«Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի». Համո Սահյան․ Տավուշոտ Պոեզիա
Տավուշոտ Պոեզիա՝ մեր եթերում։
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու,
Մեր անտեր գլխի տերն ենք լինելու,
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի:
Մեռնում է արդեն դարն այս կատաղի,
Որ մեր պատանքն էր ոխով հինելու…
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու:
Տավուշոտ պոեզիա՝ մեր եթերում։
Համո Սահյան․ «Կուզես պայթիր, կուզես ճչա»
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:
Տավուշոտ պոեզիա․«Աշխարհին բան չպատահի»․ Համո Սահյան
Իջևանյան պատկերները՝ համեմված Տավուշոտ պոեզիայով։ Համո Սահյան․ «Աշխարհին բան չպատահի»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։
Եկողները թող չիմանան
Սոված օրեր ու սև տարի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Ծաղկեն դաշտերն ամեն գարնան,
Կյանքը մնա միշտ պատանի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Չըորոտա ոչ մի դռան
Մարտագլխիկն աղետալի,
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Թող ազգերի կամքն անվարան
Մահվան բերանը պատռի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Տավուշոտ պոեզիա․ «Տեղում եմ ես»․ Համո Սահյան
Շարունակում ենք ձեզ ներկայացնել հայ մեծերի պոեզիան՝ համադրելով տավուշյան ոգեշնչմամբ։ Համո Սահյան․ «Տեղում եմ ես»․ կարդում է Հրանտ Ղազումյանը, տեսանյութում Դիլիջանի Ամֆիթատրոնն է։