Tech Week 2025․ տեխնո տոն մարզերում

Tech Week 2025․ տեխնո տոն մարզերում

Տեղեկատվական տեխնոլոգիական ամենամասշտաբային իրադարձությունը հյուրընկալվել էր Վանաձորում։ Տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից դուրս տեղափոխելու գաղափարը նոր շունչ էր բերել Լոռի ու մարզկենտրոնում ստեղծել գիտելիքի, նորարարության ու համագործակցության իսկական իրարանցում։ Սա արդեն 3-րդ Tech Week փառատոնն է, որի ճանապարհը սկսվել էր Ստեփանակերտից, անցել Գյումրիով, և այս տարի հասավ Վանաձոր։

Հուլիսի 4-ից 6-ն ընթացող տեխնոլոգիական միջոցառման օրակարգն առաջարկում էր կրթական ցուցահանդեսներ, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ տարբեր թեմաներով ոլորտային փորձագետների հետ։ Տեխնոեռօրյան հագեցած էր ու հետաքրքիր։

«Tech Week»-ի այս տարվա ուղղություններից մեկն արհեստական բանականությունն էր․ փորձագետի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ բոլորիս կյանք ներխուժած արհեստական բանականության օգտակար կողմերն ու հնարավոր ռիսկերը՝ առավելագույնս ճիշտ օգտվելու համար։

Միջոցառման գլխավոր նպատակը համայնքային համաչափ և շարունակական զարգացումն է։ Մարզերում ստեղծել նոր թիմեր և մարդկանց զինել գիտելիքով ու հմտություններով․ ահա այս կերպ կստեղծվեն նոր հնարավորություններ։

Տեխնոլոգիական եռացող այս մթնոլորտը Վանաձորում այնքան վարակիչ էր, որ Տավուշ Մեդիան սիրով հարևան մարզ ուղևորվեց՝ մասնակցելու և արձանագրելու ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների հաջորդ մեծ հանդիպումը ծրագրված է արդեն 2026 թվականին։