Յուրա Չոբանյանը 23 տարեկան կդառնար. օծվել է նրա հիշատակին կառուցված եկեղեցին

Ապրիլի 20-ին հանդիսապետությամբ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մասնակցությամբ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի և Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանի` Արծվաբերդում կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոս Յուրա Վրեժի Չոբանյանի հիշատակին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, Արծվաբերդ, Այգեպար, Չորաթան բնակավայրերի վարչական ղեկավարները, Յուրա Չոբանյանի հարազատները, համագյուղացիները։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Յուրայի շիրմաքարին, այնուհետև կատարել են ՀՀ օրհներգը։
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Յուրա Չոբանյանի ծնողների նախաձեռնությամբ։
Ճարտարապետը և շինարարն Արտակ Բեգյանն է։

Եկեղեցու օծման արարողությունը կայացել է Յուրա Չոբանյանի ծննդյան օրը. այսօր նա կդառնար 23 տարեկան։

Յուրա Չոբանյանը ծնվել է 2001 թ.-ի ապրիլի 20-ին, Արծվաբերդում։ Սովորել է Արծվաբերդի հիմնական, ապա Բաբկեն Աղաբաբյանի անվան միջն. դպրոցներում։




Փակ է Կիրանց գյուղի ճանապարհը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ` ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհահատվածները: Բնակչության ընդվզումը շարունակվում է. այժմ փակ է Կիրանց գյուղի ճանապարհը:

Լուսանկարը` Գոհար Վարդանյանի

ԹԱՐՄԱՑՈւՄ
Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում Մհեր Գրիգորյանի հետ:




ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Ե I Շխմուրադի վանք

Տավուշ գավառի XII-XIV դդ. արժեքավոր ճարտարապետական համալիրներից է նաև Շխմուրատ կոչվող կիսավեր վանքը։ Այն կառուցվել է XII-XIII դդ. Հախում գետի ամբողջ ավազանն ընդգրկած Նոր բերդի Կյուրիկյան իշխանության տարածքում։ Ընկած է Բերդ համայնքի Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ արևմուտք՝ Հախում՝ Վարագաջուր, գետի ձախ ափին։

Շխմուրատի բուն՝ պատմական, անունը հայտնի չէ։ Հայագիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետի համաձայն Շխմուրատը ոչ թե վանքի անունն է, այլ՝ շրջակա բնակավայրի։ Հախում գետի ափին գտնվելու պատճառով՝ որոշ հեղինակներ այն ենթադրաբար կամ վստահաբար նույնացրել են Գետակիցք կոչվող վանքի հետ։ Սակայն երջանկահիշատակ Հրաչյա Քարտաշյանի համոզիչ դիտարկմամբ և տողերիս հեղինակի լրացուցիչ փաստարկմամբ Գետակիցքը գտնվել է Բերդ համայնքի Այգեձոր գյուղին մերձակա Ներքին Եղցաձոր (Եկեղեցաձոր) կոչվող հնավայրում։

Շխմուրատի հուշարձանախումբը բաղկացած է չորս կառույցից՝ Սուրբ Աստվածածին կոչվող եկեղեցուց, ժամատնից, գավթից ու «Խորանիկ» անունով հայտնի շինությունից։ Եկեղեցի ու խորան եզրույթների նույնականությունից հետևում է, որ մանրածավալ այդ կառույցը վանական համալիրում փոքր եկեղեցու դեր է կատարել։ Նրա մուտքի բարավորի՝ վերնասեմ, վրա մասնավորապես գրված է.

«Ես տ(է)ր Գրիգոր շինեցի զխորանիկս ա(ստուա)ծաբնակ հրամանաւ Սադունոյ մեծի իշխանի»։

Այս Սադունը և ոչ թե Սադորնը (ինչպես վերծանել է Մ. Բարխուդարյանը) «Մեծ և հզոր իշխան» Սադուն Ա Մահկանաբերդցին է՝ Կայան գավառի տերը։ Նա գործել է XII դ. երկրորդ կեսին – XIII դ. սկզբին։

Shmurat vanq, Tavush

Տեր Գրիգորի այս արձանագրության թվականը՝ 1181, փաստում է, որ «Խորանիկ»-ը Շխմուրատի վանական համալիրի հնագույն կառույցն է։ Նրան ժամանակագրորեն հաջորդողը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, ինչը երևում է նրա 1248 և 1264 թվակիր արձանագրություններից։ Դրանք հիմք են տալիս պնդելու, որ այդ եկեղեցու կառուցումը տևել է շուրջ 20 տարի։

Վանական համալիրի մյուս շինությունների կառուցման ժամանակը հայտնի չէ։ Սակայն, ինչպես նկատվել է՝ ժամատունը եկեղեցուն, իսկ գավիթը դրան ու ժամատանը կցված լինելը վկայում են, որ ժամատունը կառուցվել է XIII դ. վերջին, իսկ գավիթը XIV դ. սկզբին։ «Խորանիկ»-ից բացի Շխմուրատի մնացած կառույցների հեղինակներն անհայտ են։ Այս վանական համալիրը ժամանակին պատված է եղել պարսպով, որի աննշան հետքերն են պահպանվել։

Գրչագիր ու վիմագիր այլ աղբյուրներում չվկայված այս հուշարձանի պատերին ու տարածքում պահպանվել է 16 արձանագրություն։ Ժամանակագրորեն վերջինը գավթում գտնվող խաչքարի վրայի 1619 թվակիր արձանագրությունն է։ Դա վկայում է այդ ժամանակ վանքի՝ իբրև հոգևոր հաստատության, գործելը։

 




Քո իրավունքը | Նվիրատվություն և պահատվություն

«Քո իրավունքը» հաղորդաշարի այսօրվա թեման նվիրատվության ու պահատվության մասին է։ Վիկտորյա Սիմոնյանը թողարկման ընթացքում պատասխանում է Ձեր կողմից ուղղված հարցերին։

Կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումներն ու կպաշտպանենք Ձեր իրավունքը: Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Մոնիկա Մկրտչյան. ասմունքում է իր հեղինակային բանաստեղծությունը

Տավուշի շնորհալի երեխաները կրկին Տավուշ TV-ի եթերում են։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Մոնիկա Մկրտչյանին, ով ասմունքում է իր գրած բանաստեղծություններից։

Մոնիկան Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Չափար գյուղից։ Այժմ ապրում է Իջևանում։

___
Եթե Ձեր երեխան ևս ունի բացառիկ որևէ տաղանդ՝ լավ երգում է, նվագում է, ասմունքում, ունի մարզական կամ այլ նվաճումներ, ապա նա կարող է հայտնվել մեր եթերում։ Ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին, և նախնական ընտրությունն անցնելու դեպքում՝ այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։




Լճկաձորում իրականացվելու են քարաթափման աշխատանքներ. իրազեկում

Ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Տեղեկացնում ենք, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Թեղուտում կգործարկվի էլեկտրաշչակ․ իրազեկում

Ապրիլի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Տավուշ հեռուստաընկերությունը 4 տարեկան է. Շնորհավորանքներ

Տավուշ TV-ն ձեր էկրաններին է արդեն 4 տարի շարունակ:

Շնորհակալ ենք մեզ սիրելու, աջակցելու, ոգևորելու և մեր կողքին լինելու համար թե՛ մեր բոլոր բարեկամներին, և թե՛ ձեզ, մեր սիրելի՛ հեռուստադիտողներ։

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը,
«Բերդ մշակույթի կենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Մելիքյանը, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնատար Անուշավան Մակարյանը շնորհավորում են մեզ` հիմնադրման օրվա առթիվ:

ՏավուշTV-ն ձեր էկրաններին է արդեն 4 տարի շարունակ:

Մեզ շնորհավորում են մեր հետևորդներն ու բարեկամները: Շնորհակալ ենք մեզ սիրելու, աջակցելու, ոգևերելու և մեր կողքին լինելու համար թե՛ մեր բոլոր բարեկամներին, և թե՛ ձեզ, մեր սիրելի՛ հեռուստադիտողներ։

«Դիլի տուր Ինֆո» զբոսաշրջային, մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր Վաչե Գրիգորյանը շնորհավորում է Տավուշ հեռուստաընկերության հիմնադրման 4-րդ տարեդարձը

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Տավուշ» մարզային հեռուստատեսության ստեղծագործական թիմին՝ ակտիվ համագործակցության, իմ գործունեությանը բազմիցս անրադառնալու, ռեպորտաժներ պատրաստելու և իմ հրապարակումները ու շնորհավորական ուղերձները պաշտոնական կայքում տեղադրելու համար։ Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ ես ևս սրտաբուխ ու անկեղծ մաղթանքներով շնորհավորում եմ մեր մարզային հեռուստաընկերության ստեղծագործական թիմին՝ գործունեության 4 ամյակի առթիվ։ 4 կարճ, բայց հարուստ փորձով ու բեղուն ճանապարհ անցած մեր հեռուստաընկերությունը մեծ պատվով է կատարում իր առջև դրված նպատակները, հաղթահարում բազում դժվարություններ, խոչընդոտներ, ամենայն պատասխանատվությամբ է կարողանում հաստատուն և հստակ քայլերով գնալ իր առաքելության ճանապարհով։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ավելի քան 5 տարի Տավուշը չուներ իր հեռուստաալիքը, իսկ 2020 թվականի ապրիլի 15-ին վերագործարկվեց ու եթեր վերադարձավ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը՝ իր առջև խնդիր դնելով մարդկանց իրազեկել անվտանգային, կրթական ու մշակութային, տնտեսության, սոցիալական ոլորտների, մարզային ու համայնքային խնդիրների, երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, քաղաքների ու գյուղերի կյանքի , Տավուշում ընթացող ու սպասվելիք ծրագրերի մասին: «Տավուշ» հեռուստաընկերությունը այնտեղ է, որտեղ իր կարիքը կա։

Հարգելի գործընկերներ, իմ շատ սիրելի Տավուշ TV-ի ստեղծագործական թիմ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ հեռուստատեսության ստեղծման օրվա առթիվ։ Մաղթում եմ բեղմնավոր, արգասաբեր, դրական և լուսավոր, ավետաբեր նորություններով, հաղորդումներով, կանաչ, առանց խոչընդոտների ճանապարհ և հաջողություններ»

Հարգանքով՝
Ձեր հավատարիմ հեռուստադիտող, հետևորդ ու գործընկեր՝ Վաչե Գրիգորյան

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակը և WebTV.am առաջին հայկական յութուբյան մշակութային հեռուստաալիքը շնորհավորում են

Սիրով շնորհավորում ենք մեր գործընկերներին, մեր լավագույն գործընկերներին, որոնց հետ մեր համագործակցությունը շարունակում է որակյալ բովանդակություն սփռել բոլոր այն հեռուստադիտողների համար, որոնք «ՏԱՎՈՒՇ» հեռուստաընկերության հեռուստադիտողներն են:
Այո, կայացել է մի հեռուստաընկերություն, որը չի խորշում որակյալ բովանդակությունից, որը հայոց լեզվի, ազգային մշակույթի, ազգային մշակութային ժառանգության տարածողն է և ունի շատ կայուն արժեքային համակարգ:
Շնորհավորում ենք ու մաղթում երկարակեցություն:
Նիկոլայ Գրիգորյան ջան, կեցցես, եղբայր:

Արայիկ Մանուկյան




Տավուշ հեռուստաընկերությունը 4 տարեկան է

4 տարի առաջ հայկական հեռուստատեսության շարքը համալրեց «Տավուշ» հեռուստաընկերությունը՝ Տավուշ աշխարհի տեղեկատվական, ճանաչողական, ուսուցողական, խորհրդատվական, հետաքննական, կանաչ, սահմանապահ մեդիան։ Ավելի քան 5 տարի Տավուշը չուներ իր հեռուստաալիքը, իսկ 2020 թվականի ապրիլի 15-ին վերագործարկվեց ու եթեր վերդարձավ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը՝ իր առջև խնդիր դնելով մարդկանց իրազեկել անվտանգային, կրթական ու մշակութային, տնտեսության, սոցիալական ոլորտների, մարզային ու համայնքային խնդիրների, երիտասարդների, կանանց, հաշմանդամների, քաղաքների ու գյուղերի կյանքի , Տավուշում ընթացող ու սպասվելիք ծրագրերի մասին:

Ընթերցե՛ք, դիտե՛ք և լսե՛ք 4 տարվա մեր աշխատանքի ու գործունեության մասին պատմող մուլտիմեդիա պատմությունը։




Վոլեյբոլի առաջնություն՝ նվիրված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին

Ի նշանավորումն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակի ապրիլի 13-ին անցկացվեց հերթական մարզական միջոցառումը՝ վոլեյբոլի բաց առաջնություն՝ Տավուշի մարզի համայնքային թիմերի մասնակցությամբ։

Առողջ ապրելակերպի խրախուսման ու սպորտի մասայականացմանը նպաստելու համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մարզական միջոցառումների իրականացումը հաճախակի բնույթ է կրում։

Առաջնությանը մասնակից թիմերը Տավուշի մարզի բոլոր համայնքներից էին։ Մասնակիցների համար սա նաև լավ առիթ էր՝ փորձելու ուժերը՝ իրենց հասակակիցների հետ։

Թեժ ու դինամիկ մրցապայքարի վերջում հաղթողները ստացան առաջնության գլխավոր մրցանակը՝ մարզական գավաթը, իսկ ԵՊՀ միակ մասնաճյուղի 30-ամյա գործունեությանն նվիրված միջոցառումները շարունակվում են։