Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում

Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը է

«Ազատության» մեր գործընկերներն անդրադարձել են Կիրանցի շուրջ ստեղծված նոր իրավիճակին:

Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։

Դեպի ձախ Աճարկուտով Կիրանց տանող նոր ճանապարհն է, 10-ը հուլիսի, 2024թ․

Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։

Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում։

«Ազատության»-ն այսօր էլ չթույլատրեցին նկարահանումներ անել կառուցվող պատի հարակից տարածքում, նաև՝ ճանապարհի այդ փորված հատվածում։ Անգամ հնարավոր չեղավ մոտենալ կառուցվող պատին։

Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող պատի հարակից հատվածն է, 10-ը հուլիսի, 2024թ․

Դիտարկմանը, թե այս նույն հատվածով երեխաները սեպտեմբերին հավանաբար դասի են գնալու նորակառույց դպրոցում, եթե այն շահագործման հանձնվի, և հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում «Ազատության»-ը թույլ չեն տալիս գտնվել այդ նույն տարածքում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց՝ հրահանգ ունի՝ թույլ չտալ։

Այսօր առավոտյան Ճանապարհային դեպարտամենտն էր հայտարարել, որ այսօրվանից ժամանակավորապես փակվում է Կիրանցի ճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով։

Ըստ հաղորդման՝ տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

 




Աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ «Կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում

«Տահույս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը 2024 թվականի փետրվար ամսից Իջևան քաղաքում իրականացրել է «Կանանց կարողությունների զարգացում Իջևանում» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել Իջևան խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով կրթության և արժանապատիվ աշխատանքի նոր հնարավորություններ։

Ծրագրի շրջանակներում Իջևան խոշորացված համայնքում բնակվող 21 կանայք և աղջիկներ մասնակցել են կարպետագործության և ասեղնագործության 5 ամսյա դասընթացների։ Ծրագրում ներգրավվել են նաև Արցախից բռնի տեղահանված կանայք և պատերազմում զոհված տղաների մայրերը։

Ծրագրի դասընթացների միջոցով կանայք ձեռք են բերել ձեռագործ աշխատանքի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ծանոթացել են Տավուշի մարզին բնորոշ կարպետագործական, ասեղնագործական տեխնիկաներին և զարդանախշերին և իհարկե դասավանդող վարպետների օգնությամբ նախագծել և պատրաստել են յուրօրինակ ձեռագործ աշխատանքներ։

Ծրագրի փակման միջոցառմանը՝ հուլիսի 6-ին, իրականացվեց «Կարպետագործություն» և «Ասեղնագործություն» դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, Կարպետի կտրման հանդիսավոր արարողություն և «Տահույս» ՀԿ ծրագրերի շրջանակներում գործող մետաքսանկարչության խմբի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը։




Ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղի ճանապարհը. իրազեկում

kiranc road

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։




Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ

Դիլիջան ազգային պարկ

Դիլիջան ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ: Կենտրոնում այժմ կա 43 եղջերու։ Աշնանը նախատեսվում է դեպի վայրի բնություն երկրորդ բացթողումը:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։




Ամառային զորակոչը Նոյեմբերյանում

Ամառային զորակոչ

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է 2024 թվականի ամառային զորակոչը: Նոյեմբերյանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը` համալրելու հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:

Կարդացեք նաև՝

Մեկնարկել է ամառային զորակոչը     

Իջևանից ու Դիլիջանից զորակոչիկների հերթական խմբերը մեկնեցին զինվորական ծառայության

 

 




Հաղթանակում նշեցին գյուղի հիմնադրման 75-ամյակը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում այսուհետ նշվելու է գյուղի հիմնադրման օրը։ Այս տարի Հաղթանակի հիմնադրման 75-ամյակի առիթով գյուղի բարձունքին տեղադրվեց Հայաստանի պետական դրոշը՝ 24 մետր բարձրությամբ։

Բարձունքը, որտեղ բարձրացվեց եռագույնը, հետագայում դառնալու է փառատոների, մշակութային միջոցառումների անցկացման վայր, ինչպես նաև Նոյեմբերյանի զբոսաշրջության քարտեզի գրավիչ ու տեսարժան ուղղություններից մեկը։

Դրոշի տեղադրման միջոցառման նախաձեռնողը Հաղթանակի վարչական ղեկավարն է, իսկ դրոշը գյուղին նվիրել է գործարար Աշոտ Փանոյանը։ Հաղթանակը Դեբեդ գետի աջափնյակում է գտնվում։ Խորհրդային միության տարիներին այն եղել է Թումանյանի անվան սովետական տնտեսությանը կից ավան, որից հետո ստացել է
գյուղական բնակավայրի կարգավիճակ ու այժմ էլ Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում է։

Տոնական, խորհրդնշական օրվա միջոցառմանը իրենց ազգային-հայրենասիրական կատարումներով հանդես եկան մանկապատանեկան պարային ու երաժշտական խմբերը, երգիչներ։ Այսուհետ հուլիսի 5-ը հաղթանակցիների համար կրկնակի տոներ են՝ Սահմանադրության օրն ու Հաղթանակ գյուղի օրը։




Ընդունելություն Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբում

ՏաԼույս երգչախումբ

Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը վերջապես պատրաստ է համալրել իր շարքերը տաղանդաշատ և աշխատասեր փոքրիկներով։ Իր գործունեությունն է սկսում «ՏաԼույս» ուսումնական երգչախումբը, որի ծրագիրը հաղթահարելուց հետո կկարողանաք համերգային երգչախմբի` հիմնական կազմի մաս դառնալ։

«ՏաԼույս» երգչախումբը կարճ ժամանակում հասցրել է սիրվել և ճանաչելի դառնալ։ Համաշխարհային աստղերի հետ նույն բեմում նրանց ելույթները, բազմաժանր նկարահանումներն ու պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավորություն են տվել կրթական, մշակութային ու հոգևոր մեծ փորձառություն կուտակելու։ Այժմ քո՛ հերթն է այս ամենին միանալու։

ԴԻՄԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՋԵՎԱՆՈւՄ ԿԱՄ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈւՂԵՐՈւՄ ԱՊՐՈՂ 7-12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմում-հայտի հետևյալ ձևաչափը.  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScufzjuBoP1i8NV3nbskGYADT_k7i0irbAm_RQt7yZLAlVEeA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0

Դիմումները կհավաքագրվեն մինչև հուլիսի 15-ը, այնուհետև կհրավիրվեք լսումների։

Հարցերի համար` 099 377 497, Լենա Թորոսյան

https://www.facebook.com/watch/?mibextid=WC7FNe&v=809194254522816&rdid=6t7HkskOQnQLALzm

 

Սիրելի հետևորդներ, կարող եք դիտել Տավուշ Մեդիայի տեսանյութերը՝ Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի մասին:

 

Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը Starmus VI Armenia միջազգային փառատոնից մեկ տարի անց

Մանկական Եվրատեսիլի վերջին 19 տարիների հաղթանակների պատմությունը և Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբը

Տավուշի թեմի առաջնորդարանում «ճակատագրական» կատարումից մինչև Starmus փառատոն․ Տավուշի ձայները Մարզահամերգային համալիրում




Ներքին Կարմիրաղբյուրում կգործարկվի Էլեկտրաշչակ. իրազեկում

Օդային տագնապ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Տավուշի և Լոռու մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

փոխհատուցում
  • Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։

– Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։

  • Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։

– Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։

  • Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։

– Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։

  • Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։

– Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

– Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

– Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝

  1.  Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
  2.  Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝

  1. Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
  2. Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
  • Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։

Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։ Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։

Փոխհատուցման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.e-gov.am/gov-decrees/item/42940/




Հաստատվել է Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգը

Ջրհեղեղ Լոռիում և Տավուշում

Հուլիսի 4-ի Կառավարության նիստում հաստատվել է ՆԳ նախարարի ներկայացրած «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը:

Վ․ Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ նախագծի նպատակը աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառած վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է։ Ըստ այդմ՝ կսահմանվեն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառուները, փոխհատուցման ենթակա առաջնային վնասները, փոխհատուցման պայմանները և ընթացակարգը, դիմումի ներկայացման և դրա հիման վրա փոխհատուցման տրամադրման կարգը։
Կարգավորվելու է արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցումը՝ պայմանավորված բնական կենսաապահովման և առաջնային կարիքների ապահովման անհրաժեշտությամբ։ Առաջնային վնասների փոխհատուցման կարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կսահմանի նաև վնասի այլ տեսակների փոխհատուցման կարգը։

Փոխհատուցման շահառու են հանդիսանալու օրենքով չարգելված ցանկացած եղանակով անշարժ գույք ձեռք բերած անձինք, որոնց գույքը վնասվել է (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) արտակարգ իրավիճակի հետևանքով: Բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք վերանորոգման համար ստանում են փոխհատուցում՝ ազդակիր ճանաչված ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ որոշմամբ սահմանված գումարի չափով։ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով:

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի բնակության վայրի (բնակարանի, տան, կեցավայրի) աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

Սահմանվում են էլեկտրոնային դիմումի ներկայացման ընթացակարգը, դիմումի հաստատման կամ մերժման հիմքերն ու ընթացակարգը, փոխհատուցման ընթացքի մշտադիտարկմանը վերաբերող կարգավորումները։ Այն անձինք, ովքեր կրել են վերոնշյալ վնասները և դրանք համապատասխան կայքով գնահատված են և գույքագրված աղետների հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից, փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Շահառուն պետք է ներկայացնի որոշմամբ նախատեսված տվյալները։ Փոխվարչապետ Տ․ Խաչատրյանը մանրամասնել է. «Կադաստրի կոմիտեն տալիս է, թե տվյալ բնակավայրում վերջին շրջանի անշարժ գույքի գծով գործարքների արժեքը որքան է եղել. 1 քմ հաշվով միջինացված արժեքը հիմք է ընդունվում բնակարանի գնման վկայագրի 1 քմ համար փոխհատուցում նախատեսելու համար: Ունենք մեկ բազմաբնակարան շենք, որն Ալավերդի քաղաքում է՝ բաղկացած 16 բնակարաններից: Իրականում 6 բնակարանն է, որ գտնվել է առաջին հարկում և ջրհեղեղից տուժել է, բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդվի, ապա բնակարանի գնման վկայագրեր կստանան նաև 10 բնակարանատերը: Առանձնատների քանակը ևս ճշտվում է, բայց երկու առանձնատուն հայտնի է, որոնցից մեկը՝ Հաղարծինում, մեկը՝ Ձորագետում»: Վ․Ղազարյանը հստակեցրել է՝ այս պահի դրությամբ կան 263 վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատներ։

Վարչապետը նշել է, որ մնացած դեպքերում մարդկանց հատկացվում է գումար, որպեսզի նրանք հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն և վերադառնան այնտեղ ապրելու: Անդրադառնալով վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությանը, որ միջինացված 1 քմ համար հաշվարկ կարվի և այդ հաշվարկով կհատկացվեն գումարները, կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ:

Ի պատասխան՝ Գ․ Սանոսյանը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեինք 9 համայնք և 39 բնակավայր այս ցանկում: Հիմա 60 000-ի կոդում Ալավերդին է իր բնակավայրերով և Նոյեմբերյանի Այրում բնակավայրը: Մնացած բոլորի պարագայում կկիրառվի 40 000-ը»: Հավելելով՝ վարչապետն ընդգծել է. «Ինչպես պայմանավորվել ենք, առաջնային խնդիրը հետևյալն է՝ մենք մարդկանց աջակցենք, որ նրանք արագ տունը նորոգեն և վերադառնան իրենց տուն ապրելու: Եվ մենք երկու գոտում փաստորեն 1 քմ համար հատկացնում ենք 60 000 դրամ, մյուս դեպքում՝ 40 000 դրամ»:

Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է գույքի հետ կապված հարցին: «Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է գանք որոշակի ստանդարտի, որովհետև մի տան մեջ գույքը շատ է, մի տան մեջ գույքը քիչ է, բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք չենք կարող հիմա հետահայաց ստուգել, թե այդ տանն ինչ գույք է եղել: Եվ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, որ նման դեպքերում շատ լայն դաշտ է բացվում չարաշահումների համար: Եվ մենք այս տրամաբանությամբ բնակարաններին հատկացնում ենք երկու գոտիով: Առաջին գոտում 1 մլն 200 հազար դրամ, այսինքն՝ բնակարանի նվազագույն կարիքները հոգալու համար, երկրորդ գոտում՝ 800 000 դրամ՝ գույքային կարիքները հոգալու համար», – ասել է վարչապետը և ընդգծել, որ որոշակի պայման է դրվում, որ գումարի 60 տոկոսը պետք է անկանխիկ եղանակով ծախսվի, մնացած 40-ը կարող են նաև կանխիկացվել:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 1 մլրդ դրամ կուղղվի Լոռու և Տավուշի մարզերի թվով 9 համայնքում 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների աղետի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցմանը։