Դովեղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Տավուշում

Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Երևան քաղաքում մարտի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին սպասվում է կարճատև անձրև։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։




Լուսահովիտում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Մարտի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Բադմինթոնի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին

2024 թվականին լրանում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակը։ Այս առիթով մասնաճյուղում ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, որոնցից մի քանիսը արդեն ընթացքի մեջ են։ Մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բադմինթոնի բաց առաջնություն։

Բաց առաջնության կազմակերպման նպատակն էր ոգևորել Տավուշի մարզի երիտասարդներին՝ վարելու առողջ ապրելակերպ, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստությունը, մասսայականացնել սպորտը Տավուշում: Առաջնության մասնակիցների շարքում մասնաճյուղի ուսանողներ էին և երիտասարդներ Տավուշի համայնքներից, ովքեր սիրողական զբաղվում են բադմինթոն սպորտաձևով։ Անիտան, ով տարիքով կրտսեր մասնակիցն էր, բադմինթոնի Հայաստանի մինչև 13 տարեկանների մրցապայքարում առաջին հորիզոնականն է գրավել և առաջիկայում իր ուժերը կփորձի Չեխիայում։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին նվիրված մարզական ևս մեկ միջոցառման ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով։




Տավուշեցի հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանի պատմությունը

Մեր հայրենակից, հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը ՏավուշTV-ին ներկայացրել է իր ստեղծագործական ճանապարհի պատմությունը՝ սկսած այն ժամանակից, երբ կիթառ ունենալը միայն անհաս երազանք էր թվում, մինչև այսօր արդեն իր սեփական սաներին ոգեշնչելը։
Կարինեն ասում է, Երևանից դուրս ստեղծագործելու առավելությունն այն է, որ բնության հետ իր կապը շատ սերտ է եղել, և այդ կապն է, որ թույլ է տվել բնության մեջ տալ հարցեր ու գտնել դրանց պատասխանները։ Իր իսկ երգի խոսքերով՝

«Միայնությունը հասցրել է խորին ինքնահասկացման,
Եվ լռությունը իր գաղտնիքներն է շռայլել անգին․․․»




Մակարդակով կոֆե Գոհար Ասլիկյանի հետ

Տավուշյան ջերմ զրույցների փնտրտուքով այս անգամ Բերդավան գյուղում էինք։ Հյուրընկալվել ենք Գոհար Ասլիկյանին, ով «Տավշո խոհանոց» հաղորդաշարի վարողն է․ նա վերջերս հաղթեց «Թեժ խոհանոց» հեռուստանախագծում։

Գոհարի հետ հետաքրքիր զրույցը ծավալում ենք Տավուշի խոհանոցին հատուկ ագդակ ու եղալավաշ պատրաստելու ընթացքում։

Մի խոսքով՝ Հրանտ Ղազումյանն ու ՏավուշTV-ի նկարահանող թիմը հյուրընկալվել են Գոհարի տանը՝ տավուշյան «ՄակարդակովԿոֆեի»




Բերդավանում անցկացվել է ինտելեկտուալ խաղ նվիրված կանանց տոնին

Կանանց տոնին ընդառաջ Բերդավանի Գեղագիտական կենտրոնում անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին Բերդավանի վարչական կազմը, գյուղի մսուր-մանկապարտեզի, երաժշտական դպրոցի, Գեղագիտական կենտրոնի, դպրոցի ու բուժամբուլատորիայի աշխատակիցները։

Խաղը կազմակերպել էր վաստակավոր ուսուցիչ, Բերդավան գյուղի բնակիչ Սամսոն Խոջոյանը։ Խաղն իր ձևաչափով առանձնանում էր, քանի որ առաջին անգամ անցկացվել է զվարճալի ֆորմատով՝ ներառելով տոնի հետ կապված հումորներ, զվարճալի պատմություններ։
Խաղի արդյունքում հաղթող է ճանաչվել Բերդավանի միջնակարգ դպրոցի «Գոհարներ» թիմը, իսկ թիմի լավագույն խաղացող է ճանաչվել Լալա Բարսեղյանը:

Լուսանկարները՝ Բերդավանի գեղագիտական կենտրոնի։




Իջևանի համայնքապետարանն ամփոփել է 2023 թվականի աշխատանքները

Իջևանի համայնքապետարանն ամփոփել է 2023 թվականի ընթացքում կատարած աշխատանքները․ փետրվարի 29-ին տեղի ունեցած Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ներկայացվել է համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ավագանին հաստատել է նաև համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը:

2023 թվականին Իջևան խոշորացված համայնքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ։ Կառուցվել են նոր ճանապարհներ և պուրակներ,մանկապարտեզներ, ընդլայնվել է լուսավորության ցանցը, կազմակերպվել են մշակութային, երիտասարդական և մարզական միջոցառումներ։ 2023 թվականին համայնքի բյուջեն փաստացի կազմել է 2.807.693.000 դրամ: Տարվա ընթացքում սոցիալական աջակցություն է տրամադրվել 462 բնակչի՝ 9.366.000 դրամի չափով: 183 զինծառայող ստացել 5.490.000 դրամ ֆինանսական աջակցություն: Սպորտի և մշակույթի բնագավառում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները,մարզիչները, սաներն ու ուսուցիչները պարգևատրվել են ընդհանուր՝ 3.790.000 դրամի չափով: Ֆինանսական աջակցությունների և դրամական պարգևների ընդհանուր բյուջեն կազմել է 18.646.000 դրամ: Ընդհանուր առմամբ 2023 թվականին համայնքում իրականացվել է 744 միլիոն դրամի սուբվենցիա, որից համայնքի ներդրումը կազմել է 335 միլիոն դրամ: Սրանք կատարված աշխատանքերի մի մասն են կազմում, իսկ ամբողջական հաշվետվությունը ներկայացվեց ավագնու անդամներին: Նիստի ավարտին ավագանու անդամները իրենց առաջարկությունները ներկայացրեցին համայնքի ղեկավարին` օրակարգում ներառված այլ հարցերի վերաբերյալ:




Սպասվում են տեղումներ. առաջիկա եղանակային կանխատեսումը

 

Հանրապետության մարզերում մարտի 6-ի ցերեկը, 8-9-ին, 11-ի ցերեկն առանձին շրջաններում, մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ, մարտի 7-9-ին՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի։

Երևանում մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։

 




Դիլիջանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Մարտի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։