«Բերդ» մշակույթի կենտրոնի ահազանգը

«Բերդ» մշակույթի կենտրոնը հայտնում է, որ «Տավուշ» բերդ բարձրանալը վտանգավոր է կյանքի և առողջության համար։ Ամրոցը խարխլված է, իսկ վերջին պեղումներից և տեղումներից հետո քարաթափման վտանգը զգալիորեն աճել է։

 «Տավուշ» բերդը՝ կործանման եզրին։

«Տավուշ» բերդը՝ այն պատմական ամրոցը, որի անունով կոչվում է մեր ամբողջ մարզը, կանգնած է անդարձ կորստի եզրին։ Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, բայց բերդը շարունակում է մենակ մնալ։ Մի քանի տարի առաջ բերդի վերջին պահպանված հատվածում իրականացվել են հնագիտական պեղումներ։ Հողաշերտը՝ երբեմնի պաշտպանական վահանը, հեռացվել է՝ բացելով քայքայման ուղին։ Բայց հետո՝ ոչ մի ամրակայման աշխատանք չի իրականացվել։

Այսօր անձրևաջրերը մերկ քարերի միջով ներթափանցում են արագացնելով նրա մահվան ընթացքը։ Պատկան մարմիններին մշտապես բարձրաձայնում ենք. նրանք պատասխանում են՝ «մրցույթ է հայտարարվել, բայց մասնակցող չկա»։ Բայց բերդը չի սպասում։ Պատմությունը չի սպասում։ Եվ եթե այսպես շարունակվի, մեր նախնիների ժառանգած այս խորհրդանիշը պարզապես կվերանա՝ մի օր մնալով միայն նկարներում ու հուշերում։

Եթե այժմ չփրկենք «Տավուշ» բերդը, վաղը կարող ենք կանգնել դատարկ պատմության առաջ», նշված է «Բերդ» մշակույթի կենտրոնի հայտարարության մեջ։




Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում բացվեց ինֆեկցիոն և մանկական բաժանմունքը

Նոյեմբերյան համայնքի բնակիչները ինֆեկցիոն և մանական բուժծառայություններից օգվելու համար այլևս կարիք չեն ունենա հասնելու մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան հիվանդանոցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով վերակառուցվել է ինֆեկցիոն մասնաշենքը՝ միաժամանակ ապահովելով ինֆեկցիոն և մանկական բաժանմունքների գործառույթները:

Հիմանորոգված մասնաշենքի պայմաններին առաջինը ծանոթանում են «Հայաստան» հիմնադրամի աշխարհասփյուռ ներկայացուցիչները։ Մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը կյանքի է կոչվել  հիմնադրամի  ԱՄՆ –ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:

2009 թվականին դարձյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է հիվանդանոցի գլխավոր մասնաշենքը և հագեցվել նորագույն սարքավորումներով:

Մասնաշենքն անհրաժեշտ գույքով է կահավորել Առողջապահության նախարարությունը: Հիվանդանոցում բարվոք պայմանների առկայությունն խիստ անհրաժեշտ է, քանի որ այն միակ բժշկական կենտրոնն է Նոյեմբերյան համայնքում ու սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի:

«Հայաստան» հիմնադրամի ջանքերով Նոյեմբերյանում ընդյալվեց առողջապահական ծառայությունների տրամադրումը․ կյանքի որակ բարելավող ծրագրերի իրականացումը շարունակվում է։




Շիրակի մարզից սահմանապահ Չինարի՝ ուսուցչության ճանապարհով․ Նելլի Հովհաննիսյան

Նելլի Հովհաննիսյանն առաջին անգամ դասավանդել է Շիրակի մարզում, այսուհետև «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի միջոցով տեղափոխվել է Տավուշի մարզ` սահմանապահ Չինարի:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Բերդավանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Հովնանյան» հիմնադրամն օգնում է վերակենդանացնել սահմանամերձ գյուղերը և բարելավել կենսաապահովման միջոցները

2020 թվականից Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը՝ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրի հետ համագործակցությամբ, ակտիվորեն ներգրավված է Տավուշի սահմանամերձ գյուղերի՝ ջրի հետ կապված ճգնաժամային խնդիրների լուծման գործում: Այս շարունակական պետություն-մասնավոր դաշտ համագործակցությունը ձգտում է ոռոգման և մաքուր խմելու ջրերով ապահովել դրանցից զրկված գյուղերին: Վերջնական նպատակն է հիմնովին բարելավել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմանները` աշխուժացնելով բնակչությունը և հնարավորություն տալով աճեցնել գյուղատնտեսական տարբեր մթերքներ։

Հունիսի 2-ին Նոյեմբերյան համայնք էր այցելել Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տնօրեն Էդիլ Հովնանյանը․ այցի շրջանակում քննարկվել են նախորդ տարիներին համայնքում իրականացված ծրագրերը, բնակիչների արձագանքները և հետագա զարգացման հնարավորությունները։ Այցը նպատակ ուներ գնահատելու համայնքում իրականացված աշխատանքների արդյունավետությունն ու զարգացման նոր ուղղությունները։

Այցելություններ են եղել մի շարք տարածքներ, որտեղ իրականացվել են խմելու ջրի և ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրեր։ Դրանք կյանքի են կոչվել համայնքի և «Հովնանյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Մասնավորապես, 2022-2025 թվականներին շուրջ 260 միլիոն դրամի ներդրմամբ բարելավվել են ջրամատակարարման համակարգերը հետևյալ բնակավայրերում․

  • Բերդավան 2՝ Բերդավան գյուղում,
  • Զեյթուն 1՝ Բագրատաշենում,
  • Լալվարի ոռոգման համակարգ՝ Դեբեդավանում,
  • Խմելու ջրի ներքին ցանց՝ Կողբում։

Հանդիպման ավարտին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը համայնքի կարևորագույն ոլորտների զարգացմանը նպաստելու համար Էդիլ Հովնանյանին շնորհել է Նոյեմբերյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը։ Կոչումը տրվել է համայնքային կարիքների շուրջ ցուցաբերած երկարամյա աջակցության և մարդասիրական արժեքների տարածման համար։

Իր խոսքում Է․ Հովնանյանը վստահեցրել է, որ «Հովնանյան» հիմնադրամը շարունակելու է գործունեությունը Նոյեմբերյան համայնքում՝ հատկապես կենտրոնանալով այն ուղղությունների վրա, որոնք կարևոր են համայնքի բնականոն կյանքի և կայուն զարգացման համար։




Իջևանի ավագ դպրոցն ու Լճկաձորի հիմնական դպրոցը՝ «Մշակութային վերջին զանգ» մրցույթի հաղթողներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը:

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող է ճանաչվել երկուական դպրոց:

Տավուշի մարզում հաղթող են ճանաչվել Իջևանի Գ. Անանյանի անվան ավագ դպրոցն ու Նոյեմբերյան համայնքի Լճկաձորի հիմնական դպրոցը։

«Մշակութային վերջին զանգ» մրցույթին դպրոցները մասնակցել են կամավորության սկզբունքով՝ ներկայացնելով համապատասխան հայտ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ: Հայտը ներառում էր միջոցառման ծրագիրը (սցենար), 10 լուսանկար միջոցառումից, ինչպես նաև մինչև 10 րոպեանոց տեսագրություն (այդ թվում՝ սիրողական տեսագրություններ):

Լճկաձորի հիմնական դպրոցի «Մշակութային վերջին զանգը»․ տեսանյութը այստեղ:

View this post on Instagram

A post shared by Տավուշ ՀԸ / Tavush TV (@tavush_tv)




Դովեղում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Իտալական հյուրընկալության ավանդույթները գալիս են Հայաստան

Դիլիջանում շուտով իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջապահական ոլորտներում։ Վերջինս Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գործող հայտնի, համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։

«Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը դառնա միջազգային ճանաչում ունեցող կենտրոն, որտեղ իտալական փորձն ու հայկական ինքնատիպությունը կհամադրվեն՝ ստեղծելով բացառիկ կրթական միջավայր։  Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ ու կարողոություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ ու միջազգային կարիերայի համար», – նշում է  «Green Rock» հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան։

Դիլիջանում բացվող դպրոցը լինելու է տարածաշրջանի առաջին միջազգային հյուրընկալության կրթօջախը՝ ուղղված գաստրոնոմիայի, հյուրընկալության և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։ Դասընթացները կիրականացնեն իտալացի փորձագետները՝ համադրելով միջազգային փորձն ու հայկական առանձնահատկությունները։

«Մենք ունենք իրական նախագիծ, ունենք իրական ու կենսունական աշխատամիջավայր և մեր ուսանողները այս ամենի մասն են կազմում։ Փորձում ենք այնպես անել, որ ուսանողները կարճ ժամանակահատվածում ստանան կարևոր գիտելիքներ ու հմտություններ, և ակադեմիական փուլն ավարտելուց հետո լիովին պատրաստ լինեն հարաբերվելու աշխարհի հետ»,- հավելեց «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցի հյուրընկալության մենեջեր Սալվատորե Պրոկոպիոն։                                                                                                                                  

Լրագրողների հետ հանդիպմանը իտալացի փորձագետները ներկայացրին «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցի հարուստ պատմությունն ու իտալական հյուրընկալության կրթական ավանդույթները, որոնք նախատեսում են ներդնել Հայաստանում։

«Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցի սննդի և գինու ուսումնասիրությունների գծով տնօրեն  Մասիմո Բոկուսի խոսքով «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը նպատակ ունի համախմբել հյուրընկալության ու գաստրոնոմիայի ոլորտների լավագույն եվրոպական փորձը։ «Դպրոցն առաջնահերթ  է համարում հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը։ Կարևոր ենք համարում, որ մեր ուսանողները իմանան ինչպես կառավարեն խոհանոցը տարբեր իրավիճակներում։ Մեր փորձառությունը կկիրառենք նաև Դիլիջանում, որտեղ կունենանք նաև սրճարանռեստորան, որը կկառավարվի ուսանողների և մասնագետների կողմից»,- նշում է նա։

Մամուլի ասուլիսի վերջում իտալացի մասնագետները հատուկ հայ լրագրողների համար պատրաստում են իտալական հմայքի ու ճաշակի խորհրդանիշը՝ նեգրոնի, զուգահեռաբար բացահայտելով այդ յուրահատուկ խմիչքի գաղտնիքները։ Իսկ «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցի հայաստանյան՝ Դիլիջանում բացվող ներկայացուցչությունը խոստանում է ձևավորել հյուրընկալության ոլորտում բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների նոր սերունդ։




Ջուջևանում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։