Հանդիպում-քննարկում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շուրջ

Հայաստանում 2017 թվականին մեկնարկած «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որի նպատակը բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է՝ բնակիչների, սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսման, այդ թվում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար։ Փետրվարի 20-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ՝ ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու, քննարկում ծավալելու ու հնարավոր հարցերին պատասխաններ հասցեագրելու նպատակով:

Ծրագիրը սերտորեն համագործակցում է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը։

Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը: Դիլիջանում 11 շենք է արդիականացվել, և ըստ համայնքապետի բնակիչների՝ էներգիայի վրա ծախսվող խնայողությունը կազմել է 40 տոկոս։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ։




Սոցիալ-տնտեսական մարտահրավերները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում

Քննարկման օրակարգում սահմանամերձ բնակավայրերի խնդիրներն են․ ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը «Կանաչ գյուղ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Աղաբաբյանի, Նորաշենի «Զովակ» հյուրատան հիմնադիր Գարիկ Փայտյանի ու «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ ՀԿ տնօրեն Կարինե Սարիբեկյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում առկա մարտահրավերները, որոնք հետևանքներ են թողնում բնակչության սոցիալ-տնտեսական դրության վրա։

 




Քո իրավունքը | Աշխատանքային իրավունքներ

«Քո իրավունքը» հաղորդաշարի առաջին թողարկումը Աշխատանքային օրենսգրքում 2023 թվականին կատարված փոփոխությունների մասին է։
Ինչպես տեղեկացրել էինք՝ կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումները ու կպաշտպանենք Ձեր իրավունքը:

Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Ակնաղբյուրում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Կանանց առաջնորդության ակադեմիա»․ միջոցառումների համալիր կանանց ու աղջիկների համար

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը, «Կանայք գործողության մեջ» ծրագրի շրջանակում, համայնքի ավելի քան 20 կանանց ու աղջիկների համար նախաձեռնել էր եռօրյա դասընթացների շարք՝ բարելավելով նրանց իմացությունները առաջնորդության, համայնքային ակտիվության, կարիերայի պլանավորման ու ռազմավարական մտածողության, հանրային կառավարման ու ջատագովության թեմաների շուրջ:

«Կանայք գործողության մեջ» ծրագրի նպատակն է խթանել Տավուշի մարզում որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության մակարդակը՝ համայնքային մակարդակում իրականացվող քաղաքականությունների բարելավման, կանանց հզորացման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարելավման միջոցով:

Եռօրյա ակադեմիան ընթացավ մտքերի ու կարծիքների փոխանակմամբ, մոտիվացիոն ելույթներով ու բանախոսների հետ հարցուպատասխանով։ «Կանանց առաջորդության ակադեմիա» նախագիծը իրականացնում է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կանայք Գործողության մեջ» ծրագրի շրջանակում:




Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. ավտոճանապարհները Տավուշում

Փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Մառախուղ է նաև Գորիսի ու Գավառի տարածաշրջաններում,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով, – տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:




Խաշթառակում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Գ I Տավուշի բերդը

Տավուշ բերդը եղել է միջնադարյան Հայաստանի հզոր ու նշանավոր ամրություններից մեկը։ Սմբատ Ա թագավորը (890-914թթ․) այն վստահաբար կառուցել է 895-910թթ․ միջակայքում։ Այդ բերդի կառուցմամբ նա խնդիր է ունեցել ամրապնդելու իր իշխանությունը Ուտիքի Աղուէ ու Տավուշ և Գուգարքի Ձորոփոր գավառներն ընդգրկող անհնազանդ Ուտի վարչական միավորում, միաժամանակ ամրապնդելով Հայաստանի հյուսիս արևելյան սահմանների պաշտպանությունը։

Տավուշ բերդն իր փոթորկուն պատմության ընթացքում քանիցս ենթարկվել է տարատեսակ թշնամիների հարձակումներին, գրավվել և անցել ձեռքից ձեռք։ Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, այն ճակատագրի հեգնանքով առաջին անգամ մի կարճ ժամանակով գրավվել (հափշտակվել) է ներքին թշնամու՝ Աշոտ Բ Երկաթ թագավորի (914-928թթ․) դեմ 921թ․ ապստամբած դավաճան Ցլիկ Ամրամի՝ Ուտիքի կառավարչի կողմից։

Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045թ․) այն անցել է Բյուզանդիային, ապա Բագրատունիների ժառանգորդ Կյուրիկյաններին, որոնք 1088թ․ հպատակվել են Գանձակի Էլտկուզյան մալիքությանը։ Վրաց թագավոր Դավիթ IV Շինարարը (1089-1125) Տավուշ բերդը 1124թ․ գրավել է։ Սակայն շատ չանցած՝ 1130-ական թթ․ վերջին, Գանձակի Էլտկուզյան մալիքության կառավարիչ Ղարա Սոնկուրն այն խլել է նրա որդի Դեմետրեից (1125-1155) և թողել Կյուրիկյանների տիրապետության տակ։

Մի քանի տարի անց՝ 1144թ․ Պարսկաստանից եկած ոմն Չավլի զորապետ 40 օրյա պաշարումից հետո Տավուշ բերդը գրավել է։ Այնուհետև, մինչև 1203թ․, Զաքարյանների Վահրամյան ճյուղին պատկանող իշխան Բլուզ Զաքարեի կողմից գրավվելը (ազատագրվելը) Տավուշ բերդը եղել է սելջուկյան տիրապետության տակ։ Վերջին անգամ Տավուշ բերդը գրավվել է 1236թ․ ամռանը՝ մոնղոլ զորապետ Մոլար նոյինի կողմից։ Գրիգոր Ակներցու վկայությամբ մոնղոլները Տավուշը «գործով» գրավել են։ Դրանից հետևում է, որ այն ընկել է համառ դիմադրությունից հետո։ Շատ չանցած այդ հզոր բերդը դադարեցրել է իր գոյությունը, քանի որ հյուսիսային Հայաստանի այլ ամրությունների նման մոնղոլների կողմից ավերվել է։

Տավուշ բերդն ու շրջակայքն արևելակողմից (1935թ)։ Լուսանկարի հեղինակը նշանավոր հայագետ Սմբատ Տեր-Ավետիսյանն է։             




Տավուշի մարզում թաց ձյուն կգա. եղանակը Տավուշում

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Տավուշում, Լոռիում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։




Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել

Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իջևանի բժշկական կենտրոնում՝ 3,500 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Նորածին Վրույր Միխայելյանը ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ երեխաները աղջիկներ են։