Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Փրկարարները մարել են Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 19-ին, ժամը 02:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գանձաքար գյուղի «Գյուլբետ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 100 քմ) և կից փայտե շինությունում (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:45-ին, մարվել՝ 04:16-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերն ու կից փայտե շինությունը։




Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին Եվրոպայի 7 ամենից վտանգված ժառանգության վայրերի ցանկում է

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը մարտի 18-ին հրապարակել են 2025 թ. Եվրոպայի 7 ամենից վտանգված հուշարձանների ու ժառանգության վայրեր ցանկը։ 2013-ին՝ մեկնարկից ի վեր «7 ամենավտանգված» ծրագիրը գործում է որպես քաղաքացիական հասարակության առանցքային նախաձեռնություն, որի նպատակը Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությունն է, փորձագիտական գիտելիքի մեկտեղումն ու առաջմղումը, անցանկալի զարգացումների կանխումը, պետական և մասնավոր աջակցության ապահովումը՝ ներառյալ ֆինանսական աջակցությունը։

Ցանկում ընդգրկված վայրերից յուրաքանչյուրն արժանանում է «ԵՆԲ ժառանգության դրամաշնորհի»՝ 10,000 եվրոյի չափով. այն ուղղվելու համաձայնեցված այնպիսի գործողությունների, որոնք կարող են նպաստել վտանգված այս վայրերի պահպանությանը։

 

2025 թվականի Եվրոպայի ամենից վտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել՝

Այս տարվա ցանկում մշակութային և բնական ժառանգության երեք վայրեր են՝ Նիբորգ ու Մոնեմվասիայի ամրոցները, ինչպես և Լոնդոնի Վիկտորյա Թաուերի այգիները, որոնք վտանգված են ինվազիվ շինարարության ու կառուցապատման անընդունելի նախագծերի պատճառով։ Մոդեռնիստական ևս երկու կառույց՝ Գլխավոր շտաբի համալիրը Բելգրադում և Վալհալլա լողասրահը Գյոթեբորգում ոչնչացման անմիջական վտանգի տակ են։ Կրոնական ժառանգության երկու վայր՝ Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին և Օռլայի Մեծ սինագոգը վտանգված են համապատասխանաբար լքված լինելու կամ ֆինանսավորման բացակայության պատճառով:

Ընտրությունը կատարվել է ելնելով 7 վայրերից յուրաքանչյուրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքից, նաև իրական այն վտանգից, որին այն առերեսվում է այսօր։ Հաշվի է առնվել տեղական համայնքների ներգրավվածության ու այս վայրերը պահպանելու ուղղությամբ պետական և մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Ոչ պակաս կարևոր է եղել տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու ժառանգության այս վայրերի ներուժը:

«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների և ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի Խորհրդատվական խմբի կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

«Եվրոպա Նոստրան» և ԵՆԲ ինստիտուտը ներկայացնող փորձագիտական թիմերը՝ 7 ընտրված վայրերն առաջադրած կազմակերպությունների, անհատների ու այլ գործընկերների հետ միասին այժմ լրացուցիչ տեղեկություններ են հավաքելու ու հանդիպելու շահագրգիռ կողմերի հետ։ Նրանք գնահատելու են ժառանգության վայրերը և պատրաստելու տեխնիկական զեկույց, որը հստակ քայլերի առաջարկներ կպարունակի։

 

Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, Հայաստան

Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի մարզի գողտրիկ անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձան խումբը 13-րդ դարի մշակութային և տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական սահմանակցությունը ևս մեկ փաստարկ է համալիրի պատմական, նաև աշխարհաքաղաքական կարևորության օգտին։

Բոլորված տպավորիչ պարսպով ու աշտարակներով՝ համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է, ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճ ու կից գավիթ՝ հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ հայ առաքելական ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր. Հայկական մետաքսի ճանապարհի վրա առևտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի խոսուն վկաներ են քարավանատունը, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:

Որպես վանական կալվածք ազատված լինելով հարկերից՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս օրինակը բարեկեցություն, ինչպես և հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ մի ժառանգություն է կերտել Զաքարյանների և մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական իր նշանակությանը, բնակավայրը լքված է 17-րդ դարից. այն նաև պատշաճ ուսումնասիրված չէ։

Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։ Մարդկային գործոնը ևս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։ Ավելին, չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված ընտրություն է ենթադրում։

Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: Առաջադրմանը աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը, «Կապույտ վահան Հայաստանը» և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։

Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու գյուղատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում, մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների։ Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձևավորելով տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։

«7 ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված է դարաշրջանի մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ, անկայունությունը համալիրի շուրջ, պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ և բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող է հաշտեցման, տարածաշրջանային կայունության և կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը խաղաղության և առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։




Աճարկուտում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մարտի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հրդեհ Վերին Կարմիրաղբյուրում․ այրվել են պահեստի տանիքն ու անասնակեր

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

Մարտի 16-ին, ժամը 19:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է պահեստ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի շինություններից մեկում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ մարտի 17-ին ժամը 02:28-ին: Այրվել են շինության ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և մոտ 1500 հակ անասնակեր: 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ էքսկավատոր:




Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ

Մարտի 16-ին, ժամը 11:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում գտնվող «Թոփեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի, Չինարիի և Չորաթանի հենակետերիի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 25 փրկարարական ծառայող:




Արծվաբերդում փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը

Արծվաբերդում փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը

Մարտի 15-ին, ժամը 13։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում՝ «Ճգնավոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 19:01-ին: Փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը։


Խստորեն պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին:




Հրդեհ Պառավաքարում․ այրվել է խոտածածկույթ

Հրդեհ Պառավաքարում․ այրվել է խոտածածկույթ

Մարտի 15-ին, ժամը 11։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:58-ին, մարվել՝ 19:04-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը:




Հրդեհ Կոթիում․ այրվել է անասնագոմի տանիքը

Կոթիում այրվել է անասնագոմի տանիքը։

Մարտի 15-ին, ժամը 13։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 40 քմ)։




Նոյեմբերյանում այրվել է անասնագոմի տանիքը

Մարտի 15-ինժամը 12։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվելոր Նոյեմբերյան քաղաքի Իսահակյան փողոցում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:47-ին, մարվել՝ 12:59-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ):




Ներքին Ծաղկավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան  բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։