Նոյեմբերյանում իր դռները բացեց «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնի նոր շենքը

2015 թ.-ից Նոյեմբերյանում գործում է «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը: Մայիսի 5-ին տեղի ունեցավ կենտրոնի նոր շենքի բացման արարողությունը: Նոյեմբերյանցիները «Պապոնց տուն» են անվանում նաև իրենց սիրելի սոցիալ-կրթական կենտրոնը, որովհետև սիրում են հարազատ պապիկ-տատիկի տան նման։

Նոր կառույցի շինարարությունը սկսվել էր 2019 թվականին. մինչ այդ կենտրոնի գործունեությունն ընթանում էր խարխլված շենքում:

«Պապոնց տուն»-ը կնպաստի Նոյեմբերյանի և հարակից գյուղերի 200 երեխաների կրթական, մշակութային և հոգևոր արժեքների ստացմանն ու ամրապնդմանը:

Կենտրոնը կծառայի նաև տարածաշրջանի՝ հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին: Կենտրոնում գործում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, օտար լեզուների, ազգային ու եկեղեցական երգի խմբակներ: Վերջերս հիմնվել է նաև «ՏաՈւժ» դպրոցը: Կան դասընթացներ նաև ծնողների համար:




Սահմանապահ Արծվաբերդում տոնել են Տյառնընդառաջը

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղում փետրվարի 13-ի երեկոյան նախատոնակով ազդարարվեց Տյառնընդառաջի տոնի սկիզբը։ Համայնքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ կատարվեց նորապսակների օրհնության կարգ, Տեր Հայրը նորապսակ զույգերին հորդորեց ապրել Աստծո եւ միմյանց սիրով, հաստատուն պահել հավատն առ Աստված և լինել անդավաճան։

«Այսօր ազդարարվում է մեր եկեղեցական, ազգային ամենակարևոր տոներից մեկի՝ Տյառնընդառաջի սկիզբը։ Եվ այսօր մենք էլ մեր ժողովրդով դուրս ենք եկել ընդառաջ մեր Տիրոջը, որովհետև բոլորս այսօր Աստծո օրհնության կարիքն ունենք, բոլորս Փրկչի կարիքն ունենք, և բոլորս ուզում ենք, որ մեր հոգիներում, մեր սրտերում, մեր ընտանիքներում և մեր հայրենիքում ընդունենք Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին», – տոնի խորհուրդն այսպես է մեկնաբանում Տեր Արամը։

Ինչպես ամեն տարի՝ օրհնության կարգին Արծվաբերդում հաջորդեցին ավանդական խարույկն ու տոնախմբությունը։

«Միջոցառումը կազմակերպվել է Արծվաբերդում, որովհետև արծվաբերդցիները ամենամյա կտրվածքով պարտադիր նշում են այս տոնը և ամբողջ տարին սպասում են այս գեղեցիկ տոնակատարությանը։ Վերջին երկու տարիներին որոշակի դադար եղավ, բայց այսօր, ինչպես նշեց Տեր Հայրը, արծվաբերդցիները ուժ են գտել՝ միավորվելու այս տոնի շուրջ և միասին նշելու։ Նմանատիպ միջոցառումները շատ ենք կարևորում Բերդ համայնքի բոլոր գյուղերում, որպեսզի օր առաջ սկսենք այս խորը սթրեսային վիճակից դուրս գալ», – նշում է Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը։




Հանուն Հայրենյաց պաշտպան հերոսների. հուշահամալիրի բացում և օրհնություն սահմանապահ Բերդավանում

Հունվարի 9-ին սահմանապահ Բերդավան գյուղի բարձունքը մարդաշատ էր․ բացվեց Հայաստանի և Արցախյան 44-օրյա պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի տղաների հիշատակին կառուցված հուշահամալիրը, կատարվեց օրհնության կարգ։

Այս հուշահամալիրի կառուցումը բերդավանցիների ջանքերով ստեղծված «Բերդավան» հիմնադրամի մեծ ու պահանջված ծրագրերից առաջինն էր։ Նրանց խոսքերով՝ նախաձեռնությունը կյանքի է կոչվել բացառապես սրտացավ մարդկանց կամքի ու ջանքի շնորհիվ։

«Գաղափարը կյանքի կոչվեց բոլորիս աջակցությամբ․ մարդիկ կան՝ 1000 դրամ են փոխանցել, մարդիկ կան՝ շատ ավելի մեծ գումար․ էականը ոչ թե գումարի չափն էր, այլ մարդկանց սրտի ցանկությունը։ Անգամ ունեցել ենք մարդիկ, ովքեր օրերով եկել ու աշխատել են այստեղ», – նշում է բերդավանցի Սմբատ Մուղդուսյանը։

Հուշահամալիրը նախ և առաջ նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած բերդավանցիներին՝ մայոր Սարգիս Նավասարդյանին, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանին, լեյտենանտ Արտակ Ղազարյանին, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանին, Գրիշա Ազատյանին և Մհեր Զուրաբյանին:


Անմահացած տղաներից Գրիշա Ազատյանի հոր՝ Գագիկ Ազատյանի խոսքերով՝ Բերդավանի այս բարձունքին այսօր կանգնեցված եռագույնը պետք է թշնամիների՛ն էլ մշտապես հիշեցնի, որ սահմանապահ գյուղը առավել, քան կանգուն է․ «Նրանք պիտի տեսնեն, որ սահմանամերձ այս գյուղի բնակչությունը ոչ միայն չի պակասել, այլ նաև ավելացել է․ ժողովուրդը, երիտասարդները մնում են գյուղում։ Տղաները ֆիզիկապես գնացել են, ու դա պարտավորեցնում է, որ մենք մնանք ու պաշտպանենք այս հուշարձանը, ստիպում է մեզ մնալ սահմանամերձ այս գյուղում»։

Հուշահամալիրի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:

Հուշահամալիրի օրհնության կարգը կատարվել է ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։ Նրա խոսքերով՝ հուշակոթողի բացմամբ մենք «ոչ թե տղաներին ենք մեծարում, որովհետև իրենք մեր մեծարման կարիքն ու անհրաժեշտությունը չունեն, այլ ինքներս մեզ ենք չափում նրանց ներկայությամբ»։

«Վերջին պատերազմին մեր տղաները վերստին հաղթանակի տեսիլքով մեկնեցին՝ մեզ թողնելով այդ հաղթանակը ամբողջացնելը, մեզ թողնելով իրենց պարտության չմատնելը, մեզ թողնելով այդ հաղթանակի տեսիլքը գրկած իրենց արյանը արժանի լինելու կոչումը»։

«Բերդավան» հիմնադրամի պատասխանատուների պնդմամբ՝ հուշահամալիրը պետք է ունենա ոչ միայն հուշերով ապրելու, այլ նաև կյանքի ամեն օրը կարևորելով՝ մեր արժանապատիվ ներկան ու ապագան կերտելու խորհուրդ։ Այսպիսով՝ հիմնադրամը շարունակելու է իրականացնել կրթական, մշակութային, տարածաշրջանի տուրիզմի, սոցիալ-տնտեսական, պաշտպանական և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք միտված են լինելու համայնքի զարգացմանը։




Ուրախություն տալով՝ ուրախություն ստանալ․ գալիք Սուրբ Ծնունդը՝ պատերազմում ընկածների մանուկների հետ

Տավուշի թեմում գալիք Սուրբ Ծնունդը տոնում են 44-օրյա պատերազմում ընկած հերոսների ընտանիքների մանուկների հետ։
Դեկտեմբերի 29-ին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Տավուշի թեմի առաջնորդարանը հյուընկալել էր տավուշեցի նահատակված հերոսների ընտանիքների երեխաներին, քույրերին, եղբայրներին։
Միջոցառման ավարտին տավուշեցի նահատակված տղաների ընտանիքները ստացել են ամանորյա նվերներ Տավուշի թեմի, M dance studio-ի և Hrachya Ohanyan Co.-ի կողմից:






Տավուշի թեմի Եիտասարդաց միության նոր նախաձեռնությունը․ «Բարև, ես եմ» ծրագիրը մեկնարկեց

«Բարև, ես եմ». այսպես է կոչվում Տավուշի թեմի Երիտասարդաց միության նոր նախաձեռնությունը։
Նախաձեռնության նպատակն է հավաքել Տավուշի տարբեր համայնքների ակտիվ երիտասարդներին մեկ հարկի տակ՝ միմյանց հետ շփվելու, միմյանց ճանաչելու և միասին մեկ բռուցք դառնալու։
Առաջին հանդիպման օրակարգը հագեցած էր․
🔶 Զրույց Բագրատ Սրբազանի հետ,
🔶 Դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին զրույց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի հետ,
🔶 Հանդիպումներ տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանի, ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտի հետ։