Ապատեղեկատվության դեմ պայքար Տավուշում. դասընթաց՝ թվային անվտանգության և դիմակայունության վերաբերյալ

Ապատեղեկատվության դեմ պայքար Տավուշում

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան Freedom House-ի հետ սկսում են մի նոր ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը: Այն կնպաստի Տավուշի մարզում ճշգրիտ, հավաստի, վստահելի տեղեկության տարածմանը՝ նվազեցնելով սուտ ու կեղծ լուրերի բացասական հետևանքները:

Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում տեղի ունեցավ դասընթաց՝ «Թվային անվտանգություն, տեղեկատվական դիմակայունություն, անվտանգությունը սահմանին» թեմայով։ Դասընթացն անցկացրին ու իրենց փորձառությամբ կիսվեցին Տավուշ Մեդիայի գործընկներները՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, CyberHUB կիբերանվտանգության ընկերության համահիմնադիր, Ditord.org-ի համահեղինակ և համակարգող Սամվել Մարտիրոսյանն ու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հայաստանյան ծրագրերի համակարգող, մեդիափորձագետ, CyberHUB թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը։

Տավուշ Մեդիայի աշխատակազմը, երիտասարդ թղթակիցները, գործընկեր կառույցների աշխատակիցները, ուսանողները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, հնարավորություն ունեցան ծանոթանալ կարևոր թեմաների՝ թվային անվտանգությանը, տեղեկատվական դիմակայունությանը և սահմանային անվտանգությանը․ հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին մասնակիցների հետաքրքրող հարցերին։

Դասընթացն ու մեկնարկող ծրագիրը կարևոր քայլ են Տավուշում տեղեկատվական անվտանգության և մեդիա կրթության ամրապնդման ուղղությամբ՝ ապահովելով բնակչությանը ճշգրիտ և վստահելի տեղեկատվությամբ՝ հզորացնելով համայնքների դիմակայունությունը ապատեղեկատվության դեմ։