Իջևան․ հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Իջևանի Սահմանադրության հրապարակից մեկնարկել է ավանդական քայլերթը՝ ի հիշատակ և ոգեկոչում Հայոց ցեղասպանության նահատակների։
«Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, և աղոթքները՝ լռած։



Դե կործանե՛ք։ Ասենք թե նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները, թողեք առանց հացուջրի, հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ․․․»․ Վիլյամ Սարոյան («Հայը և հայը»)։



Իջևանում այցելել են 1915 թվականի անմեղ զոհերի հուշակոթողին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Հայկ Ղալումյանը և մի շարք պաշտոնատար անձինք Իջևանում այցելել են 1915 թվականի անմեղ զոհերի հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել նրանց հիշատակին:






Երկօրյա եռուզեռ ՏավուշTV-ում՝ Տավուշ Մեդիայի հայտարարած մրցույթի հետքերով

Ապրիլի 12-13-ը Իջևանում անցկացրեցինք մեր ուսուցում-դասընթացի առաջին փուլը՝ Բերդ և Նոյեմբերյան համայնքներից հաղթողների մասնակցությամբ։

Դասընթացի ավարտին հաղթողները ստացան իրենց մրցանակները՝ 4 տեսախցիկ, 4 մոնտաժային համակարգիչ և կից պարագաներ։ Այսպիսով Բերդ և Նոյեմբերյան համայնքներում կգործեն 2-ական թիմեր։

Տավուշ Մեդիա-յի այս նախաձեռնությունը տավուշեցի երիտասարդներին հնարավորություն է տալու ստանալ համապատասխան ռեսուրսներ, հմտություններ ու հարթակ իրենց պատմությունները պատմելու համար։

Սպասե՛ք մեր նոր թղթակիցների նյութերին Բերդից և Նոյեմբերյանից։






«ԴիջիԿոդ» մրցույթի մարզային փուլը՝ ԵՊՀ ԻՄ-ում

Օրեր առաջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հյուրընկալեց ԱՏՁՄ-Union of Advanced Technology Enterprises-UATE-ի «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա՝ արդեն 7-րդ մրցույթը։

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

«Բոլորս լսել ենք «Արմաթ» լաբորատորիաների մասին, բայց դա ոչ միայն ուղղակի կրթական ծրագիր է, որը վերաբերվում է 10-18 տարեկան աշակերտներին, այլ տեխնոլոգիական կրթության արժեշղթա, որն սկսում է 10 տարեկանից և շարունակվում է մինչև համալսարան, կամ մինչև այն ժամանակ, երբ երեխան արդեն մեծանում է, ստեղծում իր բիզնեսը կամ մտնում որևէ ԲՏ աշխատելու։ Եվ հենց այդ արժեշղթայի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում մեր մրցույթները, ճամբարները, ցուցահանդեսները»։




«Առողջ ապրելակերպը սպորտի միջոցով» Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրը Տավուշում

Ապրիլի 1-9-ը Տավուշը հյուրընկալեց «Առողջ ապրելակերպը սպորտի միջոցով» Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակիցներին։
Հայաստանից և Եվրոպայի տարբեր ծագերից՝ Լեհաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից ժամանած 31 երիտասարդներ հավաքվել էին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ մասնակցելու «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության ծրագրին։


Ծրագրի նպատակն էր բարձրացնել երիտասարդների մոտ առողջ ապրելակերպով, սպորտով զբաղվելու հետաքրքրությունը՝ փորձի փոխանակման, ոչ ֆորմալ կրթական գործիքների, մշակութային փոխանակման միջոցով:



Ապատեղեկատվական արշավներ. կեղծ պատմույթները, դրանց տարածման մեխանիզմներն ու թիրախները․ Իջևան

«Անկախ մեր զբաղվածությունից՝ մեզնից յուրաքանչյուրը մեդիա սպառող է, և ապատեղեկատվությանը դիմակայելու գործում հանրային համերաշխությունը շատ կարևոր է»։
Մեդիագրագիտության բարելավում, ապատեղեկատվությանը դիմակայելու կարողությունների զարգացում․ ապրիլի 8-ին Իջեւանում կայացավ «Ապատեղեկատվական արշավներ. կեղծ պատմույթները, դրանց տարածման մեխանիզմներն ու թիրախները» խորագրով հանդիպում-քննարկումը:


Քննարկման թեման Հայաստանում շրջանառվող ապատեղեկատվական արշավներն էին, դրանց թիրախներն ու դիմակայելու մեխանիզմները:



«Առաքելություն Արևելք» կազմակերպության ներկայացուցիչների այցը «Հույսի կամուրջ»-ի Իջևանի մասնաճյուղ

Ապրիլի 8-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղ էին այցելել «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության ներկայացուցիչները:
«Առաքելություն Արևելք»-ն այն կազմակերպությունն է, որի ծրագրերի արդյունքում մենք կարողացանք երկրում ներդնել համընդհանուր ներառական կրթությունը, բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող շատ ծառայություններ, իսկ այդ ամենի կենտրոնն ի սկզբանե եղել է Տավուշի մարզը»:
Այցի նպատակն էր ծանոթանալ երեխաների, ծնողների, գործընկերների հետ, արձանագրել արդյունքներն ու առկա խնդիրները՝ հետագա աշխատանքը պլանավորելու նպատակով:






Իջևանում կայացավ շախմատի պատանիների առաջնության մարզային փուլը

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում մարտի 6-8-ը կայացավ Հայաստանի շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցչության կազմակերպած շախմատի պատանիների առաջնությունը։

«Մրցաշարը Տավուշի մարզի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչն է, որի արդյունքում հաղթող դուրս եկած յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։ Այստեղ խաղում են երեխաներ 8 տարիքային խմբերից՝ 5 տղաների և 3 աղջիկների»,- մրցաշարի մասին պատմում է Տավուշի մարզի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը։

Հայաստանի շախմատի ակադեմիան յուարքանչյուր տարի կազմակերպում է շախմատի մրցաշար, որն անցկացվում է 5 առանձին խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների միջև։ Այս տարի մարզի մի շարք համայնքներից շախմատի առաջնությանը մասնակցում էր շուրջ 80 տավուշեցի պատանի։ 

Մարզիչները նշում են՝ տարեցտարի կարևորվում է շախմատի դերը երեխաների ու պատանիների կյանքում, իսկ նմանատիպ մրցաշարերը նպաստում են պատանիների կարողությունների զարգացմանը։ Ինչպես նշում է Դիլիջանի շախմատի խմբակի մարզիչ Ալվարդ Սահակյանը՝ «շախմատը շատ կարևոր է երեխաների համար այն առումով, որ նրանք կարողանում են շախմատի միջոցով ճիշտ ընկալել՝ ճիշտ նայել կյանքին, նաև մի քանի քայլ առաջ մտածելու հնարավորություն է տալիս»։




Մենք ու ապագան. Կրթության ոլորտը Տավուշի մարզում

Ներկայացնում ենք մեր եթերում կլոր սեղանի շուրջ քննարկվելիք հաջորդ թեման:
Կրթության կարևորության մասին գիտենք բոլորս: Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Տավուշի մարզում կրթական ոլորտը: Նախադպրոցական, ֆորմալ, ոչ ֆորմալ կրթության ստացման, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին ու ոչ միայն. ներկայացնում է ՏավուշTV-ն:






Իջևանում միանգամից մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ են մեկնարկում

ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և ԱՏՁՄ-ի, CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի գործընկերությամբ շուտով Իջևանում մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ կյանքի կկոչվեն։

Հունիսից սեպտեմբեր ամիսներին «ԻնոԻջևան» ծրագրի շրջանակներում մեկնարկելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը, որն իր մեջ ներառելու է մի շարք կրթական ծրագրեր։ CoWo համայնքային աշխատավայրի հիմնադիր Արփի Կարապետյանի խոսքով՝ «CoWo-ն ստեղծում է համագործակցությունների հարթակ, այսինքն՝ մարդիկ, ովքեր միանման են մտածում, ընդհանուր շատ բաներ ունեն, բայց իրար չեն ճանաչում, CoWo-ի մասնակցությամբ սկսում են ընկերանալ, ավելի մեծ պլաններ գծել, առաջ շարժվելու տարբեր հեռանկարներ դիտարկել»։

Իջևանի CoWo կենտրոնում, ըստ նրա, ստեղծվելու է աշխատամիջավայր, որտեղ առաջնայինը կրթությունն է լինելու՝ ձեռներեցությունից մինչև IT-ում տարբեր մասնագիտացումների ոլորտում։ «Ունենալու ենք վեցամսյա կրթություն, որտեղ ուսուցանվելու են ձեռներեցությունից սկսած մինչև IT-ում ամենաթեթև մասնագիտացումները, որի արդյունքում մենք լավագույնս հաջողածներին ապահովելու ենք աշխատանքով»։
Մոտակա ամիսներին ընդունելություն է կատարելու Իրական դպրոցը, քանի որ սեպտեմբերից կենտորնում կմեկնարկեն դպրոցի՝ իջևանյան առաջին կուրսի դասընթացները, որոնց կարող են մասնակցել 9-րդ դասարանն ավարտած բոլոր աշակերտները։

«Իրական դպրոցը տեխնոլոգիական ուսումնարան է, որը 4 տարվա կրթություն է տալիս։ Գործում է Երևանում, Վանաձորում, Գյումրիում, այս տարի էլ առաջին անգամ պիտի բացվի Իջևանում։․․․Առաջին կուրսեցիները հիմնականում սովորում են դպրոցական ծրագրով՝ 10-12-րդ դասարանների, հետագա տարիների ընթացքում արդեն անցնում են գործնական աշխատանքի և ավարտում են փաստացի 2-3 տարվա աշխատանքային փորձով այն ոլորտում, որն ընտրել են։ Դրանք հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտություններն են՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, նաև կառավարում՝ կառավարման համակարգեր, ժամանակակից փաստաթղթաշրջանառային էլեկտրոնային համակարգեր և այլն»,- դպրոցի մասին պատմում է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Վահագն Պողոսյանը։

Այսպիսով՝ «Իրական դպրոց»-ն աշխատաշուկա մտնելու արդյունավետ ճանապարհ է առաջարկում իր սաներին՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող (ըստ ընտրած ուղղության)։ Դպրոցում կրթությունն իրականացվում է նախագծային մեթոդով։

Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշում է, որ ԵՄ Համայնքային զարգացման ծրագիրը հրաշալի հարթակ և առիթ է համադրելու կազմակերպության գաղափարները և մոտեցումները․ «կարծում եմ՝ արդյունքում հրաշալի ծրագիր է ստացվել, որը ոչ միայն հնարավորություն կտա, որպեսզի մենք կոնկրետ Տավուշի մարզում և կոնկրետ Իջևան համայնքում ստեղծենք տեխնոլոգիական ներուժ և տեխնոլոգիական կրթության և զարգացման համար հնարավորություն տանք տեղի բիզնեսներին, տեղի երիտասարդներին, նաև՝ այլ ոլորտներին, այլև սրա արդյունքում մենք կստեղծենք մի շատ կարևոր մոդել, որը հեշտությամբ կարող է կիրառելի և ընդունելի լինել նաև այլ քաղաքներում և տարածաշրջաններում»։

Ծրագրի նախաձեռնողները փետրվարի 27-ին Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում հրավիրում են 15-24 տարեկան երիտասարդներին՝ նախագծին ծանոթանալու և հարցերի մանրամասն պատասխանները ստանալու։
ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի հիմնական գործընկերն է ԱՏՁՄ-ն՝ CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի հետ համատեղ։

Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։