Ինչու՞ այցելել «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարան

Հարուստ է Բերդի թանգարանի հավաքածուն՝ հնադարից մինչև մեր օրեր։ Արժեքավոր է հատկապես Տավուշ բերդին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են պեղումների արդյունքում բերդի շրջակայքից հայտնաբերված կավե, պղնձե գործիքների մնացորդներ, նիզակներ, կենցաղային իրեր, ջրամատակարարման կավե խողովակներ, կմախքներ, զարդեր և այլն։

Թանգարանից 300 մ հեռավորության վրա կիկլոպյան «Բերդ» ամրոցն է , որտեղից այցելուները ՝ անցնելով հեքիաթային անտառը, 21-րդ դարից հայտնվում են 3-հազարամյա պատմություն ունեցող հնավայրում։

Շատ հարուստ և ինքնատիպ է ներկայացված 20-րդ դարը՝ հեղափոխություն,Երկրորդ աշխարհամարտ և մարզի բնակչության մասնակցությունը դրանց: Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը։ Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ։

Դե, իսկ թանգարանից բացվող տեսարանը պետք է սեփական աչքերով տեսնել։




Հրանտ Մաթևոսյանի «Ծառեր» վիպակը՝ Բերդավանի պատանիների ներկայացմամբ

Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակում ծանոթ ու անծանոթ, պատմական ու արդիական բազմաթիվ խնդիրներ բովանդակավորվում են նորովի։

Հրանտ Մաթևոսյանի «Ծառեր» վիպակը՝ Բերդավանի պատանիների ներկայացմամբ, Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում էր։

Հեղինակ՝ է Հրանուշ Անանյան։




Թանգարանները նշում են Թանգարանների միջազգային օրը․ միջոցառումներ Տավուշի մարզում

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում:

Այս տարի ևս մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:

Տավուշի մարզի թանգարանները բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման և մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում:

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • 12։00, 17։00 – «Արշակ Ֆեթֆաճյան» ֆիլմի ցուցադրություն։
  • 16։00 – ArLoopa կազմակերպության, Տավուշ հեռուստաընկերության և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի կողմից ստեղծված Գևորգ Բաշինջաղյանի «Ձմեռային տեսարան» և Հովհաննես Շարամբեյանի «Ծերունու դիմանկարը» ստեղծագործությունների շարժվող թվային տարբերակի ցուցադրություն։
  • 21։00 – «Մսյո Ազնավուր» ֆիլմի ցուցադրություն։
  • Մայիսի 18՝ ժամը 12։00 – «Հովհաննես Այվազովսկի» ֆիլմի ցուցադրություն։
  • 14։00 – Դասական երաժշտություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։
  • 15։00 – Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը։

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • 13։00 – 16։00 – Ցուցանմուշների բացօթյա ցուցադրություն։
  • 16:00-18:00 – «Հայկական ավանդական կարպետի ժամանակակից դրսևորումները»․ կարպետագործության և գորգագործության վարպետաց դասեր։
  • 18:00-20:00 – Իջևան քաղաքի արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։
  • Մայիսի 18՝ ժամը 14։00-15։00 – Համերգային ծրագիր՝ «Գարուն»

«Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարան

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • Մայիսի 18՝ ժամը 14։00 – դասախոսություններ՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով։

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց

  • Մայիսի 17՝ ժամը 11։00-24։00 – Հիմնական ցուցադրություն։
  • Մայիսի 18՝ ժամը 16։00 – Կրթական ծրագիր՝ «Հուշարձանն իմ աչքերով»

Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

 




Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջան քաղաքի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի գազասպառողների, «ԳոշԳազ» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:




Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Ասիական Զարգացման Բանկի միջև «Վարկային համաձայնագրի փոփոխություններ նամակ-համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետի 51․74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այժմ առաջացել է վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։ Վերոգրյալով պայմանավորված՝ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել «Վարկային համաձայնագրում» կատարել հետևյալ փոփոխությունները՝ վարկի փակման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը, վարկային համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված՝ Ծրագրի նկարագրությունը խմբագրել ավելացնելով՝ Ձորագետ, Դեբեդ և Աղստև գետերի մանրամասն ջրաբանական ուսումնասիրությունները, Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների մանրամասն նախագծումը: Ծրագրի նախագծերի ընդունման ակնկալվող ավարտը 2025 թվականի հունիսի 30-ն է:




Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ այսօր վաղ առավոտյան կրակոցներ են լսվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` առավոտյան 15-20 րոպե ինտենսիվ կրակոցներ են եղել:

Ինչ իրավիճակ է այս պահին Մովսեսում. Տավուշ Մեդիան փորձեց ճշտել բնակիչներից և պատկան մարմիններից:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամը 9-ից հետո կրակոցներ չկան։ Էական կրակոցների դեպքում Պաշտպանության նախարարությունը կտեղեկացնի: Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝  այս պահին Բերդ համայնքում իրավիճակը հանգիստ է, բնակիչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան:




Տավուշը հիշում է Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներին

«Տավուշը հիշում է․․․» Այս խորագիրն էր կրում մայիսի 9-ին Բերդ քաղաքում անցկացված միջոցառումը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր երթով, որին մասնակցում էին Բերդի տարածաշրջանի բոլոր 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Հավաքված բազմությունը քայլում էր միասնականությամբ ու հարգանքով՝ կրելով հաղթանակի հիշողությունը սրտերում։ Երթից հետո միջոցառումը շարունակվեց Բերդի համայնքապետարանի հարակից բակում։
Տոնական միջոցառման մշակութային մասը հարստացրին Բերդի համայնքային մշակույթի տան սաները՝ պարային և գրական-բանաստեղծական գեղեցիկ համարներով։

Բեմում իրենց ստեղծագործ աշխատանքներով հանդես եկան նաև փոքրիկները, որոնց աշխատանքների ցուցադրությունը յուրահատուկ տրամադրություն էր հաղորդում միջոցառմանը՝ պատկերելով խաղաղության կարոտը և հայրենասիրական ոգին։

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշցիների, 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից

Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից

Հունգարիայի Էստերգոմ քաղաքը մայիսի 2-3-ը հյուրընկալել էր Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին հարյուրավոր մարզիկներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Հայ մարզիկները մասնակցելով առաջնությանը, գրանցել են ոգևորող արդյունքներ՝ 5 չեմպիոն, 2 փոխչեմպիոն, 5 բրոնզե մեդալակիր։

Առաջնության Եվրոպայի չեմպիոնների շարքում են նաև տավուշցի տղաները՝ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղից Գոռ Կիրակոսյանը և Դեբեդավան գյուղից Արեն Խուդյանը։

 

 




Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ Նոյեմբերյանում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում օրվա խորհրդով անցկացվեց տոնական միջոցառում։

Հայրենասիրական-մշակութային միջոցամանն մասնակցում էին Նոյեմբերյանի համայնքի կրթամշակութային հաստատությունները։