Հայտնաբեվել է ջրահեղձված քաղաքացու դի

Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 44 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։




Սևքարի պուրակը սուբվենցիոն ծրագրով արդեն բարեկարգված է

Սևքարի պուրակ
Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի պուրակի բացման արարողությունը, այն տեղի ունեցավ ամենաբարձր մակարդակով:
Սևքարի գյուղամիջյան պուրակը հիմնվել է դեռևս 1980-ական թվականներին, երկար տարիներ համարվել է Սևքարի այցեքարտերից մեկը, եղել գյուղի բնակիչների ու հյուրերի սիրելի վայրը, սակայն երբևէ հիմնանորոգման չի ենթարկվել։ 2023 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկել են պուրակի հիմնանորոգման աշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը, մյուս մասը համայնքի ներդրումն է։ Համայնքի ներդրման մեջ 16 մլն դրամի չափով մասնակցություն ունեն նաև արտերկրում բնակվող, բայց իրենց բնօրրանի հոգսերով ապրող սևքարեցի բարերարները։ Իրականացվել է 2230 քմ տարածքի բարեկարգում, 1285 քմ սալիկապատում, շատրվանների համար պոմպակայանի և ֆիլտրացիոն կայանի կառուցում:




Խաշթառակում ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները

Խաշթառակում ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները
Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասվել էր Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը մայիսի 28-ից տվյալ կամրջով արգելված է։

Կառուցվող ժամանակավոր կամուրջը հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվել էր։

Այժմ Խաշթառակում կրկին ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները։
Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր կամուրջ, որը կօգտագործվի Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի համար: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:




Այրումում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Օգոստոսի 1-ը Կիրանց գյուղի օրն է

Օգոստոսի 1-ը Կիրանց գյուղի օրն է

Ավանդույթի ուժով յուրաքանչյուր տարի օգոստոսի 1-ին նշվում է Կիրանց գյուղի օրը։ Մենք մասնակից ենք եղել Կիրանցում գյուղին նվիրված միջոցառումներին ու այս տարի ևս օգոստոսի 1-ին Կիրանցում ենք․ այստեղ նախորդ տարիների պես ազգային երգի փոխարեն շինարարական աղմուկն է․ նոր կամուրջն է կառուցվում, որը պիտի ծառայի տարածաշրջանի բնակչությանը։

Աճարկուտում դարձյալ շինարարություն է: Երկար դադարից հետո գյուղում ասֆալտապատվում են ճանապարհներ: Հայաստանի այս անկյունում մարդիկ մի ցանկություն ունեն՝ մարդաշատ տեսնել իրենց գյուղն ու ապրել արժանապատիվ խաղաղությամբ:




«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը Նոյեմբերյան քաղաքում էր

ՄեդիաԴիտակ մեդիագրագիտության փառատոնը Նոյեմբերյանում էր

«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը հուլիսի 29-ին և  30-ին Նոյեմբերյան քաղաքում էր: Փառատոնը՝  հետաքրքիր և ուսանելի միջոցառումների անցկացմամբ մեկնարկել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Փառատոնն անցկացվում է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում, որի արդյունքում Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ ու Նոյեմբերյանի ավագ դպրոցներում բացվել են մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներ, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները իրականացնում են մեդիագրագիտության զարգացմանն ուղղված տասնյակ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ, մրցույթներ ու բանավեճեր:

«ՄեդիաԴիտակ» փառատոնին նախորդել է կարողությունների զարգացման դասընթացը, որի ընթացքում դպրոցականները զինվել են կեղծ լուրերի դեմ պայքարի գործնական հմտություններով ու գիտելիքներով:

Կարողությունների զարգացման դասընթացների ավարտին իրենց ստացած գիտելիքներն ու գաղափարները դարձրել են մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնք իրականացրել են Նոյեմբերյանում:

Մեդիագրագիտության փառատոնն ավարտվեց ծրագրի մասնակիցներին խրախուսական նվերներ ու վկայականներ հանձնելով: Իսկ վերջում ինտերակտիվ բեմադրությունն էր՝ «Կեղծ լուրերի մամլո ակումբ» խորագրով, որը հումորային մոտեցումներով հանդիսատեսին սովորեցնում է կեղծ լուրերի դեմ պայքարի մեթոդներն ու դրանք կանխարգելելու տարբերակները։




ՀԲԸՄ կամավորները վերանորոգել են Ակնաղբյուրի դպրոցի դասասենյակները

ՀԲԸՄ կամավորները վերանորոգել են Ակնաղբյուրի դպրոցի դասասենյակները

Ակնաղբյուրի դպրոցականներն այսուհետ դասերը կացկացնեն նորոգված ու լուսավոր դասասենյակներում։ Հայ բարեգործական ընդհանուր միության օգնությամբ՝ ֆրանսահայ կամավորներն ու մի խումբ երիտասարդներ այլ երկրներից, երկար տարիներ չվերանորոգված մասնաշենքի մի քանի դասասենյակներ վերանորոգել են, մասնավորապես կարգի են բերել լաբարատորիաներն ու լսարանները, կահավորել դրանք․ կատարվել են նաև ներքին հարդարման աշխատանքներ։

ՀԲԸՄ կամավորների առաջին այցն է Ակնաղբյուր, մինչ այդ նրանք նմանատիպ աշխատանքներ են կատարել Սարիգյուղում, որից հետո շրջել են համայնքի կրթամշակութային հաստատություններում և հերթական բարեգործական ծրագրի իրականացման համար ընտրել Ակնաղբյուրի դպրոցը:

Ակնաղբյուրի դպրոցի վերանորոգման աշխատանքներում ներգրավվել են նաև տեղի բնակիչները: Սփյուռքահայ կամավորներին տպավորել են Ակնաղբյուրի հիասքանչ բնությունն ու բնակչության հոգատար վերաբերմունքը:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետն ու Իջևանի համայնքապետը: Գնահատելով նրանց աշխատանքները երախտագիտության հետ միասին շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց ֆրանսիացի կամավորներին:




Հողազանգվածի փլվածք Դիլիջան քաղաքում

Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք (մոտ 5 խմ). քաղաքացին մնացել է հողազանգվածի տակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:




Փլուզում Դիլիջանում

Փլուզում Դիլիջանում

Դիլիջան քաղաքի կենտրոնական փողոցում շինարարարական աշխատանքի ընթացքում փլուզում է տեղի ունեցել. նախնական տվյալներով կա տուժած:
Մանրամասները` հաջորդիվ:




ԿՈՂԲ. մշակութային ժառանգության և նորարարության խաչմերուկ

Կողբ Տավուշ

Կողբը Նոյեմբերյանի ամենաակտիվ բնակավայրերից է, հատկապես մշակութային առումով, եւ դա պատահական չէ: Այսօր Կողբը մշակութային ժառանգության եւ նորարարության խաչմերուկ է դարձել երիտասարդների համար, որտեղ անցյալը մերձենում է ներկայի հետ: Մշակութային միջոցառումները, ավանդական տոնակատարությունները եւ տեղական արվեստագետների աշխատանքները դարձնում են Կողբը մի վայր, որտեղ ոչ միայն պահպանվում են պատմական արժեքները, այլև զարգանում են նոր ստեղծագործական նախագծեր: Սա մի նոր միջավայր է, որտեղ խնամքով պահպանվում են նախնիների մշակութային ավանդույթները, իսկ նոր սերունդներն իրագործում են իրենց ստեղծագործական երազանքները:

Երիտասարդները՝ որպես համայնքի հենասյուներ. Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան քույրերը

 

31-ամյա Սյուզաննա եւ Ռուզաննա Աղաբաբյան քույրերը Կողբի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներից են: Ստեղծագործում են, աշխատում որպես սոցիալական մանկավարժներ, օգնում հայրիկին գինու գործարանի աշխատանքներում:

Քույրերը, թեեւ ունեն հենաշարժողական համակարգի խնդիրներ, սակայն դա նրանց չի խանգարել դառնալ հասարակության լիիրավ անդամ, գնալ իրենց երազանքների հետևից եւ ամենաբարդ պայմաններում իրականացնել սեփական երազանքներն ու դառնալ համայնքային կյանքի ակտիվ անդամ:

 

Միեւնույն ժամանակ, քույրերը փորձում են բարձրաձայնել խնդիրների մասին, որոնց համայնքի երիտասարդները` հատկապես հաշմանդամություն ունեցող, առերեսվում են:

«Մենք տեսնում ենք, որ երիտասարդներն ունեն զբաղվածության խնդիր, կարող ենք բարձրաձայնել տեղական ինքնակառավարման մարմիններում և ավելի բարձր մակարդակներում, որպեսզի կարողանանք փոխել ոչ միայն մեր, այլ նաև այլ մարդկանց կյանքը: Յուրաքանչյուրս մեր փոքր քայլով՝ բարձրաձայնելով երիտասարդների խնդիրների ու դժվարությունների մասին, մեծ բան արած կլինենք»,- նշում է Ռուզաննա Աղաբաբյանը:

Շարունակությունը կարդացեք այստեղ։


Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հեղինակ` Հրանտ Ղազումյան