Արևագալի ժամերգությունն Այգեձորի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեծ Պահքի ճամփորդության այս շաբաթվա հանգրվանն Այգեձորն էր։ Գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի հոգևորականներն Արևագալի ժամերգություն են կատարել։




Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա․ տուժածներ չկան

Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մարտի 28-ին, ժամը 13:46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի հանդամասերից մեկում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):




Հարկադիր քարաթափման աշխատանքներ Տավուշի մարզում

Հարկադիր քարաթափման աշխատանքներ Տավուշի մարզում

ՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։

Անհրաժեշտությունից ելնելով, մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին և մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական ծառայողների կողմից իրականացվել են հարկադիր քարաթափումներ:

 

Աշխատանքներին ներգրավվել նաև են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի աշխատակիցներն ու Իջևանի համայնքապետարանից երեք միավոր հատուկ տեխնիկա։




Իրազեկում․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 28-ին, ժամը 11։00-ից 14։00-ն Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ հատվածը լինելու է փակ:
Հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:




Խաշթառակ գյուղի կամրջի վերականգնման աշխատանքները նախագծման փուլում են

Խաշթառակի վնասված կամուրջը

Խաշթառակ գյուղի կամրջի վերականգման աշխատանքները նախագծման փուլում են․ ի պատասխան Տավուշ Մեդիայի հարցադրմանը, հայտնեց Իջևան համայնքի ղեկավար Ա․ Ճաղարյանը։

«Խաշթառակի կամրջի մասով աշխատանքներն նախագծման փուլում են,  իսկ աղետների ռիսկերը կանխարգելելու աշխատանքներն ընթանում են։ Վերջերս Աղստև գետի մաքրման աշխատանքն ենք սկսել, արդեն իսկ մաքրվել է գետի մի մասը, շուտով այն կշարունակվի Իջևան քաղաքից մինչև «Կայանավանի» հարակից տարածք», – նշեց Իջևանի համայնքապետը։


Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, գարնանային հեղեղումների հետևանքով վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Շաբաթների ընթացքում նկատելի է դարձավ կամրջի դեֆորմացումը։

Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որը նույն տարվա հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվեց։ Ժամանակավոր կամրջի շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է կազմել։ Արդյունքում այն օգտագործվում է Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի բնակիչների համար:

Խաշթառակի ժամանակավոր կամուրջը
Խաշթառակի ժամանակավոր կամուրջը․ հուլիս, 2024 թվական




Իջևանը՝ 2024 թվականին․ համայնքի ղեկավարն ամփոփում է անցնող տարին

Նոր ճանապարհների կառուցում, պուրակների և բակերի բարեկարգում, մանկապարտեզների հիմնանորոգում, լուսավորության ցանցի ընդլայնում․ 2024-ն Իջևան համայնքի համար աննախադեպ է բնորոշում համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Անցած տարվա կատարված աշխատանքների՝ ձեռքբերումների ու թերացումների, և նախագծվող աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրել Իջևանի համայնքապետը։

Տարվա մարտահրավերն էր գարնանային հեղեղումները, որի հետևանքով մասնակի վնասվեց Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի կամուրջը։ Գյուղի կամրջի վերականգման աշխատանքներն՝ ըստ համայնքապետի, նախագծման փուլում են։
Չնայած կատարված աշխատանքներին, դեռ չլուծված խնդիրներ կան․ Արթուր Ճաղարյանը հավաստում է, որ խնդիրներին տեղյակ են ու դրանք լուծում են ըստ առաջնայնության։
2025 թվականի ծրագրերն արդեն նախագծված են, համայնքապետարանը սպասում է վերջնական հաստատման։ Ծրագրերի հիմքում գործընկերությունն է՝ համայնք-պետություն, համայնք-հասարակություն կապի պահպանումը։




Իրազեկում․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանք

Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 27-ին, ժամը 11։00-ից 14։00-ն Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի «Մակարավանք» վանական համալիր տանող ճանապարհը փակ է լինելու: Հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:




Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Պտղավան գյուղում ձևավորվել է կամավոր հրշեջ-փրկարարական խումբ

Պտղավան գյուղում ձևավորվել է կամավոր հրշեջ-փրկարարական խումբ

Տավուշի մարզի Պտղավան գյուղում ձևավորվել է կամավոր հրշեջ-փրկարարների խումբ, որն արդեն պատրաստ է գործի անցնել։ Նրանք վերապատրաստվել են Ներքին գործերի նախարարության Լուսակերտի ուսումնաբազայում և երկօրյա ուսումնավարժանքի ընթացքում գործնականում ցուցադրեցին են իրենց հմտությունները։ Կամավոր հրշեջ-փրկարարների պատրաստվածությունն ու արդյունավետ աշխատանքը գոհացուցիչ է բնութագրում փորձառու փրկարար, ֆրանսիացի փորձագետ Բերնարդ Ժանինին, ով առաջին անգամ Հայաստան է եկել 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, օգնության հասած միջազգային մասնագետների կազմում։

Կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն Ավստրիական Կարմիր խաչի հետ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագիրը։ Այն ուղղված է Հայաստանի մարզերում քաղաքացիական պաշտպանության համակարգերի ամրապնդմանը՝ կամավորական կարողությունների զարգացման միջոցով։ Պտղավանի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կարևոր նշանակություն ունի համայնքում, քանի որ այն սպասարկում է Նոյեմբերյանի մի շարք բնակավայրեր՝ Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Արճիս, Այրում, Բագրատաշեն, Դեղձավան և Դեբեդավան։

Նախագծով ամրապնդվում են գործող կամավորական խմբերի կարողությունները, վերանորոգվում են հրշեջ ավտոմեքենաները, անգարները, իսկ փրկարարներն ապահովվում են անհրաժեշտ սարքավորումներով։ Այս կերպ միավորվում են համայնքային ուժերը և կամավորները պատրաստ են աջակցել և պաշտպանել իրենց բնակավայրերն ու բնակչությանը՝ արտակարգ իրավիճակում։




Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է

2025 թվականի մարտի 17-ին` ժամը 16։46-ին, ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր-Գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել է համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։

ՆԳՆ փրկարար ծառայությունում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Դեպքի վայրում իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով օդային հետախուզություն, որը հնարավորություն է տվել ստանալ ծավալուն և հստակ պատկեր հրդեհի տարածման և օջախների մասին։

Պարզվել է, որ երկու օջախներով այրվում է մոտ 30 հեկտար բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները կենտրոնացվել են երկու հիմնական տեղամասերում՝ բլրի գագաթին և ստորոտում, որտեղ իրականացվել են ինտենսիվ և համակարգված աշխատանքներ՝ կրակի տարածման կանխարգելման նպատակով։

Տեղանքի բարդ ռելիեֆի և որոշ հատվածներում մոտեցման ուղիների բացակայության պայմաններում, փրկարարները ստիպված են եղել հրդեհի օջախներին հասնելու համար դժվարանացանելի հատվածներն անցնել ոտքով՝ որտեղ տեխնիկայի մուտքն անհնար էր։ Միաժամանակ, առավել նպաստավոր և հասանելի հատվածներում, որտեղ տեղանքի պայմանները թույլ են տվել, կիրառվել է բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա։

Հրդեհի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով արձագանքմանը ներգրավվել է նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 80 փրկարարական ծառայող:

Հրդեհաշիջման աշխատանքներին տեղում հետևել են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները:

Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 120 փրկարարական ծառայող և 25 միավոր տեխնիկա, որից՝ 10 հիմնական, 15 հատուկ և օժանդակ։ Աշխատանքներին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայության 13 աշխատակից և բնակավայրի 8 բնակիչ: Հրդեհաշիջման երկու տեղամասերում հաջողվել է մարել 125 ծխացող օջախ։

Ծավալուն օպերատիվ գործողությունների արդյունքում  մարտի 19-ին՝ ժամը 10:14-ին,  հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը և մարել հրդեհը։