Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Հայաստան մասնագիտական խումբ է գործուղվել
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։
ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։
Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների թվում է Շվեյցարիայի Համադաշնությունը, որը Հայաստան է գործուղել մասնագիտական խումբ` ենթակառուցվածքների վիճակի, ամբողջականության, վերականգնման հնարավորության ուսումնասիրություններ կատարելու համար:
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում.
Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 6.4 մ3/վ-ով և կազմել 71.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 43.9 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 0.90 մ3/վ-ով ավելացել է մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի ժամը 08։00-ի համեմատ ավելացել է 0.50 մ3/վ-ով և կազմել՝ 31.8 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 0.24 մ3/վ-ով և կազմել՝ 7.71 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ կազմել է 8.62 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.83 մ3/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 3.80 մ3/վ-ով և կազմել է 29.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում մայիսի 31-ի 15։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 0.67 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):
Մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ Աղստև և Դեբեդ գետերի ավազանների հիդրոլոգիական դիտակետերում դիտված ջրի ելքերի մեծություններն արդեն նվազելով հավասարվել կամ ավելի փոքր արժեքների են հասել, քան մայիսի 25-ին՝ հեղեղումների նախօրյակին դիտված ջրի ելքերն էին։
Մովսեսում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում
Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Աղետի գոտում` Տավուշի մարզում աշխատել է 449 փրկարարական ծառայող
Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։
Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 120 մարտական հաշվարկ, 26 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 1419 փրկարարական ծառայող։
Աղետի գոտիներում՝ Լոռու մարզում՝ աշխատել է 970 և Տավուշի մարզում՝ 449 փրկարարական ծառայող։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ, մասնավորապես՝ 403 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ։
Իրականացվել են հումանիտար բեռների բեռնաթափման աշխատանքներ. աղետի գոտում հայտնված բնակավայրերի բնակչությանը բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք, դեղորայք և վառելիք։
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օժանդակել են վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող գազի վթարային ծառայությանը, էլցանցին, կապի և ջրամատակարարող ընկերություններին։
Աղետից տուժած բնակավայրերում շարունակվում են նկուղներից՝ ջրահեռացման, փողոցներից ու բակերից՝ ջրաբերուկների մաքրման, տարհանման, ինչպես նաև հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերի բնակիչներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովման աշխատանքները։
Ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով
Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:
Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:
Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Իջևանում
Խաղեր, վառ գույներ և ժպիտներ.
Երեխաների պաշտպանության օրվա ֆոտոշարքն Իջևանից:
—
Հունիսի 1-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, նշվում է 1950 թվականից:
Հայաստանը ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Կոնվենցիայի հոդվածները մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները։
Հեղեղումների հետևանքով առաջացած արտակարգ դեպքերից ու պատահարներից հետո Տավուշի և Լոռու մարզերում շարունակվում են իրականացվել աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։ Շարունակում ենք աշխատել աղետի գոտում. այժմ Նոյեմբերյան համայնքում ենք, այստեղ տուժել են Այրում քաղաքն ու հարակից գյուղական բնակավայրերը:
Կառավարության որոշմամբ Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքը և հարակից Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան, Քարկոփ գյուղերը ճանաչվել են աղետի գոտի: Դեբեդի վարարումը մի շարք ավերածություններ է գործել` ավերել ենթակառուցվածքները, վնասել հողատարածքները:
Այրումի կայարանի կամրջի փլուզման հետևանքով վնասվել է գազատարը, որի պատճառով թաղամասում դադարեցված է գազամատակարարումը: Վարչական ղեկավարիխոսքով` աշխատանքներ են տարվում գազատարիվերանորգման ուղղությամբ:
Հեղեղումները հատկապես վնաս են հասցրել Այրում կայարան թաղամասի բնակիչներին: Ժամերի ընթացքում գետի ջրերը լցվել են տներ, ոչ պիտանի դարձրել մարդկանց գույքը, կենցաղային իրերը` տարիների աշխատանքը:
Այրում կայարանի տարածքում վնասվել են նաև սեփականատերերի ավտոմեքենաները:
Վերջին տարիներին այսպիսի արտակարգ իրավիճակ համայնքում չէր եղել: Այսպիսի վարարումներ հիշում են նաև 1960-ական թվականներին:
Գյուղացիները փորձում են ինքնուրույն կարգի բերել տները, տնամերձ հողատարածքները, ափսոսանքով նշում, որ աննախադեպ հեղեղը ջրի հետ տարել է իրենց տարիների աշխատանքի արդյունքները:
Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասներ են հասցվել Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին, սակայն պատճառված վնասների ճշգրտումները ամբողջապես կատարվելու են գետի մակարդակի իջեցումից հետո:
Հեղեղումների պատճառով գրանցված արտակարգ դեպքերի հետևանքով հասցված վնասների և բնակիչների կարիքների գնահատման ու հավաքագրման աշխատանքները շարունակվում են:
Սիրելի տավուշցիներ, աննախադեպ աղետից տուժած հայրենակիցներ, հատկապես վնասների ու կարիքների գնահատման խմբերի անդամներ, Տավուշ Մեդիան մեկ անգամ ևս հիշեցնում է՝ միջազգային հրատապ ու արդյունավետ աջակցություն ստանալու առաջին նախապայմանը տեղի ունեցածի հետևանքների տեսա և ֆոտո վավերագրություններն են, որոնք պիտ կցվեն գրավոր նկարագրերին: Հետամուտ եղեք, որ վնասներն իրենց վավերագրությունն ունենան: Դա պետք է իրականացնել և վթարաորոնողական, և փրկարարական, և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ:
Դիլիջանում նշվել է Հանրապետության տոնը
1918թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր ցանկությունը:
Մայիսի 28-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Հայաստանի Առաջին Հանրապետության 106-ամյակ» խորագիրը կրող տոնական միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ, զինվորականներ, Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի դեպարտամենտի խորհրդի նախագահի պատվիրակությունը, Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Ելույթով հանդես եկան Դիլիջանի փողային նվագախմբի անդամներն ու գեղարվեստի դպրոցի սաները:
Մանրամասները` Տավուշյան ռեպորտաժում:
Վնասվել է Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել. գյուղի այլընտրանքային ճանապարհը նորոգվում է
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվել է Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել:
Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը վաղ առավոտից տվյալ կամրջով արգելված է։ Տավուշի մարզպետի հավաստմամբ` իրականացվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:
Տեղում պարեկային ծառայությունը հերթապահություն է իրականացնում:
Կաառավարության որոշմամբ՝ Խաշթառակը նույնպես աղետի գոտի է ճանաչվել:
Գյուղի կամուրջը փակ է մեքենաների համար, սակայն բնակիչները կարող են ոտքով անցնել: Հեղեղումների պատճառով հասցված վնասների և բնակիչների կարիքների գնահատման ու հաշվառման աշխատանքները շարունակվում են: