Իջևանում վագոն-տնակ է այրվել

Իջևանում վագոն-տնակ է այրվել

Մայիսի 11-ին, ժամը 20։34-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:51-ին, մարվել՝ 22:08-ին։ Այրվել է ինքնաշեն, փայտե վագոն-տնակ՝ մոտ 50 քմ։




Անկախ մեդիան ժողովրդավարական ընտրությունների կարևոր բաղադրիչ է․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչները՝ Տավուշ Մեդիայում

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները` երկարաժամկետ դիտորդներ Մարտին Նետզերը ու Ռոբերտ Մանգամն այցելել են Տավուշ Մեդիա՝ ծանոթանալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Տավուշ Մեդիայի կողմից ձեռնարկվող նախաձեռնություններն ու աշխատանքային մեխանիզմները՝ միտված ընտրական գործընթացների բազմակողմանի, հավասարակշռված և անաչառ լուսաբանմանը։ Անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների ընթացքում տեղեկատվական անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի և հանրության իրազեկվածության բարձրացման հարցերին։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները կարևորել են անկախ մեդիայի դերն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ ազատ և պատասխանատու մամուլը ժողովրդավարական ընտրությունների առանցքային բաղադրիչներից է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խորհրդարանական ընտրությունների համատեքստում առկա ներքին և արտաքին մարտահրավերները, տեղեկատվական դաշտում առկա ռիսկերն ու դրանց հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների վրա։




Ռայխսթագի պատերի տակ հնչած զուռնան պահվում է Բերդի թանգարանում

1945 թվականի մայիսի 9-ին Ռայխսթագի պատերի տակ հնչած ինքնաշեն զուռնան այսօր պահպանվում և ցուցադրվում է Բերդի պատմության և կենցաղի թանգարանում։

Երաժշտական գործիքը պատկանել է Թամանյան դիվիզիայի հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակից, ավագ սերժանտ Արշալույս Չիլինգարյանին՝ Տավուշի մարզի Նավուր գյուղից։

Զուռնան հնչել է Հայրենական պատերազմի հաղթանակի օրերին՝ խորհրդանշելով պատերազմի ավարտն ու խաղաղության սպասումը։ Պատերազմից հետո Արշալույս Չիլինգարյանը խնամքով պահպանել է երաժշտական գործիքը, իսկ տարիներ անց այն փոխանցել Բերդի պատմության և կենցաղի թանգարանին, որտեղ այն այսօր ներկայացվում է որպես պատերազմի տարիների հիշողություն և արժեքավոր մասունք։




Հարգանքի տուրք Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին

Մայիսի 6-ը Նոյեմբերյան համայնքում հիշողության, ցավի և հերոսացման օր է։ Արդեն 35 տարի շարունակ այս օրը համայնքի բնակիչները խոնարհվում են 1991 թվականին զոհված ոստիկանների հիշատակի առաջ՝ արժևորելով նրանց անձնազոհությունն ու ծառայությունը հայրենիքին։

Հարգանքի տուրքի միջոցառումները նվիրված են այն ոստիկաններին, ովքեր զոհվեցին Խորհրդային Միության բանակի և ադրբեջանական օմոնականների կողմից իրականացված «Կոլցո» գործողության ընթացքում։


1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Նոյեմբերյանի ոստիկանության 24 աշխատակիցներ Ոսկեպար գյուղի մերձակա անտառում հայտնվեցին խորհրդային բանակի և ադրբեջանական օմոնի կազմակերպած ծուղակում։ Այս դեպքը համարվում է Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից մեկը։

Դեպքերն սկսվեցին նախորդ օրվա ուշ երեկոյան ստացված ահազանգից, ըստ որի՝ ադրբեջանական ուժերը հատել էին Նոյեմբերյանի սահմանը և շարժվում էին դեպի Ոսկեպար։ Ոստիկանների խումբը, ավտոբուսով և «Նիվա» մեքենայով, ուղևորվեց գյուղ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը։ Անվտանգության նկատառումներով նրանք շարժվում էին լեռնային ճանապարհներով, քանի որ հիմնական ճանապարհը գնդակոծության տակ էր։

Սակայն գյուղ չհասած՝ նրանք բախվեցին խորհրդային բանակի զինվորականների հետ, որոնք անսպասելիորեն բացեցին կրակ։ Այդ պահին արդեն ընթացքի մեջ էր «Կոլցո» գործողությունը։

Հարձակման հետևանքով 11 ոստիկան զոհվեց տեղում, իսկ մնացածները գերեվարվեցին։ Գերիներից երեքը հետագայում մահացան ադրբեջանական բանտերում։ Մի քանի ժամ անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափեցին նաև Ոսկեպարը պաշտպանող ևս 45 ոստիկանների և նրանց ևս հանձնեցին ադրբեջանական ուժերին։

Կարդացեք նաև՝




Եղերական լուսաբաց․ Ոսկեպար, մայիսի 6, 1991 թվական

1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի ծուղակն ընկավ Նոյեմբերյանի ոստիկանության 24 աշխատակից: Սա, թերևս, Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից մեկն է:

Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբն ավտոբուսով ու «Նիվա» մակնիշի մեքենայով գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Գնում են սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:

Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել: Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր… 11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաև Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին:




Կիրանց գյուղում հոգևոր կյանքը նոր շունչ է ստանում․ օծվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին

Կիրանց գյուղում տասնամյակների լռությունից հետո օծվեց 19-րդ դարի՝ 1888 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը վերջերս ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Եկեղեցին խորհրդային տարիներին երկար ժամանակ ծառայել է որպես պահեստ՝ զրկվելով իր հոգևոր նշանակությունից։ Տարիների ընթացքում այն հայտնվել էր խիստ վթարային վիճակում․ ամբողջությամբ բացակայում էր տանիքը, պատերի մի շարք հատվածներում առաջացել էին ճաքեր, քանդված էր սալահատակը։

Մայիսի 2-ին Կիրանցի բնակիչները, Տավուշի մարզի և հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հավատավորները ուխտերթով շարժվեցին դեպի եկեղեցի՝ մասնակցելու վերածննդի այս խորհրդանշական արարողությանը։

Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ։ Օծումը կատարվեց Հայկազուն Սրբազանի ձեռամբ։ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին հաջորդեց Անդաստանի կարգը։

Վերականգնման աշխատանքները իրականացվել են Կառավարության միջոցներով։ 2024 թվականին կատարվել են շուրջ 21 միլիոն դրամի աշխատանքներ՝ վերացնելով նախորդ տարիների նախագծային շեղումները, բացելով և վերականգնելով պատուհանների բացվածքները, ինչպես նաև ամրացնելով կառուցվածքային տարրերը։ 2025 թվականին ներդրվել է ավելի քան 32 միլիոն դրամ՝ իրականացվել են տանիքի կառուցման, քարե շրջանակների, անկյունաքարերի և քիվերի վերաշարադրության աշխատանքներ, կառուցվել է վեցասյուն նոր ռոտոնդա, կատարվել են ներքին հարդարման և ներկման աշխատանքներ։ 2026 թվականի սկզբին եկեղեցու վերականգնումն ամբողջությամբ ավարտվել է։

Եկեղեցին գտնվում է հենց սահմանագծին՝ մոտ 30 մետր հեռավորության վրա՝ դպրոցի և երեխաների մարզադաշտի հարևանությամբ։ Եկեղեցու կողքին նաև QR կոդ է տեղադրված, որը սքանավորելու դեպքում կայցելեք Տավուշ Մեդիայի կայք ու կիմանաք ավելին՝ եկեղեցու մասին։




Սպորտը՝ որպես հավասարության կամուրջ․ ներառական մարզական օր Գանձաքարում

Տավուշի մարզի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտում տեղի է ունեցել մարզական միջոցառում՝ ուղղված հավասար և անվտանգ կրթական միջավայրի խթանմանը։ Նախաձեռնությունը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը։

Միջոցառմանը մասնակցել են Իջևանի թիվ 5 հիմնական, Սևքարի և Գանձաքարի միջնակարգ դպրոցների շուրջ 150 աշակերտներ։ Նրանք մրցել են ֆուտբոլում և մի շարք այլ մարզաձևերում՝ ձևավորելով ներառական թիմեր, որոնք կազմված էին տարբեր դպրոցների սովորողներից։

Կազմակերպիչների խոսքով՝ այս ձևաչափը նպատակ ունի խթանել երեխաների միջև սոցիալական շփումները, ամրապնդել ընկերական կապերը և զարգացնել փոխադարձ հարգանքը։ Նախաձեռնությունը հիմնված է ներառական կրթության «ապրել միասին, սովորել միասին» սկզբունքի վրա։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև սպորտլանդիա, որի նպատակն առաջին հերթին ֆիզիկական ակտիվության խթանումն է և թիմային աշխատանքի, հանդուրժողականության և փոխըմբռնման ձևավորումը։ Մասնակիցները շեշտել են, որ իրենց համար առաջնայինը ոչ թե հաղթանակն է, այլ նոր ընկերների ձեռքբերումն ու համատեղ անցկացրած ժամանակը։

Կազմակերպիչները վստահ են, որ նման միջոցառումները կարևոր դեր ունեն երեխաների համակողմանի զարգացման գործում՝ նպաստելով ֆիզիկական, սոցիալական և արժեքային կրթությանը։ Սպորտը, նրանց համոզմամբ, կարող է դառնալ արդյունավետ գործիք՝ ձևավորելու անվտանգ, հավասար և ներառական կրթական միջավայր։

Կարդացեք նաև՝

 




Հրդեհ Բերդավան գյուղում. կանխվել է հրդեհի տարածումը

Ապրիլի 28-ին, ժամը 10:26-ին ՆԳՆ Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան բնակավայրում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 34-րդ փողոցի երկհարկանի տներից մեկի ննջասենյակում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 10:55-ին: Այրվել է ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ:




Խաշթառակի բնակիչներն արդեն օգտվում են նորակառույց կամրջից

2025 թվականի օգոստոսից մեկնարկած Խաշթառակ գյուղի կամրջի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Գյուղն այժմ ունի ժամանակակից մետաղական կամուրջ, որն ապահովում է անվտանգ և հարմարավետ երթևեկություն։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է իրանական ընկերություն, որը կամուրջ է կառուցել նաև Լոռու մարզի Ախթալա բնակավայրում՝ 2024 թվականի մայիսին տեղի ունեցած հեղեղումից հետո։ Նորակառույց կամուրջն արդեն շահագործման է հանձնվել, և բնակիչներն օգտվում են դրանից՝ ապահով և անխափան կապ ապահովելով համայնքի ներսում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, գարնանային հեղեղումներից վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Շաբաթների ընթացքում նկատելի դարձավ կամրջի դեֆորմացումը։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որը նույն տարվա՝ 2024 թվականի հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվեց ու կրկին վերականգնվեց, որից մինչ վերջերս օգտվում էին Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի բնակիչները:

 

 

 




Սարիգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Ապրիլի 28-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։