«Տավուշը հանուն հայրենիքի». հավաք Ոսկեպարում

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպմամբ Ոսկեպարի գյուղամեջում ապրիլի 13-ին հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ՝ պետությանը տեր լինելու իրենց հանձնառությունը արտահայտելու համար։

Ի սատարումն հանրահավաքին, Ոսկեպար էին եկել Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից։ Երգիչ Արսեն Գրիգորյանի կարծիքով սա ամբողջ հայության խնդիրն է, ոչ թե ոսկեպարցիների կամ տավուշցիների։

Արդեն մեկ ամիս շարունակ Ոսկեպարի շուրջ ծավալվող իրադարձությունները անհանգստություններ են պատճառում տարածաշրջանի բնակչությանը։ Բնակիչների հորդորը գյուղի կենսական նշանակության գնահատումն ու կարևորումն է։

Հարյուրավոր քաղաքացիներ իրենց աջակցությունն ու պատրաստակամություն հայտնեցին՝ վերահաստատելով՝ Տավուշը հանուն հայրենիքի։




«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 4-ին Իջևան քաղաքում կայացավ համատավուշյան հավաք, որին մասնակցեցին Տավուշ աշխարհի բոլոր շրջաններից։

Հանդիպման ընթացքում քննարկվեց Տավուշի մարզից ռազմավարական նշանակության տարածքների` Ադրբեջանին միակողմանի զիջելու մասին գործող իշխանությունների ծրագիրը։ Ակնհայտ է, որ Տավուշի շրջանում միակողմանի զիջումները հանգեցնելու են ՀՀ ողջ անվտանգային համակարգի փլուզմանը, վտանգելու են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները` նոր սպառնալիքներ ստեղծելով Հայոց պետության համար։

Առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։

Ուստի այս հայտարարությամբ մեր անհամաձայնությունն ենք հայտնում միակողմանի զիջումների պարտվողական տրամադրությանը։ Միաժամանակ դիմում ենք պետական բոլոր այրերին և զինվորականներին, հիշեցնելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումների կատարումը պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են։

Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող զիջումներին կարող ենք դիմագրավել միակամությամբ և համազգային հակազդեցության դրսևորմամբ։
Ուստի այս իրավիճակում յուրաքանչյուր հայ մարդու դիրքորոշման արտահայտումը և տավուշեցու կողքին կանգնելը պահի հրամայականն է։
Կոչով դիմում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին և սփյուռքի հայրենակիցներին. սա միայն Տավուշ աշխարհի կամ տավուշցու հարցը չէ, սա ողջ հայ ժողովրդի և Հայոց Պետականության խնդիրն է։

Վճռական այս պահին միահամուռ կերպով կանգնենք պետական շահի, հայկական բանակի և տավուշեցու կողքին ու միասին թույլ չտանք մեզ պարտադրվող նոր կործանարար զիջումները։

«ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ