Իջևանում կանցկացվի էներգաարդյունավետությանն ու կանաչ տեխնոլոգիաներին նվիրված անվճար աշխատարան

 Զենիթ ակադեմիան հրավիրում է մասնակցելու էներգաարդյունավետությանը նվիրված աշխատարանին։

Ժամանակակից էներգախնայող լուծումների և կանաչ տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է։ Այդ համատեքստում Զենիթ ակադեմիան կազմակերպում է «Էներգաարդյունավետություն. ինքնագնահատման գործիքներ» խորագրով տեղեկատվական-գործնական աշխատարան, որը նախատեսված է ոլորտի մասնագետների և թեմայով հետաքրքրվող անձանց համար։

Աշխատարանին կարող են մասնակցել ճարտարապետներ, շինարարներ, ոլորտի փորձագետներ, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ էներգաարդյունավետության ժամանակակից մոտեցումներին և կիրառելի գործիքներին։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լսելու ոլորտի մասնագետների փորձը, ծանոթանալու գործնական լուծումների և ինքնագնահատման մեթոդների, որոնք կարող են կիրառվել թե՛ մասնագիտական գործունեության, թե՛ կենցաղային պայմաններում։ Աշխատարանը համատեղելու է տեսական գիտելիքն ու գործնական կիրառությունը՝ նպաստելով կանաչ տեխնոլոգիաների տարածմանը և ավելի պատասխանատու մոտեցումների ձևավորմանը։

Միջոցառման մանրամասները

  • Ամսաթիվ՝ մայիսի 18, ժամը՝ 15:30 – 17:00
  • Վայր՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահ (2-րդ հարկ)
  • Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

 




Մշակութային նոր շունչ սահմանամերձ համայնքում․ Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ

Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ

Բերդ համայնքի մշակութային կյանքում նորություններ կան․ սահմանամերձ համայնքում՝ Բերդի մշակույթի տանը բացվել է համայնքային պատկերասրահ, որտեղ մեկ հարկի տակ ցուցադրվում են Տավուշի մարզի արվեստագետների աշխատանքները։ Տավուշեցի նկարիչ Ռոմեո Մելիքյանի տարիներ շարունակ երազանք թվացող գաղափարն այսօր արդեն իրականություն է։

Պատկերասրահի բացման արարողությանը ներկա էին արվեստագետներ, մշակույթի գործիչներ և համայնքի բնակիչներ։ Պատկերասրահի ստեղծմամբ Բերդում մշակութային կյանքը նոր մակարդակի է բարձրանում։ Այսուհետ այստեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ և մշակութային տարբեր միջոցառումներ՝ և տեղացի արվեստագետների, և հանրապետության տարբեր մարզերից ժամանած հեղինակների մասնակցությամբ։

Նորաբաց սրահում արդեն ծրագրվում են հաջորդ ցուցահանդեսներն ու մշակութային հանդիպումները։ Արվեստագետների կարծիքով՝ պատկերասրահը նախ և առաջ վայր է որտեղ մարդիկ կարող են հանդիպել ու հաղորդակցվել արվեստին։

Նորաստեղծ պատկերասրահը կնպաստի նաև համայնքի տաղանդավոր արվեստագետների բացահայտմանն ու առաջմղմանը՝ Բերդում ձևավորելով ավելի ակտիվ և ստեղծագործ մշակութային միջավայր։




«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Դիլիջանի խորհրդանիշներից մեկը՝ «Անտառի արքա» բացառիկ ծառաքանդակն արդեն ունի ցուցատախտակ, իսկ QR կոդերի միջոցով զբոսաշրջիկը ծանոթանում է ոչ միայն ծառի ստեղծման աուդիո պատմությանը, այլև քանդակագործ Արա Սարգսյանի գործունեությանը։ Նախաձեռնությունը «Սարեր» մշակութային ՀԿ-ինն է և Արա Սարգսյան տուն-թանգարանի աջակցության հիմնադրամինը։ Նախագիծն իրականացվել է «Գրին Ռոք»-ի աջակցությամբ։

Ցուցատախտակի տեղադրումը կարևոր քայլ է քաղաքի մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջային գրավչության զարգացման ուղղությամբ։ Տասնամյակներ շարունակ Դիլիջանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող այս յուրահատուկ արվեստային գործն այսուհետ նոր ձևաչափով կներկայանա հանրությանը՝ ընդգծելով նրա պատմական, մշակութային և գեղարվեստական արժեքը։

«Անտառի արքան» Արա Սարգսյանի քանդակած եզակի ստեղծագործություն է, որը նա տեղադրել է Դիլիջանում անմիջապես ծառի վրա՝ կենդանի ճյուղերի մեջ։ Սա արվեստի և բնության ներդաշնակ միաձուլման հազվադեպ օրինակ է կերպարը կարծես դառնում է անտառի մի մասը։ Քանդակը պատրաստված է թրծած շամոտից և արդեն շուրջ 60 տարի պահպանվում է անձրևի, ձյան ու քամու տակ՝ մնալով Դիլիջանի ոգու կենդանի խորհրդանիշը և վարպետի՝ բնության հանդեպ խոր հարգանքի արտահայտությունը»,- բացման արարողությանն ասաց Արա Սարգսյան տուն-թանգարանի տնօրեն, տուն-թանգարանի աջակցության հիմնադրամի հիմնադիր և քանդակագործի թոռնուհի Աննա Սարգսյանը։

«Անտառի արքան» բացառիկ օրինակ է, որտեղ միահյուսվում են բնությունն ու արվեստը՝ արտահայտելով Դիլիջանի բնաշխարհին բնորոշ ոգին և ինքնությունը։ Ցուցատախտակի տեղադրումը հնարավորություն է տալիս այցելուներին առավել ամբողջական ծանոթանալ քանդակի ստեղծման պատմությանը, գաղափարական նշանակությանը և նրա ունեցած դերին քաղաքի մշակութային հիշողության ձևավորման մեջ։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն արվեստային ժառանգության պահպանմանը, այլև մշակութային տուրիզմի խթանմանը։

«Սարեր» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովայի գնահատմամբ էլ մենք հաճախ չենք պատկերացնում, թե որքան գանձեր են թաքնված Հայաստանի գողտրիկ անկյուններում և ինչպիսի սիրով են արվեստի գործիչները վերաբերվել հայրենի հողին։

«Անտառի արքան»  այդպիսի մոտեցման վառ օրինակն է։ Ժամանակին դիլիջանյան զովացուցիչ անտառների խորհրդանիշն ու պահապանը դարձած այս  քանդակն անարդարացիորեն մոռացության էր մատնվել: Բայց հիմա, այս գեղեցիկ նախագծի շնորհիվ, մենք ուրախ ենք հիշեցնել Դիլիջանի բնակիչներին և հյուրերին ծառաքանդակի գոյության մասին։ Այժմ շատերը կիմանան «Անտառի արքայի» մասին և, համոզված եմ՝ կցանկանան գրկել մեր արքայական ծառն ու լցվել նրա ուժով։»

Ցուցատախտակը «Անտառի արքան» կդարձնի Դիլիջանի մշակութային երթուղիների կարևոր կանգառներից մեկը՝ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տեղացի այցելուների, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Դիլիջանը ոչ միայն բնության և հանգստի, այլև մշակութային ինքնատիպ միջավայրի քաղաք է, որտեղ արվեստի յուրաքանչյուր խորհրդանիշ պատմում է քաղաքի անցյալի, ներկայի և ապագայի մասին։

«Անտառի Արքան» գտնվում է Խանջյանի ամառանոցի մոտ, որը կառուցվել է 1920-ականների վերջում։ Այսօր և՛ շենքը, և՛ հարակից տարածքը պատկանում են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ), որը և որոշելու է ամառանոցի ապագան։

Միևնույն ժամանակ, «Գրին Ռոք» ընկերությունը աջակցել է պահպանման գործընթացին՝ ֆինանսավորելով տարածքի ուսումնասիրությունը մասնագետների հետ, կազմակերպելով հանրային լսումներ Դիլիջանի համայնքի հետ և ներկայացնելով պահպանության առաջարկություններ։

Կարդացեք նաև՝




Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային «Witness Your Country» լուսանկարչական մրցույթում, որը կազմակերպել է Leica Camera Central Asia & Caucasus տարածաշրջանային ընկերությունը։

«Witness Your Country» մրցույթը համախմբել էր 5 երկիր, 957 մասնակից և ավելի քան 3700 լուսանկար։ Միայն Հայաստանից ներկայացվել էր ավելի քան 1500 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը պատմում էր իր յուրահատուկ պատմությունը՝ լույսի, հույզերի, մարդկանց, բնապատկերների և առօրյա պահերի միջոցով։ Մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով բացահայտել յուրաքանչյուր երկրի ինքնությունն ու մթնոլորտը՝ ներկայացնելով մարդկանց, մշակույթը, առօրյան և այն պահերը, որոնք հաճախ աննկատ են մնում։

Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Մոնղոլիայից։ Աշխատանքները գնահատվել են ստեղծարարության, կոմպոզիցիայի, հուզական ազդեցության և թեմային համապատասխանության չափանիշներով։

Մեր գործընկեր Հայկը նշում է, որ այս հաղթանակը լավ հնարավորություն է իր համար՝ շարունակելու զարգանալ մասնագիտության մեջ, խորացնել փորձն ու նորովի ներկայացնել մարդկային պատմությունները։

Ներկայացնում ենք Հայկի հաղթող լուսանկարն ու դրա նկարագրությունը։

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում
Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

«Այս լուսանկարը կյանքի մի հավերժական վայրկյան է, որտեղ հանդիպում են մանկության անմեղությունն ու ճակատագրի առաջին դասերը։ Շրջված հեծանիվը պարզապես տեխնիկական խափանում չէ. այն խորհրդանշում է մարդկային ջանքը՝ սեփական ձեռքերով շտկելու իր ձգտումը։ Լուսանկարի զգայական առանցքը շան թաթի հպումն է տղայի ուսին։ Այդ հպման մեջ կա մի ամբողջ տիեզերք՝ հավատարմություն, լուռ աջակցություն և այն միտքը, որ մարդն իր պայքարում երբեք միայնակ չէ։ Սա իմ երկրի վկայությունն է՝ երկիր, որտեղ տոկունությունն ու քնքշությունը գոյակցում են կողք կողքի, և որտեղ նույնիսկ փոշոտ ճանապարհին կարելի է գտնել բացարձակ հոգևոր արժեք։

Սա լույսի և ստվերի միջոցով պատմված պոեմ է՝ պայքարի, պատասխանատվության և սիրո մասին»։

Հայկ Դոմբրյանը Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղից է։ Նա Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցներից է, ով պարբերաբար ներկայացնում է տավուշյան գեղեցիկ պատմություններն ու նախաձեռնությունները։ Նրա և մեր բոլոր թղթակիցների աշխատանքները դիտեք այստեղ։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով շարունակական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

 




Քո իրավունքը | Հարց ու պատասխան




Ընտանեկան բռնություն | Տավուշյան հորիզոններ




Երեխաների իրավունքները | Տավուշյան հորիզոններ




Վաղ կրթության կազմակերպումը | Տավուշյան հորիզոններ




Երիտասարդներն Իջևանի կենտրոնում շուրջպար են կազմել

Երիտասարդներն Իջևանի կենտրոնում շուրջպար են կազմել

Իջևանի շատրվանների հրապարակը մայիսի 12-ին վերածվել էր հայ ազգային պարերի իրական հարթակի․ տեղի ունեցավ ազգային պարերի հանրային միջոցառումը, որն ամփոփեց վերջին ամիսների ընթացքում համայնքի 10 դպրոցներում իրականացված ազգային պարերի ուսուցման ծրագիրը։

Ծրագրին մասնակցել էր շուրջ 550 աշակերտ, ովքեր ամիսներ շարունակ սովորել էին հայկական ավանդական պարեր՝ բացահայտելով ոչ միայն շարժման գեղեցկությունը, այլև ազգային մշակույթի ուժն ու խորքը։ Ամփոփիչ միջոցառումը վերածվել էր իսկական տոնախմբության, որտեղ հնչում էին հայկական մեղեդիներ, իսկ հրապարակը լցված էր պարային եռանդով ու ջերմ տրամադրությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները, սակայն ազգային պարի շուրջ համախմբվել էին նաև բազմաթիվ քաղաքացիներ ու հյուրեր։ Բաց պարուսուցման հատվածը հնարավորություն տվեց յուրաքանչյուր ցանկացողի միանալ հայկական շուրջպարին՝ դառնալով տոնի անմիջական մասնակիցը։

Չնայած Իջևանում եղանակային անբարենպաստ պայմաններին, ազգային երգերի հնչյունների ներքո հայկական պարն ապրում ու շնչում էր մեկ միասնական շուրջպարում՝ միավորելով սերունդներին, ժպիտներն ու ազգային ոգին։

 

Կարդացեք նաև՝




Իջևանում վագոն-տնակ է այրվել

Իջևանում վագոն-տնակ է այրվել

Մայիսի 11-ին, ժամը 20։34-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:51-ին, մարվել՝ 22:08-ին։ Այրվել է ինքնաշեն, փայտե վագոն-տնակ՝ մոտ 50 քմ։