Դիլիջանում նշվեց Քաղաքացու օրը

Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ Օրվա շրջանակում Դիլիջան համայնքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ միավորելով համայնքի բնակավայրերի բնակիչներին քաղաքացիական արժեքների շուրջ։ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով կազմակերպված միջոցառումները նպատակ ունեին խթանել հանրային մասնակցությունն ու ընդգծել քաղաքացու դերը պետության ներսում։

Օրվա շրջանակում առաջին միջոցառումը տեղի ունեցավ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում, որտեղ հյուրընկալվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը։ Բանախոս Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձավ պետություն–քաղաքացի հարաբերություններին, քաղաքացիական գիտակցության ձևավորման կարևորությանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը երկրի զարգացման գործընթացներում։ Հանդիպումն անցավ բաց ձևաչափով․ ներկաները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր և ներկայացնել իրենց դիտարկումները։

Միջոցառումների շարքը շարունակվեց Հաղարծին բնակավայրում՝ մշակույթի տան դահլիճում կազմակերպված հանդիպմամբ։ Այստեղ ևս քննարկումների առանցքում քաղաքացիական պատասխանատվության և համայնքային ներգրավվածության թեմաներն էին։ Մասնակիցները կարևորեցին հասարակական կյանքում ակտիվ լինելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել համայնքի և երկրի առաջընթացին։

Օրվա միջոցառումներն ամփոփվեցին գեղարվեստական հատվածով․ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի և Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաները հանդես եկան ելույթներով՝ հաղորդելով օրվան տոնական երանգ։

 




Իջևանում անցկացվեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի բաց առաջնությունը

Ապրիլի 25-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ թիվ 5 հիմնական դպրոցում, անցկացվեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի բաց առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին 110 մարզիկներ՝ տարբեր համայնքներից։

Առաջնությունն անցավ բարձր մրցակցային մթնոլորտում․ մասնակիցները ցուցադրեցին տեխնիկական պատրաստվածության բարձր մակարդակ, իսկ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ականատես լինել հետաքրքիր և լարված մենամարտերի։

Առաջնության ավարտին հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան մեդալներով և պատվոգրերով։ Մրցաշարի կազմակերպիչը Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի գլխավոր մարզիչ Ստեփան Սարհատյանն է։




Տավուշի մարզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Տավուշի մարզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում մարդկանց բազմությունն առավոտյան լուռ քայլերթով շարժվեց Հայոց Ցեղասպանության հուշակոթող՝ ի հիշատակ և ոգեկոչում մեր զոհերի։

Քայլերթին համընթաց ընթանում էր Սուրբ Պատարագը՝ Ցեղասպանության նահատակներին նվիրված բաց խորանում։

Տավուշ Մեդիայի ֆոտոշարքը Իջևանից։

Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում այսօր ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: Ժամը 10։30-ին «Սորաններ» դենդրոպարկի մուտքի հարակից տարածքից մեկնարկել է երթը դեպի հուշակոթող։

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի։

Նոյեմբերյան համայնքում բնակիչները, համայնքային կառույցների ներկայացուցչները համայնքապետարանի մերձակայքից քայլերթով շարժվել են դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մատուցվել է Սուրբ պատարագ։

Լուսանկարները՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի։

Դիլիջանում քաղաքի հուշարձանի հարակից տարածքում տեղի է ունեցել հիշատակի արարողություն։

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի։

 




Մարզական ակտիվություն Իջևանում․ ավարտվեց ֆուտբոլի հերթական առաջնությունը

Իջևան համայնքում ավարտվեց «Իջևան համայնքի ղեկավարի գավաթ» ֆուտբոլային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել խոշորացված համայնքի 7 բնակավայրերից թիմեր՝ հանդես գալով 35-ից բարձր տարիքային խմբում։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ առաջնության եզրափակիչ փուլը։ Լարված ու դիտարժան պայքարի արդյունքում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Աչաջուր գյուղի թիմը։ Երկրորդ տեղը՝ Գետահովիտի թիմը, իսկ առաջնության հաղթող ճանաչվեց Իջևան քաղաքի թիմը։

Առաջնությունը կազմակերպել էր «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը՝ Իջևանի համայնքապետարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով խթանել ֆուտբոլի զարգացումն ու մասսայականացումը համայնքում։




Ոսկեպար գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Ոսկեպարում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Ապրիլի 22-ին, Ժամը 22։26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 50 մետր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների ու պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։




Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքը Տավուշի մարզում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը:

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 17-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատամուտ գյուղի հարակից դաշտում գտնվող կիսաքանդ շինության մոտ զենք-զինամթերք է թողել։

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, նռնականետի 8 արկ, նռնականետի արկի 17 լիցքավորիչ և տարբեր տրամաչափի 1655 փամփուշտ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։




Գարնան զարթոնքը Տավուշում

Տավուշի բնությունը կրկին շնչում է գարնան թարմությամբ։ Այգիներում արդեն եռուզեռ է․ մարդիկ խնամքով մշակում են հողը, ծառերը ծաղկում են, իսկ գյուղական կյանքը վերագտնում է իր բնական ռիթմը։

Տեղացիների հետ զրույցներում ամենից հաճախ հնչում է պարզ, բայց խորն իմաստ ունեցող միտք․ «Եթե սիրով չես աշխատում, աշխատանքդ հավասար է զրոյի»։ Այդ խոսքերը լավագույնս արտացոլում են այստեղի մարդկանց վերաբերմունքը հողի, աշխատանքի ու կյանքի նկատմամբ։

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութում բացահայտվում է այս ամենի իրական շունչը՝ մարդկային պատմություններով, ջերմ զրույցներով ու գարնան կենդանի գույներով։




Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Տավուշի մարզի դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ Տավուշի մարզային վարչությունից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Աչաջուր բնակավայրի նախկին ղեկավար Կ.Ղ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտի՝ շուրջ 17 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով վարչական շենքն ապօրինի ձևափոխել է, առանձնացրել է 4 տաղավար և 2016 թվականից սկսած՝ տաղավարները վարձակալությամբ տրամադրել է տարբեր անձանց՝ համայնքի փոխարեն ստանալով վարձավճարը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

«Տավուշի մարզի դատախազության կողմից ձեռնարկված ներգործության արդյունքում՝ մարզադաշտի վարչական շենքի տարածքը վերադարձվել է Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանը:

Նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է», – նշված է Դատախազության հայտարարության մեջ։




Հոգեբանական աջակցությունը դպրոցում | Տավուշյան հորիզոններ




Քաղաքային բնանկարչության | Տավուշյան հորիզոններ