«Ես ցույց եմ տալիս աշխարհն այնպես, ինչպես ես եմ տեսնում ու զգում»․ Հայկ Դոմբրյան
«Բոլորս էլ մեր հոգու խորքում ասելիք ունենք և, որպես ստեղծագործողներ, արվեստի միջոցով կարողանում ենք պատմել մարդկանց։ Ես ցույց եմ տալիս աշխարհն այնպես, ինչպես ես եմ տեսնում ու զգում։ Լուսանկարն իմ հայացքն է աշխարհի, մարդու և ժամանակի մասին»․ Հայկ Դոմբրյան
Վերջերս Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում, որին մասնակցել են 5 երկրների 957 լուսանկարիչներ՝ ներկայացնելով ավելի քան 3700 լուսանկար։ Մեր գործընկեր Հայկը նշում է, որ այդ հաղթանակը լավ հնարավորություն է իր համար՝ շարունակելու զարգանալ մասնագիտության մեջ, խորացնել փորձն ու նորովի ներկայացնել մարդկային պատմությունները։
Տեսանյութում Հայկը պատմում է իր անցած ճանապարհի, մասնագիտության հանդեպ նվիրումի և գալիք ծրագրերի մասին, որոնք արդեն ուրվագծվել են նրա ստեղծագործ մտքում։
Հայկ Դոմբրյանը Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղից է։ Նա Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցներից է, ով պարբերաբար ներկայացնում է տավուշյան գեղեցիկ պատմություններն ու նախաձեռնությունները։ Նրա և մեր բոլոր թղթակիցների աշխատանքները դիտեք այստեղ։
Արտադրված է Տավուշում․ «Էկոտավուշ»-ը բացեց իր ֆիրմային խանութն Իջևանում
«Արտադրված է Տավուշում»․ հենց այս գաղափարով էլ Տավուշի մարզում շարունակում են զարգանալ տեղական արտադրությունները։ Իջևան քաղաքում իր ֆիրմային խանութը բացեց «Էկոտավուշ» ընկերությունը՝ բնական և անարատ կաթնամթերքի սիրահարներին ներկայացնելով տեղական արտադրության լայն տեսականի։ Նորաբաց խանութում ներկայացված են բնական կաթից պատրաստված տարբեր տեսակի պանիրներ և կաթնամթերք՝ ստեղծված տեղական հումքից ու տարիների փորձով համեմված։ Ամեն մի արտադրանքի ակունքներում պատասխանատու աշխատանքն է, հայրենական արտադրողի նվիրումն ու որակի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։
Արտադրության ամբողջական շղթայի վերահսկումը՝ սկսած անասնակերի հավաքումից ու ֆերմայից մինչև վերջնական արտադրանք, հնարավորություն է տալիս սպառողին առաջարկել թարմ, բնական և բարձրորակ կաթնամթերք։ Կաթը ստացվում է ընկերության Լուսաձոր գյուղում գտնվող ֆերմայից, որտեղ պահվում են ջերսեյ և սիմենթալ ցեղատեսակի կովեր։ Այս ցեղատեսակները հայտնի են բարձրորակ և սննդարար կաթով, ինչը կարևոր հիմք է ընկերության պանիրների և կաթնամթերքի բնական համի ու որակի համար։
Նորաբաց խանութը կարող է դառնալ նաև Տավուշի այցեքարտերից մեկը՝ ներկայացնելով հայկական պանրագործության ավանդույթներն ու տեղական արտադրության մշակույթը։
Ընկերությունում վստահ են՝ առողջ և անարատ կաթնամթերքը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր հայ ընտանիքի։ «Էկոտավուշ»՝ տեղական հումք, բնական կաթ և որակի վերահսկում՝ յուրաքանչյուր արտադրանքի հիմքում։
ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին․ կա տուժած
Մայիսի 23-ին, ժամը 11:34-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին ու մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է։
«Աշխարհի համերը»՝ Կոթիի դպրոցում
Կոթիի միջնակարգ դպրոցում կայացել է «Աշխարհի համերը» խորագիրը կրող խոհանոցային և մշակութային ինքնատիպ մրցույթ-փառատոնը, որը համախմբել էր դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ տարբեր երկրների մշակույթն ու խոհարարական ավանդույթները ներկայացնելու շուրջ։
Միջոցառման շրջանակում դպրոցի 7-ից 12-րդ դասարանների աշակերտական թիմերը, ինչպես նաև ուսուցիչների հատուկ հավաքական թիմը, ստեղծարար և յուրօրինակ ձևաչափով ներկայացրել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ավանդական խոհանոցը, պատմությունը, մշակույթն ու ազգային առանձնահատկությունները։
Մրցույթ-փառատոնի ընթացքում մասնակիցները ցուցադրել են ոչ միայն խոհարարական հմտություններ, այլև իրենց գիտելիքներն ու ստեղծարար մոտեցումները՝ ներկայացնելով տարբեր ժողովուրդների ավանդույթներն ու մշակութային արժեքները։
Նախաձեռնության նպատակն էր սահմանամերձ համայնքի երեխաների շրջանում խթանել թիմային աշխատանքը, զարգացնել ստեղծարար մտածողությունը, ամրապնդել միջմշակութային հաղորդակցությունն ու ընդլայնել աշխարհաճանաչողությունը։ Միաժամանակ, միջոցառումը նպաստել է համայնքային կյանքի աշխուժացմանն ու դպրոց-համայնք համագործակցության ամրապնդմանը։
Միջոցառման մասին ավելին՝ Հրանուշ Անանյանի տեսանյութում։
«Կարմիր էջեր՝ կանաչ ապագայի համար». Այգեձորի դպրոցականների բնապահպանական նախագիծը
Տավուշի մարզի Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Կարմիր էջեր՝ կանաչ ապագայի համար» խորագիրը կրող նախագծային աշխատանքը՝ աշխարհագրություն առարկայի շրջանակում։ Նախագիծը նվիրված էր Տավուշի մարզի Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների պահպանության կարևորությանը։
Ամիսներ շարունակ աշակերտները, ուսուցչի աջակցությամբ, ուսումնասիրել և հետազոտել են Տավուշի մարզի Կարմիր գրքում ընդգրկված բուսական ու կենդանական աշխարհը։ Աշխատանքի ընթացքում նրանք իրականացրել են հարցումներ, հավաքագրել տեղեկություններ և այդ ամենի հիման վրա ստեղծել գիրք, որը ներկայացնում է Տավուշի բնաշխարհը և դրա պահպանության կարևորությունը։ Գիրքը հասանելի է նաև առցանց տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն լսարանի ծանոթանալ կատարված աշխատանքին։
Նախագծի շրջանակում դպրոցականները պատրաստել են նաև տեղեկատու գրքույկ և պաստառ, որոնց միջոցով փորձել են բարձրացնել հանրային իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։
Աշակերտներն իրենց աշխատանքները ներկայացրել են ներկաներին՝ ընդգծելով, որ բնության պահպանության գործում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր փոքր, բայց կարևոր ներդրումը։
Չորաթանի հանդարտ առօրյան
«Գյուղի օդը՝ մաքուր, աղմուկը՝ քիչ, բնություն՝ գեղեցիկ»․ այսպես են նկարագրում սահմանամերձ Չորաթանը հենց գյուղի բնակիչները։
Չորաթանի հանդարտ առօրյան՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութում։
Սահմանազատման հնարավոր սցենարները․ փորձագետի վերլուծությունը
2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ աշխատանքները կշարունակվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից։ Սահմանազատման գործընթացի շուրջ ձևավորվեցին տարբեր սպասումներ, սակայն համաձայնությունը դեռևս հողի վրա արտացոլված չէ։ Թեմայի վերաբերյալ քննարկումների համատեքստում տարածաշրջանային անվտանգության փորձագետ Սամվել Մելիքսեթյանի գնահատմամբ մտնում է նոր փուլ՝ մի քանի հնարավոր սցենարներով։
Քննարկվող մոտեցումներից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին․ այն ճանապարհները, որոնք կարող են անցնել վիճահարույց տարածքներով, պետք է ունենան փոխարինող տարբերակներ՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար։
Փորձագետի դիտարկմամբ՝ այս փուլում արագ փոփոխություններ չեն սպասվում․ գործընթացի ակտիվացումն առավել հավանական է ընտրություններից հետո։
Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում:
Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։
Կյանքը սահմանին․ ինչպես են ապրում Տավուշի գյուղերն այսօր
Վազաշենը, Այգեհովիտը, Պառավաքարը Տավուշի մարզի սահմանամերձ հարևան գյուղերից են… 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ աշխատանքները կշարունակվեն հենց այստեղից՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից։ Տավուշի մարզում սկիզբ առած սահմանազատման գործընթացը, փաստացի, պետք է շարունակվի դարձյալ Տավուշից՝ այն հատվածից, որտեղ հատվում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները։ Եթե նախորդ դեպքում՝ 2024 թվականին, կողմերը կենտրոնացած էին առանձին գյուղամերձ հատվածների և ճանապարհների ճշգրտման վրա, ապա այժմ խոսքն արդեն ավելի լայն՝ ամբողջ տարածաշրջանի սահմանային իրավիճակի մասին է։
Բերդ համայնքի Պառավաքար գյուղն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին․ այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 178 կմ, իսկ պետական սահմանից՝ ընդամենը մոտ 2 կմ հեռավորության վրա։ Գյուղը բազմիցս ենթարկվել է հրետակոծությունների և ռմբակոծությունների։ Թեպետ վերջին տարիներին գյուղի ուղղությամբ սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ, անվտագության հարցն այստեղ դեռ առաջնային է։
Պառավաքարում այսօր բնակվում է մոտ 1700 մարդ։ Գյուղը հայտնի է իր խաղողի և այգեգործական ավանդույթներով, սակայն սահմանային լարվածության պատճառով բնակիչների մի մասը տարիներ շարունակ զրկված է սեփական հողերը լիարժեք մշակելու հնարավորությունից։ Չնայած անվտանգային մշտական ռիսկերին՝ այստեղ մարդիկ շարունակում են ապրել, մշակել տնամերձ հողատարածքները ու պահպանել գյուղի կենսունակությունը։
Պառավաքարում գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն են ընթանում։
Սահմանամերձ լինելու պատճառով գյուղի շուրջ 1400 հեկտար հողատարածք արդեն 3 տասնամյակ շարունակ գտնվում է ադրբեջանական վերահսկողության կամ էլ անմիջական դիտարկման տակ, ինչի հետևանքով սահմանափակվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Խորհրդային տարիներին Պառավաքարը հայտնի էր հատկապես խաղողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ․ այստեղ նույնիսկ գործել է գինու արտադրամաս։
Տավուշում դժվար է գտնել մի գյուղ, որը պատերազմի հետք չի կրել։ Այս գյուղերն իրենց պատմության մեջ բազմիցս առերեսվել են սահմանային լարվածությանը։ Ժամանակ առ ժամանակ տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում են տարբեր, հաճախ չհաստատված տեղեկություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են հնարավոր տարածքային զիջումներին, գյուղամերձ ճանապարհների կարգավիճակի փոփոխությանը, նոր սահմանային գծերի անցկացման տարբերակներին կամ էլ սահմանային իրավիճակի փոփոխությանը։
Սահմանազատման թեմայի շուրջ տարածվող կեղծ լուրերը հատկապես զգայուն են սահմանամերձ բնակչության համար, դրանք լրացուցիչ տագնապ են առաջացնում, խորացնելով առկա անհանգստության ու անորոշության զգացումը։ Սահմանին մոտ լինելն ազդեցություն ունի նաև մարդկանց աշխատանքի և եկամուտների վրա։
Տավուշի սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով՝ մշակում են հողը, հետևում եղանակին ու միաժամանակ՝ սահմանին։ Այստեղ սահմանային ցանկացած փոփոխություն կամ հայտարարություն առաջին հերթին ընկալվում է առօրյա կյանքի տեսանկյունից՝ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ մարդկանց անվտանգության, աշխատանքի և վաղվա օրվա վրա։
Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում:
Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։
ՑԱՏԿ․ կանանց տնտեսական հզորացման նոր հնարավորություն
Մարզերում շատ կանանց համար աշխատաշուկա վերադառնալը հաճախ դժվար ճանապարհ է։ Ընտանիքի խնամք, երեխաներ, երբեմն նաև աշխատանքային փորձի բացակայություն։ Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում մեկնարկել է «ՑԱՏԿ․ առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիրը» կանանց համար, որի նպատակն է աջակցել խոցելի իրավիճակում գտնվող 19-ից 40 տարեկան կանանց և աղջիկների՝ զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները և օգնել մուտք գործել աշխատաշուկա։
Մեկնարկում է «Region Check. Լրահոսի ստուգման մարզային ցանց» ծրագիրը
Ապրո՞ւմ ես Տավուշի,Լոռու, Շիրակիկամ Սյունիքի մարզում։
Հետաքրքրվո՞ւմ ես մեդիայով, տեղեկատվությամբ, համայնքային խնդիրներով կամ ուզում ես սովորել, թե ինչպես տարբերել փաստը ապատեղեկատվությունից։
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և «Ամփոփ Մեդիան» հրավիրում են 18 տարին լրացած ակտիվ ու հետաքրքրված երիտասարդներին դառնալու «Մեդիա դիտակ»՝ միանալով մարզային ակտիվ ցանցին, որը կօգնի բացահայտել ապատեղեկատվությունը, ստուգել փաստերը և ավելի թափանցիկ դարձնել համայնքային ու ընտրական գործընթացները։
Ծրագրի ընթացքում դու՝
կսովորես կիրառել մեդիագրագիտության և փաստերի ստուգման գործիքներ,
կծանոթանաս AI գործիքների կիրառմանը լրագրության և տեղեկատվության ստուգման ոլորտում,
կստեղծես վիզուալ պատմություններ և մեդիա բովանդակություն, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ քո համայնքում,
կհամագործակցես ոլորտի փորձառու մասնագետների հետ և կստանաս նրանց մասնագիտական աջակցությունը,
կդառնաս երիտասարդական շարժման առանցքային մասնիկը. միասին ստեղծելու ենք թվային «վահան», որը կպաշտպանի մեր հասարակությանը տեղեկատվական հարձակումներից ու ապատեղեկատվությունից։
Ո՞վ կարող է դիմել
18 տարին լրացած ակտիվ ու հետաքրքրված երիտասարդներ, ովքեր՝
ապրում են Տավուշի, Լոռու, Շիրակի կամ Սյունիքի մարզերում,
հետաքրքրված են մեդիայով, լրագրությամբ, քաղաքացիական մասնակցությամբ կամ թվային գործիքներով,
պատրաստ են այս ամսից սկսած լիարժեք մասնակցել ծրագրի օֆլայն (առկա) և օնլայն (հեռավար) կարճաժամկետ դասընթացներին,
և պատրաստ են սովորել, համագործակցել և իրենց համայնքում փոփոխություն իրականացնել։
Փորձ ունենալը պարտադիր չէ։ Կարևոր է մոտիվացիան։
Մասնակցությունն անվճար է։ Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 19, ժամը 18, 2026
Քո համայնքի տեղեկատվական անվտանգությունը սկսվում է քեզնից։ Դարձի՛ր քո համայնքի Մեդիա դիտակը։
Կարևոր է. Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է դիմումներին զուգահեռ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Անահիտ Հարությունյանի հետ` 096 554 885 հեռախոսահամարի միջոցով: