Մեր բարբառն ու բարքերը․ Կարոտաչոր թողարկում

Մեր, ձեր՝ բոլորիս բարբառի, բարքերի, լավ ու վատ «կողմերի», տեղական պատմությունների մասին, ամենակարևորը՝ ժպիտով, Տավուշ հեռուստաընկերության եթերից կրկին պատմում է Հրանտ Ղազումյանը։




«Տավուշը մենք ենք»․ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը Դիլիջանում

Տավուշի նկարիչների միության նախաձեռնությամբ Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում մեկնարկել է «Տավուշը մենք ենք» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են 18 արվեստագետների ստեղծագործությունները: Այս անգամ ցուցադրությունը հարմարեցվել է նոր ձևաչափի, որի նպատակն է տարածել արվեստը և բարձրացնել դրա ճանաչելիությունը հանրության շրջանում:

Այս ձևաչափով միջոցառումն արդեն 4-րդն է, որ անցկացվում է Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում՝ մաս կազմելով «RestArt» ցուցահանդեսների շարքին: Հյուրանոցն այս կերպ դառնում  է արվեստի ու մշակույթի միջավայր, որտեղ արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ այցելուները՝ ավելի խորը ընկղմվել արվեստի ու բնության ներդաշնակության մեջ:

«Տավուշը մենք ենք» ցուցադրության մեջ ներկայացված աշխատանքներում մեծ մասամբ տավուշյան բնապատկերներն են՝ ներկայացնելով մարզի բնությունը, մարդկանց ու հետաքրիր անկյունները:

18 արվեստագետների աշխատանքներն այցելուների համար ստեղծում են լավ հնարավորություն՝ գնահատելու տեղական արվեստը և ծանոթանալու Տավուշի բնաշխարհին:

Ավելին՝ մեր տավուշյան ռեպորտաժում։




«Վիքիակումբն» Իջևանում․ նոր հնարավորություն երիտասարդներին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործող կենտրոնների կողքին ավալեցավ ևս մեկը՝ «Վիքիակումբը»․ այն Տավուշի մարզի երրորդ, իսկ Հայաստանի 9-րդ վիքիակումբն է, որոնց նպատակը Հայաստանում ակումբային ձևաչափով գործող ակտիվ վիքիհամայնքների ու միջավայրի ձևավորումն է, որտեղ ընդգրկված մասնակիցները կարող են նպաստել ազատ գիտելիքի ու բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի համագործակցությամբ մասնաճյուղի ուսանողներն ու համայնքի ակտիվ ու եռանդուն երիտասարդներն այցելելով ակումբ կսովորեն «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանում հոդվածներ տեղադրել, կատարել թարգմանություններ։

Իջևանում ակումբի բացմանը ուսանողները ծանոթացան «Վիքիակումբի» աշխատանքներին մասնակցություն ունենալու սկզբունքներին ու հնարավորություններին՝ ծանոթանալով հանրագիտարանի խմբագրման, հոդվածների թարգամանության աշխատանքներին։

Իսկ առաջիկայում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները իրենց հոդվածներով կհարստացնեն համացանցում հայերեն լեզվով բովանդակությունը՝ շարունակելով ամրապնդել հայերեն գիտելիքի տարածումն ամբողջ աշխարհում։




Աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող հմտությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար

«Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում հրավիրում է Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներում և հարակից համայնքներում բնակվող 16-35 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու World Café ձևաչափով արագացված դասընթացների, որոնք ուղղված են աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող հմտությունների զարգացմանը։

Դասընթացների շրջանակում մասնակիցներին հնարավորություն կտրվի զարգացնելու կարիերայի առաջխաղացման համար անհրաժեշտ հիմնական հմտություններն ու ռազմավարությունները, ծանոթանալու ԱՄՆ-ում և Եվրոպայում երիտասարդների համար նախատեսված ուսումնական, մշակութային և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին և դրանց դիմելու ընթացակարգերին, համոզվելու, թե ինչպես են հաղորդակցման հմտություններն ու հուզական ինտելեկտը նպաստում արդյունավետ աշխատանքային միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև զարգացնելու բովանդակությունը քննադատաբար վերլուծելու կարողությունը թվային տեղեկատվության և սոցիալական մեդիայի համատեքստում:

Երիտասարդները կմասնակցեն արագացված համաժամանակյա չորս դասընթացների՝ ուղղված հետևյալ հիմնական թեմաներին՝
  • Ուսումնական, մշակութային և մասնագիտական զարգացման ծրագրեր ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Դասընթացավարներ՝ Հասմիկ Միքայելյան և Լանա Կառլովա
  • Քննադատական մտածողություն կիբերտարածքում, արհեստական բանականություն և սոցիալական մեդիա։ Դասընթացավարներ՝ Սամվել Մարտիրոսյան և Արթուր Պապյան
  • Ինչպես փնտրել և գտնել աշխատանք ՀԿ ոլորտում և բիզնեսում․ անհրաժեշտ հմտություններ և խորհուրդներ։ Դասընթացավարներ՝ Արփի Կարապետյան և Հասմիկ Վարդանյան
  • Հաղորդակցման հմտությունները և հուզական ինտելեկտը՝ որպես կարևորագույն հմտություններ աշխատանքային միջավայրում։ Դասընթացավարներ՝ Տաթևիկ Աբրահամյան և Թամար Այդինյան
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի10-ին, ժամը 13:00-19:00, Դիլիջանի «Համադամ» ռեստորանային համալիրի միջոցառումների դահլիճում։ Հասցե՝ Սայաթ-Նովա 2,1
Ծրագրի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:
Իսկ գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով:
Գրանցման վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 5-ը, ժամը 24։00
Ուշադրություն. քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակցության հնարավորություն կստանան առաջին 40 դիմորդները։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093422431; 094414234



Հրդեհ Կողբ գյուղում․ այրվել է տան տանիքը

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 180 քմ)։




Ոսկեպարում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Տավուշի նոր ընձառյուծը՝ «Արենը»

Չորս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի թիմին հաջողվեց գրանցել ընձառյուծ Տավուշի մարզում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է դեռևս խորհրդային տարիներից շրջանառվող տեղեկությունները՝ Տավուշում ընձառյուծի հանդիպելու մասին։

Լուսանկարում պատկերված առանձնյակն ունի իր հուզիչ պատմությունը: Այն առաջին անգամ հայտնաբերվել էր 2019 թվականի փետրվարին Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի ռենջերների կողմից։ Արու ընձառյուծին անվանակոչեցին Արեն։ Մեկ տարի անց դեռևս Վայոց ձորում գտնվելով, Արենը կորցրել էր իր առջևի թաթը, սակայն ապաքինվել էր և կարողանում էր հաջողությամբ որս անել։ Արենը Վայոց ձորից ու մասնագետների տեսադաշտից անհետացավ 2022 թվականի դեկտեմբերին, իսկ ահա երկու տարի անց, նա հայտնվեց Տավուշում՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտից 150 կմ հեռավորության վրա։

Այս բացահայտումը հնարավոր չէր լինի առանց Տավուշում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի թիմի համայնքային ռենջեր Արման Գաբրիելյանի պատրաստվածության և զգոնության, ով 2019-ին նաև Տավուշի առաջին ընձառյուծը հայտնաբերելու «դրդապատճառը» դարձավ։

 

Լուսանկարը՝ WWF Հայաստան / WWF Armenia
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի։




Վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորում Տավուշի մարզում

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ,  իրականացնում են ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը:

Կեղծ ու սուտ լուրերին դիմակայելը պահանջում է վճռականություն և գիտելիք՝ ճշգրիտ ու վստահելի տեղեկատվական հոսքերի ապահովման համար։ Սա հատկապես կարևոր է Տավուշի մարզի համայնքներում, որտեղ ապատեղեկատվությունը կարող է ապակողմնորոշել բնակչությանը ու առաջացնել բացասական տրամադրություններ, վախ ու անկայունություն։

Նոյեմբերի 18-ին Նոյեմբերյանի համայնքում անցկացվեց հանրային հանդիպում՝ «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» խորագրով։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց մեդիագրագիտության կարևորությանը և դրա հիմնական սկզբունքներին։ Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը ներկաներին առաջարկեց քննարկելու մարզում առկա իրական դեպքերը։ Նա ներկայացրեց օրինակներ, որոնք արտահայտիչ կերպով ցույց են տալիս, թե որքան վնասակար կարող են լինել կեղծ լուրերը և ինչ մեխանիզմներով կարելի է կանխարգելել դրանց տարածումը։ Հանդիպման առանցքում էին նաև այն գործիքներն ու մեթոդները, որոնք կարող են օգնել բնակիչներին տարբերակել հավաստի տեղեկությունները կեղծ լուրերից։

Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին հարցուպատասխանին՝  ներկայացնելով Նոյեմբերյանում շրջանառվող ապատեղեկատվության օրինակները։ Դրանք հիմնականում վերաբերում են սահմանային-անվտանգային թեմաներին։  Քննարկվեցին նաև կեղծ լուրերի աղբյուրները, դրանց տարածման հնարավոր դրդապատճառները և դրանց հակազդելու հնարավոր միջոցները։

Սիրելի տավուշեցիներ,

Տավուշի մարզում մեդիագրագիտության մակարդակի գնահատման և բարելավման նպատակով իրականացնում ենք հանրային հարցում Ձեր կարծիքը և փորձառությունը չափազանց կարևոր են մեզ համար՝ համայնքներում տեղեկատվական անվտանգության ամրապնդման և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար։ Խնդրում ենք պատասխանեք նշված հարցերին:

Իսկ հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Նպատակը նույնն է՝  բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունն ու զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվական վտանգներին։ Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 հեռախոսահամարով։


Այս հանդիպումն իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։

Կարդացեք նաև՝




Տավուշ Մեդիան իրականացնում է լսարանի ուսումնասիրություն

Տավուշ Մեդիան իրականացնում է լսարանի ուսումնասիրություն, և այս գործում մենք ունենք ձեր օգնության կարիքը։

Խնդրում ենք բացել հարցաթերթիկը https://shorturl.at/G3doc և 3 րոպե տրամադրել այն լրացնելուն՝ հայտնելով ձեր կարծիքը մեր եթերի, հաղորդումների և օնլայն ներկայության մասին։

Ձեր կարծիքներն ու առաջարկները կօգնեն մեզ հասկանալ, թե ինչպես բարելավել Տավուշ TV-ն ու մեր մեդիան հենց ձեզ համար։

Մեզ օգնելու համար կարող եք նաև տարածել այս հրապարակումը՝ կիսվելով, ինչպես նաև ուղարկելով ձեր ընկերներին ու բարեկամներին։




Կոթիում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։