«39-ամյա վարորդը կամ քնած է եղել, կամ հանկարծամահ է եղել»․ Գորայքի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնում

Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքում

Հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին որոշ մանրամասներ է հաղորդել Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը։

Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը Տավուշ Մեդիայի հետ զրույցում զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենայի ավտովթարի հետ կապված հայտնեց, որ տվյալ ճանապարհահատվածը ուղիղ է եղել, և ոչ մի խոչընդոտ չի եղել, որը կդառնար մեքենայի գլորվելու պատճառ։

Կ․ Պետրոսյանի խոսքով՝ Մեղրիից տղաները տուն էին վերադառնում․ 6 զինծառայողներից միայն մեկն է ի վիճակի եղել իջնել մեքենայից, ձորից դուրս գալ ու առաջին օգնություն կանչել։ Վարչական ղեկավարը կարծում է, որ 39-ամյա վարորդը կամ քնած է եղել, կամ հանկարծամահ է եղել։ «Չեմ բացառում, որ շատ արագ է եղել ու հանդիպակաց մեքենա է դուրս եկել դիմացից, որն էլ փորձել է շրջանցել, բայց այս դեպքում արգելակման հետքեր չկան»,- ասում է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում՝ Գորայք բնակավայրի հատվածում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը:

Լուսանկարները` Գորայքի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանի:

Քննությունը կպարզի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառն ու նպաստող հանգամանքները:




Սյունիքում արձանագրված ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներից 3-ը Տավուշի մարզից են

Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքում

Հուլիսի 11ին՝ ժամը 11։04-ին Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Մնացականյանն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ավտովթարի հետևանքով Ա․ Մնացականյանն ու ուղևորը՝ Տավուշի մարզի բնակիչ Արմեն Մամյանը (ծնվ․ 2004թ․) տեղում մահացել են։ Մյուս ուղևորները՝ Տավուշի մարզի բնակիչներ Նորայր Դանիելյանը (ծնվ․ 2004թ․) և Հայկ Սառիկյանը (ծնվ․ 2004թ․), ու Շիրակի մարզի բնակիչներ Ազատ Առաքելյանը (ծնվ․ 2004թ․), Սամվել Մամիկոնյանը (ծնվ․ 2004թ․) , Ռաֆիկ Ոսկանյանը (ծնվ․ 2003թ․), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։

Տուժած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

Տավուշ Մեդիայի տեղեկություններով՝ «Mitsubishi» ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի, մահացածներից մեկն ու մյուս վիրավոր ուղևորները զորացրվել էին ու վերադառնում էին տուն։ Ավտովթարից տուժած Հայկ Սառիկյանը Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրից է, Նորայր Դանիելյանը Գանձաքար բնակավայրից։ Իսկ վթարին զոհ դարձած Արմեն Մամյանը Տավուշի մարզի Իջևան քաղաքից էր։




«Այսօր ձե’ր հերթն է՝ ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը». ամառային զորակոչը Բերդ համայնքում

Զորակոչիկներ

2024թ.-ի ամառային զորակոչը շարունակվում է: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլիսի 11-ին, Բերդ համայնքի զորակոչիկների մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, զորակոչիկների հարազատները:

«Սիրելի՛ զորակոչիկներ, ծնողներ, հյուրեր, սիրով ողջունում եմ բոլորիդ: Հարգելի՛ ծնողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր զավակների հայրենասիրական դաստիարակության համար: Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է` ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Ուզում եմ, որ լինեք զգոն, շրջահայաց, հոգատար միմյանց նկատմամբ, ամեն ինչից վեր դասեք հայրենիքն ու հայրենիքի նկատմամբ սերը: Թո՛ղ բոլորիս աղոթքը ձեզ հետ լինի, խաղաղությամբ իրականացնեք զինվորական ծառայությունը, վերադառնաք ձեր օջախներ, շենացնեք, ծաղկեցնեք մեր տունն ու համայնքը: Փա՛ռք մեր բանակին»:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների անունից խաղաղ ծառայություն է մաղթել զորակոչիկներին:

Արժանապատիվ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում, տղե՛րք:

 




«Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը

Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքում

Հուլիսի 11-ին, ժամը 11:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը: Վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) մահացել են. վերջիններիս դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 2004 թ.), Ն. Դ.-ն (ծնված 2004 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ռ. Ո.-ն (ծնված 2003 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժած Հ. Ս.-ին (ծնված 2004 թ.) դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 




Տավուշի և Լոռու մարզերում վնասվել են «Թիմ Տելեկոմի» միջազգային կապուղիները

վնասվել են «Թիմ Տելեկոմի» միջազգային կապուղիները

Լոռու ու Տավուշի մարզերում «Թիմ Տելեկոմի» միջազգային կապուղիների վնասման հետևանքով Հայաստանում բջջային ու ինտերնետ կապի սահմանափակումներ կան:

«Թիմ Տելեկոմից» հայտնում են.
«Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:

Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»:

ԹԱՐՄԱՑՈւՄ

Կիրանցում արդեն վերականգնվել է վնասված կապուղին, Ալավերդիում դեռ շարունակվում են վերականգնողական աշխատանքները, – հայտնում են «Թիմ Տելեկոմից»




Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում

Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը է

«Ազատության» մեր գործընկերներն անդրադարձել են Կիրանցի շուրջ ստեղծված նոր իրավիճակին:

Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։

Դեպի ձախ Աճարկուտով Կիրանց տանող նոր ճանապարհն է, 10-ը հուլիսի, 2024թ․

Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։

Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում։

«Ազատության»-ն այսօր էլ չթույլատրեցին նկարահանումներ անել կառուցվող պատի հարակից տարածքում, նաև՝ ճանապարհի այդ փորված հատվածում։ Անգամ հնարավոր չեղավ մոտենալ կառուցվող պատին։

Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող պատի հարակից հատվածն է, 10-ը հուլիսի, 2024թ․

Դիտարկմանը, թե այս նույն հատվածով երեխաները սեպտեմբերին հավանաբար դասի են գնալու նորակառույց դպրոցում, եթե այն շահագործման հանձնվի, և հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում «Ազատության»-ը թույլ չեն տալիս գտնվել այդ նույն տարածքում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց՝ հրահանգ ունի՝ թույլ չտալ։

Այսօր առավոտյան Ճանապարհային դեպարտամենտն էր հայտարարել, որ այսօրվանից ժամանակավորապես փակվում է Կիրանցի ճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով։

Ըստ հաղորդման՝ տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

 




Աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ «Կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում

«Տահույս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը 2024 թվականի փետրվար ամսից Իջևան քաղաքում իրականացրել է «Կանանց կարողությունների զարգացում Իջևանում» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել Իջևան խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով կրթության և արժանապատիվ աշխատանքի նոր հնարավորություններ։

Ծրագրի շրջանակներում Իջևան խոշորացված համայնքում բնակվող 21 կանայք և աղջիկներ մասնակցել են կարպետագործության և ասեղնագործության 5 ամսյա դասընթացների։ Ծրագրում ներգրավվել են նաև Արցախից բռնի տեղահանված կանայք և պատերազմում զոհված տղաների մայրերը։

Ծրագրի դասընթացների միջոցով կանայք ձեռք են բերել ձեռագործ աշխատանքի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ծանոթացել են Տավուշի մարզին բնորոշ կարպետագործական, ասեղնագործական տեխնիկաներին և զարդանախշերին և իհարկե դասավանդող վարպետների օգնությամբ նախագծել և պատրաստել են յուրօրինակ ձեռագործ աշխատանքներ։

Ծրագրի փակման միջոցառմանը՝ հուլիսի 6-ին, իրականացվեց «Կարպետագործություն» և «Ասեղնագործություն» դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, Կարպետի կտրման հանդիսավոր արարողություն և «Տահույս» ՀԿ ծրագրերի շրջանակներում գործող մետաքսանկարչության խմբի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը։




Ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղի ճանապարհը. իրազեկում

kiranc road

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։




Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ

Դիլիջան ազգային պարկ

Դիլիջան ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ: Կենտրոնում այժմ կա 43 եղջերու։ Աշնանը նախատեսվում է դեպի վայրի բնություն երկրորդ բացթողումը:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։




Ամառային զորակոչը Նոյեմբերյանում

Ամառային զորակոչ

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է 2024 թվականի ամառային զորակոչը: Նոյեմբերյանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը` համալրելու հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:

Կարդացեք նաև՝

Մեկնարկել է ամառային զորակոչը     

Իջևանից ու Դիլիջանից զորակոչիկների հերթական խմբերը մեկնեցին զինվորական ծառայության