Իջևանյան սրտալի զրից. «Անո ջան, մի րոպե պյան ասեմ»

ՏավուշTV-ում նորից զրուցում ու կատակում ենք հենց մեր մասին։
Ձեր կողմից արդեն սիրված «Անո ջանը»՝ Հրանտ Ղազումյանի «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարում։

ՏավուշTV-ում նորից զրուցում ու կատակում ենք հենց մեր մասին։
Ձեր կողմից արդեն սիրված «Անո ջանը»՝ Հրանտ Ղազումյանի «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարում։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված աչաջրեցի Շիրակ Գասպարյանն ու Աշոտ Վարդապետյանը պատանեկան տարիքում խաղում էին «Աչաջուր – 99» ֆուտբոլային թիմում: Ի հիշատակ տղաների, ֆուտբոլային թիմը մայիսի 7-ին նախաձեռնել էր հուշամրցաշար:
Նախաձեռնողները հավաստիացնում են` սա առաջին հուշամրցաշարն է, որը կկազմակերպվի ամեն տարի` ընդգրկելով նոր թիմերի:
Շիրակ Գասպարյանի մասին պատմող մեր հաղորդումը:
Աշոտ Վարդապետյանի մասին պատմող մեր հաղորդումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթի նպատակներն են`
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք՝
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
Առավել մանրամասն այս հղմամբ:

Հայաստանի մարզերի զարգացումը կարևոր համարելով, Իջևանի «Լոֆթ» երիտասարդական կենտրոնը և Իջևանի գինու-կոնյակի գործարանը հանձն են առնում նպաստել մարզերում երիտասարդների կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի զարգացմանը, իրականացմանը և տարածմանը։ Այս նպատակը կյանքի կոչելու համար 2 ընկերությունները մայիսի 9-ին ստորագրեցին համատեղ համագործակցություն սկսելու հուշագիրը։
Իջևանի գինու-կոնյակի գործարանը, ստանձնելով «Լոֆթ Իջևան» կենտրոնի հովանավորչությունը, բարեգործական հիմունքներով ապահովելու է կենտրոնի բարենպաստ պայմանները՝ համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման, կրթական և մշակութային նախագծերի իրականացման համար։
Հուշագրի ստորագրման օրը «Լոֆթ Իջևան» կենտրոնի երիտասարդների համար գործարանում կազմակերպվել էր ճանաչողական շրջայց, գինու և կոնյակի համտես, որի շրջանակում հյուրերին ներկայացվեց գործարանի արդեն հայտնի ու նախընտրելի արտադրանքները:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը կրկին ֆուտբոլի դաշտում էր միավորել տավուշեցի երեխաներին՝ պայքարելու մրցաշրջանի մարզային գավաթի համար։ Սպորտային նախագծի հիմքում ֆուտբոլի միջոցով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական ներառմանը նպաստելն է։
Ֆուտբոլային հանդիպման եզրափակիչ փուլում խաղում էին Իջևանի թիվ 4, Բերդի թիվ 1, Դիլիջանի թիվ 4 և Բերդավանի դպրոցների թիմերը։ Նախագիծը երախաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով, և այդ միջոցով բարելավել ֆիզիկական ու մտավոր կարողությունները, զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։
Նախագծի շրջանակում կազմակերպված մրցաշարերին մասնակցել են Տավուշի մարզի 16 հանրակրթական ուսումնական հաստատությունների 240 տղաներ և աղջիկներ, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող աշակերտներ։
Մրցապայքարում հաղթող ճանաչվեց Բերդավանի դպրոցը՝ ստանալով Տավուշի մարզային գավաթը։ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։

Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո ոսկեպարցի Գրիշա Գեւորգյանը սեփական տնից դուրս գալ չի կարողանա․ դարպասին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը։
Փողոցը, որտեղ ապրում է, նոր սահմանագծով երկու մասի է բաժանվելու։ Մի քանի տուն նույնպես «կիսվելու» են։
«Մեզ քոչացնում, վերացնում են էստեղից։ Վարչապետն ասում ա՝ տունդ ծախի, առնեմ։ Գյուղը դատարկում ա, որ հեշտությամբ տա։ Դիրքերում, որ թուրքը էկավ, նստեց, ո՞նց ա պահելու էս տարածքը։ Չի՛ պահելու, բրախիլ տի, տա իրանց, մեզ էլ թուրքերը տանեն։ Տեղի ժողովուրդը լավ պատկերացնում ա, թե ինչ կարա ըլի, ղրաղի (կողքի – հեղ․) մարդիկ չեն պատկերացնում»,- սրտնեղելով ասում է Գրիշա Գեւորգյանը։
Հարեւաններից ոմանց դեպքում էլ սահմանը դարպասից այն կողմ է, գոնե խանութ, գյուղամեջ դուրս գալու հնարավորություն կունենան։ Բայց որոշել են՝ երեխաներին կհանեն գյուղից։

«Էրեխեն ըստի ի՞նչ անի, էս գազի տրուբեն ա սահմանը։ Եթե չմոտենան, մենք կմնանք, կապրենք։ Բայց եթե էկան, խանգարեցին, իմաստ չունի էստեղ մնալը»,- ասում է ոսկեպարցի Գագիկը։
Փողոցի վերջում՝ ամենավերեւում, երեք առանձնատուն կա։ Մեկը դատարկ է։ Ռուսաստանում ապրող տանտերն այն կառուցելիս հաստատ չի հաշվարկել, որ մի օր հայրենի գյուղի այդ կտորն իր տան հետ միասին, հնարավոր է, Ադրբեջանին տան։

Մյուս երկու տները բնակեցված են։ Դրանց տերերը նույնպես իրենց արած-դրածից ինքնակամ հրաժարվելու հաշվարկներ գոնե երեսուն տարի չեն արել։ Մտահոգություններ վերջին շրջանում՝ 44-օրյա պատերազմից հետո են ունեցել։
«2021 թվին ենք Նոյեմբերյանի կադաստր գնացել, որ վկայական հանենք, մտիկ արին քարտեզ-մարտեզ, ասին՝ թուրքի տարածք ա։ Ու ասին՝ եթե սահմանազատում տեղի ունենա, հայկականացնեն, էն ժամանակ էլ վկայական կտան», — պատմում է Ոսկեպարի բնակիչ Սիրվարդ Բեգլարյանը՝ նշելով, որ տան հետ կապված այլ փաստաթուղթ չունեն․ տարածքը դեռ 1990-ականներին գյուղապետարանն է տրամադրել։ Ասել են՝ գնացե՛ք, տուն սարքեք, ապրեք։
Հիմա, երբ սահմանազատման գործընթացն իրողություն է, տարածքների «հայկականացում» չի արվում։ Ավելին՝ նախատեսվում է Ոսկեպարի երկրորդ փողոցի առաջին նրբանցքից երեք տուն հանձնել Ադրբեջանին։ Փողոցն Իջեւան-Բագրատաշեն մայրուղու՝ Կիրանց-Ոսկեպար հատվածից թշնամու դիտակետում է լինելու։

«Էն կարմիր տան մոտով, մեր էս երկու տներն էլ հետը, մի քիչ աջով բարձրանում ա, մինչեւ Կիրանցի դրոշակը։ Էս վերեւը գլխավոր ճանապարհն ա՝ դեպի Իջեւան, Դիլիջան։ Չորս օրում քարտեզ չեն գծում, սա շուտվա պայմանավորված բան ա։ 29,800-ից քիչ-քիչ հանում ա»,- ասում է Սիրվարդի որդին՝ Անդրանիկը։
Ոսկեպարցի երիտասարդը վստահ է՝ թուրքը եկավ՝ մայրուղին փակելու է, «վիճելի տարածքներից» էլ մի գրամ հող չի զիջելու։
Տիկին Սիրվարդը, որ օրեր առաջ վստահ էր՝ տնից ոչ մի գնով չի հեռանալու, հիմա արդեն տունն այրելու մասին է մտածում։ Հակասական մտքերն, ասում է, վերջին օրերի տագնապից են գալիս։
«Մինեքը հանել են, բա ո՞նց չվախես։ Իրիկունը անց կացավ՝ թուրքը էկավ, տենող չելավ։ Գալու ա, մորթի, գնա, ո՞վ ա մեր տերը»։
Ոսկեպարում փորձում, բայց չեն կարողանում հասկանալ՝ «վիճելի եռանկյունուն», Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից՝ նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղին, մայրուղու մի հատվածին այդ ինչպե՞ս գումարվեցին փողոցն ու տները։

Կիրանցի բնակիչ Մհեր Սիմոնյանն արդեն պայմանավորվել է՝ եթե պայքարը չհաջողեն, եւ սահմանը գծվի, տրակտորիստ է գալու, տունը քանդի։ Տունը, որ 21 տարվա արտագնա աշխատանքի արդյունքում է կառուցել։ Ծառերն էլ, հավանաբար, պտուղ տալ չեն հասցնի․ ծաղկած այգին էլ մտադիր է հատելու․․․ «որ թուրքին չմնա»։

«1975 թվին ա կառուցվել էս տունը։ Սովետմիության ժամանակ էլ չէիր կարա Ադրբեջանի տարածքում ինչ-որ բան անես։ Կադաստրի վկայականը ձեռիս, արխիվ կա վերջապես, թե ումից եմ առել, որտեղ ա էդ տունը։ Բայց կադաստրի փաստաթուղթն էլ հիմք չի։ Այսինքն, մենք անօրինական, ապօրինի զավակներ ենք էս երկրի համար, ովքեր ապօրինի ընտրություն են արել, բանկից փող վերցրել։ Ստացվում է՝ ադրբեջանի քաղաքացի եմ, կարամ, օրինակ, էդ փողը չտամ», — ասում է Մհերը։

Վերջին օրերին Կիրանցի երեք տասնյակից ավելի բնակիչներ համացանցում իրենց պատկանող տների, շինությունների եւ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կադաստրային վկայականներն են հանրայնացրել՝ ցույց տալու համար, որ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին լրիվ կամ մասնակի տրվող տարածքները որեւէ աղերս չունեն այդ երկրի հետ։ Եվ չեն ունեցել։ Ինչպես որ ադրբեջանական չեն գյուղի պատմական կենտրոնը, եկեղեցին, գերեզմանոցը, որոնց միջով էլ անցնելու է հայ-ադրբեջանական նոր սահմանագիծը։

Իսկ Կիրանցի դպրոցի նորակառույց շենքն այդ գծից ընդամենը 20 մետր է հեռու։ «Ո՞ր մի խելացի ծնողը կթողի իրա էրեխեն էստեղ դպրոց գնա»,- հարցնում է Մհերը։
Իրենք տանը դպրոցական չունեն։ Տղան, որ օրեր առաջ էր ՌԴ մեկնել՝ աշխատելու, վերադարձել է։ Աղջիկն էլ հարեւան Ծաղկավանից է երեխայի հետ հայրական տուն շտապել, որ նաեւ գերեզման՝ տատին այցելի։ Գուցե վերջին անգամ, ասում է։
Հեղինակ` Տաթևիկ Ճուղուրյան, Ալիք Մեդիա

33 տարի շարունակ այս օրը՝ մայիսի 6-ը, Նոյեմբերյան համայնքի համար հերոսացման և ցավի օր է:
Համայնքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում 1991 թ. Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի օմոնականների «Կոլցո» օպերացիայի հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին:
—
1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի ծուղակն ընկավ Նոյեմբերյանի ոստիկանության 24 աշխատակից: Սա, թերևս, Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից մեկն է:
Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը ավտոբուսով ու «Նիվայով» գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Գնում են սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:
Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել: Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր… 11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաև Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին:

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել:
Քիչ առաջ նրան տեղափոխեցին Իջևանի բժշկական կենտրոն:
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը։

Մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 4-ին Կիրանցում հայտարարեց`
««Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» որոշեց, որ իր ժողովրդով ուղղակի գնա Երևան և պատասխաններ պահանջի ու պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր, պետք է դադարեցվի՝ այնպես, ինչպես եղել է մեր ժողովրդի պահանջը առաջին իսկ օրվանից»:
Սրբազանը հավելեց, որ նախատեսվում է մայիսի 9-ին հասնել մայրաքաղաք Երևան:
Քայլերթը սկսվեց Կիրանց գյուղից, այնուհետև անցնելով Իջևանը, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծնի վանքի տարածքում, մայիսի 5-ի առավոտյան մասնակցել Պատարագի և շարունակել երթը դեպի Դիլիջան:
«Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք», – նշում է Բագրատ Սրբազան:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերկուսակցական, գաղափարական, ազգային և հոգևոր շարժում է:
Տավուշից դեպի Երևան երթը շարունակվում է: Այս պահին շարժման մասնակիցները Գեղարքունիքի մարզում են:
Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի: