«Հայաստանի գույները». Բերդ համայնքում հնչել են հայ ու ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները

Կայացել է Հայ-ֆրանսիական «Couleurs d’Arménie» անսամբլի համերգը: Հնչել են հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, «Ռադիո ֆրանս» երգչախմբի մենակատար Պատրիկ Րադըլեի (բարիտոն, դաշնամուր) և Աննա Գաբրիելյանի (սոպրանո) կատարմամբ։

Պատրիկ Րադըլեի և Աննա Գաբրիելյանի ոգեղեն կատարումներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և հոտնկայս ծափողջույններին: «Couleurs d’Arménie» անսամբլի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական երաժշտությունը Ֆրանսիայի հանդիսատեսի համար։

Պատրիկ Րադըլեն ներդրել է իր մասնագիտական փորձն ու հմտությունները Ֆրանսիայում Հայաստանի արդի հիմնահարցերը երաժշտության միջոցով բարձրաձայնելու նպատակով։

Անսամբլը բարեգործական համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում։

Մայիսի 27-ին Երևանում՝ «Արդեան» ցուցասրահում, կայանալիք համերգի նպատակն է աջակցել Այգեձորի մշակույթի տան վերանորոգմանը։

Բերդ համայնքում «Couleurs d’Arménie» անսամբլի համերգները կայացել են Բերդի մշակույթի տան և «Մշակութամետ» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ:

Հեղինակ` Անահիտ Մակյան

https://www.facebook.com/watch/?mibextid=wwXIfr&v=738806651806182&rdid=yUb3EDQRglLPYAIe




Բաղանիսում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Նոյեմբերյան համայնքի 22 դպրոցները «Վերջին զանգը» նշել են համայնքային միջոցառմամբ

Նոյեմբերյան համայնքի 22 դպրոցները վերջին զանգը նշեցին միասին։ Հարյուրավոր շրջանավարտներ համայնքի բոլոր բնակավայրերից միասին ճանապարհեցին իրենց դպրոցական տարիներն ու ազդարարեցին կյանքի նոր փուլի սկիզբը։ Համայնքի ցանկությունն է, որ երիտասարդությունը լինի միասնական ու համախմբված, և այս առիթը բաց թողնել չէր կարելի։

Տարբեր դպրոցներ ու տարբեր պատմություններ,  բայց նույնն է ընդհանուր զգացողությունը՝ հուզմունք, երախտագիտություն ու սպասում։ Առջևում բարձրագույն կրթության կարևոր տարիները պիտի լինեն․ շրջանավարտներն էլ հանձնառու են իրենց նպատակներում՝ լավ մասնագետ են դառնալու և վերադառնան այնտեղ, որտեղից սկսվել էր ամեն ինչ՝ Նոյեմբերյան։

Ազգային պարն ու մշակութային բաղադրիչները երեկոյի կարևոր մասն էր։ Ավանդական Բերդ պարից, մինչ վիեննայական վալս։ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը բազմաբովանդակ ծրագիր էր առաջարկել շրջանավարտներին։ Իսկ վերջում հնչում է վերջին զանգը․ այն նաև հույսերի ու սպասումների զանգն է, որ հիշեցնում է` այստեղ ծնվում են ապագայի մարդիկ։




Իջևան քաղաքի 43-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է թմրաբույսերի լաբորատորիա

43-ամյա իջևանցու տանը հայտնաբերվել է թմրաբույսերի լաբորատորիա

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։

Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր: Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Դիլիջանում կայացավ «բոլորով» փառատոնը՝ ի աջակցություն Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման

Դիլիջանյան բնապատկերներով շրջապատված, «Թուֆենկյան» համալիրում, անցկացվեց մի փառատոն, որն ուներ պարզ, բայց խորիմաստ անուն՝ «Բոլորով»։  Փառատոնի նպատակն էր մեկտեղել մարդկանց հանուն մեծ գաղափարի՝ աջակցել Դիլիջանի նոր եկեղեցու կառուցմանը։ Ձեռագործ իրեր, վարպետության դասեր, երաժշտություն, նկարներ ու խաղարկություն, հնչյուններ, գույներ ու մարդիկ։ Օրվա բոլոր գործողություններն ուղղված էին մեկ նպատակի՝ շարունակել կառուցել այն եկեղեցին, որի հիմքերը տարիներ առաջ դրել էր Ռուբեն Վարդանյանը։ Փառատոնը կազմակերպել էր Դիլիջանի համայնքային կենտրոնը՝ ընդգրկելով մշակութային բազմաբովանդակ ծրագիր։

Արմինե Հովհաննիսյան – Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար                       «2025թ. մայիսի 25-ը Դիլիջանում սկսվեց կիրակնօրյա պատարագով. պատարագի հաջորդեց համատեղ աղոթք ուղղված մեր գերիների ազատությանը, ովքեր գտնվում են Բաքվում, և ինչպես գիտեք, այսօր պրն. Վարդանյանի տարեդարձն է, ով արդեն 2-րդ տարեդարձն անցկացնում է անաազատության մեջ: 2021 թվականին Ռուբեն Վարդանյանի «Դիլիջանի զարգացման ծրագրերի» շրջանակում մեկնարկեց Դիլիջանի եկեղեցու կառուցման նախագիծը: Թեպետ ընտանիքն այս պայմաններում շարունակում է աջակցել եկեղեցու կառուցմանը, բայց մենք գտնում ենք, որպես քաղաքացիներ մեր մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև ստեղծվում է բոլորիս կողմից սպասված հոգևոր օջախ», – նշում է Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը։                      

Տաղավարներում գունեղ ձեռագործ իրեր են։ Մի անկյունում՝ գեղանկարներ, մյուսում՝ վարպետության դասեր։ Փառատոնի հյուրերին երաժշտական ողջույն էր բերել նաև «Նեքսուս» խումբը։

Փառատոնի ամենախորհրդանշական պահը «Միասնության փազլի» հավաքումն էր․ մինչ օրվա ավարտը հավաքվեց 24 կտորից բաղկացած Դիլիջանի նոր եկեղեցու պատկերը։ Յուրաքանչյուր կտոր, որը ձեռք էր բերվում սինվովլիկ նվիրատվությամբ, ուղղվում էր եկեղեցու կառուցմանը։

Դիլիջանի հոգևոր հովիվ  Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի խոսքով՝ ինչքան էլ, որ բարերարներ կան, ովքեր աջակցում են, շատ կարևոր է, որ ժողովուրդը գիտակցի, որ եկեղեցին իր սեփականությունն է։ «Ժամանակավոր եկեղեցի ունենք, բայց կարևոր է, որ Աստված իր տունն ունենա. ինչպես մարդիկ ձգտում են իրենց սեփական տունն ունենալ, այնպես էլ Աստծուն վայել տուն պիտի ունենանք: Եվ կարծում եմ, որ ավարտենք, կառուցենք,մեր քաղաքի միասնության խորհրդանիշը պիտի դառնա»,- նշում է Տեր Հայրը։

«Բոլորով» փառատոնը ևս մի առիթ էր բնակիչների համար մասնակից լինելու համայնքի համար կարևոր նախագծի իրականացմանը։ Այն նաև ցույց տվեց, որ համայնքային համախմբվածությունը իրական աջակցության է։

Եկեղեցու պատերը, թեպետ դեռ լիարժեք կանգուն չեն, բայց հիմքներն ամուր են՝ մարդկանց համերաշխությամբ, հիշողությամբ, երախտագիտությամբ։  Եվ քաղաքն այսօր վստահ ասում է «Կառուցում ենք՝ բոլորս, բոլորով»։

 

 

 

 




Բարեկամավանում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Կոթիում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան-Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։




Ոսկեվանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Այվազովսկու «Ծովային տեսարանը» նոր շնչով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում

Ծովի ալիքները կենդանանում են ու փոխանցում հույզեր․ ծովային տարերքի անընդգրկելի վեհության մեջ Այվազովսկու ստեղծագործությունն է, ում վրձնի հարվածներով ամբողջացել է «Ծովային տեսարանը»․ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում հայ մեծանուն նկարչի ստեղծագործության «կենդացմանը» անթարթ աչքերով հետևում են բազմաթիվ քաղաքացիներ։

«Մենք ունենք ժառանգություն, ունենք Այվազովսկի, որն ինքնին մեծություն է և կարիք չունի մեկնաբանությունների, քանի որ այնքան գեղեցիկ են նրա գործերը, բայց այս տեսակի մոտեցումները, քանի որ թույլ են տալիս մտնել նկարի մեջ, նորովի տեսնել և այդ ժառանգությունը դարձնել էլ ավելի ընկալելի և շարունակական՝ իր արժեքները շարունակական»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Վիրտուալ իրականության շնորհանդեսը կայացավ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։ Հատուկ վիրտուալ ակնոցի միջոցով կտավի յուրաքանչյուր մանրուք ավելի տեսանելի էր դարձել, իսկ ձայնային ձևավորմամբ ստեղծված միջավայրը մտովի տեղափոխում էր Այվազովսկու ծովի ափ։ Նախաձեռնության աջակիցներն են Green Rock ընկերությունն ու ԿԳՄՍ նախարարությունը։ Նպատակն է նոր ձևով ներկայացնել թանգարանային արվեստը, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ դասական ստեղծագործություններին նոր կյանք տալու համար։

«Մեզ համար կարևոր է Դիլիջան քաղաքի զարգացումը, իսկ քաղաքի զարգացման համար կարևոր ուղղություն է նաև մշակութային զարգացումը, այդ իսկ պատճառով մենք ուշադրություն ենք դարձնում Դիլիջանում այս ուղղության զարգացմանը»,- իր խոսքում նշեց  Green Rock ընկերության տնօրեն Եկատերինա Դանեկինան։

Նոր մոտեցումն ընդլայնում է արվեստի հասանելիությունը՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ, պատկերավոր և կրթական: Ինչու ոչ՝ նաև ձևավորում է մշակութային նոր հետաքրքրություններ։

Թվային նորարարությամբ զուգորդված այս նախաձեռնությունը նոր զարկ է դասական արվեստի հանրահռչակման համար։ Իսկ «Այվազովսկու ալիքները» շարունակում են հուզել, գերել ու ներշնչել՝ անգամ դարեր անց։