Նոր հաղորդաշար ու նոր հարթակ՝ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Տավուշ Մեդիա-ն նախաձեռնել է նոր հաղորդաշար՝ «Քո իրավունքը»: Հետաքրքրաշարժ ու շատերիդ շահերն արտացոլող հաղորդաշարի շրջանակներում կներկայացնենք իրավունքի տարբեր ճյուղեր՝ խոսելով դրանց մեջ կատարվելիք փոփոխությունների, իրավունքի բացերի, այդ թվում՝ իրավական խնդիրների մասին: Ինչպես տեղեկացրել էինք՝ կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու նաև բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումները ու կպաշտպանենք Ձեր իրավունքը:

Գրեք մեզ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com հասցեներին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով: Իսկ հաղորդման ժամանակ ու դրանից հետո ձեր կարծիքները, առաջարկներն ու մեկնաբանությունները կարող եք թողնել մեր կայքում ու սոցիալական ցանցերում:

Հաղորդաշարը կվարի տավուշցի իրավաբան-փաստաբան Վիկտորյա Սիմոնյանը, ով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի պետական հիմնարկներում աշխատանքի փորձ:




Կյանքից հեռացել է «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը

Մահացել է լեզվաբան, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը։

Դիտենք նրա զրույցը` Տավուշից միշտ անբաժան իր աշխատանքային ու «գրքային» հարուստ կենսագրության, մեր ունեցած ժառանգությունը գնահատելու ու պահպանելու, ինչպես նաև նոր հնարավորություններին ու գաղափարներին ընդառաջ գնալու մասին։

Ցավակցում ենք արժանավոր տավուշեցու մահվան կապակցությամբ, վշտակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին:

 

 




Թամզարա 6 – Բուն Բարեկենդան

Իջևանի երիտասարդների ստեղծած «Թամզարա» նախաձեռնությունն արդեն 6-րդ անգամ միավորեց բոլորին: Ջերմ, ընկերական, ազգային երգ ու պարով հագեցած անցավ Բուն Բարեկենդանի տոնին նվիրված հերթական միջոցառումը։




Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Տավուշում

Հանրապետության մարզերում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։




Տյառնընդառաջի նախատոնակը Նոյեմբերյանում

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։

Տավուշի մարզի համայնքներում Տյառնընդառաջի խորհրդով արարողություններ են կատարվել. ներկայացնում ենք լուսանկարներ Նոյեմբերյանից:




Տեառնընդառաջի նախատոնակը՝ Բերդ համայնքում

Փետրվարի 13-ին Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցում Երեկոյան ժամերգությամբ մեկնարկել են Տեառնընդառաջի միջոցառումները:

Տեառնընդառաջի նախատոնակի արարողության ավարտին, հանդիսապետությամբ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի, մասնակցությամբ Բերդի տարածաշրջանի հոգևոր դասի՝ կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս ծագերը:

Այնուհետև կատարվել է Նորապսակների օրհնության կարգ:

Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ՝ Սբ. Հովհաննես կեղեցու բակում վառվել է Տեառնընդառաջի կրակը:
___
Նշենք, որ հարգելով նախօրեին Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը՝ Տեառնընդառաջի նախատոնակի շրջանակում համայնքում նախապես ծրագրված մշակութային միջոցառումը չեղարկվել է:




Բացվել է դրամահավաք Դիլիջանում բասկետբոլի խաղադաշտ կառուցելու համար

Դիլիջանում կա բարձրակարգ սպորտային ենթակառուցվածքների մեծ պակաս: Զբոսայգու զարգացման ծրագրի շրջանակներում և տեղի համայնքի առաջարկով նախատեսվում է կառուցել բասկետբոլի համալիր և անվտանգ խաղադաշտ։ Այն իրականացնելու համար «reArmenia» հարթակում սկսվել է դրամահավաք։ Յուրաքանչյուր նվիրատվություն ներդրում է հայկական սպորտի զարգացման գործում։

2022 թվականին «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» («Dilijan Development Foundation») նախաձեռնությամբ և Գևորգյանների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ Քաղաքային զբոսայգում բացվել է մարզման գոտի ունեցող բազմաֆունկցիոնալ խաղադաշտ։ Լավ կահավորված սպորտային գոտին մեծ տարածում է գտել տարբեր տարիքի բնակիչների շրջանում, ընձեռել է մի քանի սպորտաձևով զբաղվելու և քաղաքի բնակիչների սպորտային ժամանցի բազմազանության վրա դրական ազդեցություն թողնելու հնարավորություն: Սակայն աճող համբավը նվազեցնում է խաղադաշտի հասանելիությունը, և իրավիճակը հատկապես սուր է թիմային սպորտի շուրջ:

Ակտիվ հանգստի նկատմամբ աճող հետաքրքրությունը խթանելու համար անհրաժեշտ է ընդլայնել սպորտով զբաղվելու համար հարմար տարածքը։ Քաղաքային հանրային քննարկումների ընթացքում նախ և առաջ որոշվեց ստեղծել բասկետբոլի համալիր խաղադաշտ՝ խաղացողների տրաֆիկը բաշխելով մասնագիտացված գոտիներում։ Այն կկառուցվի սթրիթբոլի հին փողոցային խաղադաշտի տեղում: Այս տարածքը վաղուց չի օգտագործվում՝ կոտրված մակերեսները, տարրական տեխնիկայի և լուսավորության բացակայությունը այն դարձնում են սպորտով զբաղվելու համար ոչ պիտանի։

Նոր խաղադաշտը կունենա այն ամենն, ինչ անհրաժեշտ է լիարժեք խաղի համար՝ գծանշումներով ռետինե մակերես, պրոֆեսիոնալ օղակներ, ցանկապատ, լուսավորություն և շրջակա տարածքի կանաչապատում: Բասկետբոլի խաղադաշտը կարևոր քայլ կլինի մանկապատանեկան սպորտին աջակցելու համար։ Այն կբարելավի Դիլիջանի մարզական ենթակառուցվածքը, կդիվերսիֆիկացնի քաղաքացիների ժամանցը և կնպաստի առողջ ապրելակերպի մասսայականացմանը։

Բասկետբոլի նոր խաղադաշտի կառուցման համար դրամահավաքն իրականացվում է «reArmenia» հարթակում։ Ցանկացած նվիրատվություն էական ներդրում կլինի դիլիջանցիների համար սպորտային պայմանների բարելավման գործում։
Դրամահավաքի հղումը.  

Բասկետբոլի նոր խաղադաշտի կառուցումը Դիլիջանի քաղաքային զբոսայգու զարգացման ծրագրի մի մասն է։ Ամբողջական զարգացման ծրագրի մասին տեղեկություններ կարող եք ստանալ https://dilipark.am/ կայքում։

 




Բերդ համայնքի բնակիչ Արուսյակ Մելիքյանը 100 տարեկան է

Բերդ համայնքի ղեկավարի խորհրդականներ Սամվել Հովսեփյանը և Լեռնիկ Բաբայանն այցելել են Բերդ քաղաքի բնակչուհի Արուսյակ Մելիքյանի տուն՝ շնորհավորելու նրան ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի նախաձեռնությամբ՝ նրանք համայնքի անունից ծաղիկներ և նվեր (դրամային) են հանձնել հոբելյարին՝ մաղթելով նրան քաջառողջություն, Մելիքյանների ընտանիքին՝ հաջողություններ և ձեռքբերումներ:

100-ամյա Արուսյակ Մելիքյանը ծնվել է 1924 թ.-ի փետրվարի 6-ին, Բերդում: Շուրջ չորս տասնամյակ աշխատել է շրջանային «Այգաբաց» թերթում՝ որպես գրաշար և սրբագրիչ:

Ունի հինգ զավակ, տասնմեկ թոռ, վեց ծոռ, երկու թոռան թոռ (կուռ):




Տյառնընդառաջի տոնը Տավուշում

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։

Տավուշի մարզի համայնքներում Տյառնընդառաջի խորհրդով արարողություններ են կատարվել. ներկայացնում ենք լուսանկարներ:

Տյառնընդառաջի նախատոնակ Աչաջուր գյուղում:

Տյառնընդառաջի նախատոնակը սահմանամերձ Բերքաբեր գյուղում:

Տյառնընդառաջի նախատոնակը Աճարկուտ գյուղում:




Հրդեհ Ոսկեպար գյուղում. 85-ամյա մարդ է մահացել

Փետրվարի 13-ին, ժամը 12։32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում այրվում է տուն. հավանական է ներսում լինի դի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Գ.-ի (ծնված 1939 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով և ջերմահարվել մոտ 60 քմ հատվածը: