և պտղաբերության հովանավոր Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։
Հենց Աստղիկն է համարվել սիրո աստվածուհին, ում նվիրված արարողակարգերն ուղեկցվել են ջրի պաշտամունքով, ծաղիկների նվիրումով և տոնահանդեսներով։ Ըստ ավանդության՝ Աստղիկը վարդերով է լվացվել և իր մաքուր մարմնից վարդեր են թափվել, որոնք դառնում են Աստծո փառքի նշանները։ Այդ իսկ պատճառով է, որ Վարդավառի գլխավոր խորհրդանիշներից են վարդն ու ջուրը։ Այդ երկու տարրերը հանդես են գալիս իբրև սրբագործող և մաքրագործող՝ մարմնավորելով թե՛ երկրային և թե՛ երկնային գեղեցկության տարրերը։
Հայոց հին տոմարի Նավասարդ ամսվա առաջին օրերին՝ հուլիսին, նշվել է տոնը՝ որպես նոր տարվա սկիզբ և բարու խորհրդանիշ։ Նավասարդը համարվել է տարվա սկիզբը, և դրա առթիվ անցկացվել են մեծ շուքով ժողովրդական տոնախմբություններ։ Վարդավառն այդ տոնականության բաղկացուցիչ մասն է եղել, որտեղ ոչ միայն փառաբանել են բնության աստվածություններին, այլև հանդես են եկել ժողովրդական խաղերով, երգերով, պարերով և ջրի պաշտամունքով։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ 301 թվականին, Հայ Առաքելական եկեղեցին տոնին տվել է նոր բովանդակություն։ Այն վերակոչվել է իբրև Պայծառակերպության տոն։
Ըստ ավանդության՝ Վարդավառը նշվում է այն օրը, երբ Տերը բարձրացավ Թաբոր լեռը, աղոթեց և պայծառակերպվեց՝ աշակերտների առաջ հայտնվելով աստվածային փառքով։
Այսինքն, հին ավանդույթը եկեղեցին խարսխեց նոր ուսմունքի հիմքի վրա՝ պահպանելով տոնի արարողությունը, իմաստն ու նշանակությունը, սակայն մաքրելով դրանք հեթանոսական բովանդակությունից ու տարրերից։ Ի հակառակ բազմաթիվ նախաքրիստոնեական տոների՝ Վարդավառը չի արգելվել և չի ջնջվել ժողովրդի հիշողությունից։ Ընդհակառակը՝ այն վերաիմաստավորվել է, անցել տարբեր ձևափոխումների ընթացքով և շարունակում է ապրել հայ ժողովրդի կյանքում։
Ինչ պետք է իմանալ տավուշյան Վարդավառի մասին։
Տավուշի մարզում Վարդավառի տոնը հայտնի է «Վրթիվեր» անվամբ, որը բարբառով արտահայտումն է։ Բնակիչների համոզմամբ, «Վրթիվերը» նախնիներից է հասել մեր օրեր՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող ծիսակարգ։ Տարածված կարծիք է եղել, ըստ որի, տոնի անվանումը կապվում է «վարդ» ծաղիկի հետ։ Տոնն ունեցել է և այժմ էլ ունի իր յուրահատուկ ժամանակացույցը․ ինչպես բանավոր վկայություններն են փաստում, Տավուշի մարզում Վարդավառը միշտ նշվել է հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը։ Չնայած Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո, Տավուշի մարզի բնակավայրերում՝ հատկապես Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի շրջաններում, ձևավորվել է ժողովրդական մի այլընտրանքային ավանդույթ՝ այն նշել հուլիսի վերջին կիրակի օրը։ Այս շարքում կան բացառություն կազմող գյուղական բնակավայրեր, որոնք ունեն տոնը նշելու իրենց ամսաթիվը (օրինակ՝ Ոսկեպար, Կիրանց, Չինարի, Մովսես․․․)։
Մարդկանց հիշեցողություններում դեռ թարմ է տոնի նկարագիրը․ դեռ 20-րդ դարի սկզբին Վարդավառի տոնը կապված է եղել դաշտային աշխատանքների ավարտի հետ։ Երբ հացահատիկի հունձն ավարտվում էր, համայնքի բնակիչները հավաքվում էին և կազմակերպում հյուրընկալ տոնական սեղան՝ ի պատիվ աշխատավորների։
Այս ավանդույթը վկայում է տոնի սեզոնային բնույթի, ինչպես նաև նրա՝ համայնքային համերաշխությունը խթանող նշանակության մասին։ Խորհրդային կարգերի ժամանակ՝ ինչպես նշում են մարդիկ, արգելված էր բացահայտ կերպով տոնել կրոնական ենթատեքստ ունեցող տոները։ Այդուհանդերձ, Վարդավառը պահպանվել է ժողովրդի հիշողության մեջ, իհարկե, խուսափելով բացահայտ քրիստոնեական բնութագրումներից։ Այդ տարիներին, ինչպես հետաքրքիր դրվագով պատմում է իջևանցի 72-ամյա պապիկը, ռադիոն փորձում էր վերաիմաստավորել տոնը՝ հայտարարելով, թե այն կապ ունի Վարդան Մամիկոնյանի հետ, ով իբր այդ օրերին զորքով անցել է Տավուշով և աղբյուրներ է կառուցել։ Չնայած այդ պատմությունը չունի որևէ պատմագիտական ապացույց, այն հետաքրքիր օրինակ է, թե ինչպես են փորձել տոնն աշխարհիկացնել՝ չեզոքացնելով դրա հոգևոր ու նախաքրիստոնեական տարրերը։
Տավուշի մարզում Վարդավառը միշտ եղել է մեծ ու սպասված տոն, որի առիթով հավաքվել են ոչ միայն համայնքի ներսի, այլև արտերկրում բնակություն հաստատած ընտանիքների անդամները։ Տոնն ընկալվել է որպես առիթ՝ վերադառնալու հայրական օջախ, հիշելու նախնիներին ու վերարժևորելու ընտանեկան կապերը։
Վարդավառին նախապատրաստվել են ամբողջ ընտանիքով։ Յուրաքանչյուրն իր գործն է ունեցել։ Երեխաները ջուր էին հավաքում, իսկ մեծերը՝ նախորդ օրը հավելյալ սեղաններ և աթոռներ էին բերում։ Ընդունված է եղել գառ գնել, կամ ունեցած գառը հենց տոնի առավոտյան մորթել։ Բոլորը՝ ունևոր թե աղքատ, իրենց ձևով մասնակցել են տոնին։ Տարիքով մեծերը հիշում են, թե ինչպես էին տարիներ առաջ Վարդավառը նշում սարերում՝ առատ բերք ու բարիքի պայմաններում։ Բազմաթիվ ընտանիքներում մատաղն արվել է որևէ խնդրանքի կամ շնորհակալության նպատակով՝ երեխան ծնվել է, հիվանդն առողջացել, անձը փորձանքից է փրկվել։ Մատաղի ծիսակատարությունները հաճախ կատարվել են խաչքարերի, սրբախաչ ծառերի կամ աղբյուրների մոտ, նաև այս նպատակով է, որ տոնը նշելու համար այցելում էին սրբավայրեր։
Խաշթառակ գյուղ
Տոնի օրն առավոտ ծեգին տան մեծը՝ տատը, սկսում էր գաթա թխել։ Պատրաստում էին նաև Վարդավառին հատուկ քաղցրավենիքը՝ նազուկը, որը տավուշյան բարբառում մի քանի անվանումներ ունի՝ սալի, հասալի, փսալի, թերթերուկ, նազուկ։ Ամբողջ գյուղով մեկ առավոտյան տարածվում էր թարմ նազուկի բույրը։
Հատուկ ուտեստ էր նաև գառան արյունը, որն այսօր էլ տեղական յուրօրինակ ճաշատեսակ է։ Տոնական սեղանը հիմնականում կազմված էր տնային պայմաններում պատրաստված կերակուրներից՝ սեփական այգուց հավաքված մրգերով ու բանջարեղենով։ Հյուրընկալության նշան էր համարվում տան դարպասների ու դռների բացված լինելը։ Շատ ընտանիքներում տան ավագը տոնի առավոտյան ասել է. «Ով Վարդավառի օրը առաջինն արթնանա ու լվացվի Վարդավառի ջրով, նրա աչքերը միշտ առողջ կմնան»։
Այդ օրն ասել են՝ չպետք է ոչ ոքի նեղացնես, վիճես կամ վատ խոսք ասես։ Տոնն ուղեկցվել է ջրոցիով՝ ջրային խաղով։ Ջրոցին ասոցացվել է մաքրության, հոգսերից ազատվելու և նոր սկզբի հետ։ Ասում էին, որ ջուրը ցավերն ու դժբախտությունները կտանի իր հետ, ու մարդը մաքրված կմնա՝ ինչպես հոգով, այնպես էլ մարմնով։ Ջրում էին բոլորին՝ երեխաներից մինչև երիտասարդներ։ Սակայն խաղը սահմաններ ուներ։ Հարգանքի նշան էր չջրել տարեց մարդկանց, եկեղեցուց դուրս եկողներին կամ սև հագուստով անցնողներին։
Վարդավառին ուղեկցող խաղերն ու զբաղմունքները նույնպես յուրահատուկ էին՝ պարզ, կենդանի ու ներգրավող։ «Տփնուկի», «Յոթ քար», ծաղկահավաք՝ խաղեր, որոնք մնայուն էին սերունդների հիշողության մեջ։ Դրանք խաղեր էին, որոնք պահանջում էին շարժում, կոլեկտիվ մասնակցություն, աղմուկ ու ծիծաղ։
Ավանդական խաղեր
Ծաղկահավաքը հատկապես սիրված էր։ Փոքր երեխաներն ու աղջիկները հավաքում էին դաշտի ծաղիկները, մասնավորապես «Նարգիզ» ծաղիկը, որը հենց վարդավառյան ծաղկատեսակ էր, փնջում էին, դրանցով զարդարում թե՛ իրենց, թե՛ շրջապատը։ Տավուշցիների հուշերում դեռ պահպանվել է, թե ինչպես էին այդ օրը զարդարում նաև կենդանիներին՝ հատկապես կովերին։ Կովերի եղջյուրներին ծաղկեպսակներ էին դնում՝ հավատալով, որ այդպես նրանք չեն հիվանդանա և առատ կաթ ու միս կտան։ Ծաղիկներով է զարդարվում նաև եկեղեցու խորանը։
Նարգիզ ծաղիկ
Ժողովրդական երգերը ուղեկցում էին տոնական օրն ու ամբողջ նախապատրաստական շրջանում։ Տոնին բնորոշ երգերն այսօր արդեն մոռացության են մատնվում, իսկ մի մասը ժամանակի ընթացքում ձևափոխվել են։ Մարդկանց հիշողության մեջ դեռ հստակ հնչում են այդ հին ու բարի մեղեդիները՝ «Վարդավառ է, վարդավառ, մեր գեղում մեծ վարդավառ», «Աղջի Լուսինե», «Իմ յարո ջան», «Լոռվա սիրուն սարերը»։ Այս երգերն արտահայտում էին մարդկանց սերը բնության, հայրենի գյուղի, սիրած անձնավորության և կյանքի հանդեպ։ Բացի երգերից, օրվա ամբողջ մթնոլորտը լցված էր օրհնանքներով։ Մարդիկ միմյանց ջուր էին ցողում՝ մաղթելով․ «Ջրի նման մաքուր լինես», «Ջուրը բախտդ կբացի», «Ջրի նման երկար կյանք ունենաս», և այլն։ Ջուրն այստեղ ուներ խորհրդանշական իմաստ՝ մաքրում էր հիվանդություններից, փորձանքներից, վատ մտքերից։
Տոնի կարևոր մաս էր կազմում նաև հումորը։ Տավուշցիների շրջանում տարածված հումորային խոսք կար․
«Տարվա կեսն աշխատում են Նոր տարի անելու համար, մյուս կեսը՝ Վարդավառ»։
Թեթև ժպիտ առաջացնող այս հումորի տակ թաքնված էր կարևոր գաղափար․ այսինքն, տոնն այնքան կարևոր է, որ արժեր ամիսներ շարունակ պատրաստվել՝ թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, ինչու ոչ՝ նաև ֆիզիկապես։ Օրվա ավարտին, երբ ջրոցին ավարտվում էր, և մատաղն արդեն մատուցված էր, մարդիկ միմյանց բարի խոսքեր էին ասում՝ բերք ու բարքի առատություն, առողջություն, և ամենակարևորը՝ խաղաղ երկինք ու ներդաշնակ աշխարհ։
Հեղինակ՝ Էռնեստ Խանումյան
Դիտեք Տավուշի մարզի համայնքներում անցկացված վարդավառյան միջոցառումների մասին մեր տեսանյութերը:
Տավուշի մարզում շարունակվում է ամառային զորակոչը
Հուլիսի 17-ին Իջևանից, Բերդից ու Նոյեմբերյանից զորակոչիկների հերթական խումբը մեկնել է պարտադիր զինվորական ծառայության:
Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները։ Միախառնվել էին բոլորի զգացմունքները։
Ապագա զինվորները գիտակցում են, որ հեշտ չի լինելու բանակային կյանքի տարիները, բայց պատրաստ են իրականացնելու հայրենիքի պաշտպանի առաքելությունը:
Լուսանկարները` Բերդի և Նոյեմբերյանի համայնքապետարաններից:
Ավանդության համաձայն՝ 1757 թվականին Արցախի Խաչենի մելիքությունից Տավուշ է տեղափոխվել Մելիք Մխիթարը իր որդու՝ Թումանի հետ։ Այստեղից են հաշվարկում Բերդի Թումանյանների տոհմածառի արմատները։ Շուրջ 300 տարվա ընթացքում Տավուշի Թումանյանների տոհմի պատմությունը նշանակալի ու արժեքավոր իրադարձությունների հետ է աղերսվում։
Ի նշանավորումն Թումանյանների տոհմի 270-ամյակի և տոհմի հիմնադրի 300-ամյակի՝ հուլիսի 12-ին Բերդում համախմբվել էին Տավուշի, Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած Թումանյանները։ Արմատների արժևորման խորհրդանշական այս միջոցառումը մեկնարկեց Բերդի հին գերեզմանատանը՝ տոհմական դամբարանում։ Այստեղ կատարվեց հոգևոր կարգ՝ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ։ Բերդի Սուրբ Սարգիս մատուռը, որը կառուցվել է Թումանյանների ձեռքով դեռևս 19-րդ դարում, կրկին աղոթքով էր լցվել։
Ներկայիս Թումանյանները ոչնչով չեն զիջում իրենց ազնվական ապուպապերին։ Նրանք պատվով շարունակում են հայկական և տոհմական ավանդույթները՝ դաստիարակելով ու կրթելով Թումանյանների արժանի սերունդներին։ Թումանյաններն, ապրելով Բերդում, Հայաստանի տարբեր անկյուններում, զարգացրել են գիտությունը, արվեստն ու մշակույթը։
Թումանյաններն ու տոհմի բարեկամները ներկա էին «Թումանյանների պատմությունը» և «Նշանավոր Թումանյաններ» խորագրերով միջոցառմանը։ Սա պատմական ու արժեքային հիշեցում էր բոլորին՝ հիշել և փոխանցել, թե ովքեր են իրենց նախնիները և ինչ ժառանգություն են թողել։ Նշանավոր Թումանյանների անունները՝ Ստեփան Բեգից մինչև Ստյոպա Թումանյան, Արշակ Բեյից մինչև Վիտյա Թումանյան, կենդանի պատումներ են՝ արժանապատիվ կյանքի, գիտելիքի, պայքարի և նվիրումի։ Այդ պատմությունն ուսանելի ու լավ օրինակ է՝ հատկապես երիտասարդ թումանյանների, տավուշեցիների ու հայերի համար։
Միջոցառման ամենասպասված պահը տոհմածառի հանդիսավոր բացումն էր։ Տասնյակ ճյուղերով ու անուններով զարդարված այս ծառը միավորում է սերունդներին։ Ներկաների սրտերում մեկ մաղթանք է՝ տոհմը շարունակի ծաղկել ու զորանալ։ Տոհմածառը երկար, ջանադիր ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է՝ օրվա կազմակերպիչ Արթուր Թումանյանի նվիրումով։
Տոհմերը ուժեղ են, երբ հիշողություն ունեն։ Բերդի Թումանյանները հիշում են, պահպանում են և արժևորում՝ հանուն նախնիների ու հանուն ապագա սերունդների։ Այսօր էլ Թումանյանները ապրում, արարում են՝ զարկ տալով Բերդի, Տավուշի և Հայաստանի մշակութային ու հանրային կյանքին, երկրի զարգացմանը։
Նոյեմբերյան համայնքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի, Երևանյան, Խանջյան, Շիրազի փողոցների, Հաղթանակ, Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը 25 տարեկան է
«Նիկարմ» ֆուտբոլային ակումբի 25-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում տարվա ընթացքում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ ներգրավվելով տարբեր սերնդի ֆուտբոլիստների։ 25 տարիների ընթացքում «Նիկարմի» կազմում հանդես են եկել տարիքային թիմեր, ովքեր հուլիսի 12-ին և 13-ին հավաքվել էին Գետահովիտի մարզադաշտում։
Գործունեության 25 տարիների ընթացքում ֆուտբոլային ակումբի թիմերը մասնակցել են տարբեր տարիքային առաջնությունների։ Տավուշի մարզի սպորտային կյանքում ֆուտբոլի մասայականնացման աշխատանքներում մեծ է «Նիկարմի» դերը։
25-ամյակի գավաթը ստանում են «Նիկարմ 02» թիմը․ ինչպես անցնող 25 տարիների ընթացքում, այս անգամ ևս հաղթում է թիմային պայքարն ու մարզական ոգին։