Ներառական կրթությունը՝ Տավուշի մարզում. ձեռքբերումներն ու խնդիրները

«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ Տավուշի մարզում» ծրագրի շրջանակում, «Հույսի կամուրջ» ՀԿ դեկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նախաձեռնել էր «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը՝ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ներառական և հավասարապես որակյալ կրթության խթանման գործում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավագույն փորձի, ձեռքբերումների, մարտահրավերների և քաղած դասերի ներկայացման նպատակով:
Աշխատաժողովի սկզբում ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացումը ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական,միջնակարգ,նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ձեռքբերումները, մարտահրավերները և քաղած դասերը:
Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ, որը միտած էր թեմային վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ: Աշխատաժողովին մասնակցում էին Տավուշի մարզի կրթական հաստատությունների ավելի քան 200 աշխատակիցներ:
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ՀՀ Տավուշի մարզում» ծրագիրը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:




Տեխնոլոգիայի դասասենյակները հանձնվեցին բերդավանցի դպրոցականներին

Տավուշի մարզի Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի երկու դասասենյակ պաշտոնապես դեկտեմբերի 22-ին հանձնվեց աշակերտներին: Հայ օգնության ֆոնդի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում վերանորոգված ու կահավորված դասասենյակները ավելի լավ պայմաններ են ստեղծում Բերդավանի դպորցի շուրջ 400 դպրոցականի համար:
Դասասենյակների վերանորգմանը սպասում էին հատկապես դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտները․ այստեղ կարող են սովորել կարուձև, փայտի փորագրություն, և այն ամենը՝ ինչ նախատեսված է տեխնոլոգիայի կրթական ծրագրով։ Դասասենյակի կարիքը դպրոցում շատ էր զգացվում, նշում է դպրոցի տնօրենը․ մինչ այս տեխնոլոգիա առարկայի պրակտիկ դասերը ապահովվում է «Արար» հայ մշակույթի պահպանման կենտրոնը։
Հարմարավետ կրթական միջավայրում՝ լուսավոր ու կահավորված դասասենյակներում բերդավանցի դպրոցականները կարող են սովորել, ստեղծագործել ու արարել։ Տեխնոլոգիայի դասասենյակի նորոգումն ու կահավորումը իրականություն է դարձել «Մարդիգյան ընտանիքի» նվիրատվությամբ։




Փրկարար ծառայությունը՝ ճանապարհների մասին․ կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Սպիտակի  և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Մերկասառույց է նաև Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար  ավտոճանապարհներին, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Մակարդակով կոֆե Ալմաստ Եսայանի հետ

Այս ձմռան առաջին «Մակարդակով Կոֆեին» հրավիրված է Արցախից Տավուշ եկած  բարի, հմայիչ, հոգատար, սրտացավ, ուժեղ Ալմաստ Եսայանը։ 

«Մակարդակով Կոֆե» շարքում այս անգամ սուրճի հետ վայելելու ենք Հրանտ Ղազումյանի զրույցը՝ Ալմաստի հետ, ով կպատմի թե ինչպես եկավ Տավուշ ու սիրահարվեց Դիլիջանին։ 

 «Կյանքիս կարևոր ձեռքբերումը՝ ընտանիքս է», – ասում է նա։ Վերցրե՜ք մեկ բաժակ սուրճ ու միացեք մեր ջերմ ու հետաքրքիր զրույցին։




2023 թվականի ընթացքում մեկնարկած ճանապարհների նորոգման մի մասը ավարտվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ նորոգվել է Մ-16, /Մ-4/ – Ոսկեպար – Նոյեմբերյան – /Մ-6/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+070-կմ 7+000 հիմնանորոգված հատվածը։ 7 կմ երկարությամբ ճանապարհը ձգվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքից մինչև Սարիգյուղ բնակավայր։

Հիմնանորոգվել է նաև Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ144+240 – կմ148+200 հատվածը, որի 4 կմ ճանապարհահատվածն անցնում է Տավուշի մարզի տարածքով։




Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ կրթության հիմնահարցեր

Կրթության ոլորտի հիմնահարցերը Տավուշի սահմանամերձ բնակավայրերում։

ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցչուհի Արևիկ Մելիքյանի, Այգեպարի դպրոցի ուսուցչուհի Տաթև Գրիգորյանի և Կոթիի դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիա Ազիբեկյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում առկա անվտանգային խնդիրները, որոնք հետևանքներ են թողնում կրթության որակի ու հասանելիության վրա։

Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր դիտարկումներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։




Միջոցառում՝ ականավոր պետական գործիչ Հրանտ Ավագյանի ծննդյան 100-ամյակին

Բերդի համայնքային մշակույթի տանը դեկտեմբերի 16-ին մեծ շուքով նշվեց ականավոր պետական գործիչ Հրանտ Ավագյանի 100-ամյակը:  Մինչ միջոցառման սկսվելը Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան նախասրահում բացվեց Հրանտ Ավագյանի և Ավագյան գերդաստանի լուսանկարների ցուցահանդեսը. այն երկու տարի գործել է «Բերդ»  պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության  և  կենցաղի թանգարանում, և դիտել է շուրջ 4000 այցելու:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը վարեց
ասմունքողների հանրապետական մրցույթների դափնեկիր, «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ,  պահեստազորի  գնդապետ Սիմոն Եսայանը։ Միջոցառման ընթացքում Սիմոն Եսայանը ներկայացրեց Հրանտ Ավագյանի և նրա  եղբայրների` ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Արտավազդ Ավագյանի, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Ավագյանի կյանքը և գործունեությունը, նշանակալի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով ելույթ են ունեցել Նարեկ Բալդրյանը, «Բերդ» պատանեկան երգչախումբը, «Տավուշ» պարի համույթը:
Միջոցառումն իրականացվեց Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Բերդի համայնքային մշակույթի տան, «Բերդ»  պատմամշակութային արգելոցի, Բերդի պատմության  և  կենցաղի թանգարանի, «Բերդ մշակույթի կենտրոն»  ՀԿ-ի և  Ավագյան ընտանիքի համագործակցությամբ:

Հրանտ Ավագյանը ծնվել է 1922թ.-ին ԽորհրդայինՀայաստանի Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: Հայրը` Արշակ Հովհաննեսի Ավագյանը, հայտնի մեղվաբույծ էր, մայրը` Սաթենիկ Հովհաննեսի Տեր-Բադալյանցը, Մովսեսի ծխական դպրոցի և եկեղեցու հիմնադիր, Ներսիսյան դպրոցն ավարտած քահանա Սարգիս Տեր-Բադալյանցի թոռնուհին։ 1965թ. Հրանտ Ավագյանը նշանակվում է Շամշադինի շրջանի շրջկոմի առաջին քարտուղար: Տարածաշրջանի զարգացման գործում մեծ է Հրանտ Ավագյանի ներդրումը, նրա ժամանակ սկսել են գործել մի շարք արտադրական ձեռնարկություններ, կառուցվել են ճանապարհներ, հատկապես Միափորի գեղատեսիլ լանջերով սարի ճանապարհը, քանի որ մինչ այդ ճանապարհն անցնում էր Ադրբեջանով: Այդ նույն ժամանակահատվածում գազը և հեռախոսակապը հասավ տարածաշրջան, կառուցվեց Բերդի Սորաններ դենդրոպարկը:




«Թելիկ» կենտրոնի ստեղծագործ կանանց ձեռքի հերթական աշխատանքը

Տավուշի թեմի առաջնորդարանում գործող «Թելիկ» կենտրոնի ստեղծագործ կանանց ձեռքի հերթական աշխատանքը հայկական «շուլալ» կարպետն է։ Կարպետի այս ձևը յուրահատուկ է հատկապես Տավուշի տարածաշրջանում։ Հավատարիմ մնալով կարպետ կտրելու ավանդույթի արարողությանը, դեկտեմբերի 16-ին «Թելիկ» կենտրոնում տեղի ունեցավ գորգ կտրելու խորհրդավոր արարողությունը։

Կարպետի պատվիրատուն Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն է։ «Շուլալ» կարպետը բնորոշ է նաև Սյունիքին ու Արցախին,  նմանօրինակ նմուշներ եղել են նաև Շուշիի գորգերի թագարանում։

Տավուշյան ձեռագործության ավանդույթները վերականգնող ու հանրահռչակող այս կենտրոնում արարվում են կարպետներ, որոնք ունեն դարերի պատմություն։ «Թելիկի» աշխատանքի շնորհիվ մոռացության մատնված կարպետները վերածնվում և ներկայանում են նորովի։




Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը՝ Իջևանի «Վերնատանը»

Տավուշի նկարիչների աշխատանքները կրկին ցուցադրվում են Իջևանի «Վերնատանը»․ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը՝ նկարիչների միջազգային օրվա առթիվ նախաձեռնել էր տարեվերջյան միասնական ցուցահանդես՝ մեկ հարկի տակ միավորելով Տավուշի ստեղծագործող նկարիչներին։
Տավուշի նորաստեղծ նկարիչների միությունը գրեթե 5 տարիների ընթացքում կարողացել է աշխուժացնել Տավուշի մշակութային դաշտը, որը նաև հնարավորություն է տվել արվեստի ոլորտում գտնել նոր անուններ։
Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 20 տավուշցիների արվեստի գործերը, որոնցում  հիմնականում Տավշո բնաշխարհն է՝ իր երփներանգ ներկապնակով։
Ցուցահանդեսը «Վերնատուն» պակերասրահում այցելուների առջև բաց կլինի 1 ամիս շարունակ։




Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. Եղանակը Տավուշում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր, – հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով: