Նախընտրական գործընթացների լուսաբանման թեմայով հերթական հանդիպումը՝ Տավուշ Մեդիայում

Այսօր՝ մայիսի 28-ին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ երկարաժամկետ դիտորդներ Մարտին Նետզերը ու Ռոբերտ Մանգամը կրկին այցելել են Տավուշ Մեդիա՝ հանդիպելու հեռուստաընկերության թիմի հետ և քննարկելու նախընտրական շրջանում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել նախընտրական գործընթացների լուսաբանման առանձնահատկությունների, մեդիայի առջև ծառացած դժվարությունների և տեղեկատվական դաշտում առկա մարտահրավերների շուրջ։ Տավուշ Մեդիայի աշխատակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները նախընտրական շրջանի զարգացումների, հանրային տրամադրությունների, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ապատեղեկատվության հետ կապված ռիսկերի վերաբերյալ։

Քննարկվել են նաև ընտրական գործընթացների ընթացքում հավասարակշռված և պատասխանատու լրատվության կարևորությունը, ինչպես նաև անկախ մեդիայի դերը հանրության իրազեկվածության բարձրացման գործում։

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում․ կողմերը կարևորել են շարունակական համագործակցությունն ու բաց երկխոսությունը՝ ընտրական գործընթացների հավաստի և բազմակողմանի լուսաբանման, ինչպես նաև բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով։




Տավուշցիների ձայնն ուղիղ եթերում | Ժողովրդական խոսափողն Իջևանում

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշ Մեդիան նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում իրականացնելու է համալիր գործողություններ՝ քաղաքացիների ձայնը բարձրաձայնելու, համայնքային և հանրային կարևոր խնդիրները վեր հանելու, դրանք Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պայքարող քաղաքական ուժերին ու դերակատարներին հասցեագրելու նպատակով:

Այս համատեքստում նախընտրական շրջանում իրականացնում ենք «Տավուշն է խոսում. ժողովրդական խոսափող» նախաձեռնությունը՝ հասկանալու, թե ինչն է այսօր կարևոր համայնքների համար, ինչ հարցեր ու խնդիրներ են հուզում մարդկանց և ինչպես կարելի է խթանել ավելի ակտիվ, իրազեկված ու պատասխանատու քաղաքացիական մասնակցությունը։

«Տավուշն է խոսում – ժողովրդական խոսափող» բաց հանրային հարթակն այսօր` մայիսի 27-ին, տեղակայվել էր Իջևանի Քանդակների այգում՝ դառնալով բնակիչների ձայնը լսելի դարձնելու կարևոր հարթակ։ Այստեղ հնչեցին Տավուշի մարզին հուզող ամենատարբեր հարցերը՝ սոցիալ-տնտեսական խնդիրներից ու անվտանգությունից մինչև կրթություն, երիտասարդության ներգրավվածություն, զբաղվածություն և համայնքային զարգացման այլ թեմաներ։

Բաց ձևաչափի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու իր մտահոգությունները, առաջարկներն ու ակնկալիքները:

 

 

 

 

 




Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

Մայիսի 30-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի շրջանակում ժամը 8-ից մինչև ժամը 13․00-ն Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից դեպի Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։




Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 297 շրջանավարտ

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո Բերդ համայնքում մեկնարկեց համայնքային «Վերջին զանգի» միջոցառումը։ Մայիսի 25-ին Բերդի մշակույթի տանը տեղի ունեցած տոնական միջոցառումը համախմբել էր համայնքի բոլոր հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին ու բնակիչներին։ Այս տարի Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 297 շրջանավարտ։

Տոնական միջոցառման ընթացքում համայնքի բոլոր դպրոցների շրջանավարտները հանդես եկան պարային, երաժշտական և գեղարվեստական կատարումներով՝ ստեղծելով ջերմ ու տոնական մթնոլորտ։ Միջոցառումը շարունակվեց հյուրասիրությամբ և երիտասարդական ժամանցային ծրագրով։

Միասնական «Վերջին զանգ» միջոցառմամբ համայնքը շրջանավարտներին ճանապարհեց լավագույն մաղթանքներով՝ վստահ լինելով, որ այսօրվա շրջանավարտներն են վաղվա պատասխանատու ու արժանապատիվ քաղաքացիները։




Իջևան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 27-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։ 




Աշխատանքի առաջարկ․ միացի՛ր Տավուշ Մեդիայի թիմին

Տավուշ Մեդիան ընդլայնում է իր թիմը և փնտրում է նոր գործընկերների, ովքեր իրենց գիտելիքներով, ստեղծագործ մոտեցմամբ ու մասնագիտական փորձով պատրաստ են նպաստել անկախ մեդիայի զարգացմանը և Տավուշի մարզի համայնքների ձայնն ավելի լսելի դարձնելուն։

Եթե ցանկանում եք աշխատել ստեղծագործ, դինամիկ և հանրային կարևոր ազդեցություն ունեցող միջավայրում, ապա գուցե հենց Դուք լինեք մեր ապագա գործընկերը։

Այս պահին առկա են հետևյալ հաստիքները․

Լրագրող – եթե սիրում եք բացահայտել մարդկային պատմություններ, բարձրաձայնել համայնքային խնդիրները և ստեղծել վստահելի լրագրողական բովանդակություն։ Լրագրողի հաստիքի նկարագրությանը ծանոթացեք այստեղ։

SMM մասնագետ – եթե հետաքրքրված եք սոցիալական մեդիայի ռազմավարությամբ, լսարանի ներգրավմամբ, թվային բովանդակության կառավարմամբ և ստեղծագործ հաղորդակցությամբ։
SMM մասնագետի հաստիքի նկարագրությանը ծանոթացեք այստեղ։

Մարքեթինգի մասնագետ – եթե ունեք ռազմավարական մտածողություն, հետաքրքրված եք բրենդի զարգացման, արշավների կազմակերպման և լսարանի աճի գործիքներով։ Մարքեթինգի մասնագետի հաստիքի նկարագրությանը ծանոթացեք այստեղ։

Ի՞նչ ենք առաջարկում

  • Հետաքրքիր և հանրային նշանակություն ունեցող աշխատանք
  • Մրցակցային վարձատրություն
  • Ստեղծագործ և ոգևորող աշխատանքային միջավայր,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,

Եթե կարծում եք, որ Ձեր փորձն ու հմտությունները կարող են ուժեղացնել Տավուշ Մեդիայի թիմը, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը head@tavushmedia.am հասցեով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 055 010401։

Սպասում ենք Ձեր դիմումներին։

 




Տավուշի մարզում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրման խնդիրները

Տավուշի մարզում անցկացվեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում պատրաստված՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման խոչընդոտները Տավուշի մարզում» զեկույցի կլոր-սեղան քննարկումը։

Քննարկմանը մասնակցեցին ոլորտի պատասխանատուներ, համայնքային ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր։

Ծրագրի շրջանակում իրականացվել է Տավուշի մարզում բնակվող կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրություն։ Այն նպատակ է ունեցել բացահայտելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը խոչընդոտող հիմնական խնդիրները, առկա մարտահրավերներն ու աջակցության կարիքները։

Կլոր-սեղան քննարկման ընթացքում ներկայացվեցին ուսումնասիրության հիմնական արդյունքները, արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները։ Մասնակիցները քննարկեցին նաև հնարավոր լուծումներն ու հետագա համագործակցության ուղիները՝ ուղղված տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման և իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Կարևորվեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք նպաստում են բազմակողմանի երկխոսությանն ու տեղահանված անձանց խնդիրների հասցեական լուծումների մշակմանը։

 




Տավուշեցի գրող Աշոտ Աղաբաբյանը հանդիպել է Իջևանի ընթերցողների հետ

Մեր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկը՝ տավուշեցի գրող Աշոտ Աղաբաբյանը, հանդիպել էր Իջևանի իր ընթերցողների հետ։ «Իրական դպրոցում» հեղինակի գրքերը վաղուց դարձել են ուսանողների ամենօրյա ընթերցանության մասը։ Գրադարաններում և ուսանողների սեղաններին հաճախ կարելի է տեսնել «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդը», «Գաղտնիքների տիրակալը» վեպերը, որոնք երիտասարդները կարդում են և որպես գեղարվեստական ստեղծագործություններ, և պատմական ու փաստագրական բացահայտումների համար։

Հանդիպումն անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում։ Ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր ուղղել հեղինակին՝ հետաքրքրվելով նրա ստեղծագործական ճանապարհով, վեպերի հերոսների իրական նախատիպերով, ինչպես նաև այն գաղտնի պատմություններով, որոնք հաճախ դառնում են Աղաբաբյանի ստեղծագործությունների հիմքը։ Գրողը խոսեց նաև իր ամենահայտնի գործերի ստեղծման պատմության մասին՝ նշելով, որ ընթերցողի վստահությունն ու հետաքրքրությունն իր համար ամենամեծ գնահատականն են։ Վերջին տարիներին նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են և մեծ պահանջարկ ունեն հայ ընթերցողների շրջանում։

Երիտասարդ ընթերցողների հետ հանդիպմանը մեծ հետաքրքրություն առաջացրեց «Նմանակը» վեպի քննարկումը, որը հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող բացառիկ օպերացիայի մասին է, հիմնված իրական փաստերի վրա և պատմում է Իջևանի Աչաջուր գյուղից  հայ հետախույզի՝ Սմբատ Խոջոյանի մասին, ով 3 տարի Թուրքիայում փոխարինել է խորհրդարանի թուրք պատգամավորի: Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշոտ Աղաբաբյանի նոր՝ «Կարդինալ» գրքին, որը վերջերս է լույս տեսել և արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ընթերցողների շրջանում։ Հեղինակի խոսքով՝ գիրքը լայն արձագանք է ստացել Հայաստանում, այն հետաքրքրել է անգամ Հռոմի պապին։

ժամանակակից գրականությունը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել երիտասարդների շրջանում։ Իսկ հեղինակ–ընթերցող անմիջական շփումը կարևոր հնարավորություն է ոչ միայն գրքերը բացահայտելու, այլև ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը խորացնելու համար։




Նախընտրական շտաբների աշխատանքը Տավուշի մարզում․ «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր մոտեցումները

Խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և քաղաքական ուժերը շարունակում են ակտիվացնել իրենց նախընտրական շտաբների աշխատանքը՝ համակարգելով հանդիպումները, համայնքային այցերն ու քաղաքացիների հետ շփումները։ Այս համատեքստում «Հայաստան» դաշինքի Տավուշի մարզային շտաբը կազմակերպում է հանդիպումներ մարզի տարբեր համայնքներում՝ ներկայացնելով կուսակցության մոտեցումները և քննարկելով տեղական խնդիրները։

Նախընտրական ընթացքի վերաբերյալ «Հայաստան» դաշինքը ուշադրություն է հրավիրում մի շարք խնդիրների վրա, որոնք, իրենց գնահատմամբ, առնչվում են իշխանության գործողություններին և նախընտրական գործընթացի կազմակերպմանը։

«Հայաստան» դաշինքի ծրագրային առաջնահերթությունները ներառում են անվտանգությանը, համայնքների զարգացմանը, գյուղատնտեսության աջակցությանը և ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող դրույթներ։ Շտաբի պատասխանատուի խոսքով՝ մարզային հանդիպումների նպատակն է շարունակել ընտրողների հետ քննարկումները և ներկայացնել կուսակցության մոտեցումները նաև այն համայնքներում, որտեղ դեռ կան չկողմնորոշված քաղաքացիներ։

Մարզում շարունակվում են նախընտրական զարգացումները, իսկ քաղաքական ուժերի շտաբները տարբեր համայնքներում շարունակում են ներկայացնել իրենց ծրագրերն ու առաջնահերթությունները՝ ընտրողների հետ անմիջական շփման միջոցով։

Տավուշ Մեդիան առաջարկել է և բաց է Տավուշի մարզում տեղակայված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների շտաբներին՝ լուսաբանելու իրենց գործունեությունը նախընտրական շրջանում։ Քաղաքական ուժերից մի քանիսը չեն ընդունել մեր առաջարկը, իսկ ովքեր ընդունել են՝ առաջիկայում կներկայացնենք նաև նրանց գործունեությունը։

Միևնույն ժամանակ մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար՝ հավասար և անկողմնակալ լուսաբանման սկզբունքով, և պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով կցանկանա ներկայացնել իր ծրագրերն ու աշխատանքները հանրությանը։




Նախընտրական շտաբների աշխատանքը Տավուշի մարզում․ ինչ է առաջարկում ՔՊ-ն տավուշցիներին

Նախընտրական շրջանում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել իրենց դիրքորոշումները, ծրագրերն ու առաջնահերթությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի շտաբը համակարգում է քարոզարշավի հանդիպումները, կազմակերպում համայնքային այցերը։ Կուսակցությունը մարզի տարբեր համայնքներում անցկացնում է հանդիպումներ՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները։ Քարոզարշավի ընթացքում առանձնահատուկ շեշտադրում է արվում խաղաղության օրակարգին վերաբերող մոտեցումների վրա։

Տավուշ Մեդիան շարունակում է հետևել մարզում ընթացող քաղաքական գործընթացներին՝ ներկայացնելով տարբեր քաղաքական ուժերի տեսակետներն ու հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները։

Տավուշ Մեդիան առաջարկել է և բաց է Տավուշի մարզում տեղակայված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների շտաբներին՝ լուսաբանելու իրենց գործունեությունը նախընտրական շրջանում։ Քաղաքական ուժերից մի քանիսը չեն ընդունել մեր առաջարկը, իսկ ովքեր ընդունել են՝ առաջիկայում կներկայացնենք նաև նրանց գործունեությունը։

Միևնույն ժամանակ մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար՝ հավասար և անկողմնակալ լուսաբանման սկզբունքով, և պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով կցանկանա ներկայացնել իր ծրագրերն ու աշխատանքները հանրությանը։