Կենսատու գարնան շունչը. Արծվաբերդ




Բնակիչները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը

Կիրանց-Ոսկեպար միջպետական ճանապարհը այսօր առավոտից կրկին փակ է: Երկուշաբթի օրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է այցելել Կիրանց` պատասխանելու բնակիչների հարցերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհահատվածները: Բնակչության ընդվզումը շարունակվում է. երկրորդ օրն է փակվում է Կիրանց գյուղի ճանապարհը:

Լուսանկարը` Գոհար Վարդանյանի

 




«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում Դիլիջանում

Ապրիլի 26–ին ժամը 15:30-ին Դիլիջանի «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնում կկայանա «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում-քննարկում։

Հանդիպումը իրականացվելու է ինտերակտիվ, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ՝ խրախուսելով երիտասարդներին բարձրաձայնել օրենքի վերաբերյալ իրենց մտքերը, մտահոգությունները և
առաջարկությունները, որոնք կներկայացվեն համապատասխան գերատեսչությանը։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և գրանցվել մինչև ս․թ ապրիլի 25–ը ներառյալ։

 




Յուրա Չոբանյանը 23 տարեկան կդառնար. օծվել է նրա հիշատակին կառուցված եկեղեցին

Ապրիլի 20-ին հանդիսապետությամբ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մասնակցությամբ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի և Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանի` Արծվաբերդում կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոս Յուրա Վրեժի Չոբանյանի հիշատակին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, Արծվաբերդ, Այգեպար, Չորաթան բնակավայրերի վարչական ղեկավարները, Յուրա Չոբանյանի հարազատները, համագյուղացիները։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Յուրայի շիրմաքարին, այնուհետև կատարել են ՀՀ օրհներգը։
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Յուրա Չոբանյանի ծնողների նախաձեռնությամբ։
Ճարտարապետը և շինարարն Արտակ Բեգյանն է։

Եկեղեցու օծման արարողությունը կայացել է Յուրա Չոբանյանի ծննդյան օրը. այսօր նա կդառնար 23 տարեկան։

Յուրա Չոբանյանը ծնվել է 2001 թ.-ի ապրիլի 20-ին, Արծվաբերդում։ Սովորել է Արծվաբերդի հիմնական, ապա Բաբկեն Աղաբաբյանի անվան միջն. դպրոցներում։




Փակ է Կիրանց գյուղի ճանապարհը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ` ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհահատվածները: Բնակչության ընդվզումը շարունակվում է. այժմ փակ է Կիրանց գյուղի ճանապարհը:

Լուսանկարը` Գոհար Վարդանյանի

ԹԱՐՄԱՑՈւՄ
Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում Մհեր Գրիգորյանի հետ:




ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Ե I Շխմուրադի վանք

Տավուշ գավառի XII-XIV դդ. արժեքավոր ճարտարապետական համալիրներից է նաև Շխմուրատ կոչվող կիսավեր վանքը։ Այն կառուցվել է XII-XIII դդ. Հախում գետի ամբողջ ավազանն ընդգրկած Նոր բերդի Կյուրիկյան իշխանության տարածքում։ Ընկած է Բերդ համայնքի Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ արևմուտք՝ Հախում՝ Վարագաջուր, գետի ձախ ափին։

Շխմուրատի բուն՝ պատմական, անունը հայտնի չէ։ Հայագիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետի համաձայն Շխմուրատը ոչ թե վանքի անունն է, այլ՝ շրջակա բնակավայրի։ Հախում գետի ափին գտնվելու պատճառով՝ որոշ հեղինակներ այն ենթադրաբար կամ վստահաբար նույնացրել են Գետակիցք կոչվող վանքի հետ։ Սակայն երջանկահիշատակ Հրաչյա Քարտաշյանի համոզիչ դիտարկմամբ և տողերիս հեղինակի լրացուցիչ փաստարկմամբ Գետակիցքը գտնվել է Բերդ համայնքի Այգեձոր գյուղին մերձակա Ներքին Եղցաձոր (Եկեղեցաձոր) կոչվող հնավայրում։

Շխմուրատի հուշարձանախումբը բաղկացած է չորս կառույցից՝ Սուրբ Աստվածածին կոչվող եկեղեցուց, ժամատնից, գավթից ու «Խորանիկ» անունով հայտնի շինությունից։ Եկեղեցի ու խորան եզրույթների նույնականությունից հետևում է, որ մանրածավալ այդ կառույցը վանական համալիրում փոքր եկեղեցու դեր է կատարել։ Նրա մուտքի բարավորի՝ վերնասեմ, վրա մասնավորապես գրված է.

«Ես տ(է)ր Գրիգոր շինեցի զխորանիկս ա(ստուա)ծաբնակ հրամանաւ Սադունոյ մեծի իշխանի»։

Այս Սադունը և ոչ թե Սադորնը (ինչպես վերծանել է Մ. Բարխուդարյանը) «Մեծ և հզոր իշխան» Սադուն Ա Մահկանաբերդցին է՝ Կայան գավառի տերը։ Նա գործել է XII դ. երկրորդ կեսին – XIII դ. սկզբին։

Shmurat vanq, Tavush

Տեր Գրիգորի այս արձանագրության թվականը՝ 1181, փաստում է, որ «Խորանիկ»-ը Շխմուրատի վանական համալիրի հնագույն կառույցն է։ Նրան ժամանակագրորեն հաջորդողը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, ինչը երևում է նրա 1248 և 1264 թվակիր արձանագրություններից։ Դրանք հիմք են տալիս պնդելու, որ այդ եկեղեցու կառուցումը տևել է շուրջ 20 տարի։

Վանական համալիրի մյուս շինությունների կառուցման ժամանակը հայտնի չէ։ Սակայն, ինչպես նկատվել է՝ ժամատունը եկեղեցուն, իսկ գավիթը դրան ու ժամատանը կցված լինելը վկայում են, որ ժամատունը կառուցվել է XIII դ. վերջին, իսկ գավիթը XIV դ. սկզբին։ «Խորանիկ»-ից բացի Շխմուրատի մնացած կառույցների հեղինակներն անհայտ են։ Այս վանական համալիրը ժամանակին պատված է եղել պարսպով, որի աննշան հետքերն են պահպանվել։

Գրչագիր ու վիմագիր այլ աղբյուրներում չվկայված այս հուշարձանի պատերին ու տարածքում պահպանվել է 16 արձանագրություն։ Ժամանակագրորեն վերջինը գավթում գտնվող խաչքարի վրայի 1619 թվակիր արձանագրությունն է։ Դա վկայում է այդ ժամանակ վանքի՝ իբրև հոգևոր հաստատության, գործելը։

 




Քո իրավունքը | Նվիրատվություն և պահատվություն

«Քո իրավունքը» հաղորդաշարի այսօրվա թեման նվիրատվության ու պահատվության մասին է։ Վիկտորյա Սիմոնյանը թողարկման ընթացքում պատասխանում է Ձեր կողմից ուղղված հարցերին։

Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Մոնիկա Մկրտչյան. ասմունքում է իր հեղինակային բանաստեղծությունը

Տավուշի շնորհալի երեխաները կրկին Տավուշ TV-ի եթերում են։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Մոնիկա Մկրտչյանին, ով ասմունքում է իր գրած բանաստեղծություններից։

Մոնիկան Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Չափար գյուղից։ Այժմ ապրում է Իջևանում։

___
Եթե Ձեր երեխան ևս ունի բացառիկ որևէ տաղանդ՝ լավ երգում է, նվագում է, ասմունքում, ունի մարզական կամ այլ նվաճումներ, ապա նա կարող է հայտնվել մեր եթերում։ Ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին, և նախնական ընտրությունն անցնելու դեպքում՝ այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։




Լճկաձորում իրականացվելու են քարաթափման աշխատանքներ. իրազեկում

Ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Տեղեկացնում ենք, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Թեղուտում կգործարկվի էլեկտրաշչակ․ իրազեկում

Ապրիլի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։